Ինչ ստացավ Փաշինյանը եվրաքարոզչական շոուից
ՄիջազգայինՀայտարարությունը, որը հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տալիս է ոչ միայն այն հարցի պատասխանը, թե ինչու են եվրալիդերներն այսքան ոգեւորված ժամանել Հայաստան: Այլ նաեւ, թե ինչու եւ ինչպես է նստած Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի աթոռին: Ճիշտ է, այդ բոլոր հարցերի պատասխանները նոր չէ, որ պետք է հնչեին: Բայց այլ բան, երբ այսքան ուղղակի բացահայտում է արվում:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՄԱԿՐՈՆԸ
«Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, Նիկոլը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը եւ որոշեց ապառիսկայնացնել երկիրը»,- նշեց Մակրոնը: Արդյունքում, եթե, ըստ նրա` ութ տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան, ապա հիմա, տեսեք, Երեւանում Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստեր են անցկացվում:
Նախ. իհարկե, ակնհայտ է, որ Մակրոնը պարզապես ստում է, ավելին` բացահայտ է ստում: Ով–ով, բայց նա պետք է լավ իմանար, թե մինչ իր նախագահությունը Ֆրանսիայի քանի նախագահներ են եկել Հայաստան, եւ ոչ միայն Ֆրանսիայի նախագահներ: Եթե Ֆրանսիայի նախորդ առաջնորդները նրա համար ոչ ոք են, դա այլ հարց է: Բայց Ֆրանսիայի այդ նախկին ղեկավարները հարգանքի են արժանի առնվազն գոնե այն բանի համար, որ սեփական կանանցից հրապարակավ «չափալախներ» չէին ստանում, եւ դրա համար ԱՄՆ նախագահները նրանց նույնքան հրապարակավ չէին ծաղրում: Էլ չասած, որ նրանք հաստատ իրենց երկրում շատ ավելի բարձր վարկանիշներ ունեին, քան Մակրոնը:
Բայց այստեղ հարցն այն չէ, թե տիկին Բրիջիտի ամուսինն ինչու է ստում, լավ իմանալով, որ բոլորն են համոզված, ստում է: Հարցը մի փոքր այլ է. ինչո՞ւ հանկարծ նա հիշեց, որ Նիկոլն իր գալով, արեց այնպես, որ Հայաստանում եվրոպական նման հավաքները հնարավոր դառնան: Չէ, չենք ասում, թե նման հավաքն անպայման պետք է վատ բան համարել, դա այլ թեմա է: Այս պահին շեշտադրումն այլ է. Մակրոնն այդպիսով ի ցույց դրեց, թե դեռ ութ տարի առաջ ինչու Նիկոլը եկավ այդ պաշտոնին: Իսկ դրա տակ կարելի է նաեւ կարդալ, թե ինչպես եկավ, որ ինչ անի եւ ինչ հասցրեց անել: Իսկ սա ընդամենը պատմական հետաքրքրություն ներկայացնող հարցադրում չէ: Այլ հիմնավորում, թե ինչ կուրսով է Հայաստանը շարունակելու առաջ գնալ, եթե Նիկոլը կարողանա հերթական անգամ նստել այդ աթոռին: Արդյունքում, Մակրոնի այդ հայտարարության տակ տեսանելի է դառնում բուն միտքը` Նիկոլը մերն է, քանի որ Հայաստանին դուրս է բերում Ռուսաստանի ուղղությունից: Ու նա պետք է մնա այդ աթոռին, որ մինչեւ վերջ դուրս բերի: Չէ, անգամ արեւմտամոլներն այստեղ ոգեւորվելու բան չունեն: Մակրոնը շատ պարզ նպատակ է ներկայացնում` Հայաստանին Ռուսաստանից հեռացնելը: Այլ ոչ թե, որ Հայաստանը կկարողանա մերձենալ Եվրոպային. նման խոստում, բնական է, Նիկոլին ոչ մեկը հիմա չի տա:
Ու նկատենք, մոտավորապես նույն բանը կարելի է ասել Նիկոլի եւ Սթարմերի ստորագրած` «ռազմավարական գործընկերության մասին» հռչակագրի հետ կապված: «Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության միջեւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ վարչապետ Քիր Սթարմերի հետ այսօր ստորագրված համատեղ հռչակագրով մենք նոր եւ խոստումնալից էջ ենք բացում մեր հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների եւ ամրապնդված համագործակցության վրա»,- չհապաղեց մեկնաբանել Փաշինյանը: Լո՞ւրջ է ասում, ուրեմն Հայաստանը հիմա Բրիտանիայի լիարժեք ռազմավարական գործընկե՞րն է: Ակամա հիշում ես նման մեկ այլ պատմություն. 100 տարի առաջ եւս նման «ռազմավարական ջան–ջիգյարային» խաղեր էին խաղում: Ու հետո Բրիտանիայի իրական ռազմավարական գործընկեր Թուրքիան վերցրեց եւ Բրիտանիայի «ռազմավարական գործընկեր» Հայաստանից թողեց ընդամենը «Ալեքսանդրոպոլի պայմանագիրը»: Մեր ժամանակներում նման մի «ռազմավարական գործընկեր» էլ նախ Վրաստանից էին սարքում: Վրացիները ճիշտ պահին հասկացան, որ դա ընդամենը ոչնչացման տանող ուղի է եւ կարողացան մի կողմ քաշվել: Իսկ ահա Հայաստանը, որ Մակրոնի այդ գովերգած ութ տարիներին ծայրահեղ կորուստներ ունեցավ, էլի «ռազմավարական գործընկեր» է խաղում... Չնայած` մի կողմից էլ դա լավ է. հուշում է, որ Նիկոլն ամեն բան չէ, որ հասցրել է դնել այդ «ռազմավարական զոհասեղանին», ինչ–որ բան փրկելու հույսեր կան:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԽԱՂԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Պատկերն ամբողջացրեց Զելենսկին: Այն, որ նրա ժամանումը Երեւան, Հայաստանն այնպիսի գլոբալ ուժի համար, ինչպիսին Ռուսաստանն է, վերածեց մի վայրի, որտեղ հավաքվում են Մոսկվայի դեմ պատերազմական ծրագրեր մշակողները, արդեն իսկ դարձավ Զելենսկուն ընդունելու առաջնային հետեւանքը: Ու այստեղ խոսքն ընդամենը հակառուսական ռազմական ծրագրերի մասին չէ. Զելենսկու որոշ հայտարարություններ եկան հուշելու, որ եվրոպական այդ նկրտումները շատ ավելի խորքային բնույթի են: Մասնավորապես, Զելենսկին որոշեց հենց Երեւանում հայտարարել, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են թռչել Մոսկվա` մայիսի 9-ի շքերթին: Նման հայտարարությունը, իհարկե, դուրս է ռուս-ուկրաինական պատերազմի, ռուսների հանդեպ Զելենսկու ատելության եւ այլ նման հասկացությունների սահմաններից: Մայիսի 9-ն այդ ամենի հետ խառնելը մեկ բան է նշանակում` ի ցույց դնել սեփական եւ նրա թիկունքին կանգնածների ֆաշիստական հակումները: Իհարկե, դրանով Զելենսկին նաեւ սեփական ազգի` հրեաների եւ Հոլոքոստի հիշատակն է ոտնահարում: Եվ, իհարկե, չմոռանանք այն ծանրակշիռ դերն ու զոհերին, որը նաեւ հայ ժողովուրդն է կրել հանուն այդ Մայիսի 9-ի: Ու ահա Ուկրաինայի սույն ժամկետանց ղեկավարը նման հայտարարությամբ նաեւ հայության այդ կորուստներն է փորձում ոտնահարել: Այն նույն Զելենսկին, որի` Բաքվին մատակարարած ֆոսֆորային ռումբերը Արցախում հայ զինվորների վրա էին թափվում:
Իհարկե, չենք կարծում, որ նման հայտարարությամբ Զելենսկին նաեւ Նիկոլի պապի հիշատակը ոտնահարեց: Սակայն երբ այդ ամենից հետո ուկրաինացի նարկոմանին դուրս չեն հրավիրում երկրից, դա ընկալվում է` որպես նրա հայտարարություններին համաձայն լինել: Ընդ որում, այս ընդհանրական թեման միայն Զելենսկին չէ, որ ուղղակի կամ անուղղակի տարբերակով առաջին պլան է բերում: Երկրորդ աշխարհամարտի պատմության կեղծ մատուցումն այսօր սկսում է դառնալ եվրոպական պաշտոնական քաղաքականության բաղադրիչ: Իսկ այն միլիտարիստական հակումները, որոնք ներկա պահին դրսեւորում է Գերմանիան` ի դեմս նացիստական ժառանգ Մերցի, այս ամբողջ իրավիճակին շատ ավելի վտանգավոր տեսք է տալիս:
Արդյունքում, կրկնենք, Հայաստանը սկսում է գոնե Ռուսաստանում, թեեւ կարելի է ասել նաեւ Իրանում եւ Չինաստանում ընկալվել որպես այդ գործընթացի մասնիկ: Ավելին, ոչ թե կընկալվի, այլ կհամարվի մասնիկ, եթե առաջիկա ընտրություններում Նիկոլը կարողանա վերարտադրվել:
ԵՎՐՈՊԱՆ ԽՈՍՏԱՑԱՎ, ԲԱՅՑ ԿՏԱ՞
Թե ինչու Նիկոլը որոշեց իրեն վերջնականապես դրսեւորել որպես եվրամանկլավիկ, կարելի է կռահել. այն փակուղում, ուր նա ինքն իրեն քշել է, այլ տարբերակ պարզապես չի մնացել` աթոռը պահելու եւ կորցնելու դեպքում հասկանալի հետեւանքներից խուսափելու համար: Բայց Եվրոպան այդ հարցում որքանո՞վ կօգնի, երբ այդ ընդգծված եվրոպամետությամբ Նիկոլը վերջնական թշնամանքի է հասնում ոչ միայն Մոսկվա–Պեկին–Թեհրան առանցքի, այլ նաեւ եվրագլոբալիստների հետ միայն սրվող հակամարտության մեջ մտած Թարմփի հետ:
Այլ հարց է, թե ի՞նչ է ուզում Եվրոպան իր այս հայաստանյան խաղերով: Եթե ընդունենք այն տարբերակը, որ մտածում են, թե կկարողանան Թուրքիա–Հայաստան–Ադրբեջան առանցք ստեղծել եւ դրա միջոցով Կենտրոնական Ասիայի հաշվին լուծել իրենց կործանարար դարձած էներգետիկ խնդիրները, ապա այստեղ հակափաստարկների պակաս չկա: Ավելի նման է, որ նման միջոցառումներով փորձում են ցույց տալ, թե դեռ աշխարհաքաղաքական կենտրոն են, որը կարող է ռազմավարական հարցեր լուծել այլ տարածաշրջաններում:
Բայց անկախ այն բանից, թե Եվրոպան հայաստանյան ուղղությամբ ինչ ակնկալիքներ ունի, կա այլ կարեւոր հարցադրում. իսկ ԵՄ–ն այսօր ունի՞ այն պոտենցիալը, որ կարողանա այլ տարածաշրջաններում աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել: Հայաստանում ԵՄ–ն չէ, որ հարցեր լուծեց. Նիկոլն արեց ողջ «սեւ գործը», որը Եվրոպայից առանձնակի ջանքեր չէր էլ պահանջում: Այլ հարց, որ նույն Եվրոպան այս պահին ստիպված է բաց հակամարտության մեջ մտնել իր դաշնակից ԱՄՆ–ի հետ, որի հետեւանքները շատ դժվար է կանխատեսել: Ընդ որում, հնարավոր հետեւանքների թվում են ինչպես ԵՄ–ի (գոնե ներկայիս տեսքով) եւ ՆԱՏՕ–ի լինել–չլինելը, այնպես էլ եվրոյի լինել–չլինելը: Ու այդ բոլոր խնդիրները հենց այս պահին են օրակարգում, կարող են «պայթյունավտանգ» լուծումների տանել:
Այս իրավիճակում, որքան էլ որ հայաստանյան այս միջոցառումների արդյունքում մի հաստափոր` Հայաստան-Եվրոպական Միություն գագաթաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն ստորագրվեց, սակայն մեծ հարցականի տակ է մնում, որ դա կարող է գործնական ապագա ունենա:
Ամեն դեպքում, իրողությունը շատ ավելի պարզ է. ներկա պահին ընթանում է աշխարհի վերաբաժանման գործընթաց, որը միայն կարող է տալ հարցի պատասխանը, թե ինչ նոր բաժանարար գծեր են լինելու: Ընդ որում, այդ գործընթացում Եվրոպայի կշիռը, մեղմ ասած, մեծ չէ, իսկ Նիկոլն առհասարակ դրանում գոյություն չունի: Ու միայն այս գործընթացի ավարտը ցույց կտա, թե ով, որտեղ եւ ինչ կարգավիճակով կգտնվի, այլ ոչ թե նման միջոցառումները, որոնք ավելի շատ նախընտրական շոուի տպավորություն թողեցին, բայց նաեւ առաջացնելով շատ ավելի ծանր հարաբերություններ Մոսկվայի եւ Թեհրանի հետ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
