Կենցաղային ծանր խնդիրներ ունեցող արցախցու մոտ առաջացնում է արդարացի իրավական ու բարոյական ընդվզում․ Արցախցի հայտնի փաստաբանը՝ Արցախի ԱԺ նախագահ ընտրությունների մասին
ՀանդիպումԱրցախցի որոշ քաղաքական գործիչներ շատ լուրջ դեմքի արտահայտությամբ պատրաստվում են ԱԺ նախագահ ընտրելու։ Ու այս իրավիճակում մի պարզ հարց է առաջանում, ի՞նչ ԱԺ նախագահ, երբ անգամ այդ նույն գործիչները ի վիճակի չեն անգամ Արցախի ներկայացուցչության շենքը պահել։ Ինչքանո՞վ է լուրջ այս գործընթացը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ, ով արդարացիորեն կիսելով մեր տեսակետը նախ նկատում է․
- Ձեր հարցադրումը դիպուկ է և արտացոլում է այն խոր դիսոնանսն ու հանրային հիասթափությունը, որն առկա է այսօր։ Երբ քաղաքական ինստիտուտները կորցնում են իրենց գոյության նյութական ու գործնական հենարանները (ընդհուպ մինչև ներկայացուցչության շենքը պահպանելու անկարողությունը), բարձրագույն պաշտոնների ընտրության շուրջ ընթացող գործընթացները հանրության աչքում ընկալվում են որպես իրականությունից կտրված, սիմվոլիկ կամ նույնիսկ իմիտացիոն քայլեր։Գործընթացը կարելի է գնահատել երկու իրարամերժ հարթություններում։ Երբ չկա վերահսկվող տարածք, չկա բյուջե, չկան իրականացման լծակներ, և, ինչպես ճիշտ նկատեցիք, անգամ ներկայացուցչության շենքի կենցաղային ու իրավական պահպանման հարցն է անլուծելի դառնում, ԱԺ նախագահի ընտրությունը վերածվում է ինստիտուցիոնալ իներցիայի։ Դա ընկալվում է որպես քաղաքական էլիտայի փորձ՝ պահպանելու սեփական կարգավիճակն ու քաղաքական սուբյեկտայնությունը թղթի վրա, ինչը շարքային, սոցիալական ու կենցաղային ծանր խնդիրներ ունեցող արցախցու մոտ առաջացնում է արդարացի իրավական ու բարոյական ընդվզում։ Միևնույն ժամանակ , այս քայլին գնացողների համար սա ոչ թե շենքի կամ լծակների հարց է, այլ իրավահաջորդության և լեգիտիմության պահպանման։
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՅՍՕՐԻՆԱԿ ԻՐԱՑՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏՐԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Իմ համոզմամբ նրանց տրամաբանությունն այն է, որ եթե թափուր մնա ԱԺ նախագահի պաշտոնը կամ չգործեն ինստիտուտները, Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցչական մարմինը վերջնականապես կդադարի գոյություն ունենալուց, ինչը միջազգային իրավունքում (օրինակ՝ վերադարձի իրավունքի կամ ինքնորոշման հարցերում) կդիտվի որպես Արցախի պետական-իրավական սուբյեկտայնության կամավոր լուծարում։Մինչդեռ, պետական ինստիտուտների լեգիտիմությունն ու պահպանումն ինքնանպատակ չեն. դրանք արժեք ունեն այնքանով, որքանով ծառայում են ժողովրդի իրական շահերին։ Եթե քաղաքական գործիչները չեն կարողանում լուծել նվազագույն ինստիտուցիոնալ խնդիրները (օրինակ՝ ներկայացուցչության պահպանումը, արցախցիների իրավական ու սոցիալական պաշտպանությունը), ապա պաշտոնների բաշխումը վերածվում է ֆորմալիզմի, որը միայն խորացնում է հանրային անվստահությունը։Առիթից օգտվելով , կցանկանայի ներկայացնել իմ մոտեցումները․իմ պատկերացմամբ ԱԺ նախագահի կամ նախարարների դասական պաշտոններ ձևավորելու փոխարեն, որոնք վտարանդի պայմաններում արհեստական են դիտվում, Արցախի պատգամավորներն ու քաղաքական ուժերը կարող էին ձևավորել Արցախահայերի իրավունքների պաշտպանության հավաքական մարմին՝ Օմբուդսմենին կից կամ հատուկ խորհուրդ։ Դա կլիներ ոչ թե «պետական ապարատի» իմիտացիա, այլ գործնական մարմին, որն իրականում կզբաղվեր արցախցիների բնակարանային, իրավական և միջազգային ատյաններում իրավունքների պաշտպանությամբ։Ըստ էությաան, այստեղ կենտրոնացվում են ոչ թե պաշտոնատարներ,այլ խարսխվում է գույքային և իրավական խնդիրների վրա, որպիսի պարագայում անկախ իշխանության ցանկությունից, փոխադարձության իմաստից ելնոլով, պետությունը պարտավոր է հաշվի նստել կառույցի հետ։ Ընդ որում՝ առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե այն, թե ով է նստելու նիստերի դահլիճի առաջին շարքում, այլ այն, թե ինչպես պահպանել Արցախի արխիվները, մշակութային ժառանգությունը, ներկայացուցչության շենքը և իրավական աջակցություն ցույց տալ տեղահանված մարդկանց։Նկատենք, որ այս գործընթացը լուրջ է իր հետևանքներով քանի որ կարող է վերջնականապես վարկաբեկել Արցախի ինստիտուտների գոյության գաղափարը հանրության աչքում, բայց անլուրջ է իր բովանդակությամբ, քանի որ կտրված է արցախցու այսօրվա դառը իրականությունից։Վերջին հաշվով հիմնական շեշտադրումը այն է, որ իրավունքը և պետականությունը չեն կարող գոյություն ունենալ առանց պատասխանատվության։ Եթե ստանձնում ես ԱԺ նախագահի կամ պատգամավորի մանդատ, նախ ցույց տուր քո ունակությունը՝ պաշտպանելու քո ընտրողի նվազագույն իրավունքներն ու սեփականությունը։Այստեղ կարող է հարց առաջանալ․ չէ որ պատգամավորները արդեն իսկ լեգիտիմությամբ ընտրված են և գործում են ժամանակի մեջ, ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում։ Այս տրամաբանության ներրքո հարցը պետք է դիտարկել սահմանադրական իրավունքի և քաղաքագիտության խորքում,որտեղ ի հայտ է գալիս իրավական ձևի (դե-յուրե ) և իրական բովանդակության (դե-ֆակտո) դասական կոլիզիան։ Անշուշտ, նրանք ընտրված են և ունեն անվիճելի ժողովրդավարական մանդատ։ Հարցն այն չէ՝ ունե՞ն նրանք այդ իրավունքը, թե՞ ոչ (դե-յուրե ունեն)։ Հարցն այն է, թե որքանո՞վ է այդ իրավունքի այսօրինակ իրացումը ծառայում նրանց ընտրած ժողովրդին։ԱԺ նախագահ ընտրելն ու ֆորմալ նիստեր անելը չպետք է դառնան ինքնանպատակ։ Ժողովրդի տված մանդատը պատգամավորներից այսօր պահանջում է ոչ թե պաշտոնների բաշխում, այլ այդ մանդատի իրացում՝ հանուն արցախցիների բնակարանային, սոցիալական, իրավական պաշտպանության և միջազգային ատյաններում նրանց հավաքական իրավունքների լոբբինգի։ Երբ մանդատը ծառայում է այդ նպատակներին, այն լուրջ է և լեգիտիմ. երբ այն սահմանափակվում է միայն պաշտոններ ընտրելով՝ կորցնում է իր գործնական արժեքը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk