Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ անկախության հռչակագրին
ՎերլուծությունՄնացել են հաշված օրեր այն ժամկետից, երբ քաղաքական ուժերը դեռ հնարավորություն ունեն առաջադրվել եւ մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Այս շրջանում ականատես ենք քաղաքական տարբեր ուժերի քաղաքական հարսանիքներին ու ապահարզաններին: Օրինակ` չեղարկվեց Վարդան Ղուկասյանի ԴՕԿ եւ Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունների հնարավոր դաշինքը: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թեւերից» թեւաթափ եղավ ու հեռացավ Ավետիք Չալաբյանի «Հայաքվե» քաղաքական նախաձեռնությունը: «Բոլորին դեմ եմ» կուսակցության շուրջ, թեպետ փորձում էին միավորվել տարբեր թունդ արեւմտամետ ուժեր, բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չի ընթանում: Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի Եվրոպական կուսակցության եւ «Բոլորին դեմ եմ» շարժման համագործակցությունը ձախողվել է: Այս մասին Խզմալյանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Թերեւս միայն Նիկոլ Փաշինյանն է, ում հաջողել է միավորվել… Չէ, չէ, խոսքը բոլորովին էլ գրպանային որեւէ քաղաքական ուժի մասին չէ, այլ Աննա Հակոբյանի, որը հայտնվեց նախկին զուգընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի ավտոերթին, մասնակցեց «ՎարչաԲենդի» համերգին: Թե ինչ արդյունք կտա «ապահարզան» օպերացիայից հետո՝ «հարսանիք» օպերացիան, դեռ կտեսնենք, բայց վերադառնանք նախընտրական օրակարգին:
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը երեկ կայացած համագումարի ժամանակ որոշեց մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Լուրջ նախընտրական ծրագրով, քաղաքական փորձառությամբ ՍԻՄ-ը գալիս է ասելու՝ «Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Սահմանադրությանը»:
ՍԻՄ-Ն ՈՒՆԻ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Ակնհայտ է, որ ՍԻՄ-ը լրացնելու է նախընտրական գունապնակում այն բացը, որը կա եւ կարող է շատ կոնկրետ առաջարկ ներկայացնել ՀՀ քաղաքացուն: Այն ժամանակ, երբ մի շարք պատեհապաշտ քաղաքական գործիչներ փորձում են պաշտոնի կռիվ տալ, բայց չունեն որեւէ հստակ պատասխան երկրի առջեւ ծառացած կարեւորագույն հարցերի վերաբերյալ, ՍԻՄ-ը մասնակցում է ընտրություններին՝ ունենալով բոլոր հարցերի պատասխանները:
2018-ի իրադարձությունները, որոնք ներկայացվեցին որպես «թավշյա հեղափոխություն», այսօր արդեն շատերի համար է աներկբա, որ իշխանության զավթում էր: Բայց այդ ժամանակ քիչ ուժեր կային, որոնք համարձակվեցին բացահայտ ասել՝ «ոչ»։ Այսօր նույն մարդիկ, որոնք այն ժամանակ ոգեւորված աջակցում էին, կանգնած են փաստի առաջ՝ երկիրը գնացել է ոչ թե առաջ, այլ՝ հետ։ Իսկ ՍԻՄ-ն այն կուսակցությունն էր, որ 2018-ին էլ էր համարձակ ասում` ոչ, 2021-ին էլ, 2026-ին էլ:
Իհարկե, վերջին տարիներին անընդհատ են հնչել կոչեր համախմբվելու՝ անկախ աշխարհաքաղաքական կողմնորոշումներից։ ՍԻՄ-ն առաջիններից էր, որ կողմ էր նման լայն ճակատի ձեւավորմանը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի: Սակայն, ընդդիմադիր դաշտի նոր ուժերը չանսացին միավորվման հորդորներին: Իսկ պատճառն ակնհայտ է՝ իրականությունը ցույց է տալիս, որ ընդդիմադիր դաշտում անգամ չկա հստակություն՝ ո՞ւր է գնում Հայաստանը։ Միաժամանակ հենվել թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի վրա՝ պարզապես անհնար է ներկա աշխարհակարգում։ Ընտրությունը պետք է լինի հստակ, ոչ թե` մշուշոտ հայտարարությունների մակարդակում։
Անվտանգությունը մնում է առանցքային հարց։ Եվ այստեղ արդեն խոսքը ոչ թե կարգախոսների, այլ գոյաբանական ընտրության մասին է։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ սխալ հաշվարկների գինը չափազանց բարձր է. Ալեքսանդրապոլի պայմանագիր, Առաջին Հանրապետության կործանում, Արցախի կորուստ: Սրանք հետեւանք են ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին քաղաքական սխալների։ Իսկ ՍԻՄ-ը հատուկ է ընդգծում՝ գնալու ենք Ռուսաստանի հետ ամենասերտ դաշնակցային հարաբերությունների խորացման ճանապարհով:
ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԴԵՍԱՆՏՆԵՐԸ» ԻՋԵՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Իհարկե, ակնհայտ է՝ ազատ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, երբ առաջիկա օրերին ականատես ենք լինելու, թե ինչպես են եվրոպական «դեսանտները» հերթական անգամ իջեցվում Հայաստան՝ Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Բայց ձեռքերը ծալած նստելն ազնիվ չէ նաեւ ՀՀ քաղաքացու հանդեպ:
Իրականում Արեւմուտքից ժամանում են ոչ թե դիտորդներ, այլ քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցներ, որոնց միակ նպատակն է պահել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Իսկ ով կաջակցի այդ հակաժողովրդավարական գործընթացին, ակամայից դառնում է դրա հանցակիցը։
Այս ամենի ֆոնին ընտրությունները վերածվում են ոչ թե քաղաքական մրցակցության, այլ գոյության պայքարի։ Եվ երբ մի կողմից չկա իրական միասնություն, մյուս կողմից՝ իշխանությունն օգտագործում է վարչական, տեղեկատվական եւ արտաքին ռեսուրսներ, արդյունքը դառնում է կանխատեսելի։
Հետեւաբար, խնդիրը միայն այն չէ, թե ով կհաղթի ընտրություններում։ Խնդիրը այն է՝ արդյոք Հայաստանը կկարողանա՞ դուրս գալ այս փակուղուց, թե՞ կշարունակի շարժվել դեպի ավելի խոր ճգնաժամ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ թե ձեւական ընտրություն, այլ իրական քաղաքական կամք եւ հստակություն։ Ահա սա է ասում «Սահմանադրական իրավունք միություն»-ը՝ մասնակցելով ընտրություններին:
Ակնհայտ է, որ քաղաքական դաշտի մասնատվածությունը միայն կազմակերպչական խնդիր չէ, այլ նաեւ` գաղափարական ճգնաժամի հետեւանք։ Տարբեր ուժեր փորձում են զբաղեցնել ազատված նիշաները, սակայն հաճախ չեն կարողանում ձեւակերպել երկարաժամկետ ռազմավարություն, որը դուրս կգա զուտ հակաիշխանական հռետորաբանության շրջանակներից։ Ահա, թե ինչու է կարեւոր դառնում ՍԻՄ-ի մասնակցությունը:
Այս համատեքստում ավելի տեսանելի է դառնում այն թեզը, որ քաղաքական պայքարը տեղափոխվում է ոչ միայն ծրագրերի, այլ նաեւ արժեքային եւ ինքնության մակարդակ։ «Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ անկախության հռչակագրին» ձեւակերպումը փորձում է հարցը դնել ոչ թե անձերի, այլ պետականության հիմքերի մակարդակում՝ շեշտադրելով, որ խնդիրը վերաբերում է պետական կառավարման մոդելի եւ ազգային առաջնահերթությունների վերաիմաստավորմանը։
Նշենք, որ մինչեւ այս պահը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Նիկոլ Փաշինյան) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (Գագիկ Ծառուկյան): Հայտերի ընդունման ժամկետը մինչեւ ապրիլի 23-ն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
