Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարին

Պատմական

 

Հավերժ փառք Ռուսաստանի հերոս, ակադեմիկոս Լեգասովին

 

Վալերի Պետրոսյան, քիմիական գիտությունների դոկտոր, ՄԱԿ-ի քիմիական անվտանգության փորձագետ

1986 թվականի ապրիլի 26-ին՝ շաբաթ օրը, ժամը 9.00-ին, Մոսկվայի պետական ​​համալսարանի քիմիայի ֆակուլտետի իմ աշխատասենյակ մտավ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ֆակուլտետի նոր միավորված ռադիոքիմիայի և քիմիական տեխնոլոգիայի ամբիոնի ընտրված վարիչ Վալերի Ալեքսեևիչ Լեգասովը։ Միաժամանակ նա շարունակում էր աշխատել Ի. Վ. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի առաջին փոխտնօրենի պաշտոնում՝ ղեկավարելով հետազոտությունները ռադիոքիմիայի ոլորտում։ Վալերի Ալեքսեևիչի հետ այդ հանդիպման մասին պայմանավորվել էինք նախորդ օրը՝ Մոսկվայի պետական ​​համալսարանի քիմիայի ֆակուլտետում կրթական ու գիտական ​​գործընթացների կազմակերպման հարցերը քննարկելու համար։ Այդ ժամանակ ես գրեթե յոթ տարի իմ ուսուցիչ, ակադեմիկոս Օլեգ Ալեքսանդրովիչ Ռեուտովի՝ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչի առաջին տեղակալն էի, ինչպես նաև նրա տեղակալը օրգանական քիմիայի տեսական խնդիրների լաբորատորիայում, որը նա ստեղծել էր 1958 թվականին։ Մենք մեծ փորձով ու փոխըմբռնմամբ տանդեմ էինք և ղեկավարում էինք ամբիոնն ու լաբորատորիան կատարյալ ներդաշնակությամբ։ Համոզված եմ, որ հենց սրանով է պայմանավորված ֆակուլտետի կրթական ու գիտական ​​աշխատանքի համար սոցիալիստական ​​մրցման մեջ մի քանի տարի անընդմեջ ամբիոնի ու լաբորատորիայի առաջին տեղերը զբաղեցնելը։  Այդպես էր կարծում նաև Վալերի Ալեքսեևիչը, որը սկզբում խնդրեց Օլեգ Ալեքսանդրովիչին, իսկ հետո նաև ինձ՝ իրեն հաղորդակից դարձնել ամբիոնում և լաբորատորիայում աշխատանքի փորձին։

Վալերի Ալեքսեևիչի հետ մեր զրույցը սկսվելուց մոտ քառասուն րոպե անց այն ընդհատվեց նրա ռադիոկապին զանգով, որից նա չէր բաժանվում, իսկ բջջային հեռախոսներ այն ժամանակ դեռևս չկային։ Նրան զանգահարեցին ԽՄԿԿ Կենտկոմից և խնդրեցին երեք ժամից լինել ​​Վնուկովոյի կառավարական օդանավակայանում՝ գործուղման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ Չեռնոբիլ շտապ թռիչքի նպատակով, որտեղ նախորդ գիշերը ատոմակայանի վթար էր տեղի ունեցել։ Դրանից հետո մենք մի քանի ամիս չտեսանք միմյանց, և այդ վթարի հետ կապված բոլոր տխուր լուրերի մասին ես իմացա իմ համալսարանական գործընկերներից՝ ռադիոքիմիկոսներից և միջուկային ֆիզիկոսներից, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներից։

Ի վերջո, ի՞նչ էր տեղի ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում

Ապրիլի 26-ին ժամանելով Չեռնոբիլ՝ կառավարական հանձնաժողովը պարզեց, որ ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում իներցիայով ազատ շարժման ռեժիմում տուրբոագրեգատի աշխատանքի չնախատեսված փորձարկման ժամանակ տեղի է ունեցել հաջորդական երկու պայթյուն, որի հետևանքով ռեակտորն ամբողջությամբ ոչնչացվել է։ Հանձնաժողովի աշխատանքում հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ ամբողջ աշխարհում նման վթարների վերացման փորձ գոյություն չուներ։ Մեկ այլ խնդիր էր այն, որ ակադեմիկոս Լեգասովը, որը հանձնաժողովի կազմում միակ գիտնականն էր, Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեևի անվան քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում ստացած իր կրթությամբ և դրանից հետո իր աշխատանքի պրոֆիլով ռադիոակտիվ նյութերի արտադրության, հատկությունների և օգտագործման մասնագետ էր, բայց ոչ միջուկային ռեակտորների ստեղծման ու գործարկման մասնագետ։ Սակայն հասնելով աղետի վայր՝ նա, չնայած ծայրահեղ մեծ վտանգին, բացարձակ անվախությամբ ռազմական ուղղաթիռով թռիչք կատարեց պայթած 4-րդ բլոկի վրայով, հայտնաբերեց ռեակտորում տեղի ունեցող ճառագայթումը, իսկ հետո ստուգելու համար, թե արդյոք կարճատև ռադիոակտիվ իզոտոպների սինթեզ է ընթանում, տեղափոխվեց զրահափոխադրիչ, ընդհուպ մոտեցավ 4-րդ բլոկի փլատակներին և, դուրս գալով դրանցից, կատարեց բոլոր անհրաժեշտ ռադիոֆիզիկական չափումները։

Լեգասովի շնորհիվ հաջողվեց պարզել, որ շարունակվող միջուկային ռեակցիայի վերաբերյալ նեյտրոնային տվիչների ցուցմունքները արժանահավատ չէին, քանի որ դրանք արձագանքում էին հզորագույն գամմա ճառագայթմանը: Իսկ ըստ էության կաթսան «լուռ» էր, ռեակցիան դադարել էր, բայց տեղի էր ունենում ռեակտորի գրաֆիտի այրում, որը մոտ 2500 տոննա էր: Հաջորդ խնդիրը պայթած ռեակտորի մնացորդների հետագա տաքացումը կանխելն էր, ինչպես նաև ռադիոակտիվ աերոզոլների արտանետումը մթնոլորտ նվազեցնելը: ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահ Անատոլի Ալեքսանդրովը խորհուրդ տվեց դուրս հանել և թաղել ռեակտորի մնացորդները: Սակայն այնտեղ ճառագայթման մակարդակը բարձր էր՝ հասնելով ժամում 1000 ռենտգենի: Լեգասովը, անհրաժեշտ հաշվարկները կատարելուց հետո, առաջարկեց այլընտրանքային տարբերակ՝ ուղղաթիռներից պայթած ռեակտորի գոտի նետել կապարի, բոր պարունակող նյութերի և դոլոմիտային կավի խառնուրդ:

Ինչն էլ արվեց. ուղղաթիռի օդաչուները նշված նյութերից ավելի քան 5000 տոննա նետեցին աղետի գոտի։ Լեգասովը, կրկին անտեսելով վտանգը (ռենտգենաչափը, որի առավելագույն սանդղակը ժամում 500 ռենտգեն էր, անընդհատ գերազանցում էր սանդղակը), օրական 5-6 անգամ ուղղաթիռով թռչում էր պայթյունի գոտու վրայով։ Նա լավ էր գիտակցում վտանգի աստիճանը, սակայն այլ կերպ անհնար էր գնահատել աղետի ծավալները։ Վտանգավոր ազդեցության գոտում ապրող մարդկանց նկատմամբ պատասխանատվության զգացումը ստիպում էր նրան անել ամեն անհրաժեշտ բան՝ հնարավորինս արագ ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Եվ հենց նա էր, որ համոզեց կառավարական հանձնաժողովի նախագահ Բորիս Շչերբինին, որ առաջին բանը, որ իրենք պետք է անեն առաջիկա 24 ժամվա ընթացքում, քաղաքացիական բնակչության տարհանելն է Պրիպյատից (փոքր քաղաք Չեռնոբիլի ատոմակայանի մոտ)։ Եվ դա արվեց շտապ կարգով. բոլոր մոտակա քաղաքներից ավտոբուսներ բերվեցին, և մարդիկ տարհանվեցին, ինչը փրկեց շատերի կյանքը։

Ինչո՞ւ Չեռնոբիլի վթարի մասին ԽՍՀՄ-ում հաղորդեցին միայն 1986 թվականի ապրիլի 30-ին

Այստեղ ամենից առաջ կցանկանայի հատկապես նշել ակադեմիկոս Լեգասովի դիրքորոշումը որևէ արտակարգ իրավիճակում հրապարակայնության հարցի վերաբերյալ, երբ հրապարակայնությունն օգնում է փրկել բազմաթիվ կյանքեր, մինչդեռ հրապարակայնության բացակայությունը հանգեցնում է լրացուցիչ վիթխարի կորուստների: Ակադեմիկոս Լեգասովի դուստրը՝ Ինգա Վալերևնան, մի անգամ պատմել է, թե ինչպես Վալերի Ալեքսանդրովիչի ու այն ժամանակվա երկրի ղեկավարության միջև վեճ է ծագել այս հարցի շուրջ, քանի որ նրանք համարում էին, որ տեղի ունեցածի մասին ճշմարիտ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, իսկ ակադեմիկոս Լեգասովը համոզված էր, որ անհրաժեշտ է լայնորեն տեղեկացնել հանրությանը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում, և ինչպես ճիշտ պահեն իրենց այս բարդ իրավիճակում: Եվ այն, ինչ տեղի ունեցավ վթարին հաջորդող օրերին, հաստատեց Լեգասովի ճշմարտացիությունը:

Բանն այն է, որ վթարի պահին հարավային քամի էր փչում, որը պայթած ռեակտորից արտանետված ռադիոակտիվ տարրերի ամպերը տանում էր դեպի հյուսիս, և միայն Շվեդիայի վրա նրանք բախվեցին անձրևային ամպերի, և երեկոյան շվեդական մոնիտորինգի ծառայությունները տագնապ հնչեցրին անհայտ տեղից եկած ռադիոակտիվ անձրևի մասին։ Դրանից արդեն մի քանի ժամ անց արտասահմանյան արբանյակների միջոցով պարզվեց, որ Կիևի մոտ գտնվող Չեռնոբիլի ատոմակայանում աղետ է տեղի ունեցել, և արտասահմանյան բոլոր զանգվածային լրատվամիջոցները հաղորդեցին այդ մասին։ Սակայն հաջորդող օրերին քամին փոխեց ուղղությունը և ռադիոակտիվ ամպերը ցրեց տարավ Արևմտյան ու Հարավային Եվրոպա, իսկ մայիսի առաջին տասնօրյակի վերջին ռադիոակտիվությունը տարավ դեպի արևելք՝ դեպի Մոսկվա։ Ես հիշում եմ, որ 1986 թվականի Հաղթանակի օրվա առավոտյան իմ տան հեռախոսի զանգը հնչեց, և իմ հանգուցյալ ընկերն ու գործընկերը՝ Մոսկվայի պետական ​​համալսարանի հայտնի ռադիոքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր Յուրի Ալեքսանդրովիչ Սապոժնիկովը, ասաց. «Նկատի ունեցիր, որ Մոսկվայում ուժեղ ռադիոակտիվ անձրև է գալիս, և այս իրավիճակում ավելի լավ է փողոց դուրս չգալ ու փակել բոլոր օդանցքները»։ Եվ ես այն ժամանակ զարմացա, որ զանգվածային լրատվամիջոցները մոսկվացիներին այդ մասին ոչինչ չհաղորդեցին ո՛չ մայիսի 9-ին, ո՛չ էլ հաջորդող օրերին։

Հենց այդ օրերին, քանի որ ես արդեն 11 տարի մասնագիտության բերումով զբաղվում էի էկոլոգիական անվտանգության խնդիրներով, ես կարողացա խորհրդածել, քննել և բազմաթիվ օրինակների միջոցով ձևակերպել «Երկրի քիմիական արբանյակներ» հայեցակարգը, երբ քիմիական նյութերը, այս կամ այն ​​կերպ ընկնելով մթնոլորտ, քամուց վեր են քշվում, որը դրանց տանում է Երկրի շուրջը մեծ ու փոքր հեռավորության վրա այնքան ժամանակ, մինչև որ հանդիպում են անձրևի կամ ձյան ամպերի և ընկնում են հողի կամ ծովի մակերևույթին։ Ավարտելով այս կարևոր թեման՝ պետք է նշեմ, որ վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, և ես հիշում եմ, թե ինչպես 2010 թվականի ամռանը, երբ Մոսկվայի մոտ մոլեգնում էին ուժեղ անտառային հրդեհները, և քամիները Մոսկվա էին տանում քաղցկեղածին «Երկրի քիմիական արբանյակների» ամպերը, հեռուստացույցի էկրանից լսեցի, թե ինչպես Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, ակադեմիկոս Գենադի Գրիգորևիչ Օնիշչենկոն համառորեն խորհուրդ էր տալիս մոսկվացիներին հնարավորության դեպքում փողոց դուրս չգալ և փակել բոլոր օդանցքները։ Այնուամենայնիվ, մինչև հիմա շատ պաշտոնյաներ, երբ լսում են փորձագետների նախազգուշացումները հանրությանը, ասում են. «Ինչո՞ւ եք դուք վախեցնում մարդկանց»։ Պատասխանը շատ պարզ է. «Իսկ դուք ուզո՞ւմ եք, որ նրանք հիվանդանան»։

Ակադեմիկոս Լեգասովի վերադարձը Մոսկվա վթարից հետո

Ակադեմիկոս Լեգասովին վթարից հետո առաջին անգամ Չեռնոբիլից Մոսկվա կանչեցին՝ մասնակցելու ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի 1986 թվականի մայիսի 5-ին հրավիրված հատուկ նիստին։ Նրա կինը՝ Մարգարիտա Միխայլովնան, հիշում էր, որ Վալերի Ալեքսեևիչը եկավ «նիհարած, ճաղատացած, «չեռնոբիլյան» բնորոշ արևայրուքով՝ մգացած դեմքով ու ձեռքի դաստակներով»։ Քաղբյուրոյի նիստում որոշում ընդունվեց հանձնաժողովի առաջին կազմի ամբողջական փոփոխության մասին՝ բացառությամբ ակադեմիկոս Լեգասովի, որը հենց նույն օրը վերադարձավ վթարի վայր։ Հաջորդ անգամ նա եկավ արդեն մայիսի 13-ին։ Ինգա Վալերևնան այդ ժամանակ պատմել է. «Նա շատ էր նիհարել, ձայնը խռպոտ էր, անընդհատ հազում էր, չէր կարողանում քնել, հայացքը մարած էր։ Չէր կարողանում ուտել։ Նա հասկանում էր ողբերգության ծավալները և Չեռնոբիլի աղետից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չէր մտածում։ Այս սարսափելի վթարից մի քանի տարի առաջ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի բաժանմունքի նիստում, երբ քննարկվում էին միջուկային ռեակտորների կառուցման հարցերը, հայրս առաջարկեց դրանց համար պաշտպանիչ ծածկոց պատրաստել։ Նրա առաջարկը լուրջ չընդունեցին։ Ասացին, թե իբր դու ինչ կապ ունես միջուկային ֆիզիկայի հետ։ Չեռնոբիլյան աղետից հետո նա հասկացավ, որ եթե այն ժամանակ հնարավորություն ունենար ապացուցելու իր ճշմարտացիությունը, ապա վթարի հետևանքներն այդքան ահավոր չէին լինի»։

Մինչդեռ պարգևատրման համար ներկայացվեցին նրանց ցուցակները, ովքեր մասնակցել էին վթարի հետևանքների վերացմանը: ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովն անձամբ ջնջեց Լեգասովի անունը՝ հղում անելով այն բանին, որ «այլ գիտնականներ խորհուրդ չեն տալիս»: Վալերի Ալեքսեևիչը Կուրչատովի ինստիտուտից էր, որտեղ նախագծվել էր Չեռնոբիլի RBMK-1000 ռեակտորը: Ոչ ոք նկատի չառավ այն փաստը, որ Լեգասովն այդ ժամանակ դեռևս չէր աշխատում ինստիտուտում:

«Չգիտես ինչու, կարծում են, որ հայրս նեղսրտել է, որ իրեն չեն պարգևատրել։ Բայց նա այդ առիթով ընդհանրապես չէր հուզվում, քանի որ փառասեր չէր,– պատմել է Ինգա Վալերևնան։– Նա գործի մարդ էր, գործողության ու արդյունքների մարդ։ Թեև նա ստացել է նաև կառավարական պարգևներ ու պետական ​​մրցանակներ, այդ թվում՝ պետական ​​և Լենինյան մրցանակներ»։

Համաշխարհային զանգվածային լրատվամիջոցներում ԱԷՄԳ-ին (МАГАТЭ –Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) ուղղված ակադեմիկոս Լեգասովի զեկույցներից հետո նշվում էին նրա հինգ կոնկրետ լուծումները, որոնցից յուրաքանչյուրը, հեղինակների կարծիքով, փրկել է միլիոնավոր մարդկանց կյանքն ու առողջությունը: Առանց այդ լուծումների մեր կյանքն այսօր, ակնհայտ է, ստույգ կերպով չէր լինի այնպիսին, ինչպիսին որ կա հիմա:

Թե ինչպես է նա անձամբ գտել այդ լուծումները, ակնառու կերպով շատերը տեսել  են Չեռնոբիլի աղետի մասին ամերիկյան ֆիլմում, որի հեղինակները հավաստիացնում են, որ ցուցադրված ամեն ինչ հիմնված է միմիայն փաստերի վրա՝ առավելագույնս մոտեցված իրականում տեղի ունեցածին: Սակայն հայրենական փորձագետները, անկասկած, ֆիլմում  գտան անհամապատասխանություններ: Այնուամենայնիվ, դժվար է չընդունել մարդկության համար ստորև բերված լուծումների նշանակությունը, որոնք իրականացվել են ակադեմիկոս Լեգասովի նախաձեռնությամբ:

Լուծում 1։ Ակադեմիկոս Լեգասովը ատոմակայանում գիշերային աղետի հաջորդ օրը իր ձեռքն ընկած կողմնակի զեկույցի տվյալներով ենթադրեց, որ ատոմակայանի ղեկավարությունը և ղեկավար պաշտոնյաները մոլորության մեջ են՝ համարելով, որ Չեռնոբիլում տեղի է ունեցել փոքր վթար, և որ ճառագայթման մակարդակը չի գերազանցում ժամում 3.6 ռենտգենը: Նրա հսկողությամբ անցկացված չափումները ցույց տվեցին, որ այդ պահին որոշ տեղերում ճառագայթման մակարդակը արդեն հասել էր ժամում 5000-10000 ռենտգենի: Այդ պատճառով Չեռնոբիլի իրավիճակի առնչությամբ Միխայիլ Գորբաչովի հետ առաջին խորհրդակցության ժամանակ Վալերի Ալեքսեևիչը հայտարարեց, որ վթարի գոտում ճառագայթման ֆոնն այնպիսին է, որ բոլոր նրանք, ովքեր հիմա այնտեղ են, պոտենցիալ մահվան ենթականեր են, և որպես ամենաարագ ու ամենաարդյունավետ լուծում՝ անհրաժեշտ է պայթած ռեակտորը ծածկել կապարի և բոր պարունակող նյութերի ավազով, ինչը, բարեբախտաբար, արվեց առաջին երկու օրվա ընթացքում: Արդյունքն ակնհայտ էր. ճառագայթումն այլևս չէր տարածվում քամու հետ, այսինքն՝ մեր երկրի հարյուր հազարավոր բնակիչների կյանքը փրկվեց:

Լուծում 2։ ԽՄԿԿ Կենտկոմի հաջորդ խորհրդակցությանը ակադեմիկոս Լեգասովը զեկուցեց, որ Կուրչատովի ինստիտուտի իր օգնականների հաշվարկներով նոր սպառնալիք է վրա հասնում. առաջացող ճառագայթային լավան տաքացնում է ջրով լի հսկայական ամանը, որի հետևանքով անխուսափելի է հզորագույն պայթյունը, որը կսպանի Կիևի, Մինսկի և Ուկրաինայի ու Բելառուսի այլ քաղաքների ու գյուղերի բնակիչներին, իսկ Լեհաստանի, Հունգարիայի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի և ԳԴՀ-ի մեծ մասի բնակիչները կտառապեն արագահաս մահով ծանր հիվանդություններից։ Վերոնշյալ հաշվարկները ցույց էին տալիս, որ խորհրդակցության պահից մինչև պայթյունը մնացել է 48 ժամ, լավագույն դեպքում՝ 72 ժամ։ Առաջարկվող լուծումը պարզ էր. ուղարկել երեք մասնագետների՝ որպեսզի կյանքին վտանգ սպառնացող ջուրը դատարկեն այդ հսկայական ամանից։ Հերոսներ կարգեցին նրանց, և նրանք իսկապես հերոս դարձան մեզ համար. հասցրին ջուրը ժամանակին դատարկել և երկրորդ անգամ փրկեցին հարյուր հազարավոր բնակիչների կյանքը։

Լուծում 3։ Ակադեմիկոս Լեգասովի և նրա թիմի նոր հաշվարկները ցույց տվեցին, որ ռադիոակտիվ լավան աստիճանաբար կքայքայի 4-րդ էներգաբլոկի հիմքը, ինչը կարող է հանգեցնել տխուր հետևանքների: Մասնավորապես, այն բանից հետո, երբ այն վերջնականապես քայքայվի, իսկ դա տեղի կունենա մեկուկես ամսվա ընթացքում, ճառագայթման հսկայական չափաքանակներ կընկնեն գետնաջրերի (ստորգետնյա ջրեր) մեջ, դրանց հետ՝ Պրիպյատ գետ, այնտեղից՝ Դնեպր, ապա՝ Սև ծով: Եթե դա տեղի ունենար, ապա Ուկրաինայում բոլոր ջրերը, որոնք միախառնված են փոքր գետակներին, կվարակվեին, և առաջիկա հարյուր տարիների ընթացքում հանրապետության բնակիչների համար ջուրը պետք է միայն ներմուծվեր, ընդ որում, ոչ միայն խմելու համար, այլև բազմաթիվ գյուղական տնտեսությունների ոռոգման համար: Սև ծովում լողալու մասին պետք է մոռանային ընդմիշտ։ Սրա հետ մեկտեղ արժե հիշել նաև Բոսֆորի նեղուցի մասին, որով Սև ծովի ջուրը հոսում է Միջերկրական ծով, իսկ այնտեղից՝ օվկիանոսներ:

Ակադեմիկոս Լեգասովի լուծումը հետևյալն էր. հիմքի տակ փորել 150 մետր երկարությամբ հսկայական խուց և այն լիքը լցնել հեղուկ ազոտով, որը կսառեցնի լավան և թույլ չի տա քայքայվի հիմքը: Սակայն դրա համար անհրաժեշտ էր Խորհրդային Միությունում արտադրվող հեղուկ ազոտի զգալի քանակություն: Հերոսներ կրկին գտնվեցին, որոնք նույնպես, ինչպես և 2-րդ լուծման իրականացման դեպքում, իսկական հերոսներ էին և, իմանալով բոլոր հնարավոր հետևանքների մասին, նրանք փորեցին այդ հողե խուցը 50 աստիճան ջերմաստիճանի մեջ. հենց այդքան էր ճառագայթային զանգվածի և ռեակտորի հիմքի տակ եղած ջերմաստիճանը: Նրանք մերկ էին փորում և հաղթահարելով ավարտեցին մի ամսվա ընթացքում: Ճառագայթումը չընկավ գետնաջրերի մեջ. Ուկրաինան փրկվեց:

Լուծում 4։ Վթարի առաջին օրվանից ակադեմիկոս Լեգասովը խոսեց մոտակա բնակավայրերից, առաջին հերթին՝ Պրիպյատից բոլոր մարդկանց անհապաղ տարհանման անհրաժեշտության մասին: Պաշտոնյաները սկզբում հակառակվեցին, բայց տեսնելով, որ մարդկանց առողջությունը օրեցօր վատանում է, ստիպված եղան համաձայնվել Վալերի Ալեքսեևիչի՝ Պրիպյատի բնակիչներին, իսկ մի քանի օր անց՝ նաև 30-կիլոմետրանոց գոտու բոլոր բնակիչներին տարհանելու պահանջին: Այսպիսով, փրկվեց Հյուսիսային Ուկրաինայի և հարավարևելյան Բելառուսի տասնյակ հազարավոր բնակիչների կյանքը:

Լուծում 5։ Ակադեմիկոս Լեգասովի՝ մեր երկրի համար մեկ այլ կարևոր լուծում, որին բարձրաստիճան պաշտոնյաները դեմ արտահայտվեցին, Վիեննայում ԱԷՄԳ-ին նրա զեկույցն էր այն մասին, որ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը ամենևին պատահականություն չէր, այլ այս տեսակի ռեակտորներ ստեղծողների սկզբունքային սխալի արդյունքը, որոնցում գործողությունների որոշակի ալգորիթմի դեպքում կառավարման վահանակում առաջացել է անդառնալի ռեակցիա, որը հանգեցրել է ռեակտորի պայթյունի: Ակադեմիկոս Լեգասովը ցույց տվեց, թե ինչպես է դա տեղի ունենում որոշակի ֆիզիկա-տեխնոլոգիական գործողություններում, և կոչ արեց, որ երկրի բոլոր ատոմակայաններում հնարավորինս արագ վերասարքավորեն գործողությունների տեխնոլոգիական շղթաները՝ վերացնելով պայթյունի պոտենցիալ հնարավորությունը: Եվ սա նույնպես արվեց, թեև ոչ անմիջապես:

Բուժման կուրսից և հանգստից հետո ակադեմիկոս Լեգասովը վերադարձավ աշխատանքի, նաև՝ Մոսկվայի պետական ​​համալսարանում, և մասնավորապես, 1987 թվականի սեպտեմբերին մեր կազմակերպած Մոսկվայի պետական ​​համալսարանի Բաց էկոլոգիական համալսարանում կայուն զարգացման վերաբերյալ կրթական նախագծի շրջանակներում նա կարդաց հայտնի խորհրդային գիտնականների 18 դասախոսություններից մեկը։ Իսկ 1988 թվականի փետրվարին Վալերի Ալեքսեևիչը զանգահարեց ինձ և առաջարկեց դառնալ իր տեղակալը ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի պետական ​​կոմիտեի կայուն զարգացման գիտական ​​խորհրդում՝ պլանավորելով սկսել ԽՍՀՄ-ի մասնակցության նախապատրաստումը 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում նախատեսված ՄԱԿ-ի անվտանգության և զարգացման գագաթաժողովին։ Ցավոք սրտի, այս ծրագիրը չիրականացավ, քանի որ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի երկրորդ տարելիցի հաջորդ օրը ակադեմիկոս Լեգասովը հեռացավ կյանքից։ Կա՛մ դա Գորբաչովի և նրա շրջապատի անհարգալից վերաբերմունքի պատճառով էր (որոնք նույնիսկ նրա մահից հետո ժամանակ չհատկացրին բարձր գնահատելու նրա հերոսությունը և մեր երկրին ու համաշխարհային հանրությանը մատուցած ծառայությունները), կա՛մ նրա առողջության հետ կատարվածի պատճառով։ Չէ՞ որ նա Չեռնոբիլում ընդհանուր առմամբ անցկացրել է 60 օր. ոչ ոք, նրանից բացի, այնտեղ այդքան ժամանակ չի աշխատել: Վալերի Ալեքսեևիչը ստացել է թույլատրելի առավելագույն նորմայից չորս անգամ ավելի բարձր ճառագայթման դոզա: Եվ միայն Չեռնոբիլի վթարի 10-ամյա տարելիցի օրը ակադեմիկոս Լեգասովը հետմահու պարգևատրվեց Ռուսաստանի Դաշնության հերոսի աստղով: ՀԱՎԵ՜ՐԺ ՓԱՌՔ ՆՐԱՆ:

 

Վալերի Լեգասովը թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագի տեսարան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Խորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված