Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվա այցից հետո
ՎերլուծությունՀայաստանի քաղաքական կյանքը հերթական անգամ մտել է լարված եւ անորոշ փուլ՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից հետո, որն ինչքան էլ ՔՊ-ականները փորձում են ներկայացնել որպես սովորական դիվանագիտական շփում, բայց իր խորքում բացահայտեց մի շարք կուտակված հակասություններ՝ ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ հայաստանյան ներքաղաքական դաշտի վերաբերյալ։ Այս այցը ոչ միայն չլուծեց կուտակված խնդիրները, այլեւ նոր հարցադրումներ առաջ բերեց՝ հատկապես հաշվի առնելով այն ուղերձները, որոնք հնչեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։
Պետք է արձանագրել, որ ռուսական կողմն այս անգամ բավական բաց տեքստով անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Պուտինի այն միտքը, թե ռուսամետ ուժերին պետք է ապահովել հավասար պայմաններ ընտրություններին մասնակցելու համար, փաստացի դիվանագիտական լեզվով հնչեցված զգուշացում էր՝ ուղղված գործող իշխանությանը։ Սա կարելի է դիտարկել որպես ազդակ այն ֆոնի վրա, երբ Հայաստանում ակնհայտորեն ռուսական կողմի հետ համագործակցությունը պաշտպանող ուժերը գտնվում են ճնշումների ներքո։ Այդ հայտարարությունը, որքան էլ փորձ արվեց Երեւանի կողմից ներկայացնել մեղմացված ձեւով, իր էությամբ հստակ քաղաքական ուղերձ էր, որը դժվար է անտեսել։
Այս համատեքստում ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանը պնդում է, որ Փաշինյանը վարում է երկակի քաղաքականություն. Մոսկվայում փորձում է ներկայանալ որպես գործընկեր, նույնիսկ՝ որոշ դեպքերում «փափուկ բարձ» դնելով ռուսական կողմի համար, մինչդեռ երկրի ներսում, ըստ նրա, իրականացվում է հակառակ գործընթաց՝ սահմանափակելով այն ուժերի գործունեությունը, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական սերտ հարաբերությունների օգտին։ Այս հակասությունը, ըստ Բաբուխանյանի, ոչ միայն անկեղծության խնդիր է, այլ նաեւ` վտանգավոր ռազմավարություն, քանի որ այն քայքայում է վստահությունը երկու ուղղություններով էլ։
ԵՐԿՈՒ ԱԹՈՌԻ ՎՐԱ ՆՍՏԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Մոսկվայում հնչած մեկ այլ կարեւոր շերտ վերաբերում էր այն մեղադրանքներին, որոնք հնչեցրեց Փաշինյանը՝ փորձելով պատասխանատվության մի մասը տեղափոխել Ռուսաստանի վրա՝ կապված Արցախի հարցում տեղի ունեցած զարգացումների հետ։ Սակայն քննադատները նշում են, որ նման մոտեցումը ոչ միայն պատմական փաստերի խեղաթյուրում է, այլ նաեւ քաղաքականապես անզգույշ քայլ։ Հիշեցվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որքան էլ վիճահարույց, ապահովում էր որոշակի ստատուս-քվո, որը հետագայում փոխվեց արդեն նոր քաղաքական որոշումների արդյունքում։ Այս առումով փորձերը` ամբողջ պատասխանատվությունը դնել արտաքին ուժերի վրա, ընկալվում են որպես ներքաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ։
Միեւնույն ժամանակ, առավել մտահոգիչ է այն, ինչ Բաբուխանյանը բնութագրում է որպես «երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն»։ Փաշինյանը փորձում է միաժամանակ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ զարգացնել ինտեգրացիան դեպի Եվրամիություն, ինչը տեսականորեն կարող էր թվալ հավասարակշռված մոտեցում, բայց գործնականում, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական բեւեռացման պայմաններում, հանգեցնում է հակառակ արդյունքի։ Երբ երկու հակադիր կենտրոնները չեն վստահում քեզ, դու կորցնում ես ոչ միայն գործընկերների վստահությունը, այլեւ քո պետության համար անհրաժեշտ մանեւրելու հնարավորությունը։ Այս իրավիճակում հաճախ օրինակ է բերվում Վոլոդիմիր Զելենսկիի փորձը, որտեղ արտաքին ճնշումների եւ ներքին որոշումների համադրությունը բերեց լուրջ հետեւանքների։
Տնտեսական բաղադրիչը այս ամբողջ քննարկման մեջ առանձնահատուկ կարեւորություն ունի։ Հայաստանը շարունակում է խորապես կապված մնալ Ռուսաստանի տնտեսության հետ՝ էներգակիրների, արտահանման շուկաների եւ ֆինանսական հոսքերի տեսանկյունից։ Այս իրողությունը, անկախ քաղաքական հայտարարություններից, սահմանափակում է կտրուկ շրջադարձերի հնարավորությունը։ Երբ երկրի տնտեսական համակարգը կառուցված է մեկ հիմնական ուղղության վրա, ցանկացած քաղաքական հակասություն այդ ուղղությամբ կարող է վերածվել տնտեսական ճգնաժամի։ Այս հանգամանքը, ըստ Բաբուխանյանի, Մոսկվայում նույնիսկ ակնարկվեց տնտեսական օրինակներով, երբ նշվեց, որ համաշխարհային գնաճի պայմաններում Հայաստանում որոշակի կայունություն պահպանվել է հենց ռուսական գործոնի շնորհիվ։
ՍԽԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
Ներքաղաքական դաշտում ձեւավորվում է հետաքրքիր եւ, միեւնույն ժամանակ հակասական պատկեր։ Իշխանության քննադատները պնդում են, որ գործող քաղաքական կուրսը վտանգավոր է, սակայն նույն այդ քննադատներից շատերը չեն առաջարկում արմատապես այլընտրանքային մոտեցում։ Բաբուխանյանը հատուկ շեշտում է, որ եթե տարբեր ուժեր հայտարարում են, թե շարունակելու են գործող ծրագրերը՝ պարզապես «ավելի արդյունավետ ձեւով», ապա հարց է առաջանում՝ ինչու՞ պետք է փոխվի իշխանությունը։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ փոխվում է ոչ թե քաղաքականությունը, այլ միայն դերակատարները, ինչը, նրա գնահատմամբ, չի կարող բերել համակարգային փոփոխության։
Հատկապես սուր է դրվում՝ «ԹՐԻՓՓ»-ի նախագծի հարցը, որն իր խոսույթում Ալիեւն էլ բազմիցս փասել է՝ իրականում նույն Զանգեզուրի միջանցքի այլ ձեւակերպումն է։ Այս թեման դարձել է ներքաղաքական բանավեճի առանցքային կետերից մեկը, քանի որ այն առնչվում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։ Բաբուխանյանը պնդում է, որ այստեղ նույնպես իշխանության եւ մի շարք ընդդիմադիր ուժերի միջեւ էական տարբերություն չկա, ինչը, ըստ նրա, վտանգավոր միտում է։
Արցախի հարցը, որը երկար տարիներ եղել է հայկական քաղաքական օրակարգի կենտրոնում, այսօր կարծես դուրս է մղվել ակտիվ քննարկումներից։ Սա, ըստ Բաբուխանյանի, ոչ թե պատահականություն է, այլ գիտակցված քաղաքական վարքագիծ, երբ բարդ եւ պատասխանատու թեմաները շրջանցվում են՝ հարմարավետ քաղաքական դաշտ ստեղծելու համար։ Սակայն նման մոտեցումը չի վերացնում խնդիրը, այլ ընդամենը հետաձգում է դրա պայթյունավտանգ դրսեւորումը։
Այս ամբողջ ֆոնի վրա Փաշինյանի մոսկովյան այցը կարելի է դիտարկել ոչ թե որպես ավարտված դիվանագիտական փուլ, այլ որպես նոր գործընթացների սկիզբ։ Ռուսաստանից հնչած ուղերձները, տնտեսական կախվածության գործոնը, ներքաղաքական դաշտի բեւեռացումը եւ արտաքին քաղաքականության հակասությունները միասին ձեւավորում են մի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուր սխալ հաշվարկ կարող է ունենալ ծանր հետեւանքներ։
Հետեւաբար հիմնական հարցը մնում է բաց. արդյո՞ք գործող իշխանությունը կկարողանա վերանայել իր քաղաքական կուրսը եւ վերականգնել վստահությունը արտաքին եւ ներքին գործընկերների հետ, թե՞ Հայաստանը կշարունակի շարժվել այն ուղով, որը բոլոր կանխատեսումներով երկրրը տանում է դեպի խոր անդունդը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
