Զելենսկին կորցրեց Թրամփի վրա ազդելու բացառիկ օղակներից մեկը
ՄիջազգայինԱմերիկյան սենատոր, Թրամփի կարկառուն թիմակից եւ ընկեր Լինդսի Գրեհեմի առեղծվածային մահը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=344788&l=am) ներամերիկյան հարթակում նաեւ նման վարկածն է ակտիվորեն շրջանառության մեջ դրել. իսկ պատահակա՞ն էր, որ սենատորը մահացավ Ուկրաինայից վերադառնալուն պես: Ըստ այդմ, ի՞նչ էր նա անում Կիեւում: Թեման էլ ավելի թեժացավ այն բանից հետո, երբ օրակարգ բերվեց նման վարկած, թե Գրեհեմը կարող էր զոհվել նաեւ Ուկրաինայում հրթիռային հարվածի հետեւանքով: Ուկրաինական աղբյուրները շտապեցին դա հերքել` հավաստիացնելով, որ Գրեհեմը ողջ է հեռացել Ոկրաինայից: Ասենք նաեւ Թրամփը հաստատեց, որ նա մահվանից քիչ առաջ է խոսել սենատորի հետ, ով այդ ժամանակ արդեն վերադարձել էր:
Բայց փոխարինելու եկավ հաջորդ վարկածը. իսկ բացառվո՞ւմ է, որ Գրեհեմին թունավորեին հենց Կիեւում, ինչքան էլ որ նրան Զելենսկին ընդունեց` որպես ամենապատվավոր հյուրի: Ու այստեղ այլ հարց է առաջ գալիս. իսկ ինչո՞ւ էր Գրեհեմը մեկնել Կիեւ: Ու այս հարցն ունի որոշակի նախապատմություն:
Վերջին ժամանակներս, իհարկե, Զելենսկին հպարտանում է, թե կարողացել է Ռուսաստանում ներքին «բենզինային ճգնաժամ» առաջացնել: Դա, իհարկե, այդպես է. կա ճգնաժամ, որը փորձում են վերածել նաեւ ընդհանուր քաղաքական ճգնաժամի: Այսինքն, որ նպատակը Ռուսաստանում իշխանափոխության հասնելն էր, գործնականում չի էլ թաքցվում, ավելին, նաեւ ռուսական փորձագիտական շիջանակներն են սկսել այդ մասին բացահայտ խոսել: Բայց որքանո՞վ է նման «հեղափոխությունը» ռեալ: Նախ, «բենզինային ճգնաժամը» թեեւ դեռ միանգամայն սուր է, սակայն կարելի է նաեւ նկատել, որ այն գագաթնակետն անցել է: Ուկրաինական անօդաչուները նաեւ շարունակում են մասշտաբային հարձակումները Ռուսաստանի խորքային գոտիների վրա, սակայն դա եւս հաղթահարելի է: Ընդհանրական իմաստով, ռուսական ինչպես պաշտպանական համակարգը, այնպես էլ հանրությունը կամաց–կամաց ադապտացվում են այդ վիճակին եւ էլ ավելի կադապտացվեն, եթե լինեն ռազմական հաջողությունների մասին լուրեր: Ու նման լուրեր կան: Նախ, ոչ պակաս ծանր հարվածներ են հասցվում Ուկրաինայի բոլոր հատվածներին եւ նաեւ Կիեւին: Հիմնական թիրախների դերում են նաեւ ուկրաինական նավահանգիստները, որը առաջիկա մեկ–երկու ամիսներին կարող է լրջագույն խնդիր դառնալ: Վերջապես, բոլոր ռազմաճակատներից գալիս են բավական նշանակալի առաջընթացների մասին լուրեր, որի օրինակներից դարձավ Կոնստանտինովկայի կարգի քաղաքի գրավումը:
Եվ մյուս կողմից այն, որ Զելենսկին հերթական անգամ փոխեց վարչապետին ու կառավարության կազմը, խոսում է այն մասին, որ չնայած հերոսական կեցվածքին, նրա մոտ իրականում ստեղծվել են խորքային խնդիրներ: Եթե չհաջողվի այս ամռան–աշնան սկզբներին հասնել Ռուսաստանում իշխանափոխության, ապա պետք է պատրաստվի ծայրահեղ ծանր ձմեռվա: Ավելին, սկսում են լրջագույն խնդիրներ ի հայտ գալ նաեւ եվրոպական ուղղությամբ: Մի կողմից, լրջագույն սկանդալի մեջ հայտնվեց Մոնակոյում, որտեղ գործակալ էին ուղարկել` ուկրաինացի օլիգարխներից մեկի սպանության համար, ու ձախողվեցին: Հաջորդը, եվրոպական երկրները մեկը մյուսի հետեւից սկսել են հայտարարել, որ այլեւս չեն կարող օգնել Ուկրաինային: Նման հայտարարություն եղավ Հունգարիայից, թե չեն ուզում զենք կամ զորքեր ուղարկել Ուկրաինա։ Բուլղարիան, Նիդերլանդները հայտնեցին, որ գործնականում սպառել են իրենց կարողությունները։ Գերմանիան հրաժարվում է Ուկրաինային Taurus եւ Patriot հրթիռներ մատակարարելուց։ Չեխիան նշում է, որ ազգային բյուջեն պետք է հիմնականում կենտրոնանա սեփական բանակի ամրապնդման վրա, այլ ոչ թե Ուկրաինայի: Լեհաստանի հետ հարաբերությունները անցել են թշնամության դաշտ: Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան իրենք ունեն բյուջետային խնդիրներ, բայց նաեւ բախվել են պաշտպանական ծախսերի մեծացման անհրաժեշտությանը եւ այլն:
Այն տպավորությունն է, որ Եվրոպան դեռ մտածում է Ռուսաստանում «հեղափոխության» մասին: Բայց եթե դա ձախողվի, եւ Պետդումայի ընտրություններն անցնեն հանգիստ, ապա, ինչպես նաեւ Կիեւում են կարծում, պետք է սպասել Ուկրաինայի հարցով հիասթափության նոր ալիքի: Առավել եւս, որ Բրիտանիայում պետք է գա նոր վարչապետ: Մակրոնը հաջորդ տարի հեռանալու է, Մերցն ունի կատաստրոֆիկ ցածր վարկանիշ: Այս ամենից էլ զատ, ռուսները հասել են այս պատերազմի խորհրդանիշ դարձած Սլավյանսկ – Կրամատորսկի մատույցներին եւ աշնանը կարող են նաեւ այն գրավել: Ու գումարած դրան, Թեհրանը, ինչի մասին արդեն բաց տեքստով խոսում է անգամ PARS-ը, առաջարկում է, որ Ռուսաստանը կիրառի Իրանի օրինակը եւ սկսի ընդլայնել իր հարվածների աշխարհագրությունը Ուկրաինայից դուրս. մի քանի ցուցադրական հարված այն երկրներին, որոնք արդեն գործնականում բաց պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ, եւ դա կարող է ոչ միայն որոշ «տաք գլուխներ սառեցնել», այլ նաեւ իր դրական ազդեցությունը կունենա ներռուսական հարթությունում` «հեղափոխության» փոխարեն համախմբման տեսքով: Ու ասել, որ Ռուսաստանի կողմից հարվածների ներկայիս սրացումները չեն հասցնի նաեւ դրան, ո՛չ Կիեւում եւ ո՛չ էլ Եվրոպայում երաշխիքներ չունեն:
Ահա այս իրավիճակում միակ հույսը մնում է Թրամփը, որին պետք է մի կերպ շահագրգռել` իր վրա վերցնել այն ֆինանսավորումը, որը Եվրոպան կարող է դադարեցնի կամ չկարողանա տրամադրել: Իսկ սենատոր Գրեհեմն այն քիչ անձանցից էր, ով նախ` ուկրաինական ուղղությունը ցանկանում էր պահպանել, եւ երկրորդը` Թրամփի վրա ազդելու հնարավորություններ ուներ:
Միայն թե Գրեհեմը, որը տարբեր խոստումներ էր տվել Կիեւում, մահացավ տուն վերադառնալուն պես: Այս հիմքի վրա, իհարկե, կարելի է տարբեր «դավադրության տեսություններ» սարքել, բայց իրողությունը դրանից չի փոխվում. Թրամփի վրա ազդելու այս բացառիկ օղակներից մեկը Զելենսկին կորցրեց, եւ դա լավ նշան չէ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

