Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի

Իսրայելը մեր ազգային ողբերգությունը օգտագործել է իր արտաքին քաղաքական շահերից ելնելով. Արմեն Պետրոսյան

Հանդիպում

Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ տարածաշրջանային հակամարտությունները վաղուց դուրս են եկել տեղային շրջանակներից և ուղղակիորեն ազդում են Հարավային Կովկասի վրա։ ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածությունը, Իսրայելի գործողությունները, Թուրքիայի ակտիվացումը և Ադրբեջանի բազմավեկտոր քաղաքականությունը ստեղծում են նոր աշխարհաքաղաքական իրականություն, որը Հայաստանին դնում է լուրջ փորձության առաջ։

«Իրավունք TV»-ի հետ զրույցում տարածաշրջանագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ վերջին զարգացումները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջական գործընթացի դրսևորումներ։ Ապրիլին ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում այլևս չեն աշխատում, և այսօր մենք գործ ունենք կառավարելի, բայց շարունակվող հակամարտության հետ։

«Եթե կողմերը չկարողանան հասնել փոխհամաձայնության, ռազմական գործողությունները կարող են կրկին մտնել ակտիվ փուլ, ինչը նշանակում է երկարատև անկայունություն ամբողջ տարածաշրջանի համար»,- ասում է Արմեն Պետրոսյանը։

Այս լարվածության ամենացավոտ հետևանքը Հայաստանի տնտեսության վրա է։ Իրանի տարածքով բեռնափոխադրումների խաթարումը անմիջապես դժվարացնում է ոչ միայն Իրանի, այլև Պարսից ծոցի երկրների և Հնդկաստանի հետ կապերը։ Պատերազմական փուլում արդեն տեսանք, թե ինչ ազդեցություն ունեցավ լոգիստիկ շղթաների խափանումը հայկական տնտեսության վրա, և նոր ճգնաժամը կարող է կրկնել այդ հարվածը։

Մեկ այլ կարևոր գործոն է Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վերափոխումը։ Ադրբեջանը շարունակում է պահպանել ռազմավարական կապեր երկու երկրների հետ, սակայն Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը Ադրբեջանին դնում է բարդ ընտրության առաջ։ Այս ֆոնին կրկին ակտիվացել է Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման թեման։

Արմեն Պետրոսյանը այստեղ շատ սուր գնահատական է տալիս. «Եթե չկա վերջնական ճանաչում, ապա նման քայլերը պարզապես քաղաքական գործիք են։ Տարիներ շարունակ Իսրայելը մեր ազգային ողբերգությունը օգտագործել է իր արտաքին քաղաքական շահերից ելնելով։ Սա անբարոյական քաղաքականություն է՝ երբ անհրաժեշտ է՝ թեման ակտիվացնում են, երբ շահը փոխվում է՝ հրաժարվում»։

Փորձագետի համոզմամբ՝ Հայաստանը ճիշտ է արել, որ չի արձագանքել ամեն կիսաքայլի։ Արձագանք պետք է լինի միայն իրական, վերջնական որոշումների դեպքում։

Հարցազրույցի մեկ այլ առանցքային թեմա էր TRIPP նախաձեռնությունը։ Արմեն Պետրոսյանը նշում է, որ չնայած տնտեսական մանրամասները դեռ հստակ չեն, նախագծի քաղաքական նշանակությունը արդեն նկատելի է։ Վերջին մեկ տարվա ընթացքում էականորեն բարձրացել է Հայաստանի անվտանգային մակարդակը, շարունակվում են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացները։

Եթե TRIPP-ը կյանքի կոչվի, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային հաղորդակցային հանգույց՝ կապելով Պարսից ծոցը, Սև ծովը և եվրոպական ուղղությունները։ Սա նոր ներդրումներ, նոր ճանապարհներ և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է խոստանում։ Միաժամանակ նախագիծը մտահոգություններ է առաջացնում Իրանի և Ռուսաստանի մոտ, սակայն նրանք այս պահին չունեն բավարար ազդեցություն՝ գործընթացը կանգնեցնելու համար։

Ամփոփելով՝ Արմեն Պետրոսյանը շեշտում է, որ Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերը արտաքին ազդեցությունների ճիշտ կառավարումն է։ Չի կարելի թույլ տալ, որ մեր երկիրը վերածվի մեծ տերությունների դիմակայության թատերաբեմի։ Այսօր Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված, ճկուն և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ աշխատելով ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և այլ գործընկերների հետ։

Մերձավոր Արևելքի նոր լարվածությունը Հայաստանի համար միաժամանակ լուրջ ռիսկեր և նոր հնարավորություններ է պարունակում։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան հետևողականորեն և հաշվենկատ կկարողանա Հայաստանը պաշտպանել իր ազգային ու պետական շահերը արագ փոփոխվող աշխարհում։

Մանթաշյան Սիրանուշ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ