Ավելի մեծ թշնամություն հնարավոր չէ պատկերացնել. Հրանտ Բագրատյան
ՆերքաղաքականԻնչո՞ւ էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել Երեւանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, երբ Արեւմուտքն ունի Զելենսկու հետ հանդիպելու, ռազմական օգնություն ցույց տալու հազար հատ այլ ֆորմատ։ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ կարծիքով՝ Հայաստանի օժանդակությամբ կազմակերպված Զելենսկու այցելությունը Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումին դարձավ հակառուսական իրադարձություն, թշնամություն։
— Ավելի մեծ թշնամություն հնարավոր չէ պատկերացնել։ Այսօր Ռուսաստանն աշխարհում ունի արդեն երկու մեծ թշնամի։ Արդեն սա պետք է ֆիքսենք ու հասկանանք։ Մեկը Ուկրաինան է, մյուսը՝ Հայաստանը։ Իսկ իր թշնամիների հետ Ռուսաստանը միշտ պատերազմում է, որովհետեւ ունի իր շահերը։ Անթույլատրելի է համարում իր սահմանների մոտ նման թշնամանքը։ Սա պետք է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը հասկանա։ Կամ էլ՝ ավելի շուտ պետք է հասկանա այն քաղաքական ղեկավարությունը, որը կգա հունիսի 7-ի ընտրություններից հետո:
Այս ամենը միտումնավոր է արվում: Այնպես չէ, որ Հայաստանը չէր հասկանում։ Հայաստանը պետք է ասեր․ «Եթե դուք Զելենսկուն կանչում եք այստեղ, ես հրաժարվում եմ քաղաքական գագաթնաժողովի կազմակերպումից, ես գործ չունեմ դրա հետ»։ Հայաստանը պիտի ասեր․ «Ես չեմ կարող հանդուրժել իմ դաշնակցի նկատմամբ այդ գործողությունը»։ Ինձ համար անսպասելի էր, որ Հայաստանն այդքան կիջնի։ Ալեն Սիմոնյանն ասում է․ «Վերջապես սկսել ենք քաղաքականություն վարել»։ Բայց ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել։ Ձեր անկախության քաղաքականությունը Ռուսաստանին քրֆե՞լն է, որտեղից տարեկան 7 միլիարդ դոլար սուբսիդիա եք ստանում։ Ուզեն-չուզեն՝ ռուսները պետք է փոխեն այդ գները։ Համենայն դեպս, այս իշխանության օրոք։ Ամեն ինչի գինն էլ պետք է փոխեն։ Ինչի՞ պետք է 3-4 անգամ էժան գազ տան։ Ու ոմանք էլ գալու են, ասեն. «Ըհըն, տեսա՞ք, որ թշնամի են ռուսները։ Բա որ ձեզ ասում էինք»։ Բայց դուք եք սարքում, դուք եք կազմակերպել։ Ռուսներն այդպիսի մտադրություն չունեին։ Դուք բերել եք Զելենսկուն, որը նստած պատմում է, թե ինչպես է հարվածում Մոսկվային։ Դա ձե՞ր գործն է, Ռուսաստանը ձեզնից ոչինչ չի խնդրում։ Ընդամենը խնդրում է չեզոքություն։ Ինչի՞ եք դիտավորյալ այդպիսի բաներ անում։ Չէ՞ որ նման բաների համար պետք է լինելու պատասխան։ Եվ այդ պատասխանը ռուսները տալու են։ Դուք հալ ունե՞ք դիմանալու այդ պատասխանին։