Ինչ է նշանակում Թրամփի վերադարձն ուկրաինական ուղղություն
ՄիջազգայինԻնչպես քանիցս ենթադրություն հայտնելու առիթներ ունեցել ենք, իրանական հակամարտությունից ազատվելուն պես Թրամփի հիմնական ուշադրությունը կվերադառնա ուկրաինական ուղղություն: Դատելով ներկա զարգացումներից, առաջանում է տպավորություն, որ նախ` իրանական հակամարտությունը գոնե ներկա փուլում հասել է հանգուցալուծման: Եվ այդ ֆոնին, Թրամփն արդեն նաեւ պաշտոնապես է խոսում ուկրաինական ուղղության մասին:
ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՓԱԿՎԵՑ
Իրանի հետ կապված` թեեւ Իսրայելը շարունակում է հայտարարել, թե ինքը Իրան–ԱՄՆ պայմանավորվածություններին կողմ չէ եւ պարտավոր չէ ենթարկվել դրանց, այդ թվում` Լիբանանում պատերազմի հարցով, սակայն նաեւ կարելի է հասկանալ, որ Վաշինգտոնից եկող ակնարկները, թե այդ դեպքում Նեթանյահուն կարող է մենակ մնա, չեն կարող իրենց դերը չունենալ: Ընդ որում, փորձագիտական շրջանակներում շատ պարզ են տեսնում, որ Լիբանանի դեմ պատերազմը Նեթանյահուի համար ծանր բեռ էր դարձել անգամ ԱՄՆ–ի օգնության պարագայում: «Հեզբոլլահը» անցել է դրոնային պատերազմի ռազմավարությանը: Դրա արդյունքում հիմնական շեշտը օդային հարվածների եւ հաջորդող ցամաքային ներխուժման եւ զրահատեխնիկայի շարասյուների վրա դնող իսրայելյան բանակը Հարավային Լիբանանում հսկայական կորուստներ է կրում: Ընդ որում, Գազայի օրինակով համոզվեցին, որ միայն օդային հարվածներով պատերազմ չեն շահում, եւ եթե Լիբանանում մնան միայն դրա հույսին, էլ ավելի վատ վիճակ կլինի:
Կարճ ասած, ակնհայտորեն Իսրայելի համար եւս պատերազմն այս պահին կանգնեցնելը, ժամանակի հրամայականներին բանակը հարմարեցնելը եւ միգուցե հետագայում նոր պատերազմի գնալը տրամաբանական ելք է: Այդպե՞ս է նաեւ Նեթանյահուի համար, դժվար է ասել: Բայց կան մեծ կորուստներ, որի համար պետք է պատասխան տալ: Ու հիմա պատասխանատվությունը Թրամփի վրա թողնելը, թե մենք ուզում էինք կռվել, նա չթողեց, կարող է հարմար ելք լինել: Ընդ որում, նման քարոզչություն Նեթանյահուի եւ նրա թիմի կողմից արդեն նկատվում է:
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին եւ Իրանին, ապա նրանք իրենց բոլոր գործողություններով ցույց են տալիս, որ պատրաստվում են հաշտության պայմանագրի: ԱՄՆ–ն հաշված ժամերի ընթացքում հայտարարեց բլոկադան դադարեցնելու մասին, Իրանը բաց հայտարարեց Հորմուզի նեղուցը պայմանավորված այն տարբերակով, որն ունեն: Երեկ Իրանը ստացավ 3 միլիարդ դոլար եւ այլն:
Մի խոսքով, այս պահին այն հիմնական տրամաբանությունն է, որ ԱՄՆ–Իրան գործարքը նույն դինամիկայով շարունակվելու է, եւ արդեն ուրբաթ օրը կլինի պաշտոնապես ստորագրված համաձայնագիր: Այն է, Թրամփը կարող է իր համար իրանական ուղղությունը համարել երկրորդական, որտեղ հիմա պետք է աշխատեն փորձագետները: Արդյունքում, իհարկե պատահական չէր, որ նախօրեին ԱՄՆ նախագահն արդեն պաշտոնապես սկսեց խոսել ուկրաինական ուղղությանը վերադառնալու մասին:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսպիսով, ի՞նչ հեռանկարներ են առաջանում ուկրաինական ուղղությամբ, եթե ԱՄՆ–ն վերադառնում է այդ գործընթաց: Եվրոպան ծրագրել էր Ֆրանսիայում ընթացող G–7 գագաթաժողովում ազդել Թրամփի տրամադրությունների վրա: Բայց թեեւ ԱՄՆ նախագահը ռեկորդային ժամանակով` 13 վայրկյանով սեղմեց Բրիջիտ Մակրոնի ձեռքը, մեկ է, դա հազիվ թե բան փոխի: Ավելի ճիշտ, դա եւս ակնարկի տեսք ուներ. Թրամփը, որպես կանոն, կանանց ձեռքը մեկ–երկու վայրկյան է սեղմում: Ի տարբերություն տղամարդկանց, որոնց հետ երկարատեւ ձեռքսեղմումը Թրամփի մոտ ուժի ցուցադրման նշան է դարձել: Ու երբ Բրիջիտի հետ նա ունեցավ «տղամարդավայել» ձեռքսեղմում, երեւի Մակրոնը հասկացավ, թե իրեն ինչ են ակնարկում: Համենայնդեպս, դա տանտիրոջ հանդեպ բարեհաճության նշան չէր:
Բացի այդ, Թրամփը գագաթաժողովին ներկայացավ ուժեղի դիրքերից. «հաղթել» է Իրանին, Եվրոպային էլ «փրկել» է էներգետիկ կոլապսից` «բացելով» Հորմուզի նեղուցը: Ընդ որում, հասցրեց հնչեցնել մի շարք նախատինքներ եվրոպա–ՆԱՏՕ–ականների հասցեին, թե` ինձ այդպես էլ մենակ թողեցիք, բայց առանց ձեզ էլ Իրանում լուծումներ կարողացա գտնել: Ընդ որում, խոսելով այդ լուծումներից առաջ Պուտինի հետ ունեցած «շատ լավ» հեռախոսազրույցի մասին, Թրամփը, նման է, որ շատ խորքային մեսիջ հղեց եվրոպացի դաշնակիցներին, թե` ով իրեն օգնեց Իրանում լուծումների հարցում:
Արդյունքում, արեւմտյան լրատվամիջոցները հնչեցնում են տագնապի նշաններ` Թրամփը վերադառնում է Ուկրաինա: Politico–ի մոտ դա նման տեսք ունի. «Իրանական ճգնաժամը երկրորդ պլան մղելուց հետո Դոնալդ Թրամփը ուշադրությունը սևեռում է Ուկրաինայի վրա։ Եվրոպացի դաշնակիցները, որոնք սովոր են իրենց պայմանները թելադրել, վախենում են, որ պարզապես կմնան մի կողմ։ Փարիզն ու Բրյուսելը չեն թաքցնում այն փաստը, որ Թրամփի համար ավելի լավ կլիներ կենտրոնացած մնալ Իրանի վրա»: Աելին, աղբյուրը նաեւ ակնարկում է, որ Պուտինի մասին մեսիջը եւս եվրոպացիները ճիշտ են ըմբռնել. «Թրամփն արդեն առանձին զանգեր է ունեցել Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հետ։ Փարիզը սա ընդունել է որպես մտահոգիչ նշան»:
Մյուս կողմից` Մոսկվան վերապահումներով է մոտենում Թրամփի այս վերադարձին: Այսպես, Յուրի Ուշակովն եւս հաստատել է, որ Թրամփի հատուկ դեսպանորդներ Ուիտկոֆը և Քուշները ամենամոտ ժամանակներս կայցելեն Մոսկվա: Սակայն Լավրովի մոտ կա մոտավորապես նման մռայլ միտք` թող գան, տեսնենք, թե այս անգամ ռեալ հարցե՞ր են լուծելու, թե՞ էլի միայն խոստումներ են տալու:
Ամեն դեպքում փաստը, որ Թրամփի բանագնացները չեն փոխվել, արդեն իսկ հուշում է, որ ԱՄՆ–ն շարունակելու է բանակցային կուրսն այն կետից եւ ուղղվածությամբ, որտեղ կանգ էր առել: Ուղղությունը, հիշեցնենք, Ալյասկայի պայմանավորվածությունների շրջանակներում էր, իսկ կետը այն պահն էր, երբ Զելենսկու վրա ճնշումները հասել էին նրա «գորշ կարդինալ» Երմակի կալանավորմանը: Ու հիմա, երեկ Թրամփի եւ Զելենսկու ոչ ֆորմալ եւ ֆորմալ հանդիպումներից հետո որոշ տեղյակ փորձագիտական աղբյուրներ վստահեցնում են, որ Վաշինգտոնը Կիեւին ներկայացնում է նույն պահանջները` ընդունել Ալյասկայի պայմանավորվածությունները, քանի դեռ ռազմաճակատային իրավիճակը դեռ դա թույլ տալիս է: Այն է, հենց այս գագաթաժողովին նախորդող փուլում ռուսական ուժերն ունեցան մի շարք ընդգծված ձեռքբերումներ: Սկսած Կիեւին հասցվող բավականին ցավոտ հարվածներից, վերջացրած ռազմաճակատով: Այդ թվում, նույնիսկ ուկրաինական փորձագիտական շրջանակներն են հաստատում, որ ռուսական ուժերը մի շարք տեսանելի ճեղքումների արդյունքում դուրս են գալիս Դոնբասում ուկրաինական պաշտպանության վերջին կարեւորագույն հատված` Սլավյանսկ–Կրամատորսկ անգլոմերացիա: Այն գրավելու դեպքում, որը կարող է տեղի ունենալ մինչեւ ամառվա վերջ, Մոսկվան այլեւս չի ցանկանա խոսել Դոնբասից ուկրաինական զորքերը հանելու դիմաց խաղաղություն կնքելու մասին, եւ պայմանները կդառնան շատ ավելի կոշտ: Ընդ որում, աղբյուրները նաեւ նշում են, որ Թրամփը հակառակ դեպքում, եթե Զելենսկին այս անգամ էլ չընդունի առաջարկը, մինչեւ վերջ կմիացնի հայտնի կոռուպցիոն սկանդալի թեման, այս անգամ առաջին պլան քաշելով նաեւ անձամբ Զելենսկուն:
ԱՄՆ–Ն ՇՏԱՊԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Մի խոսքով, նման է, որ ԱՄՆ–ն իրոք շտապելու կարիք արդեն ունի, հաշվի առնելով, որ նույն ռազմաճակատային իրողությունները սկսում են ազդել արդեն կայացված քաղաքական պայմանավորվածությունների վրա: Իսկ այդ դեպքում, բացի այն, որ Զելենսկուն նոր պայմաններ կառաջադրվի, նման պայմաններ կներկայացվեն նաեւ Թրամփին: Հաշվի առնելով նաեւ այն դիրքային զիջումները, որոնք նա ունեցավ ուկրաինական ուղղությամբ:
Ամեն դեպքում, Մոսկվան շարունակում է ցուցադրել, որ բանակցային ուղղությամբ նախկին հրապուրվածությունն այս պահին չունի, բայց պատրաստ է խոսել ԱՄՆ–ի հետ, եթե միայն գործնական խոսակցություն լինի: Ամեն դեպքում, այդ տպավորությունն է առաջանում Պեսկովի հայտարարությունից, ով իր հերթին հաստատեց, որ սպասում են Ուիտկոֆ–Քուշների այցին, բայց դեռ որեւէ կոնկրետացում, այդ թվում` այցի ժամկետների մասով չկան: Նման է սրան. մենք մեր գործն ենք անում, եթե կոնկրետ ասելիք ունեն, խնդրեմ:
Հանրագումարում, այն տպավորությունն է, որ ամեն ինչ մնացել է կախված հարցից, թե Թրամփը Զելենսկու հետ երեկվա շփումներում ինչ չափով է կարողացել նրան տեղափոխել դրական բանակցությունների դաշտ: Հաշվի առնելով, որ նախ` Իրանի օրինակով Զելենսկին եւս հասկանում է, որ կարելի է «քյալլա տալ» Թրամփի հետ: Բացի այդ, ամերիկյան պահանջների դաշտ անցնելու դեպքում կզրկվի Եվրոպայի խոստացած փողերից: Բայց մյուս կողմից, Թրամփը դեռ ունի շատ լուրջ լծակներ, սկսած կոռուպցիոն թեմայից, վերջացրած ուկրաինական բանակի ներկայիս կայունության հիմք դարձած Մասկի ինտերնետն անջատելու հնարավորությամբ: Մի խոսքով, առաջ չընկնենք, բայց շատ նման է, որ ուկրաինական պատերազմը կարող է առաջիկա մեկ–երկու ամիսներին հասնել հանգուցալուծման:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68592
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk