Հարցականի տակ է հայտնվում Փաշինյանի հայտարարած «ԹՐԻՓՓ» նախագծի իրագործելիությունը․ Յուլիա Կոտովա
Հանդիպում«Իրավունք»-ի հարցերին պատասխանում է Ազգային հետազոտական միջուկային համալսարանի («МИФИ») միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ դասախոս, «Ակսոն» տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի փորձագետ ՅՈՒԼԻԱ ԿՈՏՈՎԱՆ։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԻՍԿԱՊԵՍ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՎԱՆԵԼ»
— Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, արդյունքները հայտնի են։ Ի՞նչն էր Ձեզ համար սպասելի, եւ ի՞նչը անակնկալ դարձավ։
— Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կարելի է իսկապես պատմական անվանել, առաջին հերթին այն պատճառով, որ դրանց ելքը վճռորոշ եղավ երկրի համար ռազմավարական ուղղության եւ հետագա զարգացման տեսանկյունից։ Չնայած մեծ թվով սոցիոլոգիական հարցումներին եւ փորձագիտական գնահատականներին՝ ոչ մեկն ամբողջական եւ միանշանակ պատկերը չտվեց, իսկ դա ինքնին խոսում է հասարակության քաղաքական մոբիլիզացիայի բարձր աստիճանի եւ ընտրական բարդ կոնֆիգուրացիայի մասին։
Սպասելի էր, իմ կարծիքով, բարձր մասնակցությունը։ Տեսանելի էր, որ հայ հասարակությունը այս ընտրություններն ընկալում է ոչ թե որպես քաղաքական սովորական ընթացակարգ, այլ որպես երկրի հետագա ներքին քաղաքականության եւ արտաքին քաղաքականության ուղին որոշելու կարեւոր փուլ։ Այսինքն՝ քաղաքացիները մի կողմ չմնացին եւ քաղաքական գործընթացների մեջ ներգրավվածության բարձր մակարդակ դրսեւորեցին։
Եթե խոսենք անսպասելիի մասին, ապա, անկասկած, իր վրա ուշադրություն է հրավիրում ձայների հաշվարկի երկարատեւ գործընթացը։ Այս պայմաններում առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացնում այն, որ շնորհավորանքները Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հասցեին սկսեցին հնչել դեռեւս վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակումից առաջ, ինչը բավական անսովոր է ընտրական պրակտիկայի եւ քաղաքական հաղորդակցությունների տեսանկյունից։
Անսպասելիության եւս մի կարեւոր տարր էր այն ճանապարհը, որով կարճ ժամկետում անցավ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Փաստացի լինելով նոր քաղաքական ուժ՝ նա պաշտոնական արդյունքներով դուրս եկավ երկրորդ տեղը՝ դառնալով խոշորագույն ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում։ Սա վկայում է, որ նախագծի օգտին արդեն ձեւավորվել է նկատելի քաղաքական կապիտալ եւ ընտրողների զգալի մասի պահանջարկ հայկական քաղաքականության մեջ ազդեցության նոր կենտրոնների նկատմամբ։
«ԵԹԵ ՆԱՅԵՆՔ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ, ՉԵՆՔ ՏԵՍՆԻ ՈՉ ՄԻ ՈՒԺ, ՈՐԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԼԻՆԵՐ ՌՈՒՍԱՄԵՏ»
— Խորհրդարանում արդեն ակնհայտ է, թե ովքեր են լինելու ե՛ւ իշխող մեծամասնությունում, ե՛ւ ընդդիմությունում։ Ձեր կարծիքով՝ ընդդիմադիրները, որոնց ռուսամետ են համարում, կարո՞ղ են դառնալ երկրի կյանքի վրա ազդելու ունակ իրական ուժ։
— Եթե խոսենք «միանշանակ ռուսամետ» ընդդիմության մասին, ապա այստեղ կարեւոր է միանգամից տերմինների ճշգրտում կատարել։ Հայկական քաղաքական դաշտում «ռուսամետության» տակ հաճախ ամենից առաջ հասկանում են ԵԱՏՄ-ից կտրվելու մերժումը, ռուսական շուկայի հետ կապերի պահպանումը եւ Ռուսաստանում հայկական մեծ սփյուռքի հետ կապերի պահպանման կողմնորոշումը։ Բայց այդ դեպքում օրինաչափ հարց է ծագում. եթե ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ է անում այն մասին, թե Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից, կարելի՞ է արդյոք համանմանությամբ նրա թիմին ավտոմատ կերպով գրանցել որպես «ռուսամետ» ուժ։ Ակնհայտ է, որ նման մոտեցումը հասարակացնում է իրական պատկերը։
Եթե ուշադիր նայենք կուսակցությունների նախընտրական ծրագրերին եւ հռետորաբանությանը, մենք չենք տեսնի ոչ մի ուժ, որը բացառապես լիներ ռուսամետ` նախկին «միագիծ» իմաստով: Բոլոր առանցքային խաղացողները փաստացի հռչակում են տարբեր արտաքին դերակատարների հետ համագործակցության ուղու մասին՝ Ռուսաստանից եւ ԵԱՏՄ-ից մինչեւ ԵՄ, ԱՄՆ, առանձին եվրոպական պետություններ եւ տարածաշրջանային գործընկերներ: Այս առումով ավելի ճիշտ է խոսել ոչ թե բազմազանեցման (դիվերսիֆիկացիա), այլ արտաքին քաղաքականության կուրսի փոխլրացման (կոմպլեմենտարություն) մասին, հավասարակշռությունների համակարգ կառուցելու փորձի մասին, այլ ոչ թե խաղադրույք կատարել մեկ եզակի վեկտորի վրա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ընդդիմությունը կարող է դառնալ երկրի կյանքի վրա ազդող իրական ուժ, ապա ընտրությունների արդյունքն ինքնին արդեն տալիս է պատասխանի մի մասը։ Ընդդիմադիր ուժերի ստացած մանդատները, նրանց ներկայացվածությունը խմբակցություններում եւ դերը խորհրդարանական գործընթացներում ցույց են տալիս, որ դրանք ունեն զգալի քաղաքական կշիռ եւ չեն կարող անտեսվել առանցքային, այդ թվում՝ Սահմանադրությանը վերաբերող որոշումների քննարկման ժամանակ։ Այլ հարց է, որ նրանց ազդեցության աստիճանը կախված կլինի ոչ միայն ֆորմալ թվաքանակից, այլեւ դաշինքներ կառուցելու, օրակարգի հետ աշխատելու եւ հասարակությանը ներքին ու արտաքին քաղաքականության պարզորոշ այլընտրանքներ առաջարկելու կարողությունից։ Այս առումով, թվերն ու քվեարկության արդյունքներն արդեն ցույց են տվել, որ ընդդիմությունն ունի ռեսուրս, իսկ թե որքանով կարող է այն վերածել կայուն քաղաքական ազդեցության, դա նրա հետագա ռազմավարության հարցն է, այլ` ոչ միայն ընտրությունների ելքի։
«ԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԸ ՀԵՏԱՄՈՒՏ ԿԼԻՆԻ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
— Փաշինյանի կուսակցությունը Հայաստանի խորհրդարանում չստացավ սահմանադրական մեծամասնություն: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է նա փոխելու Սահմանադրությունը եւ բացառելու նրանից այն դրույթները, որոնք իբր թե տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ:
— Իմ կարծիքով, սահմանադրական մեծամասնության բացակայության փաստն ինքնին չի վերացնում Սահմանադրությունը վերանայելու փորձի հարցը, ավելի շուտ բարդացնում է տեխնիկական ուղին, բայց չի չեղարկում քաղաքական նպատակը։
Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հետամուտ կլինի Մայր օրենքի փոփոխություններին: Սրա մասին խոսակցությունները երկար ժամանակ են ընթանում, եւ սահմանադրական բարեփոխումը փաստացի ներկառուցված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հետ կապված որոշումների ավելի լայն փաթեթի մեջ: Այն դրույթների շտկումը, որոնք Բաքուն մեկնաբանում է որպես տարածքային նկրտումներ պարունակող, դիտվում են որպես խաղաղության համաձայնագրերի ստորագրման եւ լիարժեք իրականացման առանցքային պայմաններից մեկը: Առանց նման «խարիսխները» վերացնելու՝ չափազանց դժվար է խոսել հարաբերությունների լիակատար կարգավորման մասին:
Միեւնույն ժամանակ, արտաքին ճնշման առկայությունը ժխտել նույնպես չի կարելի. Ադրբեջանը հետեւողականորեն խաղաղությանն ուղղված առաջընթացը կապում է Հայաստանի սահմանադրական եւ իրավական դաշտի փոփոխությունների հետ։ Այս կապի մեջ կա նաեւ Թուրքիայի դիրքորոշումը, որը Երեւանի հետ իր հարաբերությունների զարգացման ընթացքը ուղղակիորեն դնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքից կախվածության մեջ։ Քանի դեռ այս հանգույցը չի արձակվել, Հայաստանի սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մնում են փաստացի փակ, ինչը լրջորեն սահմանափակում է երկրի տարանցիկ եւ տնտեսական ներուժը։
Այս համատեքստում հարցականի տակ է հայտնվում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի իրագործելիությունը, ինչպես նաեւ Հայաստանի ավելի լայն հայեցակարգը՝ որպես «Խաղաղության խաչմերուկ»։ Առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բաց սահմանների, այս կառուցվածքը կորցնում է գործնական իմաստի մի մասը։ Ներկայիս կառավարության համար, որն այս գաղափարները դարձրել է իր քաղաքական նարատիվի հիմնական տարրերից մեկը, սա ստեղծում է պարտականությունների կոշտ դաշտ. կա՛մ ցույց տալ խաղաղության եւ սահմանադրական օրակարգի հարցում առաջընթաց, կա՛մ բացատրել հանրությանը, թե ինչու են ռազմավարական խոստումները մնում հռչակագրերի մակարդակի վրա։
Մենք արդեն տեսել ենք, որ փոփոխությունները շոշափում են ոչ միայն քաղաքական-իրավական, այլեւ խորհրդանշականի մակարդակը. տեսողական խորհրդանիշների ճշգրտումներ, ինքնորոշման նախկին քաղաքականության որոշ տարրերի մերժում, հիշողության որոշակի պրակտիկաների վերանայում: Այս ֆոնի վրա այն տրամաբանությունը, որում Սահմանադրությունը դառնում է «հաջորդ քայլը», լիովին հետեւողական է թվում. իշխանությունը ձգտում է մեկ միասնական ուրվանկարի մեջ բերել հռետորաբանությունը, արտաքին քաղաքականության ռազմավարությունը եւ պետության հիմնական իրավական հենքը:
Սահմանադրական մեծամասնության բացակայության դեպքում տեխնիկապես հնարավոր է մի քանի ճանապարհ. խորհրդարանում իրավիճակային դաշինքներ ձեւավորելու փորձը, հարցերի մի մասը հանրաքվեի դնելը, իրավական եւ ընթացակարգային նրբությունների օգտագործումը, որոնք թույլ են տալիս փուլ առ փուլ փոփոխել տեքստը: Կարեւոր է, որ այս տարբերակներից յուրաքանչյուրը կպահանջի Փաշինյանից ոչ միայն մանեւրել խորհրդարանի ներսում, այլեւ աշխատանք հասարակական կարծիքի հետ, քանի որ սահմանադրական ցանկացած փոփոխություն ներկայիս պայմաններում կընկալվի որպես խաղաղության բանակցային մեծ փաթեթի մի տարր, հետեւաբար որպես իշխանության ոչ միայն արտաքին, այլեւ ներքին լեգիտիմության հարց։
«ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՋՆՋԵԼ» ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՒ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՏԱՐԱԾՔԻՑ»
— Եթե 2021 թվականին Պուտինը հաղթանակի առթիվ շնորհավորեց Փաշինյանին Մակրոնից ու Բայդենից առաջ, այժմ դա այդպես չէ։ Չնայած շատ մեկնաբաններ չանտեսեցին Ռուսաստանի առաջնորդի շնորհավորանքը Հայաստանի վարչապետի ծննդյան օրվա առթիվ։ Ի՞նչ կարող է սա նշանակել։
— Եթե դիտարկենք իրավիճակն իր շարժման մեջ, ապա իսկապես աչքի է զարնում հակադրությունը 2021 թվականի հետ, երբ Վլադիմիր Պուտինը առաջիններից մեկը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր. ընտրություններն ուղեկցվում են երկկողմ հարաբերություններում նկատելի սառեցմամբ, եւ աջակցության մասին որեւէ շտապողական հանրային ազդանշան չի հնչել։ Սակայն միաժամանակ կարեւոր է հասկանալ, որ Ռուսաստանի նախագահն այն քաղաքական գործիչներից չէ, որոնք նման քայլեր են անում կամ չեն անում «պատահաբար»։
Հատկանշական է, որ այս ֆոնին պահպանվում են անձնական եւ խորհրդանշական շփումները: Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ, իսկ Ռուսաստանի առաջնորդը, իր հերթին, շնորհավորեց արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին ազգային տոնի կապակցությամբ՝ եւս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների եկեղեցիների եւ հասարակությունների միջեւ բազմադարյա կապերը: Սա պարզապես քաղաքավարի արարողակարգային ժեստ չէ, այլ հիշեցում այն մասին, որ ռուս-հայկական հարաբերությունները դուրս են ընթացիկ քաղաքական բախումների շրջանակից եւ հենվում են երկարաժամկետ մշակութային, կրոնական ու մարդկային կապերի վրա:
Հակադրությունը հատկապես նկատելի է Հայաստանի ներքին օրակարգի ֆոնին, որտեղ ընտրություններից մեկ ամիս առաջ տեղի ունեցան բացահայտ արեւմտամետ միջոցառումներ, հնչեցին սուր արտահայտություններ Ռուսաստանի հասցեին, եւ արձանագրվեց համատեղ հիշատակի միջոցառումներին մասնակցելուց հրաժարում՝ ներառյալ Մոսկվայում մայիսի 9-ի իրադարձություններին։ Այս տրամաբանության մեջ Կրեմլի զուսպ դիրքորոշումը ընտրությունների կապակցությամբ եւ միաժամանակ շնորհավորանքների միջոցով խորհրդանշական ազդանշանների պահպանումը թվում է ընթացիկ քաղաքական հակամարտությունը ժողովուրդների միջեւ հարաբերությունների հիմնական մակարդակից տարանջատելու փորձ։ Ավելի պարզ ասած՝ Մոսկվան ցույց է տալիս, որ պատրաստ է կոշտ արձագանքել Երեւանի առանձին քայլերին, բայց չի պատրաստվում Հայաստանը «ջնջել» իր պատմական ու հումանիտար տարածքից։
ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk