Քըլըչը եկավ Երեւան, ասաց՝ այստեղ լավ է, քան մեր տանը. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ պարգեւատրվել է Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։ Ի դեպ, նույն պարգեւին է արժանացել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այս պարգեւը սահմանվել է 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից եւ Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։ Իսկ թե ո՞ր արժանիքի համար է պարգեւատրվել, օրինակ, Խաչատուրյան Վահագնը, որեւէ հոդաբաշխ բացատրություն չկա: «Եթե Բոնապարտն իմանար, որ մի օր իր կողմից հիմնած Պատվո լեգիոնի շքանշանով պարգեւատրվելու են այս երկու անձինք, որոնց գործուն ջանքերով մի քանի հազար տարվա հայկական Արցախը մնաց առանց հայ, անձինք, որոնք հրաժարվում են իրենց ժողովրդի բոլոր սրբություններից, անձինք, որոնք թշնամու բոլոր հրահանգները հլու-հնազանդ կատարում են իրենց երկրում, երեւի թե Աուստեռլիցում հանձնվեր ու հարցը դրանով փակեր, որ մինչեւ Վաթեռլո ամոթից շաքարախտով չհիվանդանար», - գրում է պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
Քաղաքական որոշումը վաղուց կայացված է. Աջափնյակի մետրոն պետք է կառուցվի եւ անպայման կառուցվելու է: Այս մասին ասել է Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ: «Վարչապետն անձամբ ասել է, որ այս ծրագիրը գերակայություն է ու առաջնահերթություն: Հետեւապես, վարչապետի աշխատակազմում՝ մեր բոլոր գործընկերների հետ կոմունիկացիայում, շատ հստակ պետք է ընդծենք եւ խնդրենք իրենց, որպեսզի այդ առաջնահերթությունը նաեւ ամբողջ համակարգում լինի, որովհետեւ վարչապետը անձամբ ինձ մի քանի անգամ վստահեցրել է, որ իր համար սա առաջնահերթություն է», - նշել է նա: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Հայրենիքի դարպասներ» ՀԿ հիմնադիր Արման Հայրապետյանը հեգնում է. «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ամեն ընտրությունից առաջ ՔՊ-ն հստակ որոշում է, որ Աջափնյակի մետրոն անպայման կառուցվելու է եւ կոչ են անում ամեն անգամ նույն ստերին հավատացողներին արածել, քանի չեն հնձել»:
Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉԸ: Երեւանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ վերջինս լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Հրաշալի է այստեղ լինելը։ Շնորհակալությում եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, իշխանություններին հյուրընկալության համար։ Ես ինձ զգում եմ տանը»: Թե ինչպե՞ս սա հասկանալ, ավելի հանրամատչելի ներկայացնում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղեւոնդյանը: «Երբ թուրքը հայտարարում է, որ իրեն ՀՀ-ում զգում է ինչպես տանը, դա նշանակում է, որ ինչ-որ մի փուլում պլանավորում ունի այդ հողը օկուպացնել: Պատմական օրինաչափություն է: Իսկ օկուպացիան լինում է նաեւ հանձնվելու գործիքներով. սանջակ դարձնելով: Պատմություն իմացողները հիշում են Ալեքսանդրետի սանջակը, Հաթայը: Երբ ռուսները դուրս գան, սրանք կմտնեն: Ի դեպ, երբ սրանք մտան 20-րդ դարի 10-ականներին, հայ որոշ «купец»-ներ իրեն կանանց ու աղջիկներին կառքերով ցուցադրական նվեր էին անում թուրք զորավարներին, որ սրանք լավ աչքով նայեն դրանց բիզնեսներին», - հիշեցնում է քաղաքագետն ու զգուշացնում, որ պատմությունը վատ սովորություն ունի կրկնվելու:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը