Թրամփն իրանի հետ համաձայնության համար պատրաստ է հրաժարվե՞լ Նեթանյահուից
ՄիջազգայինՎերջին շաբաթներին Իրանի շուրջ իրավիճակը, համենայնդեպս հրապարակային հարթությունում, անցել է «ստանդարտ ռեժիմի»: Գիշերային ժամերին մի «փոքրիկ» փոխհրթիռակոծություն է: Առավոտյան զայրացած Թրամփը «շան լափ է թափում» իրանցիների գլխին: Հետո ճաշում է, հանգստանում, եւ իրանցիներն արդեն դառնում են «լավ տղաներ»: Երեկոյան մոտ էլ մի քանի հայտարարություն է արվում շատ լավ բանակցությունների եւ ուր որ է` համաձայնագիր ստորագրելու մասին: Գիշերը նորից մեկ–երկու «թեթեւ» հարված, եւ այսպես շարունակ:
ԱՄՆ–ԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ, ՔԱՆ ԻՐԱՆԻՆ Է ՊԵՏՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ
Սա հրապարակային դաշտում: Իսկ իրականում գնալով ավելի տեսանելի է դառնում, որ խորքային մակարդակներում ակտիվ բանակցություններ ընթանում են: Ընդ որում` բազմավեկտոր, տարբեր ուղղվածություններով, գրեթե անտեսանելի տարաբնույթ միջնորդների ներգրավմամբ: Եվ այն, որ արդեն Իրանն է սկսել խոսել համաձայնագրի գրեթե վերջնական տարբերակի մասին, դա արդեն լուրջ է: Թե կոնկրետ ինչ են պայմանավորվում, ինչ դետալներ են ներգրավված պայմանագրում, ենթադրությունների պակաս չկա, ընդ որում, քիչ չեն նաեւ դիտավորյալ ֆեյքերը: Բայց մեկ բան կարելի է հաստատ համարել. ո՛չ ԱՄՆ–ն եւ ո՛չ էլ Իրանը պատերազմը վերսկսելու ցանկություն չունեն, ասենք ամերիկյան կողմի մոտ ընդգծված է դառնում ցանկությունից բացի նաեւ հնարավորության պակասը: Մի շարք լուրջ աղբյուրներ հայտնեցին այն ռազմական ծախսերի մասին, որոնք իրականացրել է Վաշինգտոնը: Ընդ որում, այստեղ խնդիրը միայն փողը չէ. կան տարբեր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք ամերիկյան բանակի հարվածային հզորության հիմքն են կազմում, եւ այնպես չէ, որ մի քիչ շատ փող ծախսելով, հնարավոր է դրանց արտադրության ծավալները բազմապատկել: Արդյունքում, ներկա տեմպերով տարբեր նման զինատեսակների համար նախապատերազմյան մակարդակը վերականգնելը տարիներ է պահանջում: Իհարկե, ԱՄՆ–ի կարգի երկիրը կարող է նաեւ մտածել արտադրական հզորությունների աստիճանական մեծացման մասին: Բայց այստեղ էլ խնդիր կա. բա որ վաղը–մյուս օրն այդ թանկարժեք զինատեսակների կարիքն այլեւս չեղավ, ի՞նչ են անելու մեծ ծավալների հետ, հո այդքան փողը ջուրը չե՞ն լցնելու: Արդյունքում, եթե նորից մեկ–երկու ամիս ԱՄՆ–ն Իրանի դեմ կռվի նախկին տեմպերով, պահեստները պարզապես կդատարկվեն, այն է` մի քանի տարի ամերիկյան բանակը կունենա մարտունակության խնդիր: Ու դա գործնականում միանշանակ է, քանի որ անգամ ամերիկացիներն են խոստովանում, որ Իրանը դեռ շատ լուրջ ռազմական պոտենցիալ է պահպանել: Նաեւ տասնյակ ստորգետնյա զինապահեստներ, որոնց մուտքերն ամերիկացիներն իսրայելցիների հետ հիշատակված թանկարժեք ռազմամթերքով հարվածել եւ փակել էին, հիմա իրանցիները բացում են սովորական շինտեխնիկայով եւ շարք վերադարձնում անվնաս մնացած հրթիռները:
Եթե սրան ավելացնում ենք այն ներքին եւ արտաքին խնդիրները, որոնք Թրամփն այս պատերազմի պատճառով ունի, որը հասցրել է վարկանիշի ծայրահեղ անկման, ապա դա եւս շատ լուրջ փաստարկ է, որ պատերազմի վերսկսումը մնում է անցանկալի:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա չնայած այն բանին, որ Թեհրանը կարողացավ դիմակայել ինչպես պատերազմին, այնպես էլ` ներքին հեղաշրջման փորձերին, սակայն ունի լուրջ կորուստներ, որոնք նոր պատերազմի դեպքում բազմապատկվելու են: Ըստ այդմ, եթե հնարավոր է համեմատաբար ընդունելի պայմաններով լեզու գտնել Թրամփի հետ, ապա ինչ կա որ, ներկա դիրքերը, որոնք նկատելիորեն բարձր են նախապատերազմյան մակարդակից, Թեհրանն ուրախ կլիներ պահել բանակցային ճանապարհով:
Կարճ ասած, կողմերի համար խաղաղության հասնելն իրոք այս պահին լավագույն տարբերակն է, եւ ըստ այդմ էլ խոսակցությունները, որ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլին եւ մեկ–երկու շաբաթվա մեջ հնարավոր է փաստաթղթի ստորագրումը, միանգամայն տրամաբանական տեսք ունի:
Այլ բան, որ պատերազմող երրորդ կողմի` Իսրայելի, առավել եւս` նրա գործող վարչախմբի համար այս պահին խաղաղություն ասվածը, մեղմ ասած, դեռ մնում է միանգամայն անցանկալի: Իսրայելը, որպես պետություն, մեծ հույսեր ուներ, որ ընթացող պատերազմների շարքի հաշվին դուրս կգա միանգամայն նոր մակարդակ` «Մեծ Իսրայել» գաղափարախոսության շրջանակներում: Ամեն ինչ արդեն աչքի առաջ էր թվում, պետք էր միայն հաղթահարել Իրան կոչվող պատնեշը: Չստացվեց, ոչինչ, կարելի է նոր ծրագրեր մշակել` ապագայի վրա հույսեր դնելով: Միայն թե այդ «չստացվեցը» գործող վարչախմբի վրա շատ ծանր է նստելու. հասցրել են գնալ բազում ծայրահեղ գործողությունների, այդ թվում` բացահայտ ցեղասպանության` «հաղթողներին չեն դատում» հաշվարկով: Բայց եթե չեն հաղթում, իհարկե, կդատվեն եւ հենց Իսրայելի կողմից, որը հիմա պետք է այդ բոլոր գազանությունները, ասենք նաեւ այդ «չհաջողվեց»–ի մեղքը ինչ–որ ուժի վրա «դուրս գրել» եւ դրանով` «ինքնամաքրվել»:
Մի խոսքով, որ Նեթանյահուի եւ նրա մերձավոր թիմի համար ԱՄՆ–ի եւ Իրանի միջեւ համաձայնությունը վատթարագույն սցենարն է, դա էն գլխից էր հասկանալի: Նաեւ սպասելի էր, եւ սպասելիքներն արդարացան, որ ամեն բան անելու են այդ համաձայնագիրը թույլ չտալու համար: Եվ այն, որ գործնականում այն փուլում, երբ արդեն բաց տեքստով էր հայտարարվում խաղաղության համաձայնագրի գրեթե պատրաստ լինելու մասին, Նեթանյահուն որոշեց ավելի սրել Լիբանանում պատերազմը` հրամայելով հարվածել արդեն մայրաքաղաք Բեյրութին, իհարկե, վերջին ծայրահեղությունն էր: Միայն թե դա ավելի շատ ավանտյուրայի տպավորություն թողեց:
ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻ ՎԵՐՋԻ՞Ն ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ
Նախօրեին Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից: Ավելին, ցուցադրաբար սպառնաց պաղեստինյան օկուպացիոն գոտիներում բնակվող իսրայելցիներին, որ վերսկսելու է հրթիռային հարձակումները հենց այն պահից, երբ Իսրայելը սկսի հարվածներ հասցնել Բեյրութին: Հաջորդեց եւս մեկ սպառնալիք` բացի Հորմուզից, կփակվի նաեւ Բաբ էլ–Մանդեբի նեղուցը:
Թրամփի համար սա ծայրահեղ լուրջ ազդանշան էր: Նախ, այս դեպքում Իրանին դժվար է մեղադրել ինչ–որ պայմանավորվածություններ խախտելու մեջ. Լիբանանի վրա Իսրայելի հարձակումը կանգնեցնելու պարտավորություն Թրամփն ունի, եւ երբ դա խախտվում է Նեթանյահուի կողմից, ապա դրանում Իրանին չես մեղադրի:
Իսկ եթե Իրանն ու Իսրայելը սկսեն հարվածներ փոխանակել, Թրամփին կմնա երկու տարբերակ` իր համար շատ վատ եւ նորից իր համար շատ վատ: Այսինքն, կամ պետք է հրաժարվի պատերազմին մասնակցել, եւ հսկողությունից դուրս մնացած Նեթանյահուն կարող է ընդհուպ` ձեռքը միջուկային զենքին գցել: Ընդ որում, այս ֆոնին պատահական չէր նաեւ ԱՄՆ հետախուզության նախկին սպա Լարի Ջոնսոնի միջոցով շրջանառության մեջ դրված արտահոսքը, թե` իրեն տրամադրվել է գաղտնի տեղեկատվություն, որը վկայում է, որ Իրանն ունի օգտագործման համար պատրաստ միջուկային մարտագլխիկ: Այն է` Նեթանյահուի նման քայլը կստանա համարժեք պատասխան, որի դեպքում ամբողջ տարածաշրջանն է դառնալու միջուկային վարակի օջախ: Ու թե դրանից հետո ինչ է լինելու աշխարհի հետ, եթե Մերձավոր Արեւելքի նավթն ու գազը լիովին բացառվեն համաշխարհային շուկաներից, դժվար չէ կռահել: Ընդ որում, դա ամենամեղմ հետեւանքն է լինելու:
Եվ Թրամփի համար երկրորդ «շատ վատը». եթե մնա եւ մտնի պատերազմի մեջ, ապա եթե անգամ նոր պատերազմը դուրս չգա «իրանականի» մակարդակից, ապա խոստանում է այնպես դատարկել ամերիկյան զինանոցը, որ երկար տարիներ երկիրը կմնա անպաշտպան: Էլ չասած, որ Թրամփը հազիվ թե կարողանա աթոռը պահել:
Ըստ այդմ, պատահական չէր, որ Իրանի այդ հայտարարությունից հետո Թեհրանին մեղադրելու փոխարեն, Թրամփը զանգահարեց Նեթանյահուին եւ, դատելով Axios-ի միջոցով բաց թողնված արտահոսքից, տեղի ունեցավ ծայրահեղ կոշտ զրույց: Ըստ աղբյուրի, բանը հասավ Նեթանյահուին ուղղված Թրամփի նման հայտարարություններին` «Դու անիծյալ խելագար ես։ Դու բանտում կլինեիր, եթե ես չլինեի։ Ես փրկում եմ քո հետույքը։ Բոլորը հիմա ատում են քեզ։ Բոլորը ատում են Իսրայելին քո պատճառով»։
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ու իրոք, շատ նման է, որ Թրամփն այս անգամ որոշել է վերջնականապես հրաժարվել Նեթանյահուից: Ամեն դեպքում այն, որ այդ հեռախոսազրույցից արդեն ժամեր անց Իսրայելի Քնեսեթը առաջին ընթերցմամբ հաստատեց ինքնալուծարման մասին օրինագիծը, հենց այդ մասին է ակնարկում։ Ընդ որում, որոշումն ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով, ինչը նշանակում է, որ բացի ԱՄՆ–ից եկած ազդակներից, ոչ միայն Իսրայելում, այն նաւե հրեական ամենավերին մակարդակներում այդ հարցով կա կոնսենսուս:
Ինչ է նշանակում նման որոշումը: Քնեսեթի հերթական ընտրությունները պետք է լինեին այս աշնանը: Բայց եթե խորհրդարանը որոշում է ինքնալուծարվել, ապա դա պետք է տեղի ունենա մինչեւ աշուն. այլապես իմաստն է կորցնում: Այսինքն, ամենահավանական տարբերակն է, որ մոտակա մեկ–երկու ամիսներին Իսրայելում լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ու հաշվի առնելով իշխող ուժի ցածր վարկանիշը, կարելի է ենթադրել, որ Նեթանյահուն կորցնում է վարչապետի պաշտոնը։ Ավելի ճիշտ, իրականում Քնեսեթի այս որոշումը հենց այդ մասին է, որ կա ընդհանուր կոնսենսուս Նեթանյահուի հեռանալու մասին: Այսինքն, որ նրա ռազմական կուրսը համարվում է վերջնականապես ձախողված:
Դրանից հետո կնստեցնեն Նեթանյահուին, թե կուղարկեն Արգենտինայում «նոր Իսրայել» ստեղծելու, հարցի երկրորդական կողմն է. պաշտոնից զրկվելու դեպքում նա ամեն դեպքում հայտնվելու է քաղաքական լուսանցքում: Այստեղ շատ ավելի էական է այս հարցը. նշանակո՞ւմ է այս ամենը, որ Թրամփն Իրանի հետ համաձայնությունն ավելի է կարեւորում, քան Նեթանյահուին: Եթե այդպես է, ապա կարելի է Իրանի հաղթանակը երաշխավորված համարել:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67862
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

