Մնացել են թունելում, իսկ վերջում՝ լույս չկա
ՎերլուծությունՀայաստանի ներքաղաքական դաշտը թեւակոխում է հերթական նախընտրական փուլ. քարոզարշավը փաստացի մեկնարկել է եւ ձեւավորվող պայքարի բովանդակությունը գնալով ավելի հստակ է դառնում։ Խնդիրը, ինչպես ցույց են տալիս վերջին հայտարարություններն ու դիրքավորումները, այլեւս չի վերաբերում միայն իշխանափոխության օրակարգին: Ընդդիմադիր դաշտում իրական մրցակցությունը տեղափոխվել է այլ հարթություն՝ ով է լինելու «ընդդիմության առաջնորդը»։ Եվ այս պայքարը գնալով ավելի շատ է հիշեցնում փակ տարածքում ընթացող մրցավազք, որտեղ բոլոր մասնակիցները մնացել են թունելում, իսկ վերջում՝ լույս չի երեւում։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը RTVI միջազգային հեռուստաալիքին հենց այս տրամաբանության մեջ է պետք դիտարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե սոցիոլոգիական տարբեր հարցումներով Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ տեղում Սամվել Կարապետյանն է եւ, ըստ այդմ, ընդդիմության առաջնորդը հենց նա է, Քոչարյանը կտրուկ անհամաձայնություն է հայտնել։ Նրա ձեւակերպմամբ՝ «ընդդիմության առաջնորդ» հասկացությունը քաղաքականապես սխալ է, քանի որ դաշտում կան մի քանի ուժեր, որոնք հավակնում են հաղթանակի։
Թեեւ ձեւական առումով այս դիտարկումը կարող է հնչել որպես բազմակարծության պաշտպանություն, իրականում այն բացահայտում է ընդդիմադիր դաշտի հիմնական խնդիրը՝ միասնականության բացակայությունը։ Քոչարյանն ինքն է փաստում, որ չկա այն գործիչը, ով կարող է միավորել բոլոր ընդդիմադիր ուժերին։ Այսինքն՝ չկա առաջնորդ, չկա կենտրոն, չկա համակարգված պայքար։ Մնում է միայն «սոցիոլոգիական առաջնորդության» մասին խոսելը, որը, իր իսկ բնորոշմամբ, հաճախ դառնում է հանրային կարծիքի վրա ազդելու գործիք, այլ ոչ թե իրական քաղաքական կշռի արտացոլում։
Սակայն այստեղ առաջանում է առավել կարեւոր հարցը՝ եթե Քոչարյանը մերժում է «ընդդիմության առաջնորդ» ձեւակերպումը, ապա ինքն ի՞նչ է առաջարկում՝ այդ դաշտում առաջինը լինելու, առավել եւս՝ իշխանության հավակնելու համար։ Պատասխանը, ցավոք, նույնքան մշուշոտ է, որքան ամբողջ ընդդիմադիր օրակարգը։
ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Ռոբերտ Քոչարյանի քարոզչական հիմնական ուղերձը շարունակում է կառուցվել անցյալի նոստալգիկ ձեւաչափի վրա՝ «իմ օրոք լավ էր»։ Վերջին օրինակը՝ Սեւան-Դիլիջան թունելի մոտ կազմակերպված ցուցադրական այցն է, որտեղ հայտարարվեց, թե այն շահագործման է հանձնվել 2004 թվականին՝ առանց պետական պարտքը ավելացնելու։ Սակայն այս պատմության մեջ, ինչպես հաճախ է լինում, ամենակարեւորը մնում է կուլիսներում։
Սեւան-Դիլիջան թունելի շինարարությունը սկսվել է դեռեւս 1970 թվականին՝ խորհրդային շրջանում, եւ ընդհատվել 1992-ին՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Այն վերակենդանացվել է արդեն 2000-ականներին՝ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ, որը հատկացրել է միլիոնավոր դոլարներ։ Այսինքն՝ Քոչարյանի իշխանության տարիներին իրականացված աշխատանքները, որքան էլ կարեւոր, ավելի շուտ ավարտական բնույթ են կրել։ Բայց նախընտրական քարոզչության տրամաբանությունը պահանջում է ամբողջ հաջողությունը վերագրել մեկ անձի՝ շրջանցելով թե՛ խորհրդային ժառանգությունը, թե՛ բարեգործական ներդրումները։
Այս մոտեցումը պատահական չէ. այն բնորոշ է մի քաղաքական մշակույթի, որտեղ անցյալը ներկայացվում է որպես անբեկանելի ձեռքբերումների շարք, իսկ ներկան ու ապագան մնում են առանց հստակ առաջարկների։
Ավելին, Քոչարյանի քաղաքական գործունեության վերջին տարիները նույնպես դժվար է ներկայացնել որպես ակտիվ ընդդիմադիր պայքարի օրինակ։ «Հայաստան» դաշինքը խորհրդարան մտավ այն հայտարարությամբ, թե պետք է համատեղել խորհրդարանական գործունեությունն ու փողոցային պայքարը։ Սակայն իրականում փողոցային շարժումները մարեցին, իսկ մանդատները պահպանվեցին։ Չեղավ նաեւ որեւէ լուրջ փորձ իշխանությանը անվստահություն հայտնելու կամ քաղաքական ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ։ Նույն պատկերն էր նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ նախկին նախագահի ազդեցությունը նույնիսկ Արցախում չդրսեւորվեց այն մակարդակով, ինչպիսին նա, հավանաբար, ակնկալում էր։
Այս ամենի ֆոնին ընդդիմադիր դաշտում ձեւավորվում է պարադոքսալ իրավիճակ. բոլորը հայտարարում են մեկ նպատակի մասին՝ ազատվել գործող իշխանությունից, բայց իրականում պայքարում են միմյանց դեմ՝ առաջնորդի կարգավիճակի համար։ Եվ քանի դեռ այս հակասությունը չի հաղթահարվել, որեւէ միասնական ռազմավարության մասին խոսելը պարզապես անիմաստ է։
Նախընտրական քարոզարշավը, ըստ էության, արդեն սկսված է։ Բայց այն, ինչ տեսնում ենք, ավելի շատ հիշեցնում է մրցակցություն փակ թունելում. շատ աղմուկ, շատ հավակնություններ, բայց առանց հստակ ուղղության։
ՆԻԿՈԼՆ ԸՆՏՐՈՒՄ Է ԱՄԵՆԱՀԻՆ ՄԵԹՈԴԸ՝ «ՀԱՑ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ»
Իշխանության վիճակն էլ հեռու է կայուն ու վերահսկելի լինելուց։ Եթե ընդդիմադիր դաշտում պայքարը վերածվել է «ով կլինի առաջնորդ» մրցավազքի, ապա իշխանությունն իր հերթին հայտնվել է հանրային վստահության լուրջ ճգնաժամի մեջ՝ փորձելով այն քողարկել արհեստական օրակարգերով եւ ցուցադրական միջոցառումներով։
Վերջին շաբաթների ամենախոսուն դրվագներից մեկը «Քաղաքացու օրն» էր՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած տոնը, որը պետք է դառնար «ժողովրդավարության հաղթանակի» խորհրդանիշ։ Սակայն իրականում այն վերածվեց իշխանության եւ հասարակության միջեւ առկա ճեղքի ցուցադրության։ Կազմակերպված խորովածային միջոցառումները, համերգն ու «տոնական» մթնոլորտը ավելի շատ հիշեցնում էին ոչ թե համազգային համախմբում, այլ վարչական ռեսուրսով ապահովված միջոցառում։
Եվ ամենակարեւորը՝ այդ «տոնն» ամենեւին էլ անվճար չէր։ Այս խորովածային խրախճանքը տեղի էր ունենում սոցիալ-տնտեսական խնդիրներով ծանրաբեռնված հասարակության ֆոնին, որտեղ հազարավոր քաղաքացիներ շարունակում են բախվել գնաճի, աշխատավարձերի անբավարարության եւ սոցիալական անարդարության խնդիրներին։ Ստացվում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունը, փոխարենը լուծելու համակարգային խնդիրները, ընտրում է ամենահին եւ ամենապարզ մեթոդը՝ «հաց եւ տեսարաններ»։
Այս մոտեցումը, ի դեպ, նոր չէ։ Տարբեր վերլուծաբաններ վաղուց են արձանագրում, որ գործող իշխանությունը գնալով ավելի հաճախ է դիմում սիմվոլիկ, բայց դատարկ բովանդակությամբ նախաձեռնությունների՝ հանրային դժգոհությունը մեղմելու համար։ «Քաղաքացու օրը» հենց այդ շարքի ամենավառ օրինակներից է. արտաքին փաթեթավորում՝ առանց իրական քաղաքական բովանդակության։
Բայց այստեղ առաջանում է ավելի խորքային հարց․ արդյո՞ք նման միջոցառումներով հնարավոր է վերականգնել այն վստահությունը, որը տարիների ընթացքում աստիճանաբար մաշվել է։ Փորձը ցույց է տալիս՝ ոչ։ Քաղաքացին, որքան էլ մասնակցի նման միջոցառումներին, շատ լավ տարբերում է իրական փոփոխությունը ձեւական շոուից։ Եվ երբ սոցիալական իրականությունը հակասում է տոնական բեմադրությանը, այդ հակասությունը միայն խորացնում է անվստահությունը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
