Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային արդիական հարցեր, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը անձամբ շնորհավորել է Թրամփին և ամերիկացի ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ հիշեցնելով Ռուսաստանի ներդրումը ԱՄՆ պետականության զարգացման գործում։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ կառուցողական, հավասար և փոխշահավետ հարաբերությունների հաստատումը բխում է ոչ միայն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների, այլև ամբողջ միջազգային հանրության շահերից։
Ուշակովը հիշեցրել է, որ ամերիկացի առաջնորդը Պուտինին ջերմ շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Դրանում Թրամփը հարգանքի տուրք է մատուցել Ռուսաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև ռուս ժողովրդի դիմադրողականությանը։
Ռուսաստանի նախագահը պատմել է՝ Կիևը և նրա եվրոպացի հովանավորները շեշտը դնում են Ուկրաինայում հակամարտության ձգձգման և սրման, խաղաղ բնակչության դեմ ահաբեկչության վրա։ Նա ընդգծել է, որ եվրոպական «պատերազմի կուսակցությունը» ելնում է մարտի դաշտում իրավիճակի մասին կեղծ պատկերացումից։
Պուտինը Թրամփին ուրվագծել է իր երկրում տիրող իրական իրավիճակը, այդ թվում ՝ Կոնստանտինովկայի ազատագրման և մարտական շփման գծի ողջ երկայնքով ՌԴ զինված ուժերի հարձակման համատեքստում։
ԱՄՆ նախագահը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունը: Նա նշել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության վիթխարի հեռանկարները, որոնք կբացվեն հակամարտության ավարտից հետո։
«Այս զրույցը թույլ տվեց մեզ անկեղծորեն քննարկել երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը», – լրագրողներին ասել է Ուշակովը։
Թրամփի հետ զրույցում Պուտինը հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակը կայունացնելու համար գործնական օգնություն ցուցաբերելու իր մտադրությունը։
«Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը գործնական օգնություն ցուցաբերել տարածաշրջանում (Մերձավոր Արևելքում – խմբ.) իրավիճակի լիցքաթափման և կայունացման ջանքերին», – ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահը հաստատել է Թրամփին ՌԴ այցելելու հրավերը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
