Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. Պետրոսյան
Ներքաղաքական«Ուժեղ Հայաստան» կուսակցություն հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանը վերջերս իր ասուլիսի ընթացքում արեց հայտարարություն, ըստ որի, նա մշտապես ֆինանսավորել է 2021-2022 թվականներին անցկացվող բոլոր ընդդիմադիր հավաքները: Ինչպես գիտենք, նշված տարիներին հավաքներ կազմակերպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը հետագայում ձեւակերպվեց որպես «Սրբազան շարժում»: Եվ քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ միասին այդ օրերի իրադարձություններին ակտիվ մասնակցությունն է ունեցել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, նրանից էլ «Իրավունք»-ը փորձեց ճշտել իրականությունը:
— Նախ կցանկանայի գնահատեիք, թե ինչպե՞ս է անցնում դեռեւս նոր մեկնարկված նախընտրական քարոզարշավը եւ արդյոք հավասար պայմաններ են ստեղծված ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար:
— Կարծում եմ՝ դեռ շուտ է որեւէ գնահատական տալու համար, բայց սովորական, դրական ընթացք է: Ինչ վերաբերում է ուժերի հավասարությանը, բնականաբար, այդ տեսանկյունից ֆինանսական ռեսուրսները հավասար չեն: Բայց մենք երբեք, մյուսների հետ չենք էլ մրցել ֆինանսական ասպեկտով: Մեր մրցակցությունն ընդհանրապես դրանում չի եղել, ու այդ առումով դուրս ենք մրցակցությունից, քանի որ շեշտը դրված է բացառապես օրակարգի, գաղափարի եւ գաղափարակրող մարդկանց վրա, ինչպես նաեւ մեր շփումների ու հարաբերությունների վրա՝ ժողովրդի հետ:
— Բոլորովին վերջերս Սամվել Կարապետյանը հայտարարություն արեց, որ ինքն այն մարդն է եղել, ով մշտապես ֆինանսավորել է Հայաստանում կայացած ընդդիմադիր ցանկացած շարժում: Լինելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այպսես ասած, հիմնադիրներից՝ Դուք տեղյա՞կ եք այդ ֆինասներից:
— Ես տեղյակ չեմ այդ ֆինանսավորումներից ու, ճիշտն ասած, դա ինձ առանձնապես այդքան էլ չի հետաքրքրում: Ես մշտապես ասել եմ, որ իմ խորհին համոզմամբ, մենք, որպես այդպիսին, տիտղոսային ընդդիմություն չենք ունեցել եւ նրանք ընդդիմություն չեն եղել:
— Նրանք ովքե՞ր, պարոն Պետրոսյան:
— Պառլամենտական ընդդիմության մասին եմ ասում: Այդ Ձեր նշած ժամանակահատվածոմ հավաքներ պառլամենտական ընդդիմությունն է արել:
— Այդ ընթացքում նաեւ եղել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը…
— Եթե խոսքը դրա մասին է, ապա ասեմ, որ դրա հասցեատերը ես չեմ: Որովհետեւ ես անգամ չնչին առումով ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ ընդհանրապես, երբեք ներգրավված չեմ եղել: Հակառակը, ես միշտ ասել եմ, դեմ եմ, որ ինչ-որ մարդիկ կամ ուժեր ֆինանսավորեն այդ շարժումը: Սա ժողովրդական շարժում է, հետեւապես, պետք է, որ աղբյուրները պարզ լինեն: Ես այդ աղբյուրները ոչ միայն մատնանշել եմ, այլ նաեւ ասել եմ, որ պատրատ եմ երեք օրվա ընթացքում, բոլոր հնարավոր ծախսերը հոգալ: Ու ոչ թե ես անձամբ այն հոգամ, այլ մատնանշել եմ, որ սփյուռքը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի մեր հայերը, բացեիբաց, ուղիղ ասում են՝ մենք պատրաստ ենք աջակցել, ամեն մեկս որոշակի գումարով, որ այս շարժումը տեղի ունենա: Եվ դա պետք է լինի բաց ու թափանցիկ: Այդ մոտեցումը չի ընդունվել եւ դրանից հետո ես անգամ տեղյակ չեմ էլ եղել, թե ովքեր են ֆինանսավորմանը մասնակցում ու մասնակցել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ