Արձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինել
ՎերլուծությունԱննա Վլադիսլավսկայա
Հայկական սփյուռքի երեխաների համար ամառային արձակուրդները աստիճանաբար դադարում են բացառապես որպես Հայաստան ընտանեկան ուղևորությունների ժամանակամիջոց ընկալվելուց։ Ավանդական մոդելը, որի դեպքում երեխան ամառն անցկացնում է հարազատների հետ, ամենից հաճախ տատիկների ու պապիկների հետ, առաջվա պես գոյություն ունի, բայց ավելի ու ավելի հաճախ լրացվում է այլ պահանջարկով։ Ծնողներն ակնկալում են, որ ամառը կլինի ոչ միայն հանգստի և ընտանիքի հետ շփվելու հնարավորություն, այլև զարգացման՝ լեզվական միջավայրի մեջ խորանալու, մշակույթին ծանոթանալու, ինքնուրույնանալու և երկրի կյանքի մեջ ներառվելու։
Ըստ էության, ինքնին փոխվում է ամռան մասին պատկերացումը. այն դառնում է ոչ թե «դադարի ժամանակամիջոց», այլ կրթական ու անձնական գործունեության շարունակություն: Երեխան հայտնվում է նոր միջավայրում, որտեղ սովորում է շփվել անծանոթ մարդկանց հետ, հաղորդակցվել, ընդունել որոշումներ և կրել պատասխանատվություն դրանց համար: Հենց այս ֆոնին է վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել ամառային ծրագրերի կայուն շարքը՝ պետական նախաձեռնություններից մինչև հեղինակային ճամբարներ ու կրթական դպրոցներ:
Այսպիսի աշխատանքի առանցքային գործիքներից մեկը մնում է «Քայլ դեպի տուն» պետական ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Սա 13-օրյա մշակութային-կրթական ծրագիր է՝ նախատեսված աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքների 13-18 տարեկան դեռահասների համար:
Նախագծի բովանդակությունը չի սահմանափակվում միայն հանգստով։ Այն մշակված է որպես ժամանակակից Հայաստանին ծանոթանալու տարբերակ՝ լեզվի, մշակույթի և կենդանի սոցիալական փորձի միջոցով։ Մասնակիցներն անցնում են մրցութային ընտրական փուլ, իսկ հետո ընդգրկվում են հագեցած ծրագրի մեջ, որում համատեղվում են կրթական պարապմունքներն ու երկրով մեկ ուղևորությունները։ Հերթափոխի ընթացքում դեռահասներն ուսումնասիրում են հայերենի արևելյան ու արևմտյան տարբերակները, պատմում են ընտանեկան պատմություններ, անցնում երկրագիտության դասընթաց, մասնակցում ստեղծագործական պարապմունքների և ծանոթանում ժողովրդական երաժշտությանն ու պարին։
Առանձին տեղ են զբաղեցնում ուղևորությունները տարածաշրջաններով՝ թանգարաններ, պատմական հուշարձաններ, մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ ու գյուղական համայնքներ: Ծրագրի կարևոր մասն են կազմում մշակութային ու հասարակական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները, որոնք թույլ են տալիս դեռահասներին տեսնել երկիրը ոչ միայն կրթական նյութերի, այլև իրական մարդկանց և իրական պատմությունների միջոցով: Շատ մասնակիցներ շարունակում են շփումը նաև հերթափոխից հետո. այսպիսով զարգանում են աշխարհի տարբեր երկրների սփյուռքների միջև կապերը:
Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես բարձր է. ամեն տարի տասնյակ երկրներից դեռահասներ են դիմում, սակայն ընտրվում են միայն սահմանափակ թվով մասնակիցներ: Այս տարվա ընդունելությունն արդեն ավարտվել է, իսկ հաջորդ պարբերաշրջանը ավանդաբար մեկնարկում է ձմռանը, երբ ընտանիքները կրկին դիմումներ են ներկայացնում մասնակցության համար:
Կոնտակտային տեղեկություններ՝ http://diaspora.gov.am
Պետական նախաձեռնությունների ֆոնին զարգանում է նաև ամառային հանգստի մեկ այլ ոլորտ՝ մասնավոր ճամբարները, որոնք առաջարկում են հանգստի ավելի ճկուն ու հուզառատ տարբերակ։
Ճամբարը՝ որպես ինքնուրույնության տարածք. «ArmCamp»
Դինամիկ առումով բոլորովին այլ, բայց բովանդակությամբ նմանատիպ մոտեցում է ցուցադրում «ArmCamp»-ը՝ Հայաստանից, Ռուսաստանից ու Եվրոպայից երեխաների և դեռահասների հյուրընկալող աչքի ընկնող մասնավոր ճամբարներից մեկը։
Այստեղ ուշադրության կենտրոնում ոչ այնքան դասական իմաստով կրթական բաղադրիչն է, որքան կենսափորձը՝ ակտիվության, փոխազդեցության և խմբում առօրյա կյանքի միջոցով:
Ճամբարի հիմնադիր Շուշանիկ Ավանեսյանն ընդգծում է, որ ժամանակակից ճամբարը չպետք է սահմանափակվի զվարճանքով կամ «երեխայի զբաղված լինելով»՝ ըստ ժամանակացույցի. այն պետք է ձևավորի ներքնաշխարհի փոփոխությունները:
«Կարող եմ վստահորեն ասել, որ մեզ հաջողվում է պահպանել հավասարակշռությունը ազատության, հանգստի և երեխայի զարգացման միջև՝ շնորհիվ լավ մշակված ծրագրի և ճկուն առօրյա օրակարգի»,- նշում է Շուշանիկը։
Ճամբարի ծրագիրը մշակված է ակտիվության տարբեր ձևերի հավասարակշռության շուրջը: Շաբաթվա ընթացքում երեխաները մասնակցում են սպորտային խաղերի, արշավների, ստեղծագործական արհեստագործական աշխատանքների, մտավոր հանձնարարությունների և երեկոյան ծրագրերի: Ժամանակի զգալի մասը հատկացվում է նաև շփմանն ու հանգստին:
Մի առանձին սկզբունք է թվային միջավայրի սահմանափակումը։ Էլեկտրոնային սարքերի (գաջեթ) օգտագործումը կրճատվում է՝ կենդանի շփման, համատեղ խաղերի և անմիջական փոխազդեցության փորձը երեխաներին վերադարձնելու համար։ Կազմակերպիչների խոսքով՝ սա թույլ է տալիս մասնակիցներին վերագտնել փոխազդեցության պարզ ձևերը՝ զրույցը, խաղը և համատեղ գործունեությունը։
«Մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի երեխաներն իրենք իրենց զբաղեցնեն և ուրախություն գտնեն պարզ բացօթյա խաղերում»,- ընդգծում է ճամբարի հիմնադիրը։
Կոնտակտային տեղեկություններ՝ https://armcamp.ru
«Gugark Camp» ճամբարը՝ որպես սովորական միջավայրից դուրս գալու փորձ
Մեկ այլ կարևոր օրինակ է «Gugark Camp»-ը (Գուգարքի ճամբար), որը շեշտը դնում է ինքնուրույնության և նոր սոցիալական միջավայրին երեխաների հարմարվելու վրա։
Այս մոտեցման հիմքում այն գաղափարն է, որ ճամբարը դառնում է առանձին կենսական տարածք՝ իր կանոններով, ռիթմով ու ներքին տրամաբանությամբ։ Դեռահասները ներգրավվում են խմբի առօրյա կյանքի մեջ, որտեղ կարևոր է ոչ միայն մասնակցությունը ծրագրերին, այլև այլ երեխաների ու մեծահասակների հետ փոխազդեցությունը, պայմանավորվածություն ձեռք բերելու և առաջադրանքներ բաշխելու ունակությունը։
Փորձի զգալի մասը կառուցվում է համատեղ գործունեության շուրջը: Երեխաները մշտապես հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որտեղ անհրաժեշտ է գործել միասին՝ առօրյա կազմակերպչական պահերից մինչև խմբային գործունեությանը մասնակցելը: Սա ձևավորում է խմբում ներառվելու հմտություն և փոփոխվող իրադրության մեջ կողմնորոշվելու ունակություն:
Առանձնակի շեշտվում է այն, որ մասնակիցներն իրենք են կառավարում իրենց ժամանակի զգալի մասը ընդհանուր ժամանակացույցի շրջանակներում: Այս ձևաչափը դեռահասների մեջ աստիճանաբար զարգացնում է ավելի ուշադիր վերաբերմունք իրենց սեփական որոշումների և իրենց օրվա ու խմբի վրա դրանց ազդեցության նկատմամբ:
Գուգարքի ճամբարի ղեկավար Լիլիթ Խանամիրյանը նշում է. «Հենց այդ պատճառով այսօր ճամբարը պարզապես հանգստի տարբերակ չէ, այլ զարգացման կարևոր գործիք։ Երեխան չպետք է իրեն զգա «ինչպես տանը». փոփոխությունը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ նա դուրս է գալիս իր սովորական միջավայրից և սովորում ինքնուրույն գլուխ հանել»։
Կոնտակտային տեղեկություններ՝ +374 55 650605
Ճամբարից դեպի դպրոց. «Անտառ» կրթական տարածքը
Դասական ճամբարներից բացի, Հայաստանում ակտիվորեն զարգանում են ամառային դպրոցները, որտեղ հանգիստը զուգակցվում է գիտական ու կրթական պրակտիկայի հետ: Առավել ցայտուն օրինակներից է «Անտառ» բազմուղղվածության (մուլտիպրոֆիլ) վրանային դպրոցը:
Նախագիծը սկզբնապես մտահղացվել էր որպես գիտությամբ հետաքրքրվող դեռահասների համար կրթական միջավայր։ Այստեղ աշխատում են փորձառու մանկավարժներ՝ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, լեզվաբաններ, կենսաբաններ և այլ մասնագետներ։ Կարևոր սկզբունքն այն է, որ սովորողները մոտենան իրական գիտական պրակտիկային, որտեղ գիտելիքները ոչ թե պարզապես փոխանցվում են, այլ կյանքի են կոչվում փորձերի, կիրառական առաջադրանքների և հետազոտությունների միջոցով։
Դպրոցը կառուցված է որպես ճկուն համակարգ. դեռահասները կարող են փորձել տարբեր ուղղություններ, մասնակցել նախագծերի և աստիճանաբար ձևավորել իրենց սեփական կրթական հետագիծը: Միևնույն ժամանակ ուսուցումը կտրված չէ ճամբարի կյանքից. այն ներառված է առօրյա ռիթմի մեջ:
«Անտառ»-ի գլխավոր առանձնահատկությունը մասնակիցների ինքնուրույնության բարձր մակարդակն է: Դեռահասներն ընտրում են դասընթացները, բաշխում ծանրաբեռնվածությունը և սովորում հետաքրքրությունները համապատասխանեցնել իրենց հնարավորությունների հետ: Այս մոտեցումը ձևավորում է պլանավորման, պատասխանատվության և գիտակցված ընտրության հմտություններ:
Դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Դարիա Տրիանա-Ռիվերան, բացատրում է, թե ինչու է նախագիծն իրականացվում Հայաստանում. «Հայաստանը ապշեցուցիչ գեղեցիկ երկիր է, և ճամբարը գործում է Գյումրուն մոտիկ լեռներում: Մենք բարձրանում ենք գագաթներին, գնում ենք Արագած, և դա բնության հետ շփվելու յուրօրինակ փորձառություն է: Կարևոր է նաև այն, որ մենք ուսումնասիրում ենք Հայաստանը էքսկուրսիաների և կենդանի լեզվական պրակտիկայի միջոցով»:
Կարևոր է, որ «Անտառ»-ը ի սկզբանե սահմանափակված չէ էթնիկ շրջանակներով։ Այստեղ սովորում են տարբեր երկրներից ու կրթական միջավայրերից եկած դեռահասներ՝ Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայկական ծագումով երեխաներ, Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից եկած գիտությամբ հրապուրված դեռահասներ, Հայաստան տեղափոխված ընտանիքների հայկական արմատներ չունեցող երեխաներ։ Նրանց միավորում է հետաքրքրությունը գիտության, լեզվի և տարածաշրջանի մշակութային միջավայրի նկատմամբ։
Արդյունքում ձևավորվում է բազմամակարդակ մի տարածք, որտեղ կրթական գործընթացը բնական կերպով միահյուսվում է մշակութային փոխանակման հետ։ Այստեղ հայոց լեզուն և մշակույթը «պարտադիր ծրագիր» չեն, այլ դառնում են հաղորդակցության, համատեղ աշխատանքի և առօրյա կյանքի կենդանի փորձի մաս։
Կոնտակտային տեղեկություններ՝ https://forestschool.am/
Տպավորություններ.
«Ես ամեն տարի այցելում եմ հարազատներիս Հայաստանում։ Սակայն ծրագրի շնորհիվ ես ընկերացել եմ Բելառուսից, Վրաստանից, Իսպանիայից և նույնիսկ Նոր Զելանդիայից եկած երեխաների հետ։ Եվ մենք բոլորս կարող ենք խոսել նույն լեզվով՝ հայերենով»։
Արտեմ Նազարով, Ռուսաստան
«ArmCamp-ի մանկավարժների նպատակը զվարճացնելը չէ, այլ սովորեցնելն ու ուղղորդելը»։
Շուշանիկ Ավանեսյան, «ArmCamp»-ի հիմնադիր և ղեկավար
«Մենք չենք կազմակերպում ամառային արձակուրդ, մենք ստեղծում ենք մի միջավայր, որում երեխաները փոխվում են, և այդ փորձը մնում է նրանց հետ տարիներով»։
Լիլիթ Խանամիրյան, «Gugark Camp» ճամբարի մենեջեր
«Սա այնքան արժեքավոր համայնք է, որ նրանցից շատերի համար դառնում է իրենց կյանքի կարևոր մասը»։
Դարիա Տրիանա-Ռիվերա, ֆիզիկայի բաժանմունքի վարիչ, «Անտառ» դպրոցի համահիմնադիր
Լուսանկարում՝
«ArmCamp»-ի հիմնադիր Շուշանիկ Ավանեսյանը (ձախից ծայրինը) երեխաների հետ Տավուշի մարզի Պարզ լիճ էքսկուրսիայի ժամանակ
Շախմատի խաղ «ArmCamp»-ում
«Gugark Camp» ճամբարը, Լոռու մարզ
«Անտառ» ամառային դպրոցը, Շիրակի մարզ
