Ստուգումների արդյունքներն այնքան խայտառակ են, որ դրանից հետո քաղաքական ենթատեքստի մասին խոսելը բարոյական չէ
Հանդիպում«Ռոսսելխոզնադզորը» հիմա էլ Հայաստանից կաթնամթերքի ներկրումն է արգելել Ռուսաստանի Դաշնություն այն բանից հետո, երբ հուլիսի 14-21-ը կաթնամթերքի արտադրության մի շարք հայկական ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելուց հետո, ըստ գերատեսչության արձանագրումների, խնդիրներ հայտնաբերվեցին։
Գերատեսչությունը պնդում է, որ ստուգումների ընթացքում հաստատվել է, որ Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար օգտագործվում է վարակված գլխաքանակից ստացվող կաթ։ Ծառայության հավաստմամբ՝ հաստատվել են ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության համար երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքեր՝ չնայած հայրենական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքի օգտագործման մասին Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից նախկինում տրամադրված հավաստիացումներին:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ.
- Ռուսական կողմն այլևս աչք չի փակում այն խնդիրների վրա, որոնց վրա ժամանակին աչք էր փակում։ Մենք տարիներ շարունակ ասում էինք, որ չունենք սննդի անվտանգության համակարգ, և այդ ոլորտում խայտառակ կառավարում է իրականացվում․ խոսում էինք այն մասին, որ անասնաբուժության ոլորտում խոզի մռութն ու հետույքը չտարբերող և համապատասխան մասնագիտական գիտելիքներ չունեցող մարդը, անգամ եթե աշխարհի ամենալավ կառավարման մասնագիտացմամբ կրթությունն է ստացել, իրավունք չունի կարևորագույն որոշումներ կայացնել, որ ոլորտի պատասխանատու կառույցները մասնագետների կարիք ունեն, և մասնագետների կարծիքն անտեսված է, պաշտոնյաներն էլ մասնագետներ չեն։ Չի կարող այսպիսի կառավարման ու վերահսկման համակարգն արդյունք ապահովել, ինչի հետևանքն էլ հիմա տեսնում ենք։ Եվ քաղաքական կամ չքաղաքական որոշումները, դա հիմա էական չէ, հիմք ունեն։ Ռուսական կողմը կարող էր չէ՞ հեռվում նստած հայտարարել, թե մեկ ապրանք ստուգեց իր երկրում, վատն էր, դրա համար էլ արգելում է։ Նրանք գալիս են Հայաստան, գնում արտադրություն, այցելում լիազոր մարմին, ստուգում են, թերությունների հետ կապված ստուգման արձանագրություն են կազմում։ Անգամ եթե հոգու խորքում գիտես, որ քաղաքական տարր կա բոլոր այդ գործողություններում, միևնույն է, ակնհայտ է, որ դրա տակ ոչ քաղաքական գնահատական է, և հենց դրա վրա է հարկավոր սևեռվել։ Ստուգումների արդյունքներն այնքան խայտառակ են, որ դրանից հետո քաղաքական ենթատեքստի մասին խոսելը բարոյական չէ։ Քաղաքական ենթատեքստ հաղորդելը այդ գործողություններին մեզ համար ձեռնտու չէ, քանի որ պետք է հիմնվել հայտնաբերված խնդիրների վրա և փորձել դրանք շտկել, քայլեր անել համակարգը ոտքի հանելու, այլ ոչ թե քաղաքական պիտակը կպցնել ու դրանով պաշտպանվել։
Խոսելով հայկական արտադրանքի և հատկապես գյուղմթերքի, ձկնարտադրության շուկայում ստեղծված վիճակի մասին, երբ ֆերմերները, մնալով առանց ռուսական սպառման շուկայի, անելանելի վիճակում են հայտնվել, Բաբկեն Պիպոյանն արձանագրեց, որ դա ագրարային քաղաքականության բացակայության հետևանք էz
- Մեր պետական կառույցների պաշտոնյաները անընդհատ խոսում են ինքնիշխանությունից և հայտարարում, թե ռուսական կողմի հետ հարաբերությունների այսօրվա պայմանները նպաստավոր են լիարժեք ինքնիշխանություն ստեղծելու համար՝ ռուսական շուկայից եղած կախվածությունից ազատվելու միջոցով, սակայն հենց իրենք են տարիներ շարունակ իրականացրած քայլերով հնարավորինս խորացրել ռուսական շուկայից կախվածությունը այնքան, որ այսօր ռուսական կողմը կարողանում է հայկական տնտեսության պլանավորում իրականացնել: Հետո էլ ասում ենք, թե ինքնիշխան ենք այն դեպքում, երբ Ռուսաստանն է ասում՝ «այդքան ձուկ եք արտադրել, իմ երկիր չեք կարողանալու արտահանել, տեսնեմ՝ ի՞նչ եք անելու այդքան ձուկը, ես կորոշեմ այսուհետ, թե դուք ձեր երկրում որքան ձուկ պետք է արտադրեք»։ Այսպիսի՞ ինքնիշխան երկիր ենք սարքում։ Իրական ինքնիշխանությունը առավելագույնս անկախ լինելն է, ոչ թե կախվածությունները փոխելը՝ մեկից մյուսին անցնելով, ինչով հիմա զբաղված է կառավարությունը։ Եվ դեռ հարց է՝ կկարողանա՞ն այդ փոփոխությունն անել։ Այդ ապրանքը կոնկրետ ռուսական շուկայի համար էր արտադրվել, և ստում են, թե այդ նույն ապրանքը կարողանալու են այլ երկրում նույն գնով վաճառել։ Այս օրվա համար էինք ասում, որ մեզ ագրարային քաղաքականություն է հարկավոր, իսկ մեզ մոտ ամեն ինչ կամայական է կատարվում՝ առանց հստակ քաղաքականության:
Բաբկեն Պիպոյանը, սակայն, այս սահմանափակումները պատժամիջոց չի համարում՝ ասելով, որ իսկական ռուսական պատժամիջոցը Հայաստանին վաճառվող գազի ինքնարժեքի վերանայումը կլինի։ Իսկ այն, ինչ կատարվում է, Ռուսաստանի կողմից մեր տնտեսության պլանավորումն է.
- «Ինքնիշխան» պետության տնտեսությունը այսօր էլ, միևնույն է, շարունակում է Ռուսաստանը որոշել։ Դրանից խուսափելու և իրապես ինքնիշխան տնտեսություն ձևավորելու համար պետք է ուղեցույց դառնա մասնագետի կարծիքը, խորհրդատվությունը և մասնագիտական վերաբերմունքը ոլորտին։
Ես վաղուց շատ կառույցների չեմ քննադատում, որովհետև չեն հասկանալու, թե ինչ եմ ուզում ասել։ Քննադատությունն ինքնանպատակ չէ․ ամեն քննադատություն խորհրդատվական մաս է պարունակում, առաջարկություն։ Այդ մարդիկ չեն ընկալելու այդ խորհուրդը և առաջարկությունը, ուստի քննադատելն էլ անիմաստ է դառնում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk