Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան
ՎերլուծությունՕրերս Մոսկվայի Սուվորովի տաճարում հանդիսավոր կերպով տաճարին է փոխանցվել լեգենդար ռուս ծովակալ, Սուրբ արդար ռազմիկ Ֆյոդոր Ուշակովի սրբապատկերը։ Ուշակովի անունը պատմության մեջ սերտորեն կապված է Օսմանյան կայսրության դեմ պայքարի եւ Արեւելքի քրիստոնյա ժողովուրդների պաշտպանության հետ։
Խորհրդանշական է, որ այս իրադարձությունը տեղի է ունենում հենց այս օրերին, երբ Կովկասում եւ ամբողջ տարածաշրջանում կրկին ակտիվացել են պատմական հիշողությունն ու Ռուսաստանի դերը «վերաիմաստավորելու» մասին քննարկումները։ Մոսկվան, ի տարբերություն բազմաթիվ հետխորհրդային պետությունների, շարունակում է հետեւողականորեն պահպանել իր ազգային հերոսների հիշատակը՝ համադրելով ռազմական պատմությունը, ուղղափառ ավանդույթն ու պետական շարունակականության գաղափարը։
Ֆյոդոր Ուշակովը Ռուսաստանի համար պարզապես զորահրամանատար չէ։ Նա այն ժամանակաշրջանի խորհրդանիշն է, երբ ռուսական ուժը կանգնեցրեց Օսմանյան կայսրության առաջխաղացումը Սեւծովյան ավազանում եւ Միջերկրական ծովում։ Նրա հրամանատարությամբ ռուսական նավատորմը ազատագրում էր ուղղափառ ժողովուրդների բնակավայրերը, աջակցում Բալկանների եւ Իոնիական կղզիների ժողովուրդներին ազատվել օտար տիրապետությունից, իսկ Ռուսաստանը շատ քրիստոնյա ժողովուրդների կողմից ընկալվում էր որպես բնական պաշտպան։
Հայաստանի համար այս պատմական համատեքստը հատկապես հասկանալի եւ հարազատ է։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է օսմանյան ճնշումների, կոտորածների եւ հայրենի հողերից տեղահանվելու մշտական սպառնալիքի պայմաններում։ Այդ պատճառով էլ հայկական պատմական հիշողության մեջ Ռուսաստանը երկար ժամանակ ընկալվել է ոչ միայն որպես դաշնակից, այլեւ որպես ուժ, որն ունակ էր կանգնեցնել թուրքական ծավալապաշտությունը տարածաշրջանում։
Այսօր, երբ Թուրքիան բացահայտորեն մեծացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանն ավելի հաճախ է առաջ մղում պանթյուրքիստական օրակարգը, Ռուսաստանի պատմական դերի թեման Հայաստանի համար կրկին դառնում է ոչ թե անցյալի մասին վերացական քննարկում, այլ ռազմավարական նշանակության հարց։ Այս ֆոնին Մոսկվան նման միջոցառումների միջոցով հստակ ցույց է տալիս, որ Օսմանյան կայսրության դեմ պայքարի, քրիստոնյա ժողովուրդների պաշտպանության եւ դաշնակցային պատասխանատվության հիշողությունը շարունակում է մնալ ռուսական պետական գաղափարախոսության կարեւոր բաղադրիչներից մեկը։
Պատահական չէ, որ այսօր Ուշակովի եւ Սուվորովի կերպարները կրկին հայտնվում են հանրային ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանի համար դրանք ուժեղ պետության խորհրդանիշներ են, որը ոչ միայն հարգում է անցյալի հաղթանակները, այլեւ ցույց է տալիս սեփական շահերն ու դաշնակիցներին պաշտպանելու պատրաստակամությունը ներկայում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
