Վտանգված է ոչ միայն մեր անցյալը, մեր ներկան, նաեւ մեր ապագան. Մետաքսե Հակոբյան
ՆերքաղաքականԱրցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ անդրադառնալով Երեւանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ նշեց, որ չի կարող ողջունել եվրոպացի պաշտոնյաների այցը Երեւան, որը տեղի է ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ:
— Սա պատահականություն չէ։ Սա իրականում քաղաքական ներքին կյանքին միջմտություն է, որը փաթեթավորել են դիվանագիտության լեզվով: Այս պաշտոնյաներն արցախցիների համար ամենածանր պահին լռել են կամ ընդամենն արել ձեւական հայտարարություններ: Իսկ այսօր եկել են կապիտալիզացնելու այն, ինչ այս ընթացքում տեղի ունեցավ, ինչի արդյունքում 120 հազար հայեր դարձել են թափառական աշխարհով մեկ։ Այս ամենն արեցին, որպեսզի ունենան ազդեցության գոտիներ, վերահսկելի իշխանություններ Հայաստանում։ Արցախի ողբերգությունն իրենց համար առաջնահերթություն չի եղել ու չկա, տարիներ շարունակ, հատկապես հիմա այն որպես գործիք են օգտագործում, որպեսզի կարողանան տարածաշրջանն ընդամենը կառավարել: Եվրոպացի առաջնորդների Հայաստան գալն ընտրություններից առաջ ցուցադրական աջակցություն է այս իշխանություններին: Իսկ գործող իշխանությունները, բնականաբար, փոխանակ պաշտպանեն պետության ինքնիշխանությունը, պետության ազգային շահը, վերածվել են ընդամենն այդ ազդեցության փոխանցման գործիքի։ Ստացվում է, որ վտանգված է ոչ միայն մեր անցյալը, մեր ներկան, նաեւ մեր ապագան: