Ռուսաստանի նոր հերոսները՝ գնդապետ Պավլիկ Մարտիրոսյան և գեներալ-լեյտենանտ Հարություն Դարբինյան
Վերլուծություն2026 թվականի փետրվարի 20-ին և 23-ին Ռուսաստանի Դաշնությունն ունեցավ մեր հայրենակիցներից երկու նոր հերոս։
Առաջին հաճելի լուրն այն էր, որ փետրվարի 20-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Կառավարման ազգային կենտրոնում հանդիսավոր պայմաններում գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանին հանձնեց Ռուսաստանի հերոսի աստղը։ Այդ օրը պաշտպանության նախարարը հանձնեց երկրի բարձրագույն պետական պարգևները՝ «Ոսկե աստղ» մեդալներ և անվանական հրազեն ռուսաստանցի այն զինծառայողներին, որոնք ցուցաբերել էին արիություն և հերոսություն հատուկ ռազմական գործողության առաջադրանքները կատարելիս։
Առանձնահատուկն այն էր, որ Պավլիկ Մարտիրոսյանի մայրական պապը՝ Գառնիկ Բարսեղի Վարդումյանը (1921–1992), Խորհրդային Միության հերոս էր և այս բարձր պարգևը ստացել էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած սխրագործությունների համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական հաղորդագրություններում համառոտ պատմել են քաջարի սպա Պավլիկ Մարտիրոսյանի հերոսական գործողությունների մասին Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի հատուկ գործողության ժամանակ։
Նշվում է, որ Մարտիրոսյանը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության առաջին օրերից ապահովել է անխափան կապը՝ ի շահ մոտոհրաձգային բրիգադի գումարտակային մարտավարական խմբի։
Պավլիկ Մարտիրոսյանը բազմիցս է հերոսական արարքներ գործել։ Վտանգի ենթարկելով իր կյանքը, լինելով հակառակորդի թեժ կրակի տակ՝ նա նետվել է ջուրը և մեքենայից դուրս է քաշել երեք զինծառայողների՝ բազմաթիվ բեկորային վերքերով ու կոտրվածքներով, որից հետո կազմակերպել է ընկած զրահափոխադրիչի քարշակումը և դրանով թույլ չի տվել կապի միջոցների կորուստը։
Պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ սպայի քաջարի և անձնուրաց գործողությունները թույլ են տվել ռուսական մոտոհրաձիգներին դուրս մղել մարտիկներներին զբաղեցրած դիրքերից։
Հարկավոր է նաև հատուկ ընդգծել, որ Պավլիկ Մարտիրոսյանի պապը՝ Խորհրդային Միության հերոս Գառնիկ Բարսեղի Վարդումյանը, 1-ին Ուկրաինական ռազմաճակատի 3-րդ գվարդիական բանակի 25-րդ տանկային կորպուսի 459-րդ Նովոգրադ-Վոլինսկի ականանետային գնդի 3-րդ մարտկոցի հրամանատարն էր։ Նա ծագումով Լոռիից էր։ 1945 թվականի մայիսի 11-ին Պլզեն քաղաքի (Չեխիա) շրջանում ավարտվեց պատերազմը 3-րդ ականանետային մարտկոց Գառնիկ Վարդումյանի համար։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի հունիսի 27-ի հրամանագրով գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ պայքարում ռազմաճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած քաջության ու հերոսության համար լեյտենանտ Գառնիկ Բարսեղի Վարդումյանին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչումը՝ Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով պարգևատրությամբ։
Գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը, ստանալով «Ոսկե աստղը», պատմեց, որ հպարտություն է զգում իր անձնակազմի համար։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանի հերոսի բարձր կոչումը ամենից առաջ իր մարտիկների վաստակն է, նրանց անվախությունը և պարտքի նկատմամբ հավատարմությունը։
Հիշեցնենք, որ Պավլիկ Մարտիրոսյանի մասին լրատվամիջոցները գրել են հատուկ ռազմական գործողության հենց սկզբից։ Այսպես, 2022 թվականի մայիսի 20-ին «Զվեզդա» («Звезда») հեռուստաալիքը եթերում պատմեց փոխգնդապետ Պավլիկ Մարտիրոսյանի այն ժամանակվա հերոսական սխրագործության մասին (հղումը նյութին՝ https://tvzvezda.ru/news/20225192347IWnlo.html).
* * *
2026 թվականի փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գեներալ-լեյտենանտ Հարություն Վանցիկի Դարբինյանին շնորհեց Ռուսաստանի հերոսի կոչումը։
Հարկավոր է առանձնապես նշել, որ ընդամենը երեք օրվա ընթացքում երկու էթնիկ հայեր դարձան Ռուսաստանի հերոսներ։
Հայրենիքի պաշտպանի օրը Կրեմլում տեղի ունեցավ հատկապես աչքի ընկած ռուսաստանցի զինծառայողների պարգևատրման հանդիսավոր միջոցառում: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը անձամբ հանձնեց բարձրագույն պետական պարգևները՝ «Ոսկե աստղ» մեդալները և «Արիության շքանշանը» նրանց, ովքեր ցուցաբերել էին բացառիկ խիզախություն ու հերոսականություն:
Պարգևատրվածների թվում էր նաև մեր հայրենակից, Ռուսաստանի զինված ուժերի Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հարություն Վանցիկի Դարբինյանը։
Ռուսաստանի նախագահը հատկապես նշեց, որ ռուսաստանցի մարտիկները հատուկ ռազմական գործողության գոտում գործում են ներդաշնակ և կազմակերպված կերպով, անսասան կանգնած են երկրի համար։ Նրանց քաջությունն ու վճռականությունը օգնեցին փայլուն կերպով իրականացնել գործողություններ ամենալարված ճակատամասերում և ուղղություններում։
Գեներալ-լեյտենանտ Հարություն Դարբինյանը դարձավ արդեն չորրորդ հայը, որին շնորհվեց Ռուսաստանի հերոսի կոչումը հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Առաջինը փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանն էր՝ առաջիններից մեկը, որին շնորհվեց Ռուսաստանի հերոսի կոչումը հատուկ ռազմական գործողության ժամանակ՝ 2022 թվականի մարտի 3-ին: Երկրորդը կապիտան Սերգեյ Թերզիյանն էր, որին Ռուսաստանի նախագահը հանձնեց «Ոսկե աստղ» 2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Ռուսաստանի հերոսների օրը, երրորդը 2026 թվականի փետրվարի 20-ին դարձավ գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը, իսկ չորրորդը 2026 թվականի փետրվարի 23-ին գեներալ-լեյտենանտ Հարություն Դարբինյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատկապես շեշտեց. «Այսօր Կրեմլում հավաքվել են ոչ միայն պարզապես հսկայական փորձ ունեցող և անբասիր կրթվածությամբ մասնագետներ։ Նրանք հրամանատարներ են, որոնք հատուկ ռազմական գործողության հենց սկզբից մարտը վարում են իրենց զինվորների կողքին՝ կիսում են բոլոր փորձությունները իրենց համագնդեցների հետ, նրանք մարդիկ են՝ ամուր բարոյական սկզբունքներով, իդեալներով, Ռուսաստանի իսկական հայրենասերներ են»։
Հարկ է նշել, որ հայ ժողովրդի ավելի քան 14 հազար զավակներ, բարձր արժանապատվությամբ, Ռուսաստանի ողջ բազմազգ ժողովրդի հետ միասին ակտիվորեն մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը և իրենց ավանդն են ներդնում ապագա հաղթանակի մեջ։
Շնորհավորում ենք գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանին և գեներալ-լեյտենանտ Հարություն Դարբինյանին բարձրագույն պարգևի առթիվ և մաղթում ենք նրանց նոր մեծ հաջողություններ։
Արամ Խաչատրյան, ռազմական լրագրող, ՌԴ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ
Լուսանկարների մակագրություններ՝
- Ռուսաստանի հերոս Պավլիկ Մարտիրոսյանի պապը՝ Խորհրդային Միության հերոս Գառնիկ Բարսեղի Վարդումյանը և Ռուսաստանի հերոս Պավլիկ Մարտիրոսյանը
- Վլադիմիր Պուտինը և Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հարություն Դարբինյանը
Լուսանկարը՝ Քրիստինա Սոլովյովայի (ՌԻԱ «Նովոստի»)
