Հաց վաստակելու իրավունքն անգամ դարձավ քաղաքական հաշվեհարդարի մի մաս. Իսայան
ՆերքաղաքականՎերջին օրերին հանրային ու քաղաքական օրակարգի առանցքում են իրավապահ մարմինների գործողությունները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ, որոնց շրջանակում դադարեցվել է մի շարք ձեռնարկությունների գործունեությունը։ Թեման լայն արձագանք է ստացել ինչպես քաղաքական շրջանակներում, այնպես էլ աշխատակիցների շրջանում, որոնք բողոքի ակցիաներով բարձրաձայնում են իրենց աշխատանքի եւ սոցիալական ապահովության հետ կապված մտահոգությունները։ Ստեղծված իրավիճակի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԻ հետ:
— Փաստորեն, հաշվեհարդար է իրականացվում ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հանդեպ, այլեւ՝ հասարակ քաղաքացու։ Սկզբում փակեցին ԲՀԿ առաջնորդին պատկանող գործարաններ, որոնք բողոքի արդյունքում վերաբացվեցին, այնուհետ փակվեց «Օլիմպիավան» մարզաառողջարարական կենտրոնը։ Հիմա էլ հերթը հասավ «Առինջ մոլ»-ին: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին։
— Նախ եթե սկզբից գնահատական տանք, ապա հարկ է նկատել, որ մեկ անգամ չէ նման մոտեցումը: Այս ամեն ինչը սկսվել է դեռեւս շատ ավելի վաղ՝ նախընտրական փուլից սկսած, երբ մենք հետեւողականորեն տեսնում էինք պարոն Ծառուկյանի եւ ընդհանրապես մեր թիմի ծրագրային դրույթների, տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ինչպես էր զուգորդվում նախընտրական փուլում վիրավորանքներ, պիտակավորումներ մեր հասցեին: Դրան ի պատասխան` անընդհատ մեր վերաբերմունքը, արձագանքը եղել է, որ նախընտրական քարոզչական բնույթից, քաղաքական միջավայրից դուրս չգանք մեկ այլ միջավայր, որովհետեւ մեր քաղաքացիներն են այդ ամենին հետեւում: Ի վերջո, ընտրությունները վիրավորելու մասին չէ, այլ մարդկանց ծրագրերը ներկայացնելու մասին է։
Ցավոք սրտի, այդ մեր ներքին համերաշխության, միասնականության կոչին շարունակաբար հնչեցին վիրավորանքներ, սպառնալիքներ՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի, Ծառուկյան ընտանիքի հետ կապված։ Եվ թերեւս, այն, ինչ տեղի ունեցավ հետո, դա մանդատագողությունն էր՝ հայտնի ու բոլորիս աչքի առաջ: Որին հաջորդեց, Սահմանադրական դատարանի որոշումը։ Հետո պետք է լիներ այն, ինչ որ ի սկզբանե դեռեւս նախընտրական փուլում ամենաբարձր մակարդակով ասվել է: Ու արդեն այսօր իրավապահ մարմինները դրան փորձում են ինչ-որ տարբեր քաղաքական սոուսներ համեմելով քրեական գործերի շրջանակներում մատուցել։ Այնպես որ, սա քաղաքական հաշվեհարդար է:
Ինչ վերաբերում է տնտեսվարողներին եւ ընդհանրապես գործարաններին, հիմնարկներին, կազմակերպություններին, ցավոք, 10.000-ից ավելի քաղաքացիներ այսօր կանգնած են անորոշության առաջ։ Եվ երբ կառավարիչներից փորձում ես հասկանալ, թե ի՞նչ իրավիճակ է, իրավապահ մարմինները ի՞նչ առաջարկ են հնչեցնում, ի վերջո, երեք շաբաթ եւ ավելի մարդիկ անաշխատունակ են, նրանք չունեն պատասխան: Մեր քաղաքացիների, աշխատողների իրավունքներն ո՞վ է պաշտպանելու, ինչպե՞ս է պաշտպանվելու, ի՞նչ բացատրություն է տրվում իրենց, ցավոք սրտի, որեւէ մեկնաբանություն չեն տալիս, որովհետեւ տնօրենները, կառավարիչները նույնպես անորոշության մեջ են եւ որեւէ հիմնավոր բացատրություն չունեն։
Ինչպես այս օրերին տեսել ենք, բազմաթիվ հիմնարկների աշխատակիցներ իրենց բողոքի ակցիան են իրականացրել եւ պարզ հարց տվել, թե ե՞րբ են իրենք կարողանալու աշխատանքի անցնել, կամ ինչո՞վ է պայմանավորված գործարանների փակումը, կրկին չեն ստացել պատասխան: Եթե անցկացվում են ստուգումներ, ապա ինչի՞ պիտի պարտադիր, կապարակնքվեն հիմնարկների դռները: Չէ որ մշտապես ստուգումներ իրականացվել է, բայց մարդիկ կարողացել են այդ ընթացքում շարունակել աշխատել: Ասեմ, որ անգամ 2018 թվականից մինչեւ այսօր եւս ՊԵԿ-ը բազմաթիվ ստուգումներ է անցկացրել։ Կառավարիչները պնդում են, որ որեւէ հիմնական խնդիր չի հայտնաբերվել: Պարզ է՝ տնտեսվարման ընթացքում կարող է հարցեր առաջանան, բայց լուրջ ինչ-որ մի խախտում, հարկային, օրենսգրքի հետ կապված կամ առհասարակ գործունեության հետ կապված չի հայտնաբերվել այս ողջ տարիների ընթացքում։
Հիմա ի՞նչն է պատճառը, երբ մարդիկ պիտի ստիպված լինեն այս ամբողջ պրոցեսների ընթացքոմ չաշխատեն ու մի հատ էլ չհասկանան՝ ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը: Սա էլ գալիս է հերթական անգամ ապացուցելու մեկ պարզ ճշմարտություն, որ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն ասվածները, որոնց մասին ամպագոռգոռ հայտարարություններ հնչել են նաեւ այս տարիների ընթացքում եւ, ինչու ոչ, նաեւ այս օրերին, դրանք սին են, հնարածին։ Եվ շարքային քաղաքացին, ով որեւէ տեղ իր հանապազօրյա հացն է վաստակում, ոչ մի պարագայում նրա իրավունքները պաշտպանված չեն պետական մակարդակով։
— Այնուհանդերձ, ինչպե՞ս եք տեսնում այս լրջագույն խնդրի հանգուցալուծումը։
— Ցավոք, կանխատեսումներ անելը խելամտությունից դուրս է: Իմ ավագ գործընկերներից մեկը մի շատ լավ բան ասաց վերջին օրերին: Ասաց, երբ ամբողջ ընթացքում փորձում ես իրավական առումով որեւէ հանգուցալուծման ավարտ տեսնել, փորձում ես օրենքի սահմաններում կիրառվող որեւէ արդյունք կանխատեսել, հերթական պրոցեսում տեսնում ես, որ օրենքի սահմաններում իրականացվող որեւէ պրոցես չկա: Այս ամենը քաղաքական է, հետեւաբար, ի՞նչ այսօր, վաղը, մյուս օրը կծագի իրենց գլխում, եւ ի՞նչ հանգուցալուծում իրենք առաջ կքաշեն, ցավոք սրտի, ես չեմ կարողանա կանխատեսել:
— Տիկին Իսայան, Գագիկ Ծառուկյանից որեւիցե լուր ունե՞ք, ինչպե՞ս է իրեն զգում։
— Քանի որ, ըստ երեւույթին, միայն մերձավոր ազգականների եւ պաշտպանների մուտքն է իր մոտ հասանելի, մյուս մասով բոլորը արգելված է, պարերաբար, պաշտպանների միջոցով տեղեկանում ենք։ Փառք Աստծո, պարոն Ծառուկյանը լավ է, ինքնազգացողությունը՝ եւս, մարտական է տրամադրված: Փորձում ենք իրավական ճանապարհով գնալ առաջ, որովհետեւ անկեղծ պիտի ձեզ ասեմ՝ մեր հարցի լուծման տարբերակը այս պահին միայն իրավունքի տեսանկյունից առաջ շարժվելն է, ցույց տալն է, որ բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, իրականության մեջ որեւէ տնտեսական բաղադրիչ չունեն: Եթե քաղաքական բաղադրիչ չլիներ այդ գործերի վրա, ապա մեր պաշտպանները վայրկյանների ընթացքում ուղղակի կարող էին տրաքացնել այդ գործերը եւ ցույց կտային, որ դրանք օդ են, կարված են եւ քաղաքական պատվերով են իջեցվել։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

