Կապուղիների բացումը Հայաստանին օգուտ է, հակառակը պնդելը հիմարություն է. Գարիկ Քեռյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ։
— Պարոն Քեռյան, ըստ Ձեզ, առաջիկա ԵԱՏՄ նիստը կարո՞ղ է ճակատագրական լինել Հայաստանի համար:
— Իրականում, եղավ հաղորդում, որ առաջիկա ԵԱՏՄ-ի նիստում Հայաստանի մասնակցության հարցը քննարկվելու է, բայց ասեմ, որ կանոնակարգում չկա այնպիսի ընթացակարգ, որ առանց մասնակից երկրի դիմումի, նրա մասնակցության հարցը քննարկվի: Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Հայաստանի Հանրապետությունը դիմում չի ներկայացրել: Ընթացակարգ չկա այն մասին, որ որեւիցե մեկ այլ երկիր կարող է այդ հարցը բարձրացնել: Տվյալ երկրին անդամությունից զրկելու մասին հարցը կարող է բարձրացվել այն դեպքում, երբ, որքանով տեղյակ եմ, այդ երկիրը կատարել է շատ լուրջ խախտումներ, որոնք անհամատեղելի են ԵԱՏՄ-ում անդամակցության հետ: Հայաստանը նմանատիպ խախտում չի արել: Խախտում կարող է համարվել միայն այն, որ ընդունել է օրենք Եվրոպական ինտեգրացիայի, ԵՄ անդամակցության մասին, բայց բոլորն էլ լավ հասկանում են, որ Հայաստանը ոչ մի շանս չունի` ԵՄ-ին անդամագրվելու:
Այստեղ տրամաբանական հարց է առաջ գալիս. եթե Հայաստանը չի դիմել դուրս գալու, ընդունել է օրենք ԵՄ-ին ինտեգրվելու, բայց որեւիցե շանս չունի, այդ դեպքում՝ ինչո՞ւ է քննարկվում նմանատիպ հարց: Այստեղ, կարծում եմ՝ ռուսական իշխանությունները մեծ դժկամությամբ են ընդունում այն հանգամանքը, որ Հայաստանը ընդունել է Եվրամիության անդամներին, եւ ՀՀ-ում հնչել են հակառուսական արտահայտություններ: Այդ գագաթնաժողովին մասնակցել են պետություններ, որոնք հիմնականում հանդիսանում են ուկրաինական պատերազմի հովանավորներն ընդդեմ Ռուսաստանի: Զելենսկու , Տիխանովսկայայի եւ շատերի մասնկացությունը քաղաքական իրողություն են, որոնք լցրել են ռուսական եւ բելոռուսական իշխանությունների համբերության բաժակը: Սա զուտ քաղաքական ակցիա է:
— Ռուսաստանի դժգոհությունը կարո՞ղ ենք կապել նաեւ նրանով, որ արդեն արգելվել է միրգ-բանջարեղենի, ինչպես նաեւ ջերմուկի եւ հայկական կոնյանկի մուտքը Ռուսաստան:
— Այդ՝ Ձեր թվարկած արգելքները պատասխան են Եվրոպական քաղաքական համայնքի Երեւանում անցկացրած ֆորումին եւ այստեղ հնչած քաղաքական հայտարարությունների: Հիշենք, որ այստեղ էին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Ուկրայինայի նախագահ Զելենսկին, Մեծ Բրիտանիայից Սթարմերը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ այլք, որոնց ֆինանսավորմամբ Ռուսաստանն այսօր ուկրաինական ճակատում կյանքեր է կորցնում, կորուստներ է տալիս, հսկայական նյութական վնասներ է կրում: Եվ այս առումով հասկանալի է, որ նմանատիպ արձագանք պետք է լիներ: Այդ արգելքները դրա պատասխանն են: Թե դա որքանով կվնասի Հայաստանի տնտեսությանը, հստակ ասել չեմ կարող:
— Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է սպասվում` ըստ ՔՊ-ականների։ Ի՞նչ սպասել այս ճանապարհներից:
— Եթե խոսքը երկաթուղային հաղորդակցության մասին է, ապա Հայաստանով Ադրբեջանից դեպի Նախիջեւան ուղին դա ԹՐԻՓ-ն է, որը կարծում եմ՝ կարող է իրականություն դառնալ միայն բազմամիլիոնավոր ներդրումներից հետո: Տեսեք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Անտոնիո Ռուբիոն էր երեկ ժամանել Հայաստան, եւ նրա առաքելության նպատակներից մեկն էլ կոնկրետ ԹՐԻՓ-ի իրականացման ծրագրերն են:
Ամեն դեպքում, տարիներ են պետք, որպեսզի այդ կապուղիները կառուցվեն: Խորհրդային միության ժամանակներում գոյություն ունեցած այդ երկաթգծերը գրեթե թալանված են եւ զրոյական վիճակի մեջ են: Իսկ 45-50 կիլոմետր երկաթգիծ անցկացնելն ու ապահովելը ենթակառուցվածքներով, տարիների հարց է: Նաեւ հարց է, թե ով պետք է այդ ներդրումն անի: Հաջորդ հարցն այն է, որ այդ ԹՐԻՓ-ի գոյությունը կապված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի արդյունքներից: Եթե Իրանը ոտքի մնաց, չկապիտուլացվեց եւ դուրս եկավ իր դիրքերը պաշտպանած, ապա Իրանը երբեք թույլ չի տա իր սահմանների մոտ ամերիկյան ներկայություն` անունը լինի ԹՐԻՓ, թե ինչ...
Եթե խոսքը Հայաստանից Թուրքիա երկաթուղու մասին է, դա Գյումրու երկաթուղին է, որը նույնպես զրոյական վիճակում է, ու պետք են մեծ ներդրումներ, որպեսզի հնարավոր լինի շահագործել: Հայաստան-Թուրքիա կապուղին կարող է գործել միայն ավտոճանապարհային տրանսպորտի իմաստով: Սակայն դա էլ կապված է Ադրբեջանի դիրքորոշման հետ, Իսկ Ալիեւը միանշանակ պայմաններ կդնի, քանի որ այդտեղ սահմանադրության փոփոխության հարց կա, սահմանագծման, փախստականների վերադարձի հարցեր կան: Մենք չգիտենք` նախնական պայմանը որը կլինի: Այնպես որ, այդ կապուղիների բացման մասին խոսելը թղթային կամ հրապարակային հայտարարություն չէ: Դրա համար նախ պետք է քաղաքական կամք, շատ համապարփակ համաձայնություն: Երկրորդ՝ պետք է քննարկվի, թե որ կողմն է ֆինանսական ներդրում անում, որ ճանապարհն է կառուցում, որքան ժամանակում, ինչ գումարներով: Այդպիսի նմանատիպ պայմանավորվածություններ, ես գոնե չեմ տեսել:
— Պարոն Քեռյան, իսկ եթե, այնուհադերձ, բացվի, դա Հայաստանի համար ի՞նչ կնշանակի, որքանո՞վ կօգնի եւ կվնասի:
— Չեմ ցանկանա ծայրահեղության մեջ ընկնել: Առհասարակ Հայաստանում, շատ վատ մի ավանդույթ կա՝ մի ծայրահղությունից մյուս ծայրահեղություն գնալը: Եթե կապուղիների բացումը կապված է իշխանության նախաձեռնության հետ, ապա ընդդիմությունը, առանց խորանալու, մերժում է դա: Եթե այդ բացումը կապված է ընդդիմության քաղաքական առաջնորդների առաջարկության հետ, ապա այս անգամ իշխանությունն է դա մերժում:
Կապուղիների բացումը միանշանակ եւ ողջ աշխարհով մեկ, մարդկության գոյության 33 հազարամյա պատմության մեջ, տվյալ երկրին օգուտ է: Տեսեք, հնում ինչքան երկրներ կային, որ օգտվում էին Մետաքսի ճանապարհից եւ այլ միջազգային առեւտրային ճանապարհներից: Հիշենք Բագրատունյաց Հայաստանի ժամանակահատվածը: Այսինքն՝ կապուղիների բացումը Հայաստանին օգուտ է: Հակառակը պնդելը հիմարություն է: Սակայն հիմա կապուղիների բացման մասին անել հայտարարություններ, որը դեռեւս չունի քաղաքական հիմք եւ ներդրումներ, այստեղ է հարցը, որն անթույլատրելի է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk