Ամենայն հավանականությամբ, «5165»-ի համագումարը տեղի չի ունեն
ՆերքաղաքականԸստ պաշտոնական հայտարարության` ապրիլի 17-ին պետք է տեղի ունենա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է կուսակցության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ:
—Պարոն Սողոմոնյան, Ձեր կուսակցությունը պատրաստվում է անցկացնել համագումար: Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
— Ամենայն հավանականությամբ, այդ համագումարը տեղի չի ունենա: Պիտի խնդրեմ այդ հարցով փոքր-ինչ ընդմիջում վերցնել եւ մոտ օրերին, մենք հանրային խոսքով հանդես կգանք ու հետագա գործունեության մասին հանրությանը կտեղեկացնենք:
— Եթե, այնուամենայնիվ, որոշեք մասնակցել ընտրություններին, վարչապետի թեկնածուն Դո՞ւք կլինեք:
— Նման հարցին ճիշտ չեմ համարի որեւիցե պատասխան տալ, բայց վստահաբար կասեմ, որ մենք ոչ մի կերպ չենք փոշիացնի մեզ վստահված ձայները: Կարծում եմ՝ դա շատ ավելի կարեւոր է, եւ քանի դեռ մեր որոշման ձեւակերպումը վերջնականապես համաձայնեցված չէ, այդ պատճառով ճիշտ չեմ համարում այս պահին որեւիցե հարցի պատասխանել:
— Ինչպես տեսնում ենք, ընդդիմությունը, այնուհանդերձ, չմիավորվեց: Որպես կուսակցության նախագահ, ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր կլինի նման կերպ իշխանափոխության հասնել:
— Կարծում եմ, դեռեւս ժամանակ կա միավորվելու: Սակայն, այո՛, ցավում եմ, որ չորրորդ ընդիմադիր բեւեռ դեռեւս չի ձեւավորվել, բայց դա դեռեւս, որովհետեւ, ըստ իս, ժամանակ կա. արտախորհրդարանական այլ ուժեր իրենց գնահատականներով, դիրքորոշումներով եւ հայտարարություններով գուցե կարող են գնալ այն ճանապարհով, որպեսզի իրենց հետեւորդների, վստահորդների ձայները գումարվեն ընդհանուր ընդդիմությանը: Կարծում եմ՝ սա ճիշտ ուղին է: Թեեւ եկեք նկատենք, որ, օրինակ, «Բարգավաճ Հայաստանի» շրջանակներում այդպիսի որոշակի համախմբում նկատվում է, «Ուժեղ Հայաստան» ուժի շրջանակներում անհատների տեսքով տեսնում ենք: Գուցե ոչ շատ հայտնի, բայց, ամեն դեպքում, հանրությանը որոշակիորեն ծանոթ անձանցով գլխավորվող քաղաքական ուժեր այստեղ եւս կան: Իհարկե, իրավացի եք, մեր ուզած համախմբումը չկա, բայց ասել, որ բացարձակ չկա, դա էլ ճիշտ չի լինի:
— Բայց քիչ ժամանակ ունենք, եւ ապրիլի 23-ը վերջնաժամկետն է՝ թե՛ միավորվելու, թե՛ ներկայանալու նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այսինքն` 23-ից հետո համախմբման մասին հույս փափագելն անիմաստ է դառնում:
— Համախմբում կարելի համարել նաեւ այն, որ որեւէ ուժ մասնակցում է քարոզարշավի, իսկ հետո գնահատում է իր հնարավորությունները, եւ եթե ամեն բան խելամիտ է ու իր հնարավորություններն իրատեսորեն գնահատելուց հետո հասկանում է, որ միայնակ չի հաղթահարոում պահանջվող շեմը, իր վստահորդներին կոչ է անում քվեարկել ընդդիմադիր այն ուժի օգտին, որն իրականում ունի անցնելու հնարավորություն: Դա եւս կարող ենք դիտարկել համախմբման ձեւ, եւ դրա ժամկետը, կարծեմ, մինչեւ մայիսի 27-ն է:
— Եթե որոշում ընդունվի, որ Ձեր գլխավորած կուսակցությունը չպետք է մասնակցի ընտրություններին, ո՞ւմ կտաք Ձեր ձայնը:
— Ձեզ շատ հարգելով` թույլ տվեք այդ մասին չխոսել: Սպասենք առաջիկա մեր հայտարարությանը: Անպայման հանրությանը կհայտնենք մեր դիրքորոշումը եւ անհասկանալի չենք թողնի մեր գործունեությունը: Ցանկանում եմ պարզապես վերստին հիշեցնել մեր հայտարարությունը, որ դեռեւս հոկտեմբերին արեցինք Ծիծեռնակաբերդի բարձունքից, որ արտախորհրդարանական ուժերի համախմբում է անհրաժեշտ: Այո, համաձայն եմ Ձեզ հետ, այն չափով, որ չափով մենք էինք պատկերացնում, որ գուցե ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հանրային գործիչները եւ առհասարակ քաղաքացիները կմիանան, ցավոք, այդպես չի գնում ընթացքը: Բայց, համենայնդեպս, համախմբման կոնսոլիդացման որոշակի աստիճան տեսնում ենք, որը հուսադրող է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
