Ինչու թրամփը որոշեց կտրուկ սրել ռուսական ուղղությունը
ՄիջազգայինԱնկարայում օրերս կայացած ՆԱՏՕ–ի գագաթաժողովը պետք է երկու հիմնական հարցի պատասխան տար: Նախ, ո՞ւր են գնում ԱՄՆ–ի եւ Դաշինքի հարաբերությունները: Այդ ֆոնին, ո՞ւր են գնում ՆԱՏՕ–ի եւ ԱՄՆ–ի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ այդ ամենի հիմնական ցուցիչներից էր համարվում ուկրաինական պատերազմը:
ՀԱՄԱՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ
Ընդ որում, գագաթաժողովի շեմին նման բոլոր հարցադրումներն էապես սրվեցին` հաշվի առնելով ոչ միայն ռազմական գործողությունների ակտիվացումն ուկրաինական ճակատներում եւ թիկունքային գոտիներում: Ինչպես նաեւ ծայրահեղության հասած հռետորաբանությունը ՆԱՏՕ– ի մի շարք անդամների եւ Ռուսաստանի միջեւ, ինչին տեսանելի ինտրիգ տվեց Պուտինի եւ Թրամփի հայտնի հեռախոսազրույցը գագաթաժողովի շեմին, որից ելնելով ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե ուկրաինական հակամարտությունը շատ ավելի շուտ կարող է ավարտվել, քան ենթադրվում է: Իհարկե, Թրամփի հաճախակի 180 աստիճանով փոխվող հայտարարությունների հանդեպ արդեն մեծ հավատ չկա: Բայց երբ այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ նախատեսված է նաեւ ԱՄՆ նախագահի հանդիպումը Զելենսկու հետ, դա մեծացրեց հավանականությունը, որ լիովին կանգ առած բանակցային գործընթացն իրոք կարող է վերսկսվել:
Այսպիսով, ի՞նչ կատարվեց գագաթաժողովում, եւ որքանո՞վ այդ սպասելիքներն արդարացան:
Առաջին հայացքից գագաթաժողովում ոչ թե լուծումներ եղան, այլ` ծայրահեղ էսկալացիա: Այն կարգի, որ արդեն նույնիսկ ռուս–ամերիկյան ուղիղ բախումը պետք է չբացառել: Նախ, գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում Ռուսաստանը ֆիքսվեց` որպես ՆԱՏՕ–ի երկարաժամկետ հիմնական հակառակորդներից մեկը: Այդ ֆոնին, որ Ուկրաինան կստանա 140 միլիարդ դոլարի օգնությունը:
Իրավիճակն էլ ավելի սրեց Թրամփը` Զելենսկու հետ հանդիպման շրջանակներում մի շարք կտրուկ մտքեր հայտնելով: Սկսած այն բանից, որ Ուկրաինայի ղեկավարի հետ ունի «գերազանց հարաբերություններ», վերջացրած հաստատումով, որ ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինայի զինված ուժերին` խորքային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին: Ավելին, որ հիմա ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիա։ «Մենք նրանց կտանք Patriot հրթիռներ արտադրելու իրավունք. մենք նրանց ցույց կտանք, թե ինչպես դրանք պատրաստել։ Այդ դեպքում դուք չեք կարող բողոքել, որ մենք ձեզ բավարար չենք տալիս. ինքներդ պատրաստեք դրանք»: Ու իրավիճակն էլ ավելի ցցուն դարձրեց Թրամփի կողքին նստած պետքարտուղար Ռուբիոն` հայտնելով. «Մենք քննարկում ենք Ուկրաինայի կարողությունը` էլ ավելի խորքային հարված հասցնել Ռուսաստանին: Որպեսզի Ռուսաստանը տեսնի, թե որքան դժվար է պաշտպանել իր օդային տարածքը»: Ու անգամ Թրամփը դրանից հետո խոստովանեց. «Սա սրացում է։ Բայց այս սրացումը կարող է ավարտել պատերազմը»:
Այս բոլոր հայտարարությունները, ըստ էության, մեկ բան է նշանակում: Նախ, ԱՄՆ–ն նախագահի մակարդակով հայտարարում է, որ այս կամ այն մեխանիզմով փաստացի ներգրավված է Ռուսաստանի հետ պատերազմում: Հաջորդը, պատրաստվում է էլ ավելի խորացնել այդ մասնակցությունը` ձգտելով Ռուսաստանին ուժային լուծումներ պարտադրել: Ու հաշվի առնելով, որ այդ մասին խոսում է ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում, սա, ըստ էության, վերածվում է Դաշինքի կողմից Մոսկվային հղված միանգամայն բաց մարտահրավերի, ավելին` ռազմական վերջնագրի:
Այսինքն, սրանով գնդակը տեղափոխվում է ռուսական դաշտ. ի՞նչ պատասխան է լինելու: Սա ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանին եթե ոչ ոչնչացնելու, ապա առնվազն մեծագույն վնասներ հասցնելու ռեալ սպառնալիք: Դա ռուսական բոլոր ռազմական դոկտրիններով ենթադրում է առնվազն համարժեք պատասխան, ընդ որում` ունեցած բոլոր միջոցներով: Դրանց թվում է նաեւ միջուկային զենքը: Կլինի՞ Մոսկվայի կողմից հենց այս տրամաբանության մեջ պատասխան. գոնե այս պահին դա դեռ տեսանելի չէ: Այսինքն, Մոսկվայում այս բոլոր սպառնալիքների՞ն են այլ կերպ նայում, նաեւ հաշվի առնելով, որ հնչեցնողը Թրամփն է. վաղը կարող է նույն բառապաշարով խոսել Զելենսկու մասին: Թե՞ Մոսկվայում կան այլ պատճառներ, որոնցից ելնելով անգամ հեղինակության հաշվին չեն ցանկանում նետված ձեռնոցը վերցնել:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
Բայց կրկնենք, սա այն պատկերն է, որը բխում է հրապարակային հայտարարություններից: Իրականում է՞լ է Մոսկվայի համար պատկերն այդքան մռայլ:
ՆԱՏՕ–ի որոշումների մասով կարելի է նկատել հետեւյալը: Խոստանում են 140 միլիարդ, որը, սակայն, մինչ այս ցուցաբերված օգնության մակարդակով է: Ընդ որում, այդ 140 միլիարդը բաշխված է երկամյա կտրվածքով, ու նաեւ հասկանալու հարց է, թե դրա ո՞ր մասն է ներգրավված Եվրոպայի խոստացած ֆինանսավորման եւ արդեն իսկ գործող ծրագրերի մեջ: Ընդ որում, այդ ֆինանսավորմանը ԱՄՆ–ն չի մասնակցում: Եվրոպական մի շարք երկրներ էլ այս օրերին հայտարարեցին, որ Ուկրաինայի համար իրենց հնարավորությունների առավելագույնն արդեն արել են եւ նոր բան հազիվ թե կարողանան անել: Կարճ ասած, այս մասով իրականում ինչ–որ արտառոց սրացում չկա. պահպանվում է այն պատկերը, որը մինչ այս էլ կար: Ու նույնը Ռուսաստանի հիմնական թշնամի դիտարկելու մասով. մինչ այս պահն էլ նույն բանն էր, եւ այդ մասին եւս մեկ անգամ հայտարարելը բան չի փոխում: Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, ապա վերջինս առանց այդ էլ օգնում էր Ուկրաինային, եւ ներկա սպառնալիքներն այս հարցում եւս բան չեն փոխում: Իսկ ահա Ուկրաինային Patriot հրթիռներ արտադրելու իրավունք տալն այլ հարցեր է առաջացնում. Կիեւն ունի՞ նման հրթիռներ արտադրելու տեխնոլոգիական հնարավորություններ. հաստատ չունի: Կարո՞ղ է ինչ–որ պահի ունենալ. միգուցե, բայց թե երբ եւ ինչ ծավալի արտադրություն կարող է կազմակերպել, դժվար է պատկերացնելը. Bloomberg–ի գնահատմամբ, դա կարող է տարիներ պահանջել: Բայց փոխարենը, Կիեւը հիմա չի կարող ամեն անգամ նոր հրթիռներ պահանջել, որոնցից, ի դեպ, ԱՄՆ–ի զինապահեստներում համեստ ծավալներ են մնացել, եղածի մեծ մասն էլ նորից տեղափոխել են Մերձավոր Արեւելք: Կարճ ասած, Թրամփի այդ խոստումը նաեւ միջնաժամկետ հատվածում Մոսկվայի համար մեծ խնդիր չէ:
Այսպիսով, գործնական տեսանկյունից մոտավորապես այս տրամաբանական պատկերն է ստեղծվել: Այն ամենը, որոնք խոստացավ ՆԱՏՕ–ն եւ հայտարարեց Թրամփը, հազիվ թե ռազմական իրողությունների էական փոփոխության տանեն: Իհարկե, եթե անգամ ներկա էսկալացիոն մակարդակը պահպանվի, դա արդեն իսկ Ռուսաստանի համար բարդ է. խնդիրների պակաս չկան (օրինակ բենզինի պակասի տեսքով), որոնք դեռ կարող են սրվել (ուկրաինական անօդաչուները կարող են նույն հետեւողականությամբ հարվածել նաեւ ռուսական էներգետիկ օբյեկտներին, գազամուղներին, նավթամուղներին ու այլն): Չնայած, անգամ այս խնդիրների պարագայում ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացում ապահովել ռազմաճակատներում, իրենց հերթին են շատ ծանր հարվածներ հասցնում Ուկրաինայի թիկունքին: Գումարած, Ուկրաինան այդպես էլ չի կարող լուծել ռազմական հիմնական խնդիրը` ռեզերվների պակասը: Նախօրեին Լվովում իսկական բունտ բարձրացավ զինկոմիսարիատի պատճառով, հաճախակիացել են զինկոմիսարիատի աշխատակիցների դեմ հարձակումները, եւ, ըստ պաշտոնական տվյալների, մոբիլիզացիոն պլանները հազիվ կիսով չափ են կատարվում: Գումարած դրան էլ` շարունակում է ահագնացող ծավալներով աճել դասալքությունը: Ու զինվորների պակասը ամենաուղիղ ձեւով է անդրադառնում ռազմաճակատներում իրավիճակի վրա: Այսպիսով, ռազմական հանրագումարն ընդհանուր առմամբ Ռուսաստանի օգտին է:
Ընդ որում, հայտարարությունները, որոնք հնչեցրեց Թրամփը, Մոսկվայի համար նաեւ օգտակար կարող են լինել: Այդ հիմքով կարող են ոչ միայն մեծացնել Ուկրաինային հասցվող հարվածների ծանրությունը (դեռ չկիրառվող ոչ միջուկային մի շարք զինատեսակներ Ռուսաստանն ունի), այլ նաեւ ԱՄՆ–ի դեմ նման քայլերի գնալ այլ հատվածներում, ասենք` Իրանին ցուցադրաբար միջուկային զենք տալու տեսքով: Ընդ որում, հենց այն պահին, երբ ԱՄՆ–ի եւ Իրանի հարաբերությունները նորից սկսել են շիկանալ: Ավելի կոնկրետ, հայտարարությունները, որոնք հնչեցրեց Թրամփը, ըստ էության, զրոյացնում են ռուս–ամերիկյան այս վերջին մեկ–մեկուկես տարվա պայմանավորվածությունները, որոնք, ինչպես նաեւ ռուսական ազգայնական թեւն է վստահ, իրենց համար փակուղի էին դարձել:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Նման իրավիճակում հարց է առաջանում. իսկ Թրամփի ինչի՞ն էր պետք հռետորաբանություն գործադրել Մոսկվայի հետ նոր սրացումների գնալու համար, եթե դա առանձնապես ներկա իրողությունների վրա չի ազդելու: Փորձագիտական շրջանակներում այս հարցի հետ կապված երկու հիմնական վարկած է շրջանառվում: Նախ, ուկրաինական հակամարտության հետ կապված այն ծախսերը, որոնք ստանձնեց Եվրոպան, եւ որոնց հիմնական մասը կուղղվի ամերիկյան զենք գնելուն, ԱՄՆ–ից կախվածության լրացուցիչ լծակներ են առաջացնում: Եվ այն, որ Թրամփն անմիջապես էլ սկսեց օրակարգ վերադարձնել Գրենլանդիայի թեման, այդ նոր կախվածության հետեւանքներից է: Գումարած, այս իրավիճակի ձգձգումը խնդիրներ է առաջացնելու Մոսկվայի համար հատկապես Պետդումայի սպասվող ընտրությունների շեմին: Ըստ այս տրամաբանության, այս կոմպլեքսն էլ դարձավ Թրամփի համար հիմնական դրդապատճառ:
Կա նաեւ այն վարկածը, որ Թրամփն օգտագործում է այս իրավիճակը՝ Պուտինի հետ բանակցությունների ֆոնը սրելու, Մոսկվային վախեցնելու համար: Սակայն այս վարկածին հետեւող նաեւ որոշակի ուկրաինական փորձագետներ, այս ամենը համարելով «դասական բլեֆ», նաեւ այն կարծիքին են, որ դա չի աշխատի: Առավել եւս, երբ Թրամփը նաեւ իրանական ուղղությամբ գնաց կտրուկ սրացումների, որը դժվար է ասել, թե ինչի է տանելու: «Եզրակացությունը սա է. Մոսկվայի հետ Վաշինգտոնի բանակցությունները շարունակվում են, ինչը նշանակում է, որ ամբողջ աղմուկը Կիեւի համար պարզապես պատրանք է»,– ամփոփում է ուկրաինական աղբյուրը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69500
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk