ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս ԱՏՐՃԱՆԱԿՈՎ ԶԻՆՎԱԾ ՄԵԿԸ ՀԱՍԱՎ ԴԱՀԼԻՃԻՆ, ՈՐՏԵՂ ԱՄՆ ՈՂՋ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
ՄիջազգայինԹրամփը, եթե իր խոսքին հավատանք, խորապես զղջացել է նախագահ դառնալու համար: «Ոչ ոք ինձ չի ասել, որ այս աշխատանքն այդքան վտանգավոր է։ Եթե Մարկոն (Ռուբիոն) ինձ ասեր, գուցե ընդհանրապես չառաջադրվեի»,- բողոքում է նա: Բայց չէ, երեւի սա հերթական ինքնագովազդն է, թե տեսեք, անգամ այս ծանրագույն պայմաններում աշխատում եմ եւ «Ամերիկան նորից մեծ» դարձնում: Հակառակ դեպքում ի՞նչ է նրան խանգարում հրաժարական տալ եւ հեռանալ: Կամ արդեն մեկ անգամ նախագահ եղել է, Ռուբիո՞ն պետք է նրան պատմեր, թե դա ինչ աշխատանք է:
ԻՐՈ՞Ք ՆՊԱՏԱԿԸ ԹՐԱՄՓԻՆ ՍՊԱՆԵԼՆ ԷՐ
Ամեն դեպքում, առաջին հայացքից Թրամփի գործն իրոք վտանգավոր է. համատարած մահափորձերի շարան, որից նա «աչք չի բացում»: Մյուս կողմից էլ, կարելի է միայն մեկ դեպք հիշել, որ Թրամփին ռեալ վտանգ էր սպառնում, այն էլ` նախընտրական ժամանակներում, երբ նա նոր միայն պետք է վերընտրվեր: Դրանից հետո մի քանի «մահափորձեր» եղան, միայն թե «մահափորձ» է ներկայացվում, երբ անգամ մեկին բռնում են Թրամփից մի քանի փողոց այն կողմ` «դանակը գրպանում»: Ընդ որում, կարելի է նաեւ ասել, որ «մահափորձերի» հարցով Թրամփի բախտը ինչ-որ տեղ բերում է. լուրջ փաստեր չկան, էլ չասած, որ հերթական դեպքը տեղի է ունենում հենց այն պահին, երբ Թրամփը նման մի աղմկոտ պատմության կարիք շատ է ունենում: Այս տեսանկյունից, վերջին դեպքը` «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցի կրակոցների պատմությունն առավել քան ժամանակին էր. նախօրեին հայտնի դարձավ, որ, ըստ վիճակագրության, ԱՄՆ բնակչության 55 տոկոսից ավելին կողմ է Թրամփի իմպիչմենտին, ու այս պատմությունը կարող է դա փոխել: Բայց մյուս կողմից էլ, այս դեպքը մյուսներից ավելի լուրջ էր. հրաձիգին հաջողվեց հասնել այն դահլիճի դռներին, որտեղ Թրամփն էր, եւ կրակոցներ արձակել: Չնայած, այս պատմության հետ կապված այնքան հետաքրքիր հարցադրումներ են ի հայտ եկել, որ առաջնորդվել միայն «վարկանիշը բարձրացնելու համար սարքովի մահափորձ» վարկածով, այստեղ դժվար է առաջ գնալ: Բայց նախ հիշենք տեղի ունեցածը:
Տեղի ունեցածը նկարագրող տվյալները բավական է իրար կողք շարել, որ այդ բոլոր տարօրինակությունները միանգամից ի հայտ գան: Այսպես, ըստ նկարագրությունների, Թրամփի հերթական «մահափորձը» զարգացել է այս սցենարով: Կրակոցները տեղի են ունեցել «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցի պարահանդեսային դահլիճի մուտքի մոտ, երբ միջոցառումը դեռ նոր էր մեկնարկել: Այնտեղ անվտանգության վերջին գոտին էր։ Այսինքն, հրաձիգը կարողացել է անցնել անվտանգության մյուս գոտիները եւ հասնել պարահանդեսային դահլիճ, որտեղ ներկա էին մոտ 2500 հյուրեր, ԱՄՆ նախագահը եւ շատ այլ բարձրաստիճան ղեկավարներ: Ընդ որում, հրաձգողը ունեցել է ոչ շատ լուրջ զինանոց` որսորդական հրացան, ատրճանակ եւ մի քանի դանակ եւ, մինչ դահլիճին հասնելը, զենք չի գործադրել: Իսկ դահլիճի մոտ արձակել է չորսից ութ կրակոց եւ թեթեւ վիրավորել գաղտնի ծառայության աշխատակցին, որից հետո նրան չեզոքացրել են: Հետաքննության նախնական տվյալներով՝ նա գործել է մենակ։
Մի փոքր անց ԱՄՆ նախագահը հրապարակեց կրակոցների պահը պատկերող տեսանյութը` հայտնելով, որ հրաձիգը «կալիֆոռնիացի խուլիգան» է՝ 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենը։ Իրականում այդ «խուլիգանը» ուսուցիչ է:
Այսինքն, միանգամից առաջ է գալիս պարզագույն հարց. իսկ ինչպե՞ս է հրացանով եւ ատրճանակով զինված անձը կարողացել առանց կրակոց արձակելու ճեղքել անվտանգության նախնական գոտիներն ու հասնել ԱՄՆ նախագահի գտնվելու վայրին: Ասում են, թե նա այդ հյուրանոցում էր տեղավորվել, կարող էր դրանից օգտվել: Բայց նա պետք է տեղեկացված լիներ այդ միջոցառման մասին, ուսումնասիրեր տարածքը, պարզեր անվտանգության գոտիները, մշակեր դրանք անցնելու ռեալ պլան եւ այլն: Ընդ որում, այդ տեղեկության զգալի մասը հույժ գաղտնի է, քանի որ վերաբերում է ԱՄՆ նախագահի անվտանգությանը: Ընդ որում, Քոուլը սովորական ուսուցի՞չ էր, թե՞ սուպերդիվերսանտ: Ու եթե ոչ երկրորդը, ապա միայնակ, առանց կողմնակի պլանավորման եւ այլ բնույթի օժանդակության, նա դահլիճին հասնելու զրոյական շանսեր կունենար: Ընդ որում, եթե անգամ կար կողմնակի պլանավորում, ապա շանսերը, որ ուսուցիչը հաջողությամբ կավարտեր հարձակումը, զրոյական էր: Նա կարող էր լավագույն դեպքում Թրամփի ուղղությամբ արձակել մեկ-երկու կրակոց, որից հետո կլիկվիդացներ: Մինչդեռ հետո տարածվեց հարձակումից րոպեներ առաջ նրա կողմից տարածված «մանիֆեստը», ըստ որի, պետք է սպաներ ոչ միայն Թրամփին, այլ ԱՄՆ մյուս բոլոր բարձրաստիճան ղեկավարներին: Տարօրինակ բացառությամբ` բացի ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելից: Այսինքն, մեծ հեռավորությունից պետք է արձակեր տասնյակ կրակոցներ եւ բացառիկ դիպուկությամբ: Մի խոսքով, բավականին ախմախ ծրագիր էր, թեեւ կարելի է նաեւ մտածել, որ իրական ծրագրողների իրական նպատակները ոչ թե Թրամփի եւ այլոց լիկվիդացիան էր, այլ բոլորովին այլ բան, անկախ այն բանից, թե ուսուցիչն իրականում ինչի էր հավատում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՊԻՏ ՁԱԽՈՂՈ՞ՒՄ, ԹԵ՞…
Ու այստեղ գալիս ենք հաջոդ տարօրինակությանը: Որքան որ միանշանակ ձախողման էր ենթակա հարձակումը, նույնքան էլ միանշանակ ձախողվեց պաշտպանությունը` անվտանգության համակարգը: Նախ, հազիվ էին կրակոցները հնչել, որ, ինչպես հաստատում են տեղում արված կադրերը, անվտանգության աշխատողները շատ արագ կարողացան էվակուացնել փոխնախագահ Վենսին: Մինչդեռ, երբ արդեն Վենսը հասցրել էր դուրս գալ դահլիճից, քիչ հեռվում նստած Թրամփի շուրջ դեռ խմբված էին անվտանգության աշխատակիցները: Մի կերպ հեռացնում են, ու դա հերիք չէ, դեռ թողնում են, որ նախագահը սայթաքի եւ ընկնի: Հետո բարձրացնում եւ դահլիճից դուրս են հանում` Վենսի հեռանալուց մոտ 20 վայրկյան անց: Նման իրավիճակում 20 վայրկյանը դա հսկայական մեծություն է: Այդ ժամանակահատվածում հնարավոր էր մի քանի հարյուր կրակոց կամ մի քանի շարժական հրթիռ արձակել նախագահի ուղղությամբ: Ուրեմն, այդ ուշացման պատճառն իրո՞ք ձախողումն էր: Թրամփը փորձեց արդարացնել, թե նա դիտավորյալ հետաձգել է իր տարհանումը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Սակայն անգամ դա Թրամփի «ախրանային» չի արդարացնում: Նրանք ունեն հատուկ լիզորություններ` առավելագույն արագությամբ եւ օպտիմալությամբ ապահովել նախագահի անվտանգությունը եւ անգամ նրա չնպաստող գործողությունները հաշվի չառնելով: Իսկ այս դեպքում հատուկ ծառայությունների ամենամեծ ձախողումն այն էր, որ նրանք թույլ տվեցին, որ նախագահը սայթաքի եւ ընկնի, որը ոչ մի «հետաքրքրությամբ» չես արդարացնի: Դրա պատճառով կորցրին մոտ 10 վայրկյան, որը կարող էր մահացու լինել նախագահի համար:
Իսկ ահա The Washington Post-ը անվտանգության շատ ավելի լուրջ փաստեր է նկարագրում: «Թրամփի վարչակազմը Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի համար ապահովել է ավելի ցածր անվտանգության մակարդակ, քան բարձրաստիճան պաշտոնյաների այլ հանդիպումների ժամանակ: Չնայած, որ միջոցառմանը ներկա էին նախագահը եւ կաբինետի բազմաթիվ անդամներ»,- նշում է աղբյուրը։ Այսինքն, «Washington Hilton» հյուրանոցը չի դասակարգվել որպես «հատուկ նշանակության» միջոցառման վայր, ինչը պարտադիր է` «Երբ այդքան շատ պաշտոնյաներ հավաքվում են մեկ վայրում»: Դա որեւէ մեկի քմահաճույքից կախված չէ, այլ սահմանված հստակ նորմատիվներ կան` «Ազգային անվտանգության հատուկ միջոցառում» անվամբ: Ու այդ դեպքում պետք է կիրառվեին «ֆեդերալ բոլոր ռեսուրսները»: Վերջին հաշվով, խոսքը ոչ թե կոնկրետ անձանց, այլ` ազգային անվտանգության մասին է: Մեկ վայրում հավաքված էր ԱՄՆ-ի գործնականում ողջ ղեկավարությունը` նախագահը, փոխնախագահը, Կոնգրեսի մեծամասնության ղեկավարը, պետքարտուղարը եւ այդպես շարունակ: Այսինքն, այն բոլոր պաշտոնյաները, որոնք հերթականությամբ պետք է փոխարինեին նախագահին, եթե նրա եւ նրա հերթական փոխարինողի հետ ինչ-որ բան կատարվեր: Ու ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե հարձակումը հաջողվեր, ապա պետությունը փաստացի գլխատվելու էր: Այսինքն` անվտանգության համակարգը, դատելով The Washington Post- ի այս տվյալներից, ոչ թե վատ աշխատեց, այլ ի սկզբանե էր դրված «վատ աշխատանք» ռեժիմի վրա: Չնայած, սա ակնհայտ էր ի սկզբանե. եթե ատրճանակով եւ հրացանով զինված մեկը կարողանում է հասնել այն դահլիճի մուտքին, որտեղ գտնվում էր պետության ողջ ղեկավարությունը, դա արդեն նույն բանն է ցույց տալիս:
Ընդ որում` այն դեպքում, երբ երկիրը փաստացի պատերազմի մեջ է, ԱՄՆ-ն լիկվիդացրել է այլ պետության առաջնորդների, եւ տրամաբանական կլիներ, որ անվտանգությունը մաքսիմումի հասցվեր` պատասխան հարվածի հնարավորությունից ելնելով: Այս դեպքում տեղի է ունեցել ուղիղ հակառակը, եւ պարզ հարց է` սա սովորական փնթիությո՞ւն էր, թե՞ դիտավորություն շատ կոնկրետ նպատակով: Ու եթե երկրորդը, ապա ո՞րն էր այդ նպատակը: Եթե Թրամփի համար վարկանիշի ապահովման համար բեմականացված մահափորձը, հանուն որի` անվտանգությունը թույլ է տվել, որ զինված անձը հասնի դահլիճին, որտեղ երկրի ողջ ղեկավարությունն էր, ապա դա ամենաքիչը ԱՄՆ նախագահի իմպիչմենթի եւս մեկ պատճառ է. պետության անվտանգությունը սարքել են քարոզչական գործիք: Բայց իր էքսցենտրիկությամբ հանդերձ, Թրամփը կգնա՞ր նման քայլի, հասկանալով, որ շատ լուրջ ուժեր կցանկանային նման վիճակից օգտվել: Իսկ եթե սա սովորական փնթիություն է անվտանգության համակարգում, կնշանակի, որ նա չափազանց խոցելի է եւ իզուր չի փոշմանել նախագահ դառնալու համար:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

