Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Այս արտասովոր հայերը

Վերլուծություն

ՄԱՐԻՆԱ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԻՐԶՈՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾԸ

«ԶԱՐՄԱՑՆԵԼ» բառի իմաստը Վ. Ի. Դալի բառարանում (Սանկտ Պետերբուրգ, 1863–1866). «Զարմացնել մեկին, ապշեցնել, հիացնել, ստիպել զարմանալ... Զարմանալի, զարմանք առաջացնող, հրաշալի, տարօրինակ, արտասովոր կամ անսովոր, արտակարգ, զմայլելի, հիանալի, չտեսնված, ոչ սովորական, բացառիկ...»։

Եվ, վերջապես, «մարդ, որը ինչ-որ բանով սովորական չէ», այսինքն՝ մյուսներից շատ տարբերվող է, ականավոր է։

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ – 111

Երեք արտասովոր բանաստեղծներ

 

Երեք արտասովոր բանաստեղծներ՝ Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, և հինգ արտասովոր վրիժառուներ Ստեփան Ծաղիկյանը, Սողոմոն Թեհլիրյանը, Միսակ Թոռլաքյանը, Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը՝ մեր «Այս արտասովոր հայերը» նախագծի հերոսները, պատկանում են տարբեր դարաշրջանների։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը նշանակալի հետք է թողել պատմության մեջ։

 

1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ) սկսվեցին հայ մտավորականության ներկայացուցիչների ձերբակալություններն ու տեղահանությունները. հենց այս ամսաթիվը դարձավ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: 2015 թվականի ապրիլի 23-ին՝ 500 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) կատարեց սրբադասման արարողություն՝ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության զոհերին դասելով սուրբ նահատակների շարքին: Հայ առաքելական եկեղեցու պանթեոն մտան 1,5 միլիոն անմեղ զոհեր: 111 տարի շարունակ Թուրքիան հրաժարվում է ճանաչել իր տարածքում ապրող հայերի նպատակային ոչնչացման փաստը, և առավել ևս՝ ընդունել «ցեղասպանություն» տերմինը:

***

Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Ա. Հ. Խատիսյանի (1920 թվականից ապրել է Ֆրանսիայում՝ աքսորում) «Ռուսական հեղափոխությունը և Հայաստանի Հանրապետության կազմավորումը Կովկասում» (1917–1918) հուշագրությունից.

«1916 թվականի ամառն էր՝ սուր դրված էր հայ փախստականների հարցը... Տասնյակ հազարավորներով հեռանում էին Թուրքիայից... Ամառային շոգ էր։ Ես գնացի Երևան։ Սկսվեց տիֆ։ Մահանում էին հարյուրներով։ Ոչ ոք չկար նրանց թաղելու համար։ Ես գնացի Էջմիածին։ Ես չեմ մոռանա այն, ինչ տեսա այնտեղ։ Պուրակում՝ վանքի մոտ, լճակի մոտ հավաքված էին մինչև 15,000 փախստական. գրեթե բոլորը հիվանդ էին, մերկ. նրանք պառկած էին իրենց կղանքի մեջ։ Մեռնում էին, տնքում։ Բժիշկների մեջ էր Հայաստանի ապագա վարչապետ Համո Օհանջանյանը...

Մեկուկես ամսվա ընթացքում մահացավ 8000 մարդ դիզենտերիայից և խոլերայից։ Իսկ մոտերքում հանգիստ, վեհաշուք Արարատը կարծես խորհում էր։ Այսպես ալիք ալիքի հետևից փախստականներ էին հոսում Թուրքիայից։ Յուրաքանչյուր նահանջ իր հետ բերում էր տասնյակ հազարավոր մարդկանց։ Դեպի ռուսական սահմանը, դեռևս տերմին չկար, դեպի ռուսական Հայաստան էին գնում ու գնում։ Մենք արդեն գիտեինք կոտորածի սարսափների մասին։ Եվրոպայում դաժան պատերազմ էր ընթանում։ Կովկասում հավաքվել էին մինչև 350,000 փախստականներ՝ Թուրքիայից եկած հայեր»։

 

ՍԻԱՄԱՆԹՈ

(15.08.1878 – 08.1915)

Ատոմ Յարճանյանը, որն աշխարհին հայտնի է որպես բանաստեղծ Սիամանթո, ծնվել է կրթված վաճառականի ընտանիքում՝ Եփրատի աջ ափին գտնվող Ակն քաղաքում։ 1892 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս։

1897 թվականին Ատոմն արդեն Ժնևում էր, որտեղ սովորում էր տեղի քոլեջում, ապա՝ Սորբոնում (Փարիզ), շատ էր ճամփորդում Արևմտյան Եվրոպայի երկրներով։ 1909 թվականին՝ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի իշխանության գալուց մեկ տարի անց, Կոստանդնուպոլսում հրատարակվում է Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամես» բանաստեղծությունների ժողովածուն։

Պատկերավոր արտահայտություններով բանաստեղծը սգում էր իր «հայրենի տունը», որից մնացել էին միայն «բեկորներ» ու «ավերակներ» («Ափ մը մոխիր, հայրենի՛ տուն», ռուսերեն թարգմանությունը՝ Ալլա Տեր-Հակոբյանի).

«Ավա՜ղ, ապարանքի մը պես մեծ էիր և շքեղ,

Ու ես երդիքներուդ սպիտակ կատարեն,

Աստղածորան գիշերներու հույսին հետ,

Վարեն, ահեղավազ Եփրատին կունկնդրեի...։

Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի, որ ավերակ առ ավերակ,

Քու լայնանիստ պատերդ իրարու վրա կործանեցին,

Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արյունի...

Զքեզ եզերող պարտեզիդ ծաղկըներուն վրա։

Ու մոխրացա՜վ այն սենյակը կապույտ,

Որուն որմերուն ետև և գորգերուն վրա,

Իմ երջանիկ մանկությունս կը հրճվեր,

Եվ կյանքս կաճեր և հոգիս իր թևերը կառներ...»։

1915 թվականի ապրիլի 24-ին Սիամանթոն ձերբակալվեց օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում։ Նա իր մահը գտավ դեպի Եփրատի ափեր տանող տանջալից ճանապարհին։

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

(20.04.1884 – 26.08.1915)

Դանիել Վարուժան (Չպուգքյարյան), բանաստեղծ, գրական և հասարակական գործիչ։ Ծնվել է Բրգնիք գյուղում (Թուրքիա, Սեբաստիայի նահանգ)։ Կրթությունը ստացել  է Կոստանդնուպոլսի հայկական կրթական հաստատություններում, Վենետիկի Մխիթարյան վարժարանում և Գենտի համալսարանում (Բելգիա)։ 1909-1915 թթ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ «Սարսուռներ» (1906) և «Ցեղին սիրտը» (1909) բանաստեղծությունների ժողովածուներում, անհատի և ժողովրդի, արվեստի և իրականության, բանաստեղծի և նրան շրջապատող աշխարհի բարդ ու բազմազան փոխհարաբերությունները պատկերելուց բացի, հստակ նկարագրվում է տառապանքների հնոցով անցած ժողովրդի ողբերգությունը և բանաստեղծի անհանգստությունը նրա ապագայի համար։

Վարուժանի բանաստեղծական ապրումները արտացոլում են 1894–1896 թվականների արյունալի իրադարձությունների հիշողությունները, շոշափելի վտանգի զգացումը, ջարդարարների դեմ հանդիման հայտնված անպաշտպան ժողովրդի ողբերգական վիճակը։ Բանաստեղծի «Ջարդ»-ը սգո ողբ է, որը տարածվում է զնգուն լռության մեջ, հին ողբ, որը կրկնվում է դարից դար (ռուս. թարգմանությունը՝ Գ. Կուբատյանի).

«Լացե՛ք, լացե՛ք, ո՛վ հեգ Մայրե՛ր, հեգ հարսեր,

Աստղերե ա՛ստղ ձեր ողբանքը ձգած՝

Այսօր մեր սև հողին վրա

Սա մորթված Արշալույսները լացե՜ք...»։

1912 թվականին հրատարակելով իր լավագույն բանաստեղծական «Հեթանոսական երգեր» ժողովածուն՝ Վարուժանը  ընտանիքի հետ  տեղափոխվում է Կոստանդնուպոլիս...

***

Իրեն այցելության եկած ընկերներին ճանապարհելուց հետո Վարուժանը կեսգիշերին պատրաստվում էր քնել։ Այդ ժամանակ դուռը թակեցին...

Տարիներ անց բանաստեղծի այրին՝ Արաքսին, հիշում էր. «Վարուժանը կիսահագնված էր, ես գնացի դուռը բացելու... Մի փոքր բացելով՝ տեսա երեք մարդու։ Դուռը հրելով՝ նրանք ներս մտան՝ հարցնելով. «Որտե՞ղ է էֆենդին»։ Մտնելով ամուսնուս սենյակ՝ նրանք փնտրեցին նրան և, բռնագրավելով բանաստեղծի ձեռագրերը, տարան նրան իրենց հետ»։ Անկոչ հյուրերից մեկը, դիմելով Արաքսուն, ասաց. «Էֆենդին պետք է մեզ հետ գա՝ հաստատելու, որ այս թղթերը իրենն են»։

Դա տեղի ունեցավ 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը։ Դրանից հետո նա ամուսնուն այլևս կենդանի չտեսավ։ Վարուժանը երեսունմեկ տարեկան էր։

 

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ

(15.02.1885 – 26.08.1915)

Ռուբեն Սևակը (Չիլինկիրյան) լույս աշխարհ է եկել Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Սիլիվրի գյուղում՝ արհեստավոր վաճառականի ընտանիքում։ Ավարտել է տեղի դպրոցը, ապա՝ Կոստանդնուպոլսի Բերբերյան վարժարանը։ Այնուհետև մեկնել է Շվեյցարիայի Լոզան քաղաք՝ համալսարանում բժշկական կրթություն ստանալու։

Գրական առաջին փորձերն արել է 1905 թվականին, սակայն նրա կենդանության օրոք հրատարակված բանաստեղծությունների միակ ժողովածուն՝ «Կարմիր գիրքը», լույս է տեսել 1910 թվականին։ Գիրքը առաջին էջից մինչև վերջինը ժամանակագրություն է հարազատ ժողովրդի անհամար դժվարությունների մասին։

Ռուբեն Սևակի անձնական կյանքը քիչ թե շատ հաջող էր։ Նույն 1910 թվականին նրան հրապուրեց ոսկեգանգուր փերի Յաննի Ապելը՝ պրուսացի ազնվական գնդապետի դուստրը։ Նա ամուսնուն պարգևեց որդի՝ Լևոնը, և դուստր՝ Շամիրամը։

Որպես իսկական արվեստագետ՝ Ռուբեն Սևակը զգում էր վրա հասնող աղետը, հատկապես 1909 թվականին Ադանայում հայերի հրեշավոր կոտորածից հետո։ Նա հանդես էր գալիս հրապարակային ելույթներով՝ կանխատեսելով հետագա դժբախտւթյուն և իր կանխազգացումը վերածելով բանաստեղծական տողերի («Հայաստան», 1913, ռուսերեն թարգմանությունը՝ Գ. Կուբատյանի).

«Ո՞վ կու լա այսպես խշտյակիս շեմքին.

- Քո՛ւյր, ղարիպն է, բաց։

Կմա՞խք մը կ'անցնի դուրսեն լալագին.

- Սովն է, դուռըդ բաց։

Տապա՞րն է ջախջախ դրանս կուրծքին.

- Ջարդն է, դուռըդ բաց»:

1915 թվականի ապրիլի 24-ի ուշ գիշերը, երբ եկան Սևակի հետևից, նրա կինը խուճապահար նետվեց Գերմանիայի դեսպան Վանգենհայմի մոտ՝ աղաչելով նրան փրկել ամուսնու կյանքը։ Նրա սառը պատասխանը սթափեցրեց նրան. «Դու անարժան գերմանացի ես, քո ազգին արհամարհելով ամուսնացար օտարի՝ հայի հետ, իսկ հիմա դու արցունքն աչքերիդ խնդրում ես ինձ փրկե՞մ նրան։ Նա չպետք է վերադառնա։ Նա գնացել է մեռնելու»։ «Ես որդի ունեմ, հիմա ես նրան կդաստիարակեմ այնպես, որպեսզի նա երբևէ հոր համար վրեժ լուծի գերմանացիներից»,– արհամարհանքով պատասխանեց Յաննին և դեսպանի դեմքին շպրտեց իր գերմանական անձնագիրը։ Կանցնեն տարիներ, նա կհրաժարվի գերմանական հպատակությունից, նույնիսկ կդադարի գերմաներեն խոսելուց և, սովորելով հայերեն, իր երեխաներին կտա հայկական կրթություն։ 1967 թվականի դեկտեմբերին, երբ Յաննի Ապելը մահացավ, նրա երեխաները, կատարելով մոր կամքը, դեպի վերջին ուղին ուղեկցեցին նրան հայկական ծեսով։ Ռուբենի և Յաննիի դուստրը՝ Շամիրամը, մահացավ 102 տարեկան հասակում՝ 2016 թվականին։

1915 թվականի օգոստոսի 26-ի լուսաբացին թուրք ժանդարմները, մեկ այլ վայր տեղափոխելու պատրվակով, հինգ հոգուց բաղկացած խմբին նստեցրին սայլի մեջ և տարան։ Նրանց թվում էին Ռուբեն Սևակը և Դանիել Վարուժանը։ «Կառքի» ճանապարհը արգելափակեցին անհայտ անձինք։ Նրանք դուրս քաշեցին կապկպված հայերին, կապեցին ծառերին և սկսեցին դաշույններով անշտապ ու անխռով խոցել ու կտրտել իրենց զոհերին։

 

Հինգ արտասովոր վրիժառուներ

«Նեմեսիս» գործողությունը։ Օսմանյան կայսրության 1918 թվականի դեկտեմբերի 16-ի հրամանագրով «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդներն ու թուրքական պետության առաջատար գործիչները՝ Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Նազըմ բեյը, Բեհաեդդին Շաքիրը և ուրիշներ, դատի տրվեցին Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու և հայոց ցեղասպանությունը կազմակերպելու մեղադրանքով և կայսրության հատուկ ռազմական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվեցին մահվան։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914–1918) Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրքերի առաջնորդները գերմանական նավով տեղափոխվեցին Կոստանդնուպոլսից Գերմանիա։

1919 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած «Դաշնակցություն» կուսակցության IX համագումարը Շահան Նաթալիի նախաձեռնությամբ որոշում ընդունեց ի կատար ածել Թուրքիայի հատուկ ռազմական դատարանի դատավճիռը երիտթուրքերի առաջնորդների նկատմամբ։

Գլխավոր մեղավորները (հայոց ցեղասպանության 650 մեղավորներից և հանցակիցներից 41-ը), դատապարտվեցին մահվան՝ ներառյալ Բաքվում և Շուշիում հայերի կոտորածների հանցակիցները։ Վրեժխնդրության աստվածուհի Նեմեսիսի անունով վրեժխնդրության գործողությունները կատարելու գործողությունը կոչվեց «Նեմեսիս»։

«Նեմեսիս» գործողության հիմնական թիրախների թվում էին Թուրքիայի նախկին ռազմական նախարար և սուլթանի ու խալիֆի փեսա Էնվեր փաշան և «Միություն և առաջադիմություն» կուսակցության նախկին գլխավոր քարտուղար, բժիշկ Նազըմը։ Հայերը հետապնդեցին նրանց, բայց չկարողացան հասնել նրանց։ Էնվեր փաշան, որը փախել էր Կենտրոնական Ասիա՝ բասմաչների մոտ, սպանվեց 1922 թվականի օգոստոսի 4-ին Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումովի կողմից Բուխարայի Չագան ղշլաղում (գյուղի անվանումը Միջին Ասիայում)։ Իսկ բժիշկ Նազըմ բեյը, որը նույնպես գլխավոր դեր է խաղացել հայոց ցեղասպանության գործում, վերադարձավ Թուրքիա և շուտով մահապատժի ենթարկվեց նախագահ Աթաթուրքի կողմից՝ վերջինիս դեմ մահափորձի համար (1926 թվականի օգոստոսի 26-ին):

 

Լուսանկարում՝ Հակոբ  Հակոբյան, «Հայ Դատ», 2003, կոլաժ։

Պոլսի մզկիթի պատկերի վերևում գրված է «Հայ Դատ»՝ «Հայկական հարց»։ Սփռոցի վրա գրված են «Հայկական Նեմեսիս» բառերը։ Հայոց ցեղասպանության ժողովրդական վրիժառուները բռնել են իրենց զոհերի դիմանկարները։ Կանգնած են ձախից աջ՝ Ստեփան Ծաղիկյանը՝ Ջեմալ փաշայի դիմանկարով, Սողոմոն Թեհլիրյանը՝ Թալեաթ փաշայի դիմանկարով, Միսաք Թոռլաքյանը՝ Ջավանշիրի դիմանկարով։ Նստած են ձախից աջ՝ Արամ Երկանյանը՝ Շաքիր փաշայի դիմանկարով, Արշավիր Շիրակյանը՝ Հալիմ փաշայի դիմանկարով։

 

ՍՏԵՓԱՆ ԾԱՂԻԿՅԱՆ

(1886 – 1930 թվականից հետո)

Նա ծագումով Խոտորջուրի կիրճի Մոխրկուտ (Մոխրակույտ) գյուղից է (Թուրքիա): Սովորել է Տրապիզոնի կաթոլիկ դպրոցում: Երիտասարդ տարիներից միացել է ազատագրական շարժմանը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում՝ լեգենդար Անդրանիկ Օզանյանի գլխավորած Առաջին հայկական կամավորական գնդի կազմում: Սորբ Սխլաթի մարտերի ժամանակ լինելով հետախույզ՝ նա փրկել է ամբողջ ջոկատը մահից: Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա ղեկավարել է որոնողական խումբ՝ ապահովելով ավելի քան 3000 հայ որբերի տեղափոխումը Կոստանդնուպոլիս, որոնց Դեր-Զորի արաբները ապաստան էին տվել և խնամել։ Առաջին Հանրապետության տարիներին նա ճնշել է բոլշևիկյան խռովությունները Շիրակում և Իջևանում:

1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանը և Զարե Մելիք Շահնազարյանը ի կատար ածեցին Օսմանյան կայսրության նախկին ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի դատավճիռը։

Ծաղիկյանը հատկապես առանձնանում է նրանով, որ 1930-ական թվականներին սնունդ ու հագուստ էր գաղտնի հասցնում Սիբիրում և Սոլովկայում բռնադատված հայերին։ Հերթական անգամ այդտեղ գնալու ժամանակ չեկիստները նրան բռնեցին։ Նա մահացավ աքսորում։

 ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ

(02.04.1897 – 23.05.1960)

Ծնվել է Ներքին Բագառիճ փոքրիկ գյուղում՝ Թուրքիայի արևելքում։ Նախնական կրթությունը ստացել է երկրորդական բողոքական ավագ դպրոցում: Այնուհետև շարունակել է ուսումը Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում և գերմանական համալսարանում:

Նրա ամբողջ ընտանիքը դարձավ թուրք դահիճների զոհը։ 1915 թվականի գարնանը, վերադառնալով տուն, նա ականատես եղավ իր երկու քույրերի բռնաբարությանը և եղբոր սպանությանը, իսկ իրեն զինվորները թողել էին մեռնելու վիրավորների և մահացածների կույտի մեջ։ Բայց նա ողջ մնաց...

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, միանալով գործող բանակին, կռվում է Անդրանիկ Օզանյանի գնդում։ 1918 թվականին վիրավորվեց, որոշ ժամանակ գտնվում էր Թիֆլիսում, ապա Հյուսիսային Կովկասում։ 1919 թվականին նա մեկնեց Կոստանդնուպոլիս։

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Վիլհելմշտրասե փողոցում օրը ցերեկով Սողոմոն Թեհլիրյանի արձակած կրակոցները աշխարհին ազդարարեցին գործողության սկզբի մասին: Դիմահար կրակոցով սպանվեց երիտթուրքական կառավարության նախկին ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ փաշան, որը սև ցուցակում առաջին համարն էր: Անտեսելով գերմանա-թուրքական ոչ վաղուցվա զինական եղբայրությունը՝ Բեռլինի դատարանը նույն թվականի հունիսին արդարացրեց ժողովրդական վրիժառուին:

Թալեաթ փաշայի դատավարությունից և իր արդարացումից հետո նա մեկնեց ապրելու Սերբիայում, որտեղ հանդիպեց հիասքանչ մի կնոջ՝ Անահիտին, որը 1924 թվականին դարձավ նրա կինը և նրա համար երկու որդի ծնեց։ 1951 թվականին նրանք իրենց երեխաների հետ տեղափոխվեցին Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ)։ Սողոմոն Թեհլիրյանը թաղված է Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։

 

ՄԻՍԱԿ ԹՈՌԼԱՔՅԱՆ

(1889 – 12.11.1968)

Ծնվել է Տրապիզոնի վիլայեթի Կյուշանա (Չուքուր) գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտել է տեղի դպրոցը և մասնակցել թուրքերի դեմ ազատագրական պայքարին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նա միացել է Ռուսական կայսրության բանակին և հայկական գնդերից մեկի կազմում մարտերով հասել է մինչև Տրապիզոն։ Մասնակցել է թուրքական բանակի ջախջախմանը Սարդարապատի մոտ։

Միսակ Թոռլաքյանի հուշագրություններից.

«Հուլիսի 18-ի (1921 թ.) երեկոյան երկու մեքենա մոտեցան և կանգ առան հյուրանոցի մուտքի առջև (Կոստանդնուպոլսում)... Ջավանշիրը (մուսավաթական Ադրբեջանի նախկին ներքին գործերի նախարար Բաբուդխան Ջավանշիրը – Մ. և Գ. Մ.) անցավ մեր կողքով, բայց ամբոխի մեջ ես չկարողացա մոտենալ նրան... Ես արագացրի քայլերս և հանեցի ատրճանակս։ Նա շատ բարձրահասակ էր, և ես կիպ մոտենալով նրան՝ ստիպված եղա կրակել ոչ թե գլխին, այլ կողքին։ Այլապես կրակել հնարավոր չէր։ Իմ հետևում մեքենան էր, շուրջը ամբոխը, նա՝ ուղիղ իմ առաջ։

Առաջին կրակոցից հետո նա չընկավ. միայն ամբոխը մի փոքր հետ քաշվեց։ Ընդհակառակը, նա ուղղվեց և կարողացավ ամուր բռնել իմ ձեռքերը, այնպես, որ ես չկարողացա թեկուզ մի քայլ նահանջել։ Բայց, բռնելով իմ ձեռքերը, նա ստիպված եղավ թեքվել դեպի ինձ, և ես կարողացա երկու փամփուշտ արձակել ուղիղ նրա կրծքին։ Նա ընկավ։

Ամբոխը խուճապահար փախավ՝ թաքնվելով մեքենաների հետևում և պաշտպանվելով գնդակներից։ Նահանջի ճանապարհը բացված էր։ Ես ազատորեն շարժվեցի դեպի «Պերա Պալաս» հյուրանոցի կողքի փողոցը, որի ծայրում հին թուրքական գերեզմանատուն կար, որտեղ ինձ համար դժվար չէր թաքնվելը։ Հասնելով փողոցի անկյուն՝ լսեցի Ջավանշիրի ձայնը, որը գոռում էր՝ «իմտա՜տ» (օգնությո՜ւն)։ Արդեն գիշերվա ժամը 1-ի սահմաններում էր։ Իմ մեջ կասկած առաջացավ. մի՞թե կենդանի է։

Ես վերադարձա Ջավանշիրի մոտ։ Նրա շուրջը մոտ 20 կամ 30 մարդ էր հավաքվել։ Տեսնելով ինձ ատրճանակը ձեռքիս, բոլորը ցրվեցին։ Ես մոտեցա ու ևս մի անգամ կրակեցի գետնին ընկած Ջավանշիրի կրծքին...

Այդ պահին մի թուրք ոստիկան մոտեցավ ինձ և ձեռքը մեկնեց իմ ատրճանակին։ Ես ասացի. «Չհամարձակվե՛ս, կսպանեմ շան պես»։ Այդպես կանգնած մնացինք, մինչև որ եկան ֆրանսիացի ոստիկանները։ Ատրճանակը տվեցի նրանց...»։

1921 թվականի հոկտեմբերի 20-ին, վկաների ցուցմունքները լսելուց և Բաքվի ջարդերի մասին նյութերին ծանոթանալուց հետո բրիտանական դատարանը Թոռլաքյանին պատասխանատու չճանաչեց իր գործողությունների համար և մեկ ամիս անց նա արտաքսվեց Հունաստան: 1940-ականների սկզբից Թոռլաքյանը բնակվում էր Գերմանիայում, իսկ հետո տեղափոխվեց Ամերիկա:

 

ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ

(1898 – 1934)

Կրթությունը ստացել է իր հայրենիխում՝ Կարինում (Էրզրում): 1915 թվականին՝ հայոց ցեղասպանության թեժ պահին, նա Կարինում էր: Ռուսական զորքերի հետ գնաց Կովկաս և միացավ Դրաստամատ Կանայանի (Դրո) գլխավորած հայկական կամավորական ջոկատին: Բաշ-Ապարանի ճակատամարտի (1918 թվականի մայիս) մասնակից է:

Իր «Այսպես սպանեցինք» հուշերի գիրքը Արամ Երկանյանը գրել է Արգենտինայում, որտեղ նա գաղթել էր 1920-ականների վերջին: Իսկ դրանից առաջ նա մի քանի տարի անցկացրել է Ռումինիայում։ Բուխարեստում հիմնադրել է հայկական թերթ և դարձել նրա առաջին խմբագիրը: Թերթ է հրատարակել նաև Արգենտինայի Կորդոբա քաղաքում:

Արամ Երկանյանի հուշերից.

«Եվ երբ ես բաժանվեցի Շահան Նաթալիից, նա ժպիտով շշնջաց. «Քեզ բաժին ընկավ Բեհաեդդին Շաքիրը։ Այդ նա էր, որ հավանություն տվեց հայ երեխաներին ծովում խեղդելու չարագործ ծրագրին և իրականացրեց այն Ազմի փաշայի ձեռքով։ Այդ նա էր, որ հրամայեց թունավորել այն բոլոր երեխաներին, որոնք դեռ կարող էին հիշել իրենց հայրերին ու մայրերին։ Այս հանցագործը բառացիորեն շրջում էր բոլոր վիլայեթներում՝ ուսումնասիրելով ու գնահատելով նահանգապետների գործողությունները, ամենուրեք կազմակերպելով տեղահանություններ, որոշում էր հայերի ոչնչացման ձևերը և նշանակում կոնկրետ կատարողների... Մնացածը լրիվ կասեմ քեզ այն օրը, երբ դու ինքդ Բեռլինում տեսնես այս բորենուն եվրոպացի ջենտլմենի կերպարանքով...»։

Բեհաեդդին Շաքիրը ոչնչացվեց Երկանյանի կողմից 1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում: Իսկ նրա առաջին զոհը Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկին էր, որն անձամբ էր հրաման տվել Բաքվում և Շուշիում հայերին կոտորելու մասին:

Արամ Երկանյանը մահացավ թոքախտից 36 տարեկան հասակում:

 

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ «Կտակն էր նահատակներուն» («Նահատակների կտակը») հուշագրության (“Complexe” հրատարակչություն, 1984) հեղինակն է (1923 թվականից ապրել է Միացյալ Նահանգներում։

Ժողովրդական վրիժառուի հուշերից.

«1921 թվականի դեկտեմբերի 6-ին ես շատ վաղ արթնացա։ Սափրվեցի, լոգանք ընդունեցի։ Կես սրվակ օդեկոլոն լցրի վրաս։ Իմ բոլոր հագուստները՝ ներքնաշորից մինչև գլխարկս, նոր էին։ Սև փողկապ էի կապել, ինչպիսին ուսանողներն ու նկարիչներն են կրում։ Կարծես թե հարսանիքի էի պատրաստվում։ Հագա վերարկուս և ուղղվեցի դեպի փաշայի պալատ։ Որոշեցի հենց այդ օրն էլ ավարտել աշխատանքս՝ այնուհետ առանց հետևանքների մասին մտածելու։

Լսեցի մոտեցող կառքի աղմուկը։ Մարմնիս միջով մի դող անցավ, երբ տեսա քամուց ծածանվող բաշերով հսկայական ձիերին։ Կառքում նստած էին Սայիդ Հալիմ փաշան (Թուրքիայի նախկին մեծ վեզիրն ու վարչապետը՝ Մ. և Հ. Մ.) և նրա թիկնապահը։

Վազեցի հակառակ մայթը՝ հազիվ չընկնելով ձիերի սմբակների տակ։ Ձեռքս մեկնեցի և բռունցքով բռնեցի սանձը, ձիերը սկսեցին խռխռալ, և կառքը կանգ առավ։ Առաջացած խառնաշփոթի մեջ ես ցատկեցի կառապանի նստատեղին՝ դժվարութամբ կարողանալով պահպանել հավասարակշռությունս… Մինչ թիկնապահը նայում էր կառապանին և ինչ-որ բան ասում նրան, ըստ երևույթին, փորձելով հասկանալ, թե ինչու է կառքը կանգ առել, Սայիդ Հալիմի հայացքը հանդիպեց իմ հայացքին։ Նրա աչքերը լի էին սարսափով, երբ ես ատրճանակը ուղղեցի նրա աջ քունքին և կրակեցի։ Երկրորդ փամփուշտի կարիքը չեղավ։ Փաշան փռվեց նստատեղին։ Կառքը դեռևս շարունակում էր շարժվել…»։

Արշավիր Շիրակյանը վերացրեց նաև ծագումով հայ, հավատուրաց դավաճան, Թուրքիայի գաղտնի ոստիկանության աշխատակից Վահե Իհսանին (Եսայան), որը 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալված հայ մտավորականության ներայացուցիչների անունների ցուցակների կազմողն էր։

Մարինա և Համլետ Միրզոյաններ, Մոսկվա

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված