Ինչու հանկարծ Ալիեվը հիշեց, որ Մոսկվային շատ է սիրում
ՄիջազգայինՀայտարարությունները, որոնք նախօրեին հնչեցրեց Իլհամ Ալիեւը, իհարկե, լուրջ մտորումներ առաջացնում են: Ավելին, դատելով այն ջան–ջիգյարային հանդիպումից, որը Հեյդարովիչն ունեցավ վերջերս եվրանախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, Ալիեւի այս վերջին խոսքերը կարելի է համարել աշխարհաքաղաքական կուրսի շրջադարձի մասին ազդակ, եթե ոչ շրջադարձ:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ԲԱՔՈՒՆ
Ըստ էության, Հեյդարովիչը նախօրեին Շուշիում առաջ մղեց հետեւյալ մտքերը: Նախ, որ մտածում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին: Ճիշտ է, դեռ վերջնական որոշում չկա. «Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կապ է հաստատել ինձ հետ եւ խնդրել է մեզ չանել դա եւ գտնել իրավիճակը բարելավելու միջոց»,- բացատրեց Ալիեւը: Բայց այն, որ այս թեման բերում է հրապարակային դաշտ, ընդամենը սովորական շանտաժի չէ, որ նմանվում է: Առավել եւս, որ Ալիեւը բողոքում է մի իրավիճակից, որը ստեղծվել է դեռ 2024 թվականին:
Այսպիսով, եթե ընդունենք, որ Ալիեւը Եվրոպայից բողոքում է նրա համար, որ, իր բացատրությամբ, Ադրբեջանի հանդեպ անարդար են վարվել, եւ փորձում է հենց այդ խնդիրը լուծել, կարող էր դրա այլ միջոցներ գտնել: Ընդամենը վերջերս, կրկնենք, Բաքվում էր ԵՄ ամենաբարձր պաշտոնյան` Եվրահանձնաժողովի նախագահը: Տիկին Ուրսուլան եկել էր հանուն էներգետիկ ռեսուրսների: Բացի այդ, նա ի զորու է լուծել այնպիսի «մանր» հարցեր, ինչպիսին է Ադրբեջանի «նեղացվածության» խնդիրը: Այսինքն, եթե Ալիեւն ուզում էր կոնկրետ հարց լուծել, կարող էր դրան հասնել առանց ավելորդ աղմուկի: Բայց չէ, նա ցուցադրաբար հայտարարեց, որ կարող է առհասարակ գործ չունենալ ԵՄ կառույցների, այն է` Եվրոպայի հետ: Այն նույն Եվրոպայի, որին դեռ միայն վերջերս` տիկին Ուրսուլայի այցի ժամանակ համարում էր Ադրբեջանի լավագույն բարեկամը: Ու հռետորաբանության նման փոփոխությունը պարզ հարց է առաջացնում. տիկին Ուրսուլայի այցի ժամանա՞կ էր Ալիեւը «բլեֆ» անում, թե՞ այս ընթացքում է ինչ–որ իրավիճակային փոփոխություն եղել: Կամ միգուցե նման հայտարարություններով փորձում է եվրոպացիներին ընդամենը ասել, թե, տեսեք հա, ոչ թե ես եմ ձեր դուռը թակում, այլ դուք` իմը, խելոք կմնաք:
Սակայն վիճակն էլ ավելի ուշագրավ դարձավ այն բանից հետո, երբ Ալիեւը նույնքան ցուցադրաբար հայտարարեց, թե Ռուսաստանի հետ իր հարաբերությունները հրաշալի են: Նրա խոսքով` Ադրբեջանն ու Ռուսաստանը լիովին կարգավորել են հարաբերությունները, որոնք զարգանում են դրական թափով։ Ավելին, ըստ Ալիեւի. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Մենք նաեւ տեսել ենք ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են դրական թափով։ Դուք նշեցիք որոշակի դժվարություններ։ Այո, մենք տեղյակ ենք դրանցից բոլորին։ Բայց գլխավորն այն է, որ այս փուլն արդեն անցյալում է։ Ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են»:
Մոսկվայի մասին այս հայտարարությունները տարօրինակ են առնվազն նրանով, որ դեռ միայն օրերս Բաքուն բողոքի նոտա հանձնեց ռուսական դեսպանին: Թե դրա շրջանակներում ինչ կուլուարային քննարկումներ են եղել, դժվար է ասել, բայց այդ ընդհանուր տոնը որոշակի տպավորություն, այնուամենայնիվ, առաջացնում է: Այսպես, ընթացքը սա էր: Նախ, Ալիեւը հայտարարեց, թե պատրաստվում է Զելենսկու հետ ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնել: Ռուսները ցուցադրաբար ոչնչացրին Օդեսայի մերձակայքում գտնվող Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը պատկանող բենզալցակայանը, որն ընկալվեց` որպես հասկանալի մեսիջ. կարող են նաեւ շատ այլ բաներ ոչնչացնել: Ահա այդ պատճառով էլ Բաքուն սկսեց նոտաներով խոսել Մոսկվայի հետ, եւ երբ այն տպավորությունն էր, որ ռուս–ադրբեջանական հերթական պայթյունն է սպասվում, պարզվեց, որ չէ, Ալիեւը Մոսկվայից ոչ միայն բողոքներ չունի, այլ բոլոր հարցերը համարում է հարթված: Սա հուշում է մոտավորապես նման սցենարի մասին. Բաքվի նոտան ստանալով, ռուսական կողմը նաեւ փոխանցել է նոր սրացումների դեպքում հնարավոր հետեւանքների մասին իր պատկերացումները: Ու երեւի այնքան համոզիչ, որ ռուս–ադրբեջանական բոլոր հակասություններն Ալիեւը ոչ միայն համարեց լուծված, այլ նաեւ հիշեց, թե Եվրոպան ինչպես է 2024թ.–ին իրեն նեղացրել:
Ընդ որում, սա կարելի է համարել ընդամենը նրա կողմից Մոսկվային ուղղված մեսիջ, այլ ոչ թե վերին մակարդակներով պայմանավորվածություն: Հաշվի առնելով, որ Ալիեւն ընդամենը լսել է լավ հարաբերությունների մասին «Պուտինի հայտարարությունները», այլ ոչ թե խոսել է նրա հետ ու կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել: Սա նույնպես հետաքրքիր է: Եթե Ռուսաստանի հետ հարաբերություններն իրոք այդքան լավ են, սակայն Ալիեւն այդ մասին անգամ հեռախոսազրույց չի ունեցել Պուտինի հետ, դա նմանվում է նրան, որ ՌԴ նախագահն ադրբեջանցի իր երբեմնի շատ մտերիմ ղեկավարի հետ ուղիղ կապի դուրս չի գալիս: Ալիեւին դա մինչ այս կարծես թե այդքան էլ չէր մտահոգում. նա շփվում էր տիկին Ուրսուլայի հետ, Թրամփը դրվատանքով էր արտահայտվում Հեյդարովիչի հասցեին: Բայց կարծես թե հիմաՊուտինի հետ կապի բացակայությունը սկսել է նրան մտահոգել. ամեն դեպքում, Ալիեւի խոսքը, թե Պուտինի քայլերի մասին տեղեկանում է ընդամենը նրա հրապարակային հայտարարություններից, նաեւ նմանվում է Կրեմլին ուղղված մեսիջի, թե կարո՞ղ եմ զանգահարել, որ մեր բարելավված լավ հարաբերությունների մասին խոսենք, համ էլ տեսնո՞ւմ եք, եվրոպաների հետ ուզում եմ կապերս կտրել:
ԻՆՉ ՃԱՆՃ ԿԾԵՑ ԱԼԻԵՎԻՆ
Իհարկե, այս տարբերակի դեպքում որոշակի հարցեր, այնուամենայնիվ, մնում են: Այդ թվում` ադրբեջանական մեկ բենզալցակայանի պայթեցումը բավարա՞ր պատճառ էր, որ Ալիեւն առնվազն ակնարկի աշխարհաքաղաքական շրջադարձի գնալու մասին, եթե անգամ դրան հաջորդել են Մոսկվայի նախազգուշացումները` նման խաղերի վտանգավորության մասին:
Բայց մյուս կողմից էլ, Մոսկվայի համար իրավիճակն իրոք վտանգավոր է: Եթե աշխատի արեւմտյան տրամաբանությունը` Թուրքիայից Հայաստանով եւ Ադրբեջանով Կենտրոնական Ասիա դուրս գալու սխեմայի հետ կապված, դա ստրատեգիական իմաստով Ռուսաստանին առնվազն երկու դարով հետ է տանում: Դա բավարա՞ր պատճառ է, որ բացի Ուկրաինայում ադրբեջանական բենզալցակայաններին հարվածելուց, Մոսկվան որոշի հարվածել նաեւ, պայմանականորեն ասած, հենց Ադրբեջանում ադրբեջանական բենզալցակայաններին. եթե չեն ուզում հասնել նման ստրատեգիական պարտության, այլ տարբերակ պարզապես չկա: Ալիեւն ինչ–որ պահ կարծես թե սկսել էր դրան չհավատալ: Թերեւս ելնելով նաեւ այն փաստից, թե ինչպես են ուկրաինական անօդաչուները հասնում Ռուսաստանի խորքերը` մեկը մյուսի հետեւից խոցելով նավթավերամշակման գործարանները: Այսինքն, եթե Հեյդարովիչի պատկերացմամբ, Ռուսաստանը չունի անգամ ինքնապաշտպանության բավարար պոտենցիալ ու նաեւ չհամարձակվի իրավիճակը փոխելու համար դիմել միջուկային զենքի, ապա ինչու ոչ, նա կարող է կենտրոնանալ արեւմտյան խաղերի վրա:
Այլ բան, եթե Ալիեւն այլ պատկերացումներ ունենա: Այդ թվում, գնալով աճող հարվածներից, որոնք Ռուսաստանն այսօր սկսել է հասցնել Ուկրաինային: Իհարկե, կան նաեւ ուկրաինական հարվածները: Սակայն մեկ օրինակ. վերջին երկու օրերին Մոսկվայի ուղղությամբ, համաձայն ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական աղբյուրների, օրական արձակվել է մոտ 400–450 անօդաչու: Մոսկվայի տարածքում որեւէ պայթյուն չի արձանագրվել: Այսինքն, ռուսական ՀՕՊ–ը սկսում է ադապտացվել իրավիճակին, ու մյուս կողմից էլ իր դերն է խաղում ուկրաինական անօդաչուների արտադրության կենտրոններին հասցվող հարվածները: Ծանր հարվածների տակ են նաեւ ուկրաինական նավահանգիստները, որոնք, ինչպես ուկրաինական աղբյուրներն են պնդում, կարող են հայտնվել լիակատար անգործունակության վիճակում: Ու այսպես շարունակ, եւ այս ամբողջական պատկերը խոսում է նման իրավիճակի մասին: Ուկրաինական կողմը հավաքել է իր բոլոր հնարավորությունները ու մի վերջին հարձակում է իրականացնում Ռուսաստանին տապալելու համար: Եթե ոչ ռազմական իմաստով, այլ գոնե ներքին ցնցումների: Ու ի՞նչ է լինելու, եթե այդ փորձը ձախողվի. թերեւս, Ալիեւը հենց այդ մասին էլ մտածում է` հասկանալով, որ պետք չէ Մոսկվայի հետ ծայրահեղ թշնամության դաշտ մտնել:
ԵՄ–Ն ՆՈՐԻՑ ԽԱՂԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ
Իսկ ահա Հայաստանում պատկերն այլ է: Այն կոշտ հակառուսական քայլերը, որոնք Նիկոլն իրականացրեց ընտրությունների ֆոնին, հիմա դարձել է ծայրահեղ դժվար մարսելի: Այսինքն, ինչ–որ պահի սկսեց բոլոր հաշվարկները կապել Եվրոպայի ու Թրամփի հետ, որոնք այդպես էլ չեն տալիս հարցի պատասխանը, թե ի՞նչ է լինելու, եթե Ռուսաստանը դիմանա ուկրաինա–եվրոպական այս վերջին փորձին:
Վիճակը շտկելու մի վերջին փորձ էր Միշուստինի հետ Փաշինյանի հանդիպումը: Սակայն ակնհայտ է, որ Եվրոպան փորձում է խաղի կառավարումը ձեռքից բաց չթողնել: Համենայնդեպս նախօրեին Կայա Կալլասի հնչեցրած հայտարարությունը հենց այդ ժանրից էր: Այսպես, Եվրոպայի գլխավոր դիվանագետի խոսքով` Բրյուսելում կհաստատվի Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը՝ «Հիբրիդային սպառնալիքների եւ արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են»: Հասկանալի է, խոսքը Ռուսաստանի դեմ ուղղված հերթական գործողության մասին է, եւ եթե Նիկոլը որոշի շարունակել այս տրամաբանությամբ, ապա դա միանշանակ առաջացնելու է Մոսկվայի հետ բախումային եւս մեկ հարթակ:
Թեեւ մյուս կողմից էլ Զախարովայի հայտարարությունը, թե մենք շատ ենք սիրում հայ ժողովրդին, թերեւս նույնքան հստակ մեսիջ էր նաեւ Փաշինյանի համար. այսպես թե այնպես, Ռուսաստանն ու Հայաստանն այն քանակի եւ այն խորության կապերով են կապված, որ եվրոպական այդ խաղերը երկարաժամկետ հատվածում հազիվ թե աշխատեն:
Մի խոսքով, պետք է հիշեցնենք քանիցս ասվածը. այն աշխարհաքաղաքական դեմքը, որը կստանա Հարավային Կովկասը, այս պահին լուծվում է ուկրաինական պատերազմում: Կախված պատերազմի ելքից, մեզ մոտ էլ լուծումները լինելու են նույնիսկ մեխանիկորեն: Ալիեւը վկա:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69681
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk