Տպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն Բադալյան
ՆերքաղաքականԱյլեւս հայտնի է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 կուսակցությունների թվային հերթականությունը։ Թե ինչպես է ընթանում քարոզարշավը, որը դեռեւս պաշտոնապես չի հայտարարվել, եւ ինչպես է ընդդիմությունը պատրաստվում պայքարել իշխանության դեմ՝ «Իրավունք»-ի այս եւ այլ հարցերին պատասխանել է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ։
«ՀՈՒԺԿՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՍՊԱՌՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՆ»
— Պարոն Բադալյան, ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավը, որը պաշտոնապես մեկնարկված չէ, սակայն ակտիվ իրականացվում է:
— Այո, պաշտնապես չի սկսվել, սակայն մի քանի ամիս է, ինչ քարոզարշավն ընթանում է: Մենք տեսնում ենք, որ կան ուժեր, որոնք բավականին լավ պատրաստվում են եւ լուրջ են մոտենում գործընթացին՝ անկախ նրանից, թե ինչ որակի քարոզարշավ են իրականացնում: Այս պահի դրությամբ, կարող ենք ասել, որ ՔՊ-ն, որը առաջարկում է ընտրողներին ինչ-որ կյանքի ապագայի տեսլական՝ խաղաղություն, Ադրբեջանի հետ լավ ապրել, Արցախը, Արարատը մոռանալ, այնուամենայնիվ, հասարակության մի մասի համար ընդունելի կերպար է:
Նաեւ տեսնում ենք «Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ին, որն առաջարկում է հակառակ պատկերը՝ բավականին մեծ տարածքով Հայաստան, որը ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ կունենա, ազգային ինքնությունը պահպանվող ծրագիր, եկեղեցին մեծարող, Արարատը չմոռացող եւ այլ ծրագրով: Ու տեսնում ենք մի քանի ուժեր, օրինակ «Ուժեղ Հայաստան» եւ այլն, որոնք ընդամենը ինչ-որ կետեր են առաջարկում՝ դեղերի գները իջեցնել, չհիմնավորված աշխատատեղերի բացում: Այսինքն` ինչ-որ հստակ, ապագայի կյանքի կերպար չեն առաջարկում: Իսկ մյուսներն ընդհանրապես խոսում են խոսելու համար:
Կա նաեւ «Բարգավաճ Հայաստան», որը «Առաջարկ Հայաստանին» է ներկայացնում, որտեղ կան ավելի շատ կետեր, որոնք ընդունելի են, քան, ասենք, «Ուժեղ Հայաստան»-ի մոտ: Ուղղակի կյանքի, Հայաստանի պատկերը չկա: Կան լավ կետեր, բայց ընդհանուր պատկեր, որպես այդպիսին, ինչպես ՔՊ-ն եւ ԱԺԲ-ն ունեն, չկա:
Գիտեք, տպավորությունն այնպիսին է, կարծես բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին, քանի որ ներկայումս, երբ քարոզարշավները մեկնարկվեցին ԱՄՆ-ում եւ Եվրոպական երկրներում, այսինքն՝ այն երկրներում, որտեղ ընտրական տեխնոլոգիաները բավականին լավ զարգացել են, տեսան, թե ինչպես տեղեկատվական հոսքերի կառավարման միջոցով մարդկանց կամ ընտրազանգվածին մղում էին քվեարկելու այս կամ այն ուղին: Իսկ Հայաստանում դեռ մնացել են հուժկու հանրահավաքներ կազմակերպելու գաղափարի վրա, որը լավ էր 90-ականների առաջին կեսին, բայց հիմա դրանք ամբողջապես սպառված ընտրական տեխնոլոգիաներ են: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի քաղաքական դաշտը 1995 թվից հետո չի զարգացել: Գուցե պատճառն այն էր, որ 1995 թվականին ընտրությունները կեղծվեցին, եւ ընտրական տեխնոլոգիաների կարիքը, որպես այդպիսին, իրականում չկար ու ձեւական բնույթ էր կրում: Բայց քաղաքական միտքը մնացել է դեռ այն ժամանակաշրջանում:
«ՔՊ-Ն, ԻՀԱՐԿԵ 50+1 ՉՈՒՆԻ, ՍԱԿԱՅՆ ՆԱ ԳՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂ»
— Ընտրություններին 19 քաղաքական ուժ է մտել ընտրապայքարի, սա, ըստ Ձեզ, ձայների մեծ թվով փոշիացման չի՞ բերելու:
— Այո, սա փոշիացում է: Նախ հստակեցնենք, ընտրության մասնակից ուժերը տարբեր են՝ ռուսամետ ընդդիմադիր ուժեր, արեւմտամետ, ամերիկամետ ուժեր կամ ընդհանրապես անորոշ ընդդիմադիր ուժեր: Սա պատահական արված չէ: Միտումնավոր է արված, որպեսզի բոլորից շատ ձայն հավաքող ՔՊ-ն կարողանա փոշիացված ձայների հաշվին բավականին լավ տոկոսներ ստանալ, քանի որ նախնական, այսպես կոչված, ռուսական տարբերակը, կարծես թե, հասկանում ենք՝ այն է, որ պետք է ընտրություններին մասնակցեն լավագույն դեպքում 5 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն եւ իրեն մրցակից «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան»-ը. երեք ռուսամետ ընդդիմադիր ուժ եւ մեկ արեւմտամետ ինչ-որ ուժ, որը վերջին պահին կարող էր միանալ այս երեք ուժին ու չորսով ավելի շատ կլինեին, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս դեպքում ձայների փոշիացում չէր կարող տեղի ունենալ: Սրան միտումնավոր հակադրվեց, այս 19 քաղաքական ուժի ներկայությունը: Այստեղ կան ուժեր, որոնք ձայներ կստանան 0 տոոկոս, 1 կամ 2 տոկոս, բայց 4 տոկոս հաստատ չեն ստանա: Իսկ այս 1, 2, 3, եւ նման փոքր տոկոսները, որ գումարվում են, բավականին լուրջ տոկոսային թիվ են կազմում, որը բաշխվելու է տոկոսային հարաբերակցությամբ խորհրդարան անցած ուժերին, ու քանի որ այս պահին ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, առաջին տեղով է գնում, իհարկե 50+1 չունի, սակայն նա գնում է առաջին տեղ, դա լրացուցիչ իրեն ձայներ է ապահովվում:
— Այսինքն՝ ստանալու ենք 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների կրկնությո՞ւն:
— Չեմ կարող ասել: Դա կախված է, թե ինչ որակի քարոզարշավ կիրականացնեն այս մեկ ամսվա ընթացքում: Կարող է լինել անակնկալ:
— Հետեւապես, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որ այս անգամ հաջողի:
— Ո՞ր ընդդիմությունը: 19 քաղաքական ուժ է մասնակցում, եւ բացի ՔՊ-ից, բոլորն իրենց ընդդիմություն են համարում: Կան ուժեր, որոնք համարում են` որ իրենք են իրական ընդդիմությունը, իսկ մյուսները կեղծ են:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
