Ընտանեկան երազանքից մինչև համայնքային կենտրոն
ՀասարակությունԻնչպես են ապրում հայկական դպրոցները Բրոննիցայում, Կոլոմնայում և Վոսկրեսենսկիում
Հեղինակ՝ Աննա Վլադիսլավսկայա
Մենք շարունակում ենք մեր պատմությունը Մոսկվայի մարզի հայ համայնքի դպրոցների մասին և այժմ ուշադրություն դարձնենք մերձմոսկովյան հարավ-արևելքին։ Բրոննիցայի, Կոլոմնայի և Վոսկրեսենսկիի կրթական կենտրոններն ունեն ծագման տարբեր պատմություններ. որոշները ծնվել են համայնքային նախագծերից, մյուսները ընտանեկան երազանքի մարմնացում են, իսկ երրորդները պահպանվում են ուսուցչի խանդավառության շնորհիվ։ Սակայն բոլորի առաքելությունն էլ նույնն է՝ պահպանել ազգային ինքնությունը, ստեղծել մի տարածք, որտեղ երեխաները կարող են իրենց զգալ որպես հայկական մեծ ընտանիքի մաս, սովորել մայրենի լեզուն և, որ ամենակարևորն է, գտնել ընկերների, որոնց հետ կարող են հաղորդակցվել իրենց մշակութային արժեքներով։
Լրացուցիչ կրթության «Տուն» կենտրոնը Բրոննիցայում
Բրոննիցայի կրթական կենտրոնի համար այս տարին խորհրդանշական է։ Մարտին լրացավ դպրոցի հինգամյակը։ Այս «հնգամյակի» ընթացքում նախագիծը անցել է բազմաթիվ փորձությունների միջով, որոնցից գլխավորը միշտ եղել է բնակարանային հարցը։
Քաղաքում երկար ժամանակ գործում էր կիրակնօրյա դպրոցը, որը տեղի հայերի համար ձգողության վայր էր, սակայն անցյալ ամռանը ստիպված եղան այն փակել տարածքի բացակայության պատճառով։ Թվում էր, թե կրթական գործընթացը ընդհատվել է, բայց ճգնաժամը դարձավ աճի հենման կետ։
Հոկտեմբերին Լազարյան հիմնադրամի աջակցությամբ քաղաքում բացվեց լրացուցիչ կրթության նոր՝ «Տուն» կենտրոնը։ Կենտրոնի ոգեշնչողն ու ղեկավարը դարձավ Սիրարփի Հարոյանը։
Նրա խոսքով՝ սեփական տարածք ունենալը հնարավորություն տվեց ընդլայնելու դասացուցակը և չսահմանափակվելու կիրակի օրերով։ «Այնպես եղավ, որ մենք սկսեցինք ոչ թե զրոյից, այլ անցյալ տարիների հիմքի վրա կառուցեցինք ներկան»,– նշում է կենտրոնի տնօրենը։ Կայունությունը թույլ տվեց ոչ թե գոյատևել, այլ պլանավորել զարգացումը։ Այժմ «Տուն» կենտրոնի դռները բաց են բոլոր ցանկացողների համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Խմբերը ճկուն կերպով են ձևավորվում՝ ոչ միայն ըստ տարիքի, այլև ըստ լեզվի տիրապետման մակարդակի։
Այս ուսումնական տարում առանձին խումբ է բացվել նախադպրոցականների համար
Սա մի տեսակ «նախապատրաստական դասարան» է նախքան հայոց լեզվի մեջ խորանալը: Բացի դրանից, կենտրոնը ստանձնել է կարևոր սոցիալական առաքելություն. այստեղ օգնում են վերջերս Հայաստանից տեղափոխվածներին, որոնք հանրակրթական դպրոցներում դժվարանում են ռուսաց լեզվից: Ծրագրում ներառված են նաև երեխայի ընդհանուր զարգացման համար օգտակար կիրառական առարկաներ՝ նախապատրաստում դպրոցին, աշխատանք լոգոպեդի հետ, ռիթմիկա:
Այսօր կրթական գործընթացը նյութապես ապահովված է. Լազարյան հիմնադրամի շնորհիվ դպրոցը դասագրքերի ու ձեռնարկների պակաս չունի: Սակայն, ինչպես ընդգծում է Սիրարփի Հարոյանը, ուսուցչի և բարերարի աշխատանքը կիսով չափ կիրականացվի՝ առանց ծնողների հանդիպակաց գործողությունների:
Որպեսզի կենտրոնը լիարժեք կյանքով ապրի, անհրաժեշտ է ընտանիքների ակտիվությունը: Դպրոցը ձգտում է դուրս գալ դասարանի շրջանակներից. ծրագրված են մշակութային-կրթական միջոցառումներ արտերկրում, էքսկուրսիաներ և ուղևորություններ, որոնք կհամախմբեն համայնքին: Սրա համար պահանջվում է տեղական հոգաբարձուների աջակցությունը և, ամենից առաջ, ծնողների ներգրավվածությունը:
Ավելի մեծ նպատակների մասին Սիրարփի Հարոյանն այսպես է ասում. «Սկզբում մեր դպրոցը կոչվում էր «Հայրենատուն»՝ «հայրենի տուն»։ Մեր գլխավոր նպատակն է ժամանակի ընթացքում «Տունը» վերածել խոշոր մշակութային ու կրթական կենտրոնի, որտեղ հնարավոր կլինի զբաղվել հայկական երաժշտությամբ, պարով, գեղանկարչությամբ։ Ահա այդ ժամանակ մենք վստահորեն կասենք. «Այո՛, մենք ամեն ինչում հաջողության հասանք, և Բրոննիցա քաղաքում այժմ իսկական հայկական օջախ կա»։
Հայկական կիրակնօրյա «Հայաստան» դպրոցը Կոլոմնայում
Եթե Բրոննիցայում տեսնում ենք վերածննդի օրինակ հասարակական կազմակերպության հիմքի վրա, ապա Կոլոմնայում հայկական դպրոցի պատմությունը մասնավոր նախաձեռնության դեպք է, որը ծնվել է սեփական երեխաների և արմատների հանդեպ սիրուց։
«Հայաստան» հայկական կիրակնօրյա դպրոցը տարածաշրջանի ամենաերիտասարդ կրթական նախագծերից մեկն է։ Այն իր դռներն է բացել 2023 թվականի սեպտեմբերի 3-ին։ Հիմնադիրներն էին Գրետա և Սուրեն Սահակյանները՝ չորս երեխաների ծնողները, որոնք ծագումով Ստավրոպոլի երկրամասի Եդեսիա գյուղից էին։ Հետաքրքիր է, որ ամուսինները երբեք չեն եղել Հայաստանում, սակայն հենց պատմական հայրենիքից հեռու լինելը ուժեղացրեց ազգային ինքնությունը պահպանելու նրանց ցանկությունը։
Դպրոց ստեղծելու գաղափարը ծնվել է ներքին պահանջարկից։ Սուրեն Սահակյանը միշտ երազել է, որ իր երեխաները իմանան իրենց մայրենի լեզուն, սովորույթներն ու մշակույթը։ Ամուսինները հասկանում էին, որ անիմաստ է սպասել, մինչև ինչ-որ մեկը կկազմակերպի ուսումնական գործընթաց իրենց փոխարեն։ Այսպես ծնվեց որոշումը. «Մենք չենք փնտրի ուսուցիչների. մենք ամեն ինչ ինքներս կկազմակերպենք»։ Ինչպես խոստովանում է Գրետան, դժվարություններից չէին վախենում, քանի որ ընտանիքը սկզբից ևեթ հույսը դրել էր միայն սեփական ուժերի վրա։ Իրենց չորս երեխաների և ընկերների երեխաների համար ստեղծված նախագիծը արագորեն գերազանցեց տնային ուսուցման ձևաչափը։
Ընտանիքում լեզուն ու ավանդույթները հաճախ փոխանցվում են հատվածային ձևով՝ կենցաղային մակարդակով։ Իսկ դպրոցը, հիմնադիրների կարծիքով, ապահովում է անհրաժեշտ կառուցվածքը՝ այբուբենը, քերականությունը, Հայաստանի պատմությունը, գրականությունը և աշխարհագրությունը։ Հենց ակադեմիական մոտեցումն է թույլ տալիս մշակույթի ինտուիտիվ ըմբռնումը վերածել ամուր գիտելիքների։ Իր երեխաների օրինակով Գրետա Սահակյանը նշում է այն ուշագրավ կերպարանափոխությունը, որը տեղի է ունենում աշակերտների հետ, երբ նրանք ընկնում են լեզվական միջավայր.
«Երեխաները տանը, եթե կարելի է այսպես ասել, «հայեր էին ընտանիքում»։ Իսկ դպրոցում նրանք դարձան հասակակիցների համայնքի մի մասը։ Սուրբ Ծնունդի ու Վարդավառի միասին նշելը, ժողովրդական պարեր ու երգեր սովորելը ստեղծեցին ավելի մեծ ազգի պատկանելու հզոր զգացողություն։ Ընտանիքի անվան պասսիվ կրողներից և ընտանեկան պատմությունների ունկնդիրներից երեխաները վերածվեցին մշակութային կյանքի ակտիվ մասնակիցների։ Դպրոցը դարձավ այն կամուրջը, որը միացրեց տան ավանդույթների հարմարավետ աշխարհը հայոց պատմության և լեզվի մեծ աշխարհի հետ»։
Չնայած իր երիտասարդ լինելուն՝ «Հայաստան» դպրոցն ունի հավակնոտ ծրագրեր առաջիկա տարիների համար: Գլխավոր նպատակն է ընդլայնումը և նոր աշակերտների ներգրավումը: Սահակյան ամուսինները երազում են իրենց սաների համար կազմակերպել Հայաստան ուղևորություններ, անցկացնել վարպետության դասեր և սերտ կապեր հաստատել տարածաշրջանի այլ հայկական դպրոցների հետ: Հիմնադիրների համար, որոնք իրենք ևս երազում են տեսնել Արարատ լեռը, այս աշխարհի բացահայտումը իրենց երեխաների համար պատվի հարց է:
Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական դպրոցը Վոսկրեսենսկիում
Կոլոմնայի դպրոցի պատմությունը սերտորեն միահյուսված է մեր հաջորդ հերոսի հետ: Այս երկու կրթական հաստատությունները կապող թելը դարձավ Նուշիկ Հակոբյանը՝ Կոլոմնայի «Հայաստան» դպրոցի ուսուցչուհին և Վոսկրեսենսկիի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական դպրոցի հիմնադիրը:
Սեփական դպրոցը հիմնադրելու նրա ուղին ինքնաբուխ որոշում չէր։ Նուշիկը Կոլոմնայում սկսել է դասավանդել Վոսկրեսենսկիում իր նախագիծը բացելուց դեռևս շատ առաջ։ Այս ժամանակահատվածը դարձավ մասնագիտական աճի, իր սեփական մանկավարժական ձեռագիրը փնտրելու և սփյուռքում երեխաներին ճիշտ սովորեցնելու եղանակը ըմբռնելու շրջան։ Վոսկրեսենսկիում դպրոցի գաղափարը ձևավորվեց կուտակված փորձի և ներքին պահանջարկի հիման վրա. ցանկություն առաջացավ ստեղծելու մի տարածք, որտեղ հայոց լեզուն կլիներ ոչ թե պարզապես կրթական առարկա, այլ կենդանի կենսամիջավայր։ Կասկածներից ու ծնողների հետ երկար քննարկումներից հետո Նուշիկ Հակոբյանը մի օր հասկացավ. «Եթե ոչ հիմա, ապա երբեք», և այդպես գաղափարը վերածվեց գործողության։
Պարզվեց, որ հրավիրված մանկավարժի և դպրոցի հիմնադրի փորձը բոլորովին տարբեր էին, բայց հավասարապես արժեքավոր։ Եթե Կոլոմնան դարձավ համակարգում աշխատելու դպրոց, ապա Վոսկրեսենսկին պահանջում էր թիմ կառուցելու և իմաստ ստեղծելու ամբողջական պատասխանատվություն։
«Մեթոդաբանությունն ավելի հեշտ փոխանցելի էր, քան մթնոլորտը։ Մեթոդաբանությունը գործիքներն են, իսկ մթնոլորտը՝ մարդիկ։ Այն չի կարելի պատճենել. այն պետք է նորից ստեղծել։ Դրա հետ մեկտեղ աշակերտների կարիքները տարբեր քաղաքներում իսկապես տարբեր են. մի տեղ ակադեմիական արդյունքի պահանջարկ կա, մի ուրիշ տեղ ինքնության պահպանման և «իր շրջապատի» զգացողության։ Կարևոր է, որ դպրոցը ճկուն լինի և լսի հենց իր աշակերտներին ու ծնողներին, այլ ոչ թե աշխատի կաղապարով»։
Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ լինելը հսկայական աշխատանքային ծանրաբեռնվածություն է, որը պահանջում է անձնազոհություն: Սակայն, հիմնադրի խոսքով, հոգնածությունը նահանջում է աշակերտների արդյունքների առաջ:
«Էներգիայի հիմնական աղբյուրը երեխաներն են։ Նրանց հարցերը, նրանց ծիծաղը, նրանց հանկարծակի բացահատումները։ Երբ երեխան հանկարծ սկսում է խոսել մի լեզվով, որը մինչև վերջերս նրան օտար էր թվում, դա անհավանականորեն լիցքավորում է։ Էներգիայի մեծ աղբյուր է իմաստի զգացումը. դու հասկանում ես, որ ոչ միայն դաս ես սովորեցնում, այլև օգնում պահպանելու կապը արմատների, մշակույթի, ընտանիքի պատմության հետ»,– ասում է Նուշիկ Հակոբյանը։
Սակայն միայն ուսուցչի էներգիան բավարար չէ։ Հայրենիքից հեռու գտնվող ազգային դպրոցի կենսունակությունը ուղղակիորեն կախված է ծնողներից։ Վոսկրեսենսկիում հաջողվեց հեռանալ «մենք դասավանդում ենք, դուք վճարում եք» սպառողական մոդելից և անցնել գործընկերության ձևաչափի։ Սրտաբացության, համատեղ տոնակատարությունների և դժվարությունների անկեղծ քննարկումների միջոցով ձևավորվեց մի էկոհամակարգ, որտեղ ծնողները դիտորդներ չեն, այլ գործընթացի համահեղինակներ։ Միայն այս կերպ, լինելով համայնքի հավաքատեղի, կիրակնօրյա դպրոցը դադարում է ձևականություն լինելուց և դառնում իսկական տուն։
Լուսանկարների ցանկ.
- Սիրարփի Հարոյանը՝ լրացուցիչ կրթության «Տուն» կենտրոնի (Բրոննիցա) ղեկավարը, աշակերտների հետ
- Գրետա Սահակյանը (ձախից)՝ «Հայաստան» հայկական կիրակնօրյա դպրոցի հիմնադիրը (Կոլոմնա), աշակերտների հետ
- Նուշիկ Հակոբյանը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական դպրոցի հիմնադիրը (Վոսկրեսենսկի), աշակերտների հետ