Ինչպես հանկարծ Փաշինյանը ջերմ սիրով լցվեց Պուշկինի հանդեպ
ՄիջազգայինԱլիեւի հայտարարությանը, թե ռուս–ադրբեջանական հարաբերությունները կարգավորված են, հաջորդեց Բայրամովի այցը Մոսկվա: Ու ինչպես ցույց տվեց անցած շաբաթվա վերջերին կայացած Լավրովի եւ Բայրամովի հանդիպումը, գոնե տեսանելի պլանում կողմերը փորձում են ցույց տալ, որ իրոք հայտնի ճգնաժամը հաղթահարված է:
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԲԱՅՐԱՄՈՎԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ
Ամեն դեպքում, Լավրովը նախ հիշեցրեց Շուշիում Ալիեւի արած հայտարարությունը` ակնարկելով, որ հենց այդ մեսիջի հիման վրա էլ տեղի ունեցան հարաբերությունների այդ կարգավորումը: Իսկ դա նուրբ ակնարկ է, որ նախաձեռնությունը գալիս էր հենց Բաքվից, այն է`հենց Բաքուն է նահանջել իր նախկին կոշտությունից, եւ Բայրամովի այցի շրջանակներում պարզապես ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածությունները: Ամեն դեպքում, Լավրովը պաշտոնապես ֆիքսեց` Բաքուն եւ Մոսկվան համաձայնության են եկել հարաբերությունների կարգավորման հարցում, եւ կա փոխադարձ հետաքրքրություն առեւտրի հետագա աճի հարցում: Ըստ այդմ, որ` երկրներին հաջողվել է շրջել դժվար ժամանակների էջը եւ լիովին վերականգնել երկկողմ հարաբերությունները:
Իր հերթին բավականին հետաքրքիր միտք հնչեցրեց նաեւ Բայրամովը: Այն է` «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանային բարգավաճման համար»: Իսկ սա ակնարկ է, որ այն գործընթացը, որը դրված է ռուս-ադրբեջանական այս նոր տեղաշարժերի հիմքում, գոնե Բաքվում տեսնում են, որպես տարածաշրջանային բնույթի: Ու նաեւ հաշվի առնելով, որ ռուսական կողմը շարունակում է աստիճանաբար ակտիվացնել ադրբեջանական երկաթուղու միջոցով Հայաստանի հետ կապի գործընթացը, կարելի է ենթադրել, որ այստեղ որոշակի խորքային գործընթացներ սկսում են եռալ:
Թե իրականում ինչ է կատարվում եւ ինչու Ալիեւի համար նորից ռուսական ուղղությունն այդքան սկսեց կարեւորվել, դեռ կվերադառնանք: Մինչ այդ տեսնենք, թե այս իրավիճակում ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանը: Իր նկարագրմամբ` ընթերցանությամբ: «Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը։ Իսկ Դուք ի՞նչ եք կարդում»,– երեկ գրել էր նա: Այն, որ այս խառը օրերին Նիկոլն ինչ-որ բան կարդալու ժամանակ է գտել, խրախուսելի է: Մյուս կողմից էլ` կարդում է, թող կարդա, ի՞նչ է աշխարհով մեկ աղմուկ բարձրացրել: Բայց սա էլ ամբողջը չէ. ներկայացրել է նաեւ գիրքը ձեռքին տեսանյութ, որից երեւում է, որ ոչ թե պարզապես Պուշկին է կարդում, այն կարդում է բնագրով` ռուսերենով:
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊՈՒՇԿԻՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Ու թեեւ Փաշինյանի ամբողջ նպատակն ընդամենը դասականների հետ շփումն է, բայց պատկերացրեք, թե այդ փոքրիկ տեսանյութից ինչեր կարող են մտածել Մոսկվայում եւ Բրյուսելում:
Մոսկվայում, իհարկե, դա համարելու են մեսիջ. Զելենսկին ամենուր Պուշկինի արձաններն է ջարդում, իսկ ահա Նիկոլն ի ցույց է դնում, թե ինչքան է իրեն հոգեհարազատ ռուսական մշակույթը: Ոմանք էլ միգուցե նման ժեստը կհամարեն դերասանություն, բայց փաստը մնում է փաստ` ռուսական մշակույթի հետ հոգեկան կապեր ի ցույց դնող Նիկոլը դրանով նաեւ առնվազն հարցեր է առաջացնելու եվրոպացիների մոտ: Ավելին, Բրյուսելում հաստատ կզայրանան. մենք նրա համար ծիրանի շուկա ենք ստեղծում, Նիկոլն էլ ողջ օրը հերիք չէ Պուշկինի գիրքը ձեռքից չի դնում, դեռ մի բան էլ գովազգում է` իրեն ընտրած 700 հազար մարդու «տակից» ուղղորդելով դեպի ռուսական մշակույթ:
Չէ, ասվածում հեգնանք չկա: Անկախ այն բանից, թե Նիկոլն ինչու է որոշել Պուշկինի ռուսերեն գիրքն այդպես ի ցույց դնել, Մոսկվայում եւ Բրյուսելում մոտավորապես նման ռեակցիա հաստատ կառաջանա: Ու այստեղ պարզ հարց է ծագում` իսկ ինչո՞ւ հանկարծ Նիկոլը որոշեց նման տրյուկ անել:
Այս ֆոնին մեկ հետաքրքիր դետալ եւս արձանագրվեց: Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է: Սա կարեւոր ազդակ է. ինչքան էլ, որ եվրոպացիները խոստանան Հայաստանի առաջ բացել եվրոպական շուկան, խնդիրները դրանով չեն լուծվելու. մի անգամ ծիրանը լրիվ կփչանա, մյուս անգամ տեղ կհասնի փչանալուն մոտ վիճակում եւ մրցակցությանը չի դիմանա: Իսպանիայի հայ համայնքի խմբերից մեկում զետեղված հայտարարության մեջ կա այն հուսադրող միտքը, թե` «սա վերջը չէ» ու կանեն մաքսիմալը՝ նոր եւ թարմ խմբաքանակ Իսպանիա հասցնելու համար: Սակայն բիզնեսի տեսանկյունից այս նախնական թեստային արտահանումները մնում են չարդարացված. համեմատաբար մեծ հեռավորությունները եւ տեխնիկական հարցերը, ինչպես եւ սպասվում էր, հայկական գյուղմթերքների մուտքը եվրոպական շուկաներ դեռ շատ երկար ժամանակ կպահեն ծայրահեղ ռիսկային դաշտում:
Իհարկե, կա նաեւ հայկական գյուղմթերքները վրացականի եւ ադրբեջանականի անվան տակ Ռուսաստան հասցնելու տարբերակը. որոշակի կորուստներ լինում են, բայց գոնե ինչ-որ եկամուտ գալիս է: Սակայն բոլորն են հասկանում, որ այդ մեխանիզմների մասին ռուսներն էլ լավ գիտեն. եթե մի պահ թողնում են, որ դա աշխատի, հաջորդ պահին կարող է այդ «խողովակը» եւս փակվի: Եվ արդյունքում, Փաշինյանին մնում է դիմել Պուշկինի օգնությանը, թե այ ռուսներ, ես Զելենսկու պես չեմ, դուք եք ինձ հոգեհարազատը, այլ ոչ թե այն Եվրոպան:
ԻՐՈ՞Ք ԱԼԻԵՎՆ Է ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻՆ ՀԱՄՈԶԵԼ
Իհարկե, սա ընդամենը իրավիճակի տեսանելի մասն է: Խորքային իմաստով, հասկանալի է, աշխարհաքաղաքական այս մեծ խաղերում ելակ-ծիրանն ամենեւին էլ առաջնային մեծությունները չեն, հանուն որի Նիկոլը, առավել եւս` Ալիեւը հանկարծ այսպես միաժամանակ հիշեցին, թե որքան է իրենց համար հոգեհարազատ ռուսական ուղղությունը:
Այս օրերին մեկ հետաքրքիր դետալ եւս շատ բան սկսեց հուշել: Իսրայելյան Քնեսեթում Հայոց ցեղասպանության թեման այդպես էլ չմտավ հաստատման փուլ: Այդ ֆոնին, ադրբեջանական աղբյուրները թմբկահարում են, թե դա գալիս է Ալիեւից. Հեյդարովիչն է կապվել Նեթանյահուի հետ եւ խնդրել, որ այդ թեման օրակարգից հանի: Իհարկե սա սովորական բլեֆ է. Ադրբեջանն այն տրամաչափի երկիրը չէ, որ կարողանա ազդել Իսրայելի քաղաքական կուրսի վրա, որն ուղիղ կապի մեջ է երկրի ռազմավարական շահերի հետ: Առավել եւս, որ Հայոց ցեղասպանության թեման ամենեւին էլ Քնեսեթի օրակարգից հանված չէ. պարզապես մինչեւ հոկտեմբերին սպասվող ընտրությունենրը նիստեր չեն լինելու, եւ բազում հարցեր մնացել են քննարկունից դուրս:
Իսկ կոնկրետ Հարոց ցեղասպանության թեմայով այլ պատճառներ կային: Դեռ մինչեւ Թրամփի` Անկարա այցը կար երկու հնարավեր սցենար. պատերազմը շարունակվում է կա՛մ իրանական ուղղությամբ, կա՛մ մեծ հավանականություն էր ստացել Թուրքիայի հետ բախման տարբերակը: Թրամփի այցից եւ Էրդողանի հետ որոշակի պայմանավորվածություններից հետո սկսվեց Իրանին նոր հարվածների փուլը: Սա, իհարկե, դեռ չի նշանակում, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ բախումը բացառվում է. այստեղ լուծումները մեծապես կախված են դարձել, թե ինչ էֆեկտիվություն կունենա Իրանի հետ այս նոր բախումային փուլը, որը, ի դեպ, դեռ անգամ այս թեժացման պարագայում դեռ վաղ է պատերազմ համարելը:
Եվ ահա, ներկա պահին պատկերը սա է. ԱՄՆ-ն դեռ խուսափում է ռազմական գործողությունների մեջ Իսրայելին ներգրավել, Իրանն էլ իր հերթին այդ երկրին հարվածներ չի հասցնում: Արդյունքում, հարվածների փոխանակում է ընթանում հիմնականում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, որն այդպես էլ ցույց չի տալիս, որ ամերիկյան կողմն ունի վճռական առավելություն: Ընդհակառակը, Իրանը մի քանի միանգամայն ցավոտ պատասխաններ հասցրեց: Արդյունքում, ռազմական գործողություններն իրենց ներկա տեսքով նորից մտել են փակուղի: Այսինքն, կարող են շարունակել նման փոխադարձ հարվածները, որը հազիվ թե բան փոխի: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն պետք է վերջնական որոշում կայացնի. կա՛մ գնում է լիարժեք պատերազմի, որը, ինչպես անգամ Վաշինգտոնում են խոստովանում, լիակատար անկանխատեսելիության դաշտում է: Կա՛մ պետք է վերադառնալ բանակցային դաշտ: Եվ այդ սցենարի դեպքում, մեծ հավանականությամբ, թուրք–իսրայելյան բախման թեման նորից կգա առաջնային օրակարգ:
Ու մինչ ներկա պահին լուծվում է Իրանի մեծ պատերազմ լինել–չլինելու հարցը, Թեհրանից նաեւ Հայաստանին, ասենք Ադրբեջանին ուղղված կիսապաշտոնական մեսիջներ են գալիս. «Թրամփի միջանցք» կոչվող համակարգը Իրանի համար մնում է անվտանգային իմաստով գրեթե նույնքան անընդունելի, որքան Հորմուզի նեղուցը: Այստեղից, ավելի կոնկրետ` Իրանի շուրջ մեծ պատերազմի բռնկումից բխող վտանգը հասկանում է ինչպես Ալիեւը,մ այնպես էլ, թերեւս, Փաշինյանը: Այսինքն, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավելի լավ է մնալ չեզոք դաշտում, ինչն Ալիեւին պարզապես պարտադրում է նաեւ Մոսկվայի հետ կոշտ հարաբերություններն արագորեն քիչ թե շատ ընդունելի մակարդակի բերել: Մինչեւ ավելի հասկանալի կդառնա, թե ում դիրքերն են դառնում ավելի շահեկան:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Բացի այն իրավիճակից, որը ծավալվում է Իրանի շուրջ, Փաշինյանի համար այլ ցուցիչներ եւս կան, որոնք եվրոպական ուղղության հետ կապված որոշակի մտավախություններ պետք է, որ առաջացնեն: Նախ, ներկա փուլում ներհայաստանյան հարթակում Նիկոլն արդեն գնացել է այնպիսի աղաղակող գործողությունների, որոնք, իհարկե, հարցեր են առաջացնում նաւե եվրոպացիների մոտ: Ամեն դեպքում, երկար ժամանակ նման ապօրինությունների համար «տանիքի» դեր Եվրոպան հազիվ թե ցանկանա խաղալ: Ու մյուս կողմից էլ, կա նաեւ Մոսկվայի պահանջը` մինչեւ այս տարեվերջ կողմնորոշվել` Նիկոլը Եվրոպա է գնում, թե մնում է ռուսական ուղղության մեջ: Եվ նման է, որ որոշման բացակայության դեպքում Մոսկվան ինքը կկայացնի համապատասխան որոշում: Ընդ որում, նման իրավիճակը, իհարկե, նաեւ Բրյուսելում է սրում կասկածները, որ Նիկոլը ցանկացած պահի կարող է նաեւ իրենց «գցել», եւ որն էլ ավելի է սրում նրա համար «տանիք» չմնալու հավանականությունը:
Ու մյուս կողմից էլ, այն զարգացումները, որոնք ներկա պահին նկատվում են Ուկրաինայում, գալիս է Նիկոլին եւս մեկ անգամ հուշելու, որ իրականում էլ եվրոպական «տանիքը» հավերժ չէ: Այսինքն, կարող են անգամ Զելենսկուն օրակարգից հանել, էլ ուր մնաց` Նիկոլին:
Այսպես, ներուկրաինական նոր` «Ստվարաթղթե մայդանը» գնալով միայն թեժացման միտում է ցուցաբերում:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69910
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk