ԹՐԱՄՓԸ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ Է. ԿՌՎԵԼ ԿԱՄ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ
ՄիջազգայինՆման է, որ ԱՄՆ նախագահի նյարդերը վերջնականապես են տեղի տալիս: Այդ տպավորությունն առաջացավ նաեւ այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակավ նետվեց Հռոմի պապ Լեւոն IV-ի վրա` հայտարարելով. «Ես չեմ ուզում այնպիսի պապ, որը կարծում է, որ Իրանին թույլատրվում է միջուկային զենք ունենալ։ Ես չեմ ուզում այնպիսի պապ, որը սարսափելի է համարում ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակումը: Ես չեմ ուզում այնպիսի պապ, որը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին: Հռոմի պապ Լեւոնը պետք է շնորհակալ լինի. եթե ես Սպիտակ տանը չլինեի, Լեւոնը Վատիկանում չէր լինի»: Այսինքն, Թրամփին պետք է այնպիսի Հռոմի պապ, որը հեզությամբ կողջունի ամեն մի հանցագործություն…
ԼԵՎՈՆ ՊԱՊԻ՞Ց ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ
Միայն թե Հռոմի պապին «դարձի բերելու» հարցում Թրամփը մեկ տարբերակ ունի` ռմբակոծել Վատիկանը: Ու թող դա ֆանտաստիկ չթվա. օրերս հայտնի դարձավ, որ ամերիկյան պատերազմի նախարարը նաեւ նման սպառնալիքներ է հղել Վատիկանին: Միայն թե` սպառնալը մի բան է, անելը` այլ: Ու քանի դեռ Թրամփը չի հաջողացրել ողջ աշխարհին պատերազմ հայտարարել, նման գործելաոճը միայն իրեն է հարվածում: Այսինքն, կարծես թե Թրամփը հատկապես վերջին ժամանակներս «կաշվից դուրս է գալիս», որ ավելի ու ավելի նվազեցնի իր ընդհանրական վարկանիշը, դրանով հանդերձ` ազդեցությունը եւ այլն: Նույնը Հռոմի պապի դեմ այս «ոչ խաչակրաց արշավանքն» էր, որը անմիջապես էլ Թրամփի դեմ տրամադրեց կաթոլիկ համայնքը: Օրինակն է ԱՄՆ սենատոր Մարկ Քելլիի հայտարարությունը Թրամփին. «Որպես կաթոլիկ՝ ես զզվելի եմ համարում, որ Միացյալ Նահանգների նախագահը հրապարակավ հարձակվում է Սուրբ Պետրոսի հաջորդի վրա։ Դոնալդ Թրամփը ձախողվում է։ Նրա պատերազմը Իրանում հանգեցրել է ամերիկացի զորքերի եւ իրանցի երեխաների մահվան։ Նա կհարձակվի ցանկացածի վրա՝ իրեն պաշտպանելու փորձ կատարելու համար: Նույնիսկ Եկեղեցու վրա, որտեղ միլիոնավոր ամերիկացիներ ամեն օր հավատք եւ մխիթարություն են գտնում։ Ամերիկացի ժողովուրդը արժանի է այնպիսի նախագահի, որը հասկանում է իր խոսքերի հետեւանքները եւ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար»:
Դե գնա ու հասկացիր` ինչո՞ւ Թրամփը որոշեց անիմաստ տեղն իր դեմ հանել կաթոլիկական համայնքին: Երեւի միակ ռեալ բացատրությունն այն է, որ ծերուկի նյարդերն իրոք վերջնականապես են տեղի տալիս: Ասենք, այդ բացատրությունը կարելի է տալ այս օրերին Թրամփի մյուս` ավելի խոշոր եւ վատթարագույն հետեւանքներ խոստացող քայլին` Իրանը բլոկադայի ենթարկելու որոշմանը:
ՈՐՈՇԵՑ ՓԱԿԵԼ ԱՅՆ, ԻՆՉԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԲԱՑԵԼ
Նախօրեին Պենտագոնը պաշտոնապես հայտարարեց` որ սկսում է (հայտարարության համաձայն` երեկ ժամը 10:00-ից) Իրանի ծովային բլոկադան: Թեեւ այն, որ այդ քայլն ամենեւին էլ միայն Իրանին չի հարվածում, գալիս է հուշելու, որ սա կարող է ոչ միայն նյարդային խանգարման հետեւանք լինել, այլ շատ ավելի խորքային ծրագրերի: Այսպես, ԱՄՆ-ն նախ պաշտոնապես ֆիքսում է, որ բլոկադան` «Վերաբերում է ԲՈԼՈՐ երկրների նավերին», այդ թվում՝ Չինաստանին, Ռուսաստանին եւ Հնդկաստանին: Նաեւ, որ այն վերաբերում է «Պարսից եւ Օմանի ծոցերի բոլոր իրանական նավահանգիստներին», այսինքն` ամենեւին էլ միայն Հորմուզի նեղուցի խնդրի հետ չէ, որ կապված է:
Նախ ֆիքսենք. թեեւ Իրանի հետ հրադադարի ռեժիմը դեռ պաշտոնապես չեղարկված չէ, սակայն բլոկադա ասվածը պատերազմական գործողություն է: Էլ չասած, որ հրադադարն անմիջապես նաեւ պաշտոնապես կչեղարկվի, եթե ԱՄՆ-ն փորձի ուժային միջոցով արգելել իրանական նավերի շարժը: Եվ այն, որ նավթի համաշխարհային շուկաներն անմիջապես արձագանքեցին Թրամփի այդ քայլին, գալիս է հուշելու, որ սպասելիքները, մեղմ ասած, հուսադրող չեն: Ամեն դեպքում, ի՞նչ կա այս ամենի տակ, ո՞ւր է տանելու:
Այստեղ, թերեւս, պետք է վերադառնալ Պակիստանում կայացած Իրան-ԱՄՆ բանակցություններին, որոնք, ինչպես Իրանի արտգործնախարար Արաղչին արտահայտվեց, ձախողվեցին «հենց այն պահին, երբ «Իսլամաբադի համաձայնագիրը» ընդամենը մի քանի քայլ էր հեռու»: Այսինքն, ըստ Արաղչու. «Մենք բախվեցինք ագահության, նպատակների անընդհատ փոփոխության եւ շրջափակման սպառնալիքների հետ»: Թե որն էր ԱՄՆ-ի պահանջը, մեկնաբանել է իրանական պատվիրակության անդամ Սեյեդ Նաբավիան.
- Նրանք պահանջել են Հորմուզի նեղուցից ստացված եկամուտների համատեղ բաժին Իրանի հետ:
- Նրանք ցանկանում էին, որ մեր 60%-ով հարստացված ուրանը հանվի Իրանից։
- Նրանք ձգտում էին Իրանին զրկել ուրանը հարստացնելու իրավունքից 20 տարով:
Թերեւս, կարելի է ենթադրել, որ եթե Իրանը համաձայնվեր Հորմուզի նեղուցի հսկողությունը կիսել ԱՄՆ-ի հետ, ուրանի թեմայով հաստատ ինչ-որ լուծումներ կգտնվեին: Հիշեցնենք, որ նման ակնարկ լսվել է նաեւ Թրամփից. եթե Հորմուզի նեղուցն Իրանը համաձայնվի շահագործել ԱՄՆ-ի հետ, ապա մնացած ամեն բան շատ արագ տեղը կընկնի: Ընդ որում` ասել, թե այդտեղ Թրամփը պարզապես «բիզնեսից փայ» է ուզում, երեւի սխալ կլինի: Նեղուցով անցնում է օրական մոտ 20 միլիոն բարել նավթ, որի ամեն բարելից Իրանը պահանջում է 2 դոլար: Դա, հանած Իրանի անվճար անցումները, ամսական 1 միլիարդի չափ գումար է, տարեկան` 12 միլիարդի: Երկու մասի բաժանելու եւ ծախսերը հանելու դեպքում ԱՄՆ-ը կարող էր հուսալ, ասենք, տարին մոտ 5 միլիարդի եկամուտ: Սա ԱՄՆ-ի համար այն գումարը չէ, հանուն որի իմաստ կունենար եւս մի քանի հարյուր միլիարդ ծախսել Իրանի դեմ պատերազմելու համար, չհաշված քաղաքական գերռիսկերը: Խնդիրը փողը չէ, խնդիրն այն է, թե քաղաքական իմաստով ինչ է նշանակում Հորմուզի նեղուցի վերահսկողությունը:
Հայտարարությունը, որը լսվեց Ճապոնիայից, շատ բանի մասին է ակնարկում: Այն է` ճապոնացիները Իրանից նավթ են գնում չինական յուանով: Ու չմոռանանք. Հորմուզի նեղուցով անցնելու համար Իրանը վճար է պահանջում ոչ թե դոլարով, այլ նորից յուանով: Էլ չասած, որ «վատ օրինակը վարակիչ է». ի՞նչ է լինելու, եթե արաբները եւս սկսեն գոնե ասիական գոտում նավթ վաճառել յուանով: Էլ չասած ռուսների մասին, որոնք ոչ միայն նավթն ու գազը, այլ, առհասարակ, Չինաստանի հետ երկկողմ առեւտուրը գրեթե ամբողջությամբ յուանիզացրել են: Հետեւանքն աչքի առաջ է. եթե Հորմուզի նեղուցը վերջնականապես է հայտնվում իրանական վերահսկողության տակ, ապա դա «նավթադոլար» հասկացության համար «դագաղի վերջին մեխի» աստիճանի հասնող լրջագույն սպառնալիք է` մնացած բոլոր հետեւանքներով հանդերձ: Ու եթե հիմա Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցում հաստատել նախկին կարգավիճակը, մնում է գոնե համատեղության կարգով վերահսկողություն ունենալ: Իրանը մերժեց եւ ոչ առանց թիկունքին Պեկինի եւ Մոսկվայի շունչը զգալու: Ու Թրամփին մնում էր իր հերթին բլոկադայի ենթարկել այն, ինչը խոստանում էր բացել: Զավեշտի է նմանվում, որը ֆիքսում է անգամ ամերիկյան սենատոր Մարկ Ուորները. «Ես չեմ հասկանում, թե ինչպես Հորմուզի նեղուցը փակելը, կստիպի իրանցիներին բացել այն»:
ԻՆՉԻ ԿՏԱՆԻ ԻՐԱՆԻ ԲԼՈԿԱԴԱՆ
Բայց որքանո՞վ է իրատեսական ԱՄՆ-ի այս նոր քայլը: Նախ, եթե դրա էֆեկտիվության վրա շատ մեծ հույսեր ունենային, ապա հաստատ, այն էլ` Չինաստանին խնդրելով, Իսլամաբադում բանակցությունների փոխարեն հենց այդ չափազանց վտանգավոր քայլին կդիմեին: «Չափազանց վտանգավոր», քանի որ այսպիսով գործնականում ուղիղ հակասության մեջ են մտնում առաջին հերթին Չինաստանի հետ, ապա նաեւ Հնդկաստանի եւ վերջում` Ռուսաստանի, արգելելով նաեւ նրանց նավերի անցումը: Ընդ որում, խնդիրն ավելի սուր է հենց Չինաստանի եւ Հնդկաստանի պարագայում, քանի որ ԱՄՆ-ի այդ արգելքն ուղիղ հարված է այդ երկրների անվտանգությանը. Հորմուզի նեղուցով ստանում են իրենց էներգակիրների միանգամայն ծանրակշիռ մասը: Վերջապես, հարվածն ուղղված է նաեւ Եվրոպային, որը եւս «նստած է» արաբական «նավթային ասեղին»: Ու սա դեռ միայն էներգակիրների մասով:
Ընդհանուր պատկերը սա է. Հորմուզի նեղուցով անցնում է նավթի համաշխարհային պահանջարկի մոտ 20 եւ գազի` մոտ 20-25 տոկոսը: Պատերազմական ժամանակաշրջանը թեեւ որոշակի խնդիրներ առաջացրեց, սակայն, չնայած մեծ աղմուկին, իրականում անկումը շատ մեծ չէր: Նախ, նեղուցով անցնում էր իրանական նավթը, որի արտահանումը զգալիորեն ավելացավ: Երկրորդը. մի շարք դեպքերում Իրանը թույլ տվեց այլ երկրների նավթի անցում: Ոչ մեծ ծավալներով, սակայն ոչ էլ աննշան:
Բացի այդ, նաեւ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթի փոխադրման ուղիներ: Խողովակաշարով Սաուդյան Արաբիան կապվում է Կարմիր ծովի հետ (հաշվարկային հզորություն օրական 5 միլիոն բարել է, որը հասցրել է 7-ի): Այլ խողովակաշարով ԱՄԷ-ից օրական 1,5 միլիոն բարել է հասնում Կարմիր ծով: Կան նաեւ Իրաքից դուրս եկող խողովակաշարեր, որոնք սակայն ունեն խնդիրներ: Թվերը շրջանցելով` նշենք, որ հանրագումարում, որպես Հորմուզի նեղուցի շրջանցում, խողովակաշարերը իրենց վրա վերցրին օրական հավելյալ մոտ 5 միլիոն բարել նավթ, որն ամեն օր նեղուցով անցնող 20-21 միլիոն բարել նավթի մեջ զգալի ցուցանիշ է: Գումարած Իրանի նավթի արտահանման ավելացումը եւ մյուս թույլատրված արտահանումները: Այսինքն, այդ 20-21 միլիոն բարելի մոտ կեսը պատերազմի ժամանակ էլի դուրս էր գալիս համաշխարհային շուկա: Բացի այդ, հեղուկ բնական գազի համաշխարհային ծավալների մոտ 20-25%-ը անցնում է նեղուցով, որի համար արդեն ցամաքային այլընտրանք չկա:
Լիակատար բլոկադայի դեպքում նավթի արտահանումը Պարսից ծոցի գոտուց լիովին կանգ կառնի. Իրանը դժվար թե արաբական խողովակաշարերի աշխատանքը չկանգնեցնի: Սա արդեն ենթադրում է աշխարհում 20 տոկոսանոց դեֆիցիտ եւ 1 բարելի համար մոտ 200 դոլարի կարգի գին:
Սա արդեն իսկ տնտեսական աղետ է աշխարհի համար, սակայն միայն դրանով ամեն բան չի սահմանափակվի: Բլոկադայի դեպքում, ինչպես Իրանը կանխավ հայտարարել է, կարգելափակի նաեւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը` դեպի Կարմիր ծով եւ Սուեզի ջրանք տանող ուղին: Սա արդեն աննախադեպ համաշխարհային տնտեսական կատաստրոֆա կլինի:
Բայց անգամ սա չէ վերջը. երբ ամերիկացիները հարվածն ուղղակիորեն ուղղում են Չինաստան, ապա պատասխանը կարող է լինել հայելային: Այսինքն, ռիսկի գոտում են հայտնվում նաեւ Պանամայի ջրանցքը, Սուեզի ջրանցքը եւ Մալակկայի նեղուցը. ներկայիս համաշխարհային լոգիստիկայի առանցքային կետերը:
Կարո՞ղ է Թրամփը դիմադրել այս ամենից բխող հետեւանքներին, այդ թվում` ԱՄՆ-ում: Սա արդեն առանձին հարց է:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

