Երկու դժբախտություն. ճանապարհներ և հիմարներ
ՊատահարԹեթևակի փոխելով հայտնի աֆորիզմը («В России две беды: дураки и дороги»)՝ այսօր վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանում նույնպես կա երկու դժբախտություն՝ ճանապարհներ ու հիմարներ, որոնք հավասարապես բացահայտ վտանգ են երկրի համար։ Եվ եթե վերջիններիս (հույս կա) շուտով «գժանոց» ուղարկեն, ապա ամբողջությամբ քանդված ճանապարհները հարկ կլինի նորից փռել։ Չնայած, ըստ պաշտոնական հաշվետվությունների, վերջին ութ տարիների ընթացքում փռված ասֆալտի կիլոմետրերը արդեն համեմատելի են մինչև Լուսին հեռավորության հետ:
Հիշում եմ, թե ինչպես 2022 թվականի մայիսի 13-ին նախարարների կաբինետի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հպարտորեն հայտարարեց, թե Սյունիքում «աննախադեպ ճանապարհաշինություն» է ընթանում, ընդ որում, ճանապարհային ցանցերի նման խտություն այնտեղ երբեք չի եղել։ Սակայն շահագործման հանձնելուց ընդամենը վեց ամիս անց Սյունիքի այլընտրանքային մայրուղին, որի արժեքը կազմում է 16,6 մլն դոլար կամ բյուջեից 7 մլրդ դրամ, դավաճանորեն քանդվեց՝ բացահայտելով ճանապարհաշինության ոլորտի պատասխանատվությունը ստանձնողների ոչ պրոֆեսիոնալիզմն ու սիրողական մակարդակը։ Մի քանի ամիս անց այդ նույն հատվածում փլուզումը կրկնվեց։ Նախագծի նախկին կապալառու Արմեն Բադալյանը խոստովանեց, որ ճանապարհի հիմնանորոգման հետ կապված խնդիրներ են եղել, իսկ առաջարկված լուծումները պատվիրատուն՝ ի դեմս կառավարության, չի ընդունել։ «Նոր մրցույթ են հայտարարել, նոր կապալառու ունեն, թող հիմա նա էլ կառուցի»,– նշեց այն ժամանակ զրուցակիցը։
Նոր կապալառուն դարձավ իշխանության զավթումից հետո հիմնադրված «Եվրոասֆալտ» ընկերությունը, որը սկսեց շահել պետական բոլոր նշանակալի պայմանագրերը: Բաց աղբյուրների համաձայն՝ 2022 թվականի կեսերին պետական պատվերների ընդհանուր գումարը գնահատվում էր մոտավորապես 7,5 մլն դոլար կամ մոտ 3 մլրդ դրամ։ Ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար ավելացնենք այն փաստը, որ ընկերության գլխավոր տնօրենը ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբայրն էր՝ Կառլեն Սիմոնյանը, որն այդ պաշտոնը լքեց 2024 թվականին, երբ տեղական լրատվամիջոցները սկսեցին իրենց հետաքննությունը։ Պարզվեց, որ ընկերության սեփականատերը պաշտոնապես Արագածոտնի Ուշի գյուղից 65-ամյա ինչ-որ մի տնային տնտեսուհի է, որը փորձ չունի շինարարության ոլորտում։ Այլ տվյալների համաձայն՝ սեփականատերը Արարատի մարզի բնակիչ է, որը Հայաստան է վերադարձել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ եկած քաղաքացին այն ժամանակ մեծ ներդրումներ է կատարել՝ ստեղծելով Հայաստանի լավագույն ընկերություններից մեկը։ Նման անհամապատասխանությունները կասկածներ առաջացրին կեղծ անձանց օգտագործման հանգամանքի նկատմամբ: Իսկ ընտանիք-բիզնես-արտադրական կապերով այս դրվագում մոտ յոթ հոգի էին հավաքված, ինչը հանգեցնում է կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման մասին մտքերի՝ անձնական շահ ստանալու և ոչ թե պետական օգուտների համար... Սակայն իրավասու մարմինները դա անտեսեցին։
Մինչդեռ ութ տարվա ընթացքում Նիկոլ Վովաևիչին այդպես էլ չհաջողվեց կատարել «նախկինների համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու» իր խոստումը, քանի որ «թավշյա հեղափոխության» արշալույսին սկսեցին ծնվել սեփական կոռումպացված «էլիտաները», որոնք շուտով ծովահրեշի պես պարուրեցին ողջ Հայաստանը։ Սա հատկապես ակնառու երևում է Երևանում, որտեղ ապրում է երկրի բնակչության գրեթե կեսը, գումարած բազմաթիվ հյուրերը, որոնց առաջ հաճախ անհարմար ենք զգում ճանապարհների վատ վիճակի պատճառով։
Ինչպես և պետք էր սպասել, անփութության համար մեղավոր դուրս եկան ձմեռային առատ տեղումները և մեծ քանակությամբ աղ ու ավազ օգտագործելը ճանապարհի մշակման համար։ «Այս տարի տեղացած աննախադեպ քանակությամբ ձյան պատճառով 2,5 անգամ ավելի շատ աղ ու ավազ է օգտագործվել, քան նախկինում»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ միաժամանակ նշելով, որ քաղաքի տարբեր հատվածներում խնդիրները վերացվում են ֆորսմաժորային պայմաններում։ Սակայն վարորդներն այլ կարծիք ունեն. «Փողոցներից մեկում ես այնպիսի փոսի մեջ ընկա, որ մեքենայիս աջ կողմի երկու անիվները շարքից դուրս եկան։ Անվադողերի վերանորոգման արհեստանոցի աշխատողներն ասացին, որ չորս օրում արդեն փոխել կամ վերանորոգել են 96 վնասված անիվ։ Եվ սա միայն մեկ կետում։ Իսկ ինչքան կան դրանցից Երևանում»,– սոցցանցի իր էջում գրել է օգտատեր Հարություն Մնացականյանը։ Դրա հետ մեկտեղ նման վնասները չեն համարվում ՃՏՊ (ճանապարհատրանսպորտային պատահար) ԱՊՊԱ-ի շրջանակներում, իսկ քաղաքապետարանում փոխհատուցում ստանալու ընթացակարգը, ըստ փորձագետների, չափազանց բարդ ու երկարատև է։ Սակայն քաղաքային վարչությունը, որպես կանոն, հրաժարվում է վճարումներից։ Դատարան դիմում են եզակիները։ Հաշվի չառնելով խոշոր գումարի վնասը՝ վարորդները պետական հաստատություններ այցելելու տառապանքը անպտուղ են համարում։
Չնայած քաղաքապետարանի այն մեկնաբանություններին, թե ճանապարհների փոսերի վերանորոգման համար 2026 թվականին համայնքային բյուջեից մոտ 1,1 մլրդ դրամ է հատկացվել, իսկ վտանգավոր փոսերը առաջնահերթ ուշադրության են արժանացել, և նույնիսկ արդեն սկսվել է ասֆալտի հատվածային մասնատումը ճանապարհների կարկատման համար, սակայն սոցցանցերի հայկական հատվածը շարունակում է զայրույթից փոթորկվել։ Մասնավորապես, փետրվարի վերջին Դավիթ Բեկի փողոցում առաջացել է ճանապարհի ծածկի փլուզման վտանգ։ Ինչպես հաղորդում է “Shamshyan.com” կայքը, երկու տարի առաջ այստեղ արդեն նմանատիպ արտակարգ իրավիճակ է եղել, որից հետո մայրաքաղաքի քաղաքապետարանը մեկուկես տարի վերանորոգեց ճանապարհը։ Սակայն մի քանի ամիս անց իրավիճակը կրկնվեց անորակ վերանորոգման պատճառով։ Փետրվարի կեսերին Մյասնիկյան պողոտայում հսկայական գլաքարերի փլուզման դեպքի վայրից կադրեր է հրապարակել լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը քիչ էր մնում ինքն ընկներ քարաթափման տակ։ Բաբաջանյան փողոցում, որտեղ ճանապարհի վերանորոգումն ավարտվել է ընդամենը երկու ամիս առաջ, մի քանի մեքենաների անիվներ խրվել են թեքված ասֆալտի մեջ։
«Նիկո՛լ Փաշինյան, այսօր ձեզ դիմում եմ որպես ասֆալտի «լավ» մասնագետի, կարո՞ղ եք ասել, ինչպես է լինում, որ Տիգրան Ավինյանի տան մոտ փողոցի ասֆալտը քանդված չի, իսկ Գայի պողոտայում, որը վերանորոգում էին մոտ վեց ամիս, արդեն խրամատներ են գոյացել,– սոցցանցի իր էջում գրել է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հրապարակած տեսանյութի տակ։– Բայց ամենից շատ աղ ու ավազ ցանված էր հենց այս փողոցում, քանի որ այնտեղ քաղաքապետն է ապրում։ Մի փոքր օգնեմ. միգուցե այստեղ չեն խնայել բիտումը և ամեն ինչ որակով են արել: Բայց ամենասարսափելին այն է, որ ճանապարհի կոտրված հատվածներից մեկը տանում է դեպի շտապ օգնության «Գրիգոր Լուսավորիչ», որով վարորդները փորձում են հիվանդին հնարավորինս արագ հասցնել հիվանդանոց...»:
Ձմռան վերջին հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են երկու չինացի ուսանողներ ոգևորված ձեռքով լցնում և ցեմենտում իրենց տան մոտի ճանապարհային փոսերը քաղաքի կենտրոնում, ինչը պերճախոս կերպով ցույց է տալիս ոչ միայն ճանապարհների անմխիթար վիճակը, այլև տեղական քաղաքային իշխանությունների վերաբերմունքը ճանապարհային խնդիրների նկատմամբ։ Դեռ չէր հասցրել հանդարտվել սկանդալներից մեկը, համացանցում տարածվեց ևս մեկ տեսանյութ, որտեղ ասֆալտապատում են առանց բիտումի օգտագործման, ինչը վկայում է շինարարական ստանդարտների կոպիտ խախտման մասին: Իսկ դա բնության առաջին քմահաճույքից հետո կրկին կհանգեցնի ճանապարհի մակերեսի քայքայմանը։ Սակայն ուշագրավը ոչ թե ճանապարհաշինական տեխնոլոգիաների խախտումներն էին, այլ սովորական ալյումինե թեյնիկը, որը բանվորները օգտագործում էին անհասկանալի փոխարինող շինծու նյութը լցնելու համար։
«Սենց են, էլի, Երևանի ասֆալտ փռել. որ բիտումի փոխարեն վառած յուղ ու եսիմ ինչ նյութեր իրար խառնում են ու անունը դնում են «բիտում», ու հետո՝ անձրևից ու ձմեռից հետո, երբ ասֆալտը քանդվում ա, ասում են՝ աղը շատ ենք ցանել, դրանից ա, որ ասֆալտը քանդվել ա, մենք մեղավոր չենք։ Մենք քարի դարում ենք ապրում, հակառակ դեպքում չայնիկով ասֆալտ չէին փռի։ Պարզ տրամաբանական հարց՝ խի՞ Երևանի քաղաքապետարանը չի պահանջում, որ ասֆալտ փռող ընկերությունը պարտադիր ունենա բիտում փչող սարք։ Ասենք՝ չայնիկով ասֆալտ փռելը ո՞րն ա։ Տենց բան նույնիսկ քարի դարում չեն արել»,- հեգնանքով գրել է Չախոյանը։ Միջադեպը առաջացրեց սուր քննադատություն քաղաքապետարանի ծառայությունների հասցեին: Ինչպես գրում է մամուլը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջապես արթնացավ, ընդունեց թերությունները, պահանջեց ուժեղացնել ստուգումները և ասֆալտի ծածկույթի փորձաքննություն անցկացնել քաղաքի տարբեր հատվածներում։ Միևնույն ժամանակ, նա քննադատաբար արձագանքեց կապալառու կազմակերպությունների աշխատանքին, որոնք թույլ են տվել նման փնթիություն «հին չվերահսկվող հայկական շինարարական մեթոդների կիրառմամբ»։
Բայց այստեղ պարոն Ավինյանին պետք է հիշեցնել, որ հայերն իրենց բնույթով շինարար են, նրանց համար չկառուցելը մարտահրավեր է սեփական գեներին, իսկ դա նշանակում է, որ նրանք չեն կարող վատ կառուցել։ Վատը քաղաքային կառավարումն է, մայրաքաղաքի անարդյունավետ և անշնորհք կառավարումը դուրսպրծուկների կողմից՝ չնայած անդրօվկիանոսյան դիպլոմներին ու ստաժավորմանը։ Ի դեպ, 2000-ականների սկզբին Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամի շնորհիվ Երևանում ֆինանսավորվեց տրանսպորտային հանգույցների կառուցումը և կենտրոնական փողոցների բարեկարգումը։ Ընդամենը մի քանի տարվա ընթացքում 60 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ վերականգնվել են շուրջ 435 կմ միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներ, որոնցից շատերը մինչև հիմա լավ վիճակում են։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի կարծիքով՝ հանրապետության շատ ճանապարհներ, որոնք ասֆալտապատվել են նախագահ Քոչարյանի օրոք, պահպանում են իրենց որակը նույնիսկ 18 տարի անց, մինչդեռ ընթացիկ ժամանակահատվածում փռված ասֆալտը հալվում է առաջին ձյան հետ։ «Թող իշխանությունները անորակ ասֆալտի պատճառը փնտրեն շվեյցարական բանկերի իրենց հաշիվներում, իսկ եթե չգտնեն, ապա հունիսի 8-ից հետո մենք նրանց կօգնենք»,– նշել է նա «5-րդ ալիքին» տված հարցազրույցում։
Ճանապարհաշինության միջադեպերի ցանկը կարելի էր շարունակել, սակայն իրավիճակը դրանից չի փոխվում, ճանապարհները ավելի լավը չեն դառնում։ Քաղաքային իշխանությունների համատարած սուտն ու թունավոր մանիպուլյացիաները քաղաքի բնակիչների ու հյուրերի նկատմամբ շատ նման են իշխանության սովորական չարաշահումների։ Իսկ քաղաքային ռեսուրսների անկարող և անարդյունավետ կառավարումը դարձել է մայրաքաղաքի կենսաապահովման համակարգի ճգնաժամի ևս մեկ գործոն։ Տարեսկզբին Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեն, որում ծախսերի առանցքային ուղղությունները կլինեն ճանապարհային ենթակառուցվածքների, հասարակական տրանսպորտի զարգացումը և քաղաքի տարածքների բարեկարգումը։ Բայց դա նման է մանկական գրքում գրվածին. «Լողացինք, եղբայրնե՛ր, գիտենք», ընդ որում՝ բառի ուղիղ իմաստով, քանի որ գարնանային հեղեղներից հետո սխալ տեղադրված ջրատարների պատճառով քաղաքը վերածվում է իսկական Վենետիկի:
Բայց դեռևս 2021 թվականին «Արևելյան գործընկերություն» ծրագրով «Հայաստան-ԵՄ» համագործակցության ծրագրի նոր ժամանակաշրջանի շրջանակներում Հայաստանը ստացել է 1,6 միլիարդ եվրոյի վարկային աջակցություն՝ տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծման համար։ Վերջին մուտքերից կարելի է հիշել անցյալ տարվա կեսերին ԵՄ-ից ստացված 200 մլն եվրոն՝ «Հայաստանի կայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի համար, այդ թվում՝ ավտոմոբիլային հաղորդակցության զարգացման համար։ 2025 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը, Եվրոպական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ, նախատեսում է ընթացիկ տարվա ընթացքում մինչև 500 մլն դոլար ներդնել ենթակառուցվածքային նախագծերում, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման համար, որի ապագան, ի դեպ, առաջվա պես մնում է բավական մշուշոտ։ Ինչպես որ նաև միջազգային վարկերի մարումը, որոնք, ըստ երևույթին, ծանր բեռի պես ընկնելու են ապագա սերունդների ուսերին։
Ալեքսանդր Մարկոսյան, Երևան
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
