Հողը Նիկոլի ոտքի տակից փախչում է
ՎերլուծությունՀայաստանի ներքաղաքական դաշտում աստիճանաբար ձեւավորվում է մի իրավիճակ, երբ ներսում հասունացող ճաքերն ավել խորն ու մեծ են, քան երեւանյան փողոցների փոսերը: Վերջին իրադարձությունները՝ հատկապես խոշոր գործարարների հետ Նիկոլ Փաշինյանի «աշխատանքային նախաճաշը», ավելի շատ հիշեցնում էին ոչ թե տնտեսական քաղաքականության քննարկում, այլ քաղաքական լոյալության ստուգում՝ նախընտրական փուլի նախաշեմին:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով խոշոր գործատուներին, փորձեց ընդգծել նրանց «պետականաշինական դերը» եւ շնորհակալություն հայտնել 2018-ից հետո կառավարության քաղաքականություններին արձագանքելու համար: Սակայն այդ ձեւակերպումների տակ թաքնված էր պարզ ուղերձ՝ իշխանությունը կրկին կարիք ունի բիզնեսի ռեսուրսին՝ ֆինանսական, կազմակերպչական եւ, ամենակարեւորը՝ ընտրական:
Բայց իրավիճակն այլեւս 2018-ը չէ: Այն ժամանակ գործարարները կանգնում էին նոր իշխանության կողքին՝ իբրեւ հին համակարգից ազատվելու ակնկալիքով: Այսօր նույն գործարարները կանգնած են լրիվ այլ իրականության առաջ՝ անկանխատեսելի արտաքին քաղաքականություն, ռիսկեր արտաքին շուկաներում եւ ներսում՝ աճող վարչական ճնշումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ ԼՈՒՌ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական կուլիսներում շրջանառվող տրամադրությունները հուշում են, որ խոշոր բիզնեսը պատրաստ չէ բացահայտ հակադրվել իշխանությանը, բայց նաեւ պատրաստ չէ ամբողջությամբ ծառայել նրան: Ստեղծվել է յուրահատուկ «կրկնակի խաղի» մոդել․ արտաքինում՝ լոյալություն, ներսում՝ այլընտրանքային աջակցություն:
Այս վարքագծի պատճառները բազմաշերտ են: Առաջինը վստահության ճգնաժամն է: Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց դառնալ բիզնես շրջանակների «իրենց մարդը»: Ի տարբերություն նախկին համակարգի, որտեղ ձեւավորված էին երկարաժամկետ անձնական եւ տնտեսական կապեր, գործող իշխանությունը մնաց կոնֆլիկտային ճղճիմ հարաբերությունների մակարդակում:
Երկրորդ՝ արտաքին շուկաների ռիսկերը: Ջերմուկի հանքային ջրերի արտահանման շուրջ ստեղծված խնդիրները գործարարների համար դարձան ազդակ, որ քաղաքական որոշումները կարող են ուղիղ հարվածել իրենց բիզնեսին: Ռուսաստանը շարունակում է մնալ առանցքային շուկա, եւ ցանկացած քայլ, որը կարող է վտանգել այդ կապերը, ընկալվում է որպես գոյաբանական սպառնալիք:
ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ
Այս ֆոնին իշխանության վարքագիծը սկսում է կոշտանալ: Նկատվում են ընդդիմադիր կամ պոտենցիալ մրցակից գործիչների նկատմամբ ճնշումների ուժեղացման միտումներ՝ քրեական գործեր, ձերբակալություններ, տեղեկատվական հարձակումներ:
Երեկ ձերբակալվեց գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի անդամներից Գոհար Ղումաշյանը: Նա մեղադրվում է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համատեքստում բարեգործության անվան տակ աջակցություն տրամադրելու դեպքով հարուցված քրեական վարույթով։ Դատախազությունը նոր միջնորդությամբ պահանջում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից բռնագանձել 13մլն 120 հազար ՀՀ դրամ: Ծանրամարտի ֆեդերացիան դատարան է դիմել եւ պահանջում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորություններն Օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնում դադարեցնել: Ֆեդերացիան, որը նախագահում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, համարում է, որ Ծառուկյանի պաշտոնավարումը իրավաչափ չէ, քանի որ չորս տարվա ժամկետն ավարտվել է 2025-ի սեպտեմբերի 9-ին ու դրանից հետո ընտրություն չի եղել: Ըստ ֆեդերացիայի՝ կոմիտեի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի լիազորություններն ու որոշումներն այդ ժամկետը լրանալուց հետո վավեր չեն: Ակնհայտ է, որ այս ամենը պայմանավորված է մեկ խնդրով՝ վերոնշյալ ուժերի ներկայացուցիչները պատրաստվում են մասնակցել ընտրությունների:
Սակայն այստեղ կա նաեւ հակառակ էֆեկտի ռիսկ: Իշխանության կողմից թիրախավորվող դեմքերն ակամայից ստանում են լրացուցիչ քաղաքական կշիռ: Այս տրամաբանության մեջ առանձնահատուկ տեղ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի շուրջ ձեւավորված ընդդիմադիր բեւեռը, որքան էլ հակասական, մնում է կանխատեսելի եւ հարմար օրվա իշխանության համար:
Պատահական չէ, որ անգամ իշխանական վերնախավում հնչում են գնահատականներ, որոնք ինչքան էլ ավելի շատ հիշեցնում են քաղաքական ցինիզմ, բայց ունեն ճշմարտության նշույլ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանակին այս ընդդիմությունն անվանել էր «Աստծո պարգեւ»՝ ակնարկելով, որ այն կառավարելի է եւ չի ստեղծում անկանխատեսելի սպառնալիքներ:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
Այս ամենի արդյունքում ձեւավորվում է վտանգավոր հավասարակշռություն. բիզնեսը չի վստահում իշխանությանը, իշխանությունը չի վստահում ո՛չ բիզնեսին, ո՛չ էլ ընդդիմությանը, իսկ հասարակությունը մնում է այս խաղերի դիտորդը:
Փաշինյանի հիմնական խնդիրն այսօր ոչ թե ընդդիմության ուժն է, այլ վստահության բացակայությունը այն խմբերի մոտ, որոնք 2018-ին ապահովեցին նրա հաջողությունը՝ բիզնես, միջին խավ, քաղաքացիական ակտիվ հատված:
Երբ իշխանությունը ստիպված է լինում կրկին ու կրկին վերադառնալ նույն մեթոդներին՝ ճնշում, պայմանավորվածություններ, լոյալության ցուցադրական ակցիաներ, դա արդեն վկայում է ոչ թե ուժի, այլ համակարգային թուլության մասին:
«Աշխատանքային նախաճաշը» դարձավ ոչ թե տնտեսական երկխոսության հարթակ, այլ քաղաքական ազդակ՝ իշխանությունը մտնում է ընտրական փուլ՝ զգալիորեն թուլացած դիրքերից:
Եվ եթե 2018-ին հողը սահում էր նախկին իշխանության ոտքերի տակից, ապա այսօր նույն զգացողությունը, ըստ ամենայնի, աստիճանաբար մոտենում է նաեւ գործող իշխանությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
