Ես կկերտեի հսկայական խաչ՝ հայ եւ ռուս ժողովուրդների ուժն ու հզորությունը խորհրդանշող. Լեւոն Պողոսյան
Վանաձորից մինչեւ Մոսկվա՝ այս ճանապարհը վիզուալ նկարիչ, քանդակագործ եւ արվեստի դասախոս ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ անցել է տարիների հետեւողական աշխատանքի, ստեղծագործական որոնումների եւ մասնագիտական կայացման շնորհիվ։ Այդ ուղու հիմքում տարիների ուսում, տասնյակ ցուցահանդեսներ, միջազգային նախագծեր եւ մասնագիտական հանրության ճանաչումն են։
Նա ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը եւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին, Հայաստանի նկարիչների միության եւ Մոսկվայի նկարիչների միության անդամ է։ Այսօր նա հաջողությամբ համատեղում է քանդակագործի եւ արվեստի դասախոսի աշխատանքը։
«Իրավունք»-ի հետ զրույցում Լեւոն Պողոսյանը պատմել է, թե ինչ է իրեն տվել հայկական դպրոցը, ինչ է սովորեցրել Մոսկվան, թե ինչպես է արվեստը շարունակում միավորել մարդկանց՝ անկախ քաղաքականությունից, եւ ինչպիսին է նա պատկերացնում հայ-ռուսական մշակութային երկխոսության ապագան։
«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԱՐՎԵՍՏԸ ԿՕԳՆԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՎԵԼԻ ՈՐԱԿՅԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼ»
— Դուք ծնվել եւ գեղարվեստական կրթություն եք ստացել Հայաստանում, իսկ այսօր ակտիվորեն աշխատում եք Մոսկվայում։ Ի՞նչ տվեց Ձեզ հայկական քանդակագործական դպրոցը, եւ ինչի՞ն ստիպված եղաք սովորել արդեն Ռուսաստանում։
— Հայաստանում ստացած գեղարվեստական կրթությունն ինձ տվեց լավ ակադեմիական հիմք, ձեւի եւ ծավալի ընկալում, ինչպես նաեւ մոնումենտալ քանդակագործությանը նայելու հնարավորություն՝ հայկական մշակույթի տեսանկյունից։
Առաջին հերթին Մոսկվայում կայացա որպես մանկավարժ, այնտեղ ձեւավորվեց իմ դասախոսական կարիերան։ Ես սովորեցի օգտագործել մեծ քաղաքի ստեղծագործական ներուժը՝ ցուցահանդեսներ, ստեղծագործական համագործակցություններ, ինչպես նաեւ տարբեր նյութերով իմ քանդակները կյանքի կոչելու հնարավորություններ։
— Դուք միաժամանակ Հայաստանի նկարիչների միության եւ Մոսկվայի նկարիչների միության անդամ եք։ Որքանո՞վ է այսօր իրական միասնական հայ-ռուսական գեղարվեստական միջավայրի գոյությունը:
— Հետադարձ հայացք նետելով՝ կարելի է ասել, որ նախկինում նման ստեղծագործական փոխանակումն ու գեղարվեստական տարածքն ավելի զարգացած էին։ Չեմ կարող չնշել, որ այս պահին գործում են Հայաստանի եւ Ռուսաստանի գեղարվեստական բուհերի միջեւ ուսանողների փոխանակման ծրագրեր։ Կցանկանայի, որ այս նախաձեռնությունները զարգանան եւ ամրապնդվեն։
— Վերջին տարիներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը բարդ շրջան է ապրում։ Արդյո՞ք դա զգում եք արվեստի, ցուցահանդեսների կամ գործընկերների հետ շփումների մակարդակում։
— Չնայած այսօրվա դաժան քաղաքական իրողություններին՝ ստեղծագործ մարդկանց միջեւ շփումը պահպանվում է։ Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի նկարիչների ստեղծագործական ցուցահանդեսներ, իսկ Հայաստանում՝ ռուս նկարիչների ցուցահանդեսներ։
Հույս ունեմ, որ արվեստը կօգնի մեր ժողովուրդների միջեւ ավելի որակյալ երկխոսություն հաստատել։
— Դուք ոչ միայն քանդակագործ եք, այլեւ Մոսկվայում արվեստ եք դասավանդում։ Ինչո՞վ են ռուս ուսանողները տարբերվում հայ ուսանողներից։ Ո՞վ է ավելի համարձակ ստեղծագործական փորձարկումներում։
— Չնայած իմ սիրելի հայրենակիցների անմիջականությանը եւ ստեղծագործական մեծ ինքնատիպությանը՝ կցանկանայի նրանց մաղթել ավելի մեծ աշխատասիրություն եւ ձգտում՝ հասնելու իրենց առջեւ դրված նպատակներին։ Չմնալ կես ճանապարհին։ Սա մաղթանք է բոլոր գործընկերներին եւ ուսանողներին՝ անկախ բնակության երկրից եւ ազգային պատկանելությունից։
«ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄԻՆՆ ԻՆՔՆԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՀՐԱՇԱԼԻ ՕԲՅԵԿՏ Է»
— Հայաստանում մերկ բնորդի հետ աշխատանքի թեման դեռեւս շատերի կողմից միանշանակ չի ընկալվում։ Դուք բախվե՞լ եք թյուր ընկալումների կամ նույնիսկ խիստ քննադատության:
— Անձամբ ես նման դեպքերի չեմ հանդիպել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում։ Մարդու մարմինն ինքնին ստեղծագործական արտահայտման հրաշալի օբյեկտ է։ Դարեր շարունակ ամբողջ դասական ակադեմիական կրթությունը հիմնված է եղել մերկ մարդու մարմնի ուսումնասիրման եւ կատարելագործման վրա։ Բոլոր բացասական օրինակները կրթության պակասի եւ աշխարհայացքի սահմանափակ լինելու հետեւանք են։
— Որքանո՞վ է այսօր դժվար Հայաստանում գտնել պրոֆեսիոնալ մերկ բնորդ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ռուսաստանում բնորդի մասնագիտությունն ավելի հանգիստ է ընկալվում, քան Հայաստանում։
— Բնականաբար, Հայաստանում շատ ավելի դժվար է գտնել պրոֆեսիոնալ մերկ բնորդ։ Դա կապված է հայկական ավանդույթների եւ մշակույթի հետ։ Սակայն, նույնիսկ դրանով հանդերձ, ուսումնական գործընթացում երբեք մերկ բնորդների պակաս չենք ունեցել։
— Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում մերկ բնորդի հետ աշխատելիս ո՞րն է եղել ամենաանհարմար կամ զավեշտալի դեպքը։
— Իմ մանկավարժական գործունեության ընթացքում տարբեր զավեշտալի իրավիճակներ են եղել, սակայն դրա համար էլ գոյություն ունի մասնագիտական վարքագիծը, որը թույլ է տալիս կենտրոնանալ առաջադրված խնդիրների վրա՝ չշեղվելով նման պահերով։
— Ոմանք կարծում են, որ ամբողջովին մերկ մարդու հետ աշխատանքը անխուսափելիորեն ջնջում է անձնական սահմանները։ Ձեզ համար որտե՞ղ է անցնում սահմանը մասնագիտական գործընթացի եւ անձնական տարածքի միջեւ։
— Ինձ մոտ նման հարցեր չեն առաջանում, քանի որ ես մասնագիտորեն եմ վերաբերվում այս խնդրին եւ բնորդներին չեմ ընկալում որպես սեռականացված օբյեկտ։
«ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ՝ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
— Կարծիք կա, որ այսօր հասարակությունը միաժամանակ դարձել է ավելի բաց եւ ավելի զգայուն մարմնի թեմայի նկատմամբ։ Դուք դա զգո՞ւմ եք Ձեր աշխատանքում։
— Ես չեմ կարող պատասխանել ամբողջ հասարակության փոխարեն, եւ նման ուսումնասիրություններ չեմ իրականացրել։
— Հնարավո՞ր է մարդուն սովորեցնել մերկ մարմնի մեջ բացառապես արվեստ տեսնել։ Թե՞ դա գալիս է միայն գեղարվեստական կրթության միջոցով։
— Մարդու մարմնի ընկալումը կարելի է բաժանել երկու հիմնական բաղադրիչի՝ հայացք անձի նկատմամբ եւ հայացք՝ որպես արվեստի օբյեկտ։
— Ժամանակակից արվեստագետները հաճախ ասում են, որ այսօր ավելի հեշտ է դառնալ հանրաճանաչ, քան իսկապես ճանաչված վարպետ։ Համաձա՞յն եք այս կարծիքի հետ։
— Արվեստի պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի, երբ ակնթարթային հաջողությունը փոխարինվել է լիակատար մոռացությամբ։ Կարծում եմ՝ միայն ժամանակը ցույց կտա արվեստագետի եւ ստեղծագործողի անհատականության իրական արժեքն ու մասշտաբը։
— Եթե համեմատենք Մոսկվայի եւ Երեւանի գեղարվեստական կյանքը, Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչ է պակասում հայկական քանդակագործությանը զարգացման նոր փուլ անցնելու համար։
— Համաշխարհային պատմության այսօրվա համատեքստում արվեստը երբեմն երկրորդ պլան է մղվում։ Եվ միայն ժամանակը ցույց կտա՝ արդյոք ժամանակակից հայկական քանդակագործությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ։
«ԵՍ ԿԿԵՐՏԵԻ ՄԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ՝ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԽԱՉ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏԿԵՐԱՔԱՆԴԱԿՆԵՐՈՎ»
— Ի՞նչ կարող էին հայկական գեղարվեստական բուհերը վերցնել ռուսական ակադեմիաներից, եւ հակառակը՝ ռուս գործընկերներն ի՞նչ կարող էին սովորել հայկական դպրոցից։
— Հայկական քանդակագործությանը՝ ակադեմիական հիմքի ավելի մեծ զարգացում է անհրաժեշտ։ Ռուսականին՝ կոմպոզիցիոն ստեղծագործական մտածողության ավելի մեծ զարգացում։
— Եթե Ձեզ առաջարկեին ստեղծել հայ-ռուսական մշակութային կապը խորհրդանշող հուշարձան, ինչպիսի՞ն կլիներ այն։ Ո՞րը կլիներ դրա գլխավոր կերպարը։
— Ընդհանուր հավատը եւ պատմական բարեկամությունը։ Ես կկերտեի մի ամբողջական հուշահամալիր՝ հսկայական խաչ՝ մարդկանց պատկերաքանդակներով, որոնց ճակատագրերը պատմականորեն միահյուսվում են մեկ ամբողջական կերպարի մեջ՝ խորհրդանշելով մեր ժողովուրդների ուժն ու հզորությունը։
— Եվ վերջում՝ ի՞նչ քանդակ եք երազում ստեղծել, որպեսզի մի օր ե՛ւ Երեւանում, ե՛ւ Մոսկվայում ասեն. «Սա համաշխարհային մակարդակի հայ վարպետի աշխատանք է»։
— Կարծում եմ՝ ես արդեն վերեւում նկարագրեցի այդ քանդակը՝ հսկայական խաչի տեսքով հուշահամալիրը, որը կմիավորի մեր ժողովուրդներին՝ լուսավոր ապագայի հանդեպ հավատով եւ իր խորհուրդը կփոխանցի գալիք սերունդներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

