Նիկոլի ու Ալիեվի խաղերը չէ, որ վերջում որոշելու են մեր երկրի ապագան
ՄիջազգայինՆոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին։ Այս մասին հերթական անգամ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, ըստ նրա` «Եթե շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ: Եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ»: Իսկ դա, ըստ Նիկոլի, նշանակում է ընդունել Արեւմտյան Հայաստանի, ծովից ծով Հայաստանի մասին խոսույթը:
ՆԻԿՈԼԸ ԼՐԻՎ ԲԱՑ Է ԽԱՂՈՒՄ
Այսպիսով, ռազմավարությունը, որով Նիկոլը պատրաստվում է առաջ գնալ, եթե նորից հայտնվի Հայաստանի վարչապետի աթոռին, առավել քան հստակ է. պետք է ուրանալ այն ամենը, որը վերջին 100 տարիներին հայ ժողովրդի եւ պետականության հիմքն է հանդիսացել: Քաղաքական տերմինալոգիայով դա նշանակում է մեկ բան` թուրքական վեկտոր: Ընդ որում` ասել, թե այդ ուրացումներին գնալը, Նիկոլի ասած, «խաղաղությունը» դարձնում է հնարավոր, առավել քան միամիտ բան կլիներ: Նախ, որքան էլ որ Նիկոլը համառորեն խոսում է «խաղաղություն» տերմինից, մեկ է, նրա խոստացած «խաղաղության պայմանագիրը», որը պետք է դրվեր դրա տակ, չկա ու չկա: Այսինքն, եթե նա անցած ընտրություններում հենց այդ միտքն էր առաջնային դարձրել` «ինձ ընտրեք, որ խաղաղության հասնենք», ապա կառավարման իր այս շրջափուլում դա տեղի չունեցավ, չնայած այն բազում խոստում–ուրացումներին, որոնք նա տվեց թուրք–ազերիական տանդեմին: Այսինքն, չկա նաեւ այն երաշխիքը, որ Սահմանադրության մակարդակով ուրանալով մեր երկրի հարյուրամյա կուրսը, նրա ասած խաղաղությունը կլինի:
Առավել եւս, երբ սրան ենք միացնում թարմ փաստը: Այն է. Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի շեմին հայտնի դարձավ, որ Նիկոլի ազերի «խաղաղասեր գործընկերը» Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին: Այն, որ սա Արցախի հայկական արմատների լիովին ոչնչացնելու քաղաքականության դրվագներից է, երեւի երկրորդ կարծիք չլինի: Նաեւ, որ Արցախը մինչեւ վերջ մարսելու դեպքում, թուրք–ազերիական հայացքը լիովին շրջվելու է դեպի Սյունիք եւ ոչ միայն: Ու թե այդ իրավիճակում ինչ է նշանակում ներսից մեր արմատները վառելը, ինչի մասին գործնականում բացահայտ է խոսվում, երեւի անգամ մեկնաբանելու կարիք չկա:
Ահա այս ֆոնին, Փաշինյանը մեկ այլ կարեւոր հարցում եւս կոնկրետացում մտցրեց: Թե իր պատկերացմամբ, Հայաստանը որ դեպքում պաշտոնապես կդիմի Եվրամիությանը՝ Միության լիարժեք անդամ դառնալու հարցով: Հասկանալի է, այն դեպքում, եթե նրան հաջողվի վերարտադրվել: Երկար–բարակ եվրոպացիներին գովերգելով, նա հասավ այս մտքին. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչեւ այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ-ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց եւ կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ–ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո՝ Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու համար...»: Ընդ որում, նա այս անգամ հստակ ֆիքսեց, որ պարզ գիտակցում է` հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, թե՛ Եվրոպական միության անդամ, մի բան, որն առաջներում փորձում էին սղացնել «ե՛ւ–ե՛ւ» սխեմայի տակ, թե ինչ եք ասում, Ռուսաստանը մեր դարավոր բարեկամն է, մենք նրանից չենք հրաժարվում: Ու հիմա պարզ ասում է` լավ էլ կհրաժարվեն, եթե ԵՄ–ից մի թեթեւ «շվվացնեն»: «Բայց քանի դեռ Եվրոպական միության հետ մոտարկման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ եւ կզարգացնի առեւտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ»,- նշում է Նիկոլը: Սա արդեն անգամ «շուստրիություն» չէ, այլ Մոսկվային ձեռք առնելու պես մի բան է: Այս իմաստով. քանի դեռ այլ տեղ մեզ չեն կանչում, կմնանք ձեզ հետ, որ փող աշխատենք: Բայց իմացեք, հենց «շվվացնեն», կվազենք նրանց մոտ: Ու այստեղից շատ պարզ հարց է առաջանում` իսկ Մոսկվային պե՞տք է նման դաշնակից, որն անհամբեր «շվվացնելուն» է սպասում:
Էլ չասած հարցի մյուս կողմի մասին. իսկ այդ ո՞ր մի «եվրաչափանիշների» եւ «անհրաժեշտ բարեփոխումների» մասին է խոսում Նիկոլը: Այն նույն չափանիշների՞, որոնք այս պահին Եվրոպան է կամաց–կամաց սկսում համարել իր համար կործանարար: Օրինակ այն, որ Բրյուսելից պետք է հրամայեն` սրանից գազ մի գնիր, նրանից գնիր, եթե անգամ նա գազ չունի քեզ վաճառելու:
Այսպիսով, հանրագումարում Նիկոլը շատ հստակ ընդգծեց այն կուրսը, որը կունենանք նրա վերարտադրման դեպքում: Այն է` ազգային կուրսից հրաժարվելու, այն է` «վիլայեթացման» վատ քողարկված տարբերակ, դա համեմելով «դեպի Եվրոպա» կեղծ գաղափարների ներքո երկրի անվտանգության վերջին նշույլները վտանգի տակ դնելով: Այլ բան չես ասի, երբ խոսում են «եվրաարժեքների» մասին, աչքի առաջ ունենալով հարեւան Վրաստանի օրինակը, որին այդ նույն «եվրաարժեքների» ներքո պարտադրում էին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնել:
ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԱԼԻԵՎԸ
Ու նման իրավիճակը մեր երկրի համար էլ ավելի է ծանրանում, հաշվի առնելով այն միանգամայն պրագմատիկ կուրսը, որն այսօր իրականացնում է Ալիեւը:
Օրերս նա հերթական անգամ գովերգեց այն «պատմական առաջընթացը», որը ձեռք է բերվել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի ժամանակ: Ու անմիջապես էլ հերթական անգամ ֆիքսեց, որ այդ «առաջընթացը» լայն դուռ է բացում «Միջին միջանցքի» համար, որը, չմոռանանք, «Թյուրքական միջանցք» հասկացության «փաթեթավորումներից» մեկն է: Ընդ որում, եթե անգամ «Զանգեզուրի միջանցք» հասկացությունն այդտեղ փոխարինվում է «Թրամփի ուղիով», դա բան չի փոխում:
Ալիեւի այդ հայտարարությունը, չնայած, նոր բան չի պարունակում, բայց հենց դա է գլխավոր նորությունը: Այսինքն, ամեն դեպքում Հեյդարովիչը, անկախ այն տեղաշարժերից, որոնք տեղի են ունենում մեծ տարածաշրջանում, տեսանելի դիրքերում է պահում Արեւելք–Արեւմուտք կոմունիկացիոն սխեման, որը Իրանն ու Ռուսաստանը համարում են թշնամական: Բայց չնայած դրան, Ալիեւի մոտ նաեւ պարզ տեսանելի է զգուշավորությունը, ելնելով իրավիճակին արագորեն հարմարվելու անհրաժեշտությունից: Այսպես, այն պահին, երբ Նիկոլն արդեն միանշանակ է խոսում «դեպի Եվրոպա» սցենարի մասին, Ալիեւի մոտ իրավիճակին տրվող արձագանքը բոլորովին այլ դինամիկայով է: Մի կողմից, իրանական աղբյուրները խոսում են, որ Ադրբեջանը կարող է վերածվել Իրանի դեմ ցամաքային հարձակման պալցդարմի, ինչը հուշում է, որ այդ ուղղությամբ Ալիեւը որոշակի քայլեր իրականացնում է: Բայց դրան զուգահեռ էլ, ինչպես Politico-ն է պնդում` վկայակոչելով Պետդեպարտամենտին, իրանական պատերազմի արդյունքում. «Ադրբեջանում նախկինում զգալիորեն բարելավվող հարաբերությունները լավագույն դեպքում նույն հարթության վրա են եւ, կարծես, վատթարանում են»: Ու նշված դրվագները ոչ թե բացառություններ են, այլ օրինակներ, երբ մի ձեռքով Ալիեւն աշխատում է ամերիկյան ուղղության վրա, մյուսով` ռուս–ամերիկյան, դեռ չհաշված այն խորքային խաղերը, որոնք կան Իսրայելի եւ Թուրքիայի հետ կապված: Այսինքն, ո՞ր ուղղությամբ կզարգանա իրանական պատերազմը, Բաքուն մանեւրելու հնարավորությունները պահպանում է: Ու, թերեւս, անգամ համեմատել պետք չէ այն «քաղաքականության» հետ, որը վարում է Նիկոլը:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Չնայած, մեկ բան նույնն է ինչպես Նիկոլի, այնպես էլ` Ալիեւի մոտ: Երկուսն էլ ընդամենը իրավիճակին հետեւողների դիրքերում են, այսինքն` առավելագույնը, որին կարող են հասնել, նույնիսկ ոչ թե եղած ընդհանրական իրավիճակին համապատասխան դիրք ընտրելն է, այլ մեխանիկորեն այդ դիրքում հայտնվելը:
Ամեն դեպքում, ներկա պահին տարածաշրջանային իրողությունները ենթարկվել են մեկ էական տրանսֆորմացիայի. Իրանն ակնհայտորեն դարձել է պետություն, որի «կարմիր գծերը» հաշվի չառնել գործնականում չի կարողանում անգամ ԱՄՆ–ն: Ու չմոռանանք, որ իրանական «կարմիր գծերի» թվում է նաեւ «Զանգեզուրի միջանցքը», եթե անգամ այն անհաջող քողարկում են «Թրամփի ուղի» անվան տակ: Իհարկե, եթե Թրամփին հաջողվի անհնարին թվացողը` Իրանին ծնկի բերելը, կունենանք այլ պատկեր: Հիմա մյուս պատկերն է` Իրանը դառնում է համաշխարհային չորս հիմնական «հարց լուծողներից» մեկը` «Թրամփի ուղու» իր «հաստ կարմիր գծով» հանդերձ:
Արդյունքում, նորից ակնհայտ է մեկ փաստ. ո՞ւր կգնան իրանական եւ ուկրաինական պատերազմները, հենց դա է որոշելու մեր տարածաշրջանի եւ Հայաստանի ապագան, այլ ոչ թե Նիկոլի ու Ալիեւի խաղերը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
