Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան
Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորներն ու հավատավոր զավակները Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում համախմբվել էին միասնական ժամերգության՝ իրենց աղոթքը բերելու առ Աստված։

Աղոթք հնչեց՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի և եղբայրների, թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, գերեվարված հայորդիների, հայրենիքի և Սուրբ Եկեղեցու համար:

Հընթացս Ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը:
Տեր Հայրը, կարևորելով քրիստոնեական սիրո դերը, նշեց. «Սերը գործողություն է, և կատարյալ սերն այն է, երբ խոսքն ու գործը զուգահեռ են՝ համահունչ։ Սերն այն է, երբ աղոթում ենք և ապրում մեր աղոթքի համաձայն։ Եվ այս սիրով է, որ Աստված ապրում է մարդու մեջ։ Եվ երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան»։
Մայիսի 22-ին, ժամը 19:00-ին, կրկին միասնական ժամերգություն տեղի կունենա, այս անգամ՝ Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան եկեղեցում:

