Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղկային արտադրանքի նկատմամբ սահմանափակումները միանգամյա գործողություն չեն․ Տնտեսագետը ահազանգում է անդառնալի հետեւանքների մասին
Հանդիպում«Ռոսսելխոզնադզորը», որը Ռուսաստանում վերահսկում է սննդի անվտանգությունը, հայտարարել է, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա, քանի որ նորմերի խախտումներ են հայտնաբերվել:
Կառույցի հայտարարության մեջ նշվում է, որ սահմանափակումները կտևեն մինչև ջերմոցային տնտեսություններում տեսչական ստուգումների ավարտը և արդյունքների ամփոփումը։ Կոնկրետ ժամկետներ չեն նշվում։
Այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ «Ռոսսելխոզնադզորը» չի վստահում Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ներկայացրած երաշխիքներին։
«Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացրած երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։ 96.2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակ հայտնաբերվել է 135 դեպք։ Դա կազմում է ողջ 2025 թվականի ընթացքում արձանագրված հայտնաբերումների ընդհանուր քանակի 77%-ը»,- հայտարարում է ռուսական կողմը։
«Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցներն արդեն իսկ Հայաստանում են և սկսել են ստուգումները։
ՍԱՏՄ-ն հայտարարել է, որ իր հրավերով Հայաստանում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությունը։ Համատեղ ստուգումներ կիրականացվեն բուսական և կենդանական ծագման արտադրանք ունեցող հայկական մի շարք ընկերություններում։ Ըստ հաղորդագրության՝ նպատակն է ստուգել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։Թե որ ընկերություններում են ստուգումներ իրականացնելու, ՍԱՏՄ-ն չի նշում։
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի դիտարկմամբ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղկային արտադրանքի նկատմամբ սահմանափակումները միանգամյա գործողություն չեն, այլ ընդհանուր քաղաքական կուրսի փոփոխության բաղադրիչներից մեկը․
-Սա առաջին ազդանշանն է, որով տնտեսական ոլորտում ռուսական կողմը ազդակներ է ուղարկում Հայաստանի իշխանություններին։ Հետևանքները հետևյալն են լինելու․ Հայաստանում ջերմոցների զգալի մասը սնանկանալու է, պարզապես փակվելու են, որովհետև այդ ձեռնարկությունները նախ բուսական ֆոնդ են ստեղծում կամ ներկրում են Հոլանդիայից, սակայն Հոլանդիայից ներկրված վարդերն ու բույսերը բավականին թանկ են, և երբ վաճառքները, խոշոր երկրում իրացումը չի լինելու, բնական է, որ ջերմոցային տնտեսությունները պետք է սնանկանան։ Հայկական շուկան ի վիճակի չէ նման ծավալի վարդեր իրացնել և ունենալ շահույթ։ Սա առաջին ազդանշանն է։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk