ԱՄՆ–Իրան նոր պատերա՞զմ, թե՞ պատերազմի իմիտացիա
ՄիջազգայինԻրանի հետ կապված սրացումները (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=342614&l=am), նման է, որ սկսում են ստանալ պարբերական բնույթ: Ամեն դեպքում, նախօրեին ԱՄՆ–ն սկսեց հարվածներ հասցնել, որոնք ապրիլյան հրադադարից հետո առաջին նման լուրջ միջադեպն էր: Հարվածաշարերը շարունակվեցին նաեւ երեկ գիրեր, եւ կա տպավորություն, որ դեռ կշարունակվեն: Նաեւ հաշվի առնելով, որ Թրամփն այդ մասին ուղիղ հայտարարություններ է անում` կշարունակեն հարվածել, քանի դեռ Իրանի հետ գործարքը ստորագրված չէ:
Իրանն էլ, հասկանալի է, պարտքի տակ չի մնում` հետեւողականորեն պատասխան հարվածներ հասցնելով ամերիկյան բազաներին: Նաեւ հայտարարեց, որ ամբողջությամբ ականապատում է Հորմուզի նեղուցը:
Մի խոսքով, կարող է տպավորություն առաջանալ, որ կամաց–կամաց ԱՄՆ–ն ու Իրանը վերադառնում են մասշտաբային պատերազմին: Միայն թե, դրանով հանդերձ, այս վերջին օրերի բախումների մեջ որոշակի տարօրինակություններ նկատվում են:
Այսպես, նման չէ, որ կողմերն աշխատում են իրար շատ մեծ վնասներ հասցնել: Եթե վերջում հայտարարվում է յուրաքանչյուր կողմից մի քանի տասնյակ հրթիռների արձակման մասին, բայց, այսպես ասենք, չկան մասշտաբային ավերածությունների մասին փաստեր, որոնք պետք է լինեին այդ կարգի հրթիռների պարագայում: Եվ տարօրինակ կլիներ, եթե այս ոչ շատ վտանգավոր հարվածներն Իրանին այնպես վախեցնեին, որ առավոտյան վազեին փաստաթուղթ ստորագրելու:
Հաջորդը. գոնե այս վերջին երկու բախումներին ԱՄՆ–ն հայտարարում է, որ Իսրայելը չի մասնակցել: Իրանն էլ Իսրայելին հարվածներ չի հասցնում` դրանով հաստատելով ամերիկյան հայտարարությունները: Այսինքն, անհասկանալիորեն Իսրայելին այս նոր սրացումներից հեռու են պահում. այն տպավորությունն է, որ Թրամփը վախենում է, որ Նեթանյահուն ինչ–որ բան այն չի անի: Ընդ որում, երեկ էլ իսրայելյան իրավապահները պաշտոնական մեղադրանք ներկայացրին Նեթանյահուի օգնականներից մեկին, որը եւս պետք է որ վարչապետին դրդի ավելորդ ջերմեռանդությունից հեռու մնալ:
Ամեն դեպքում, որոշ հեղինակավոր ռազմական փորձագետներ եւս ԱՄՆ-ի վերջին երկու օրերի հարվածները, այնպես էլ Իրանի պատասխանը համարում են սահմանափակ: Բացատրությունն այն է, թե դրանք ավելի շատ նման են իրար վրա բանակցային ճնշում գործադրելու փորձերի: Սակայն անգամ նման բացատրությունն է իր հերթին հարցեր առաջացնում: Այսինքն, եթե Թրամփը պահանջում է, որ իրանցիներն առավոտյան արթնանան եւ գան «գործարք կնքելու», ապա դա նշանակում է, որ արդեն կա ինչ–որ փաստաթուղթ, որը կարելի է պարզապես ստորագրել: Ընդ որում, դա նաեւ մինչ այս բախումները հաստատում էին կողմերը, թե` բանակցությունները գործնականում ավարտված են, մնում է մեկ–երկու հարց, որոնք լուծման փուլում են: Եվ վերջ, կարելի է ստորագրել: Այսինքն, եթե հիմա այդ մեկ–երկու հարցն է մնացել խնդիրը, ուրեմն ռազմական ճնշման կարիք էլ պետք է որ չլիներ:
Կամ, եթե այդ կարիքը կա, նշանակում է, որ լուծված չեն ամենակարեւոր երկու հարցերը` Հորմուզի նեղուցի եւ իրանական հարստացված ուրանի: Բայց եթե հենց դրանք են արգելափակվել, նշանակում է, որ ոչ մի հարց էլ լուծված չէ. հակամարտությունն այն փուլում է, ինչ մինչ պատերազմը, եւ նման մանր–մունր հարվածները չէ, որ կարող են հարց լուծել:
Թերեւս, բացատրությունն այստեղ մեկը կարող է լինել. բանակցություններն իրոք հասել են այն կետին, երբ կան վերջնական պայմանավորվածություններ, բայց որոնք կողմերը կարող են ստորագրել միայն «հավելյալ պատերազմով» անցնելով: Թե, տեսեք, որպեսզի սկսվող նոր պատերազմը կանգնեցնենք, ստիպված եղանք փոխզիջման գնալ: Եթե այս տարբերակն է, ապա կարելի է նաեւ նկատել, որ դա առաջին հերթին պետք է Թրամփին: Իրանը դեռ ժամանակ ունի, շտապելու կարիք չկա: Երկրի ներքին կայունությունն ապահովված է, ուժերի կուտակումը շարունակում է, նավթն էլ «տակից» վաճառում է հենց ԱՄՆ–ին. համենայնդեպս, նախօրեին Թրամփը խոստովանեց, թե գաղտնի կերպով իրանական նավթ հանում է համաշխարհային շուկա: Իսկ ահա ԱՄՆ–ում, ինչպես հերթական վիճակագրական տվյալները ցույց տվեցին, սկսել է արձանագրվել վերջին տարիների համեմատ ռեկորդային գնաճ: Այսինքն, նաեւ դրանով Թրամփը «տվեց–անցավ» Բայդենից, որի համար ներքին սրացումներից հազիվ թե խուսափի:
Մի խոսքով, շատ նման է, որ պետք է արդարացնել, թե ինչու նման զիջումներով խաղաղության պայմանագիր կնքեցին, եւ դրա լավագույն տարբերակը մի քանի օր իրար վրա հրթիռներ արձակելն է: Իհարկե, դոզայի մեջ, այսինքն, Նեթանյահուին այս պատմությանը մոտ թողնել պետք չէ:
Եթե այս սցենարն է, ապա պետք է ենթադրել, որ արդեն մեկ–երկու շաբաթից ԱՄՆ–ն ու Իրանը պաշտոնապես կստորագրեն «խաղաղության գործարքը»:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68371
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
