Նախընտրական «բլիժնի բոյ»
ՎերլուծությունՀայաստանյան ներքաղաքական դաշտում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները, կարծես, մեկ կետում են հատվում՝ իշխանության եւ հասարակության միջեւ խորացող անվստահության անդնդային ճեղքում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ոչ թե մեղմեցին իրավիճակը, այլ հակառակը՝ նոր հարցեր ու կասկածներ առաջացրին:
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, թե ՊՊԾ աշխատակցի հարվածից դպրոցական Դավիթ Մինասյանը «նույնիսկ մարմնական վնասվածք չի ստացել», հնչում է ոչ թե որպես արդարացում, այլ որպես վտանգավոր նախադեպի լեգիտիմացում։ Ավելին, ըստ Փաշինյանի, երբ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները տեսնում են, որ իրենց կողմից պահպանվող անձի նկատմամբ սպառնալիք կա, նրանք կարող են ուժ կիրառել, հարվածել, իսկ սուր իրավիճակներում՝ նույնիսկ զենք կիրառել։
«ՊՊԾ աշխատակիցն ինչի՞ համար է։ Որ ուժ կիրառի, եթե նման իրավիճակ առաջանա։ Նրանք ունեն բոլոր լիազորությունները։ Երբ ՊՊԾ ծառայողը աշխատանքը չանի, աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող է հայտնվել բանտում իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար», - ընդգծել է Փաշինյանը եւ հավելել, որ ինքը չի հանդուրժի Հայաստանում որեւէ ծառայություն չկատարի իր պարտականությունները։
Ըստ էության, իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, որ ուժի կիրառումը ընդունելի է, եթե դրա հետեւանքները «բարեհաջող» են ավարտվել։ Բայց այստեղ առաջանում է առանցքային հարցը՝ արդյո՞ք պետության կողմից ուժի կիրառման չափանիշը պետք է լինի ոչ թե գործողությունը, այլ դրա «արդյունքը»։ Այս մոտեցումը վտանգավոր է, քանի որ այն բացում է ճանապարհ իրավապահ համակարգի կամայականության համար։
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԲՍՈՒՐԴԸ
Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպն ինքնին արդեն ունի սիմվոլիկ ծանրություն։ Երբ պետական ուժային կառույցը ֆիզիկական ազդեցություն է գործադրում եկեղեցու ներսում, դա դուրս է գալիս պարզապես «անվտանգության ապահովման» տրամաբանությունից եւ մտնում է արժեքային բախման դաշտ։
Փաշինյանի այն պնդումը, թե «ոչ մի տեղ գրված չէ, որ ինքը չի կարող մոտենալ խորանին», իրավական տեսանկյունից գուցե վիճելի չէ, սակայն քաղաքական եւ բարոյական առումով այն անտեսում է հանրային զգայունությունը։ Պետական ղեկավարի յուրաքանչյուր քայլ նման միջավայրում ունի ոչ միայն իրավական, այլ նաեւ` խորհրդանշական նշանակություն։
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում ակնհայտ է մի վտանգավոր ենթատեքստ՝ պետական համակարգը նույնացվում է իշխանության հետ, իսկ իշխանությունը՝ անձի։ Երբ նա հայտարարում է, որ չի հանդուրժի որեւէ ծառայության կողմից պարտականությունների չկատարումը, դա հնչում է ոչ թե որպես ինստիտուցիոնալ պահանջ, այլ որպես ուղղակի հրահանգ՝ «գործեք ցանկացած ձեւով»։
Այս ֆոնին առավել մտահոգիչ է նաեւ լրագրողների հետ նրա վարքագիծը։ Բացահայտ կոպիտ տոնով խոսելը, լրագրողին «լռեցնելը», փաստացի հաստատում են, որ իշխանությունը հեչ էլ «դեմոքրսիի» ջահակիր չէ, ավելին՝ անհանդուրժող է քննադատության նկատմամբ։ Էլի չասեն, որ դպրոցական Դավիթ Մինասյանի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն դուրս է եկել մեկ միջադեպի շրջանակներից եւ դարձել քաղաքական քննարկման առարկա։ 18-ամյա երիտասարդի կալանքը, որքան էլ ընտանիքը խուսանավի այս բառից, ունի քաղաքական ենթատեքստ։
Ըստ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի` դպրոցականներ Դավիթ եւ Միքայել Մինասյանների հետ տեղի ունեցածը ոչ թե պետք չէ քաղաքականացնել, այլ՝ գերքաղաքականացնել, ուլտրաքաղաքականացնել, աննկարագրելի քաղաքականացնել:
«Եղբայրները եկեղեցում խաղաղ աղոթք էին անում, երբ «քաղաքականությունը» իր դեմքով, շքախմբով, քաղաքական նախընտրական սիմվոլիզմով, ուժայիններով ու քաղաքական նոմենկլատուրայով մտավ իրենց եկեղեցի առաջնային եւ դոմինանտ դիրքը խորանի առջեւ գրավելու եւ դոմինանտությունը մյուս հավատավորների նկատմամբ ցույց տալու համար: Դավիթ եւ Միքայել Մինասյանները իրենց եկեղեցում քաղաքական դերակատարների կողմից քաղաքական դոմինանտության հաստատման զոհ են, ինչին տվել են պատվախնդիր արձագանք: 18-ամյա երիտասարդի կալանավորման թեման ապաքաղաքական պահելը էթիկայի հարց չէ։ Դա սերնդի հարց է։ Սա քաղաքական վեճ չէ։ Սա սահման է՝ սերնդի եւ նրա վրա մտավոր դոմինանտություն հաստատողների միջեւ», - շեշտում է Մարտիրոսյանը:
Ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Եվրադեսպանատան լռությունը մեղսակցություն է: Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ ԵՄ-ն աչք է փակում մարդու իրավունքների խախտումների վրա՝ հանուն «կայուն գործընկերության»։ Ինչ խոսք, վրդովմունքն արդարացի է, քանի որ նախկինում համանման դեպք լիներ, եվրադեսպանները, մազները պոկելով ու շորները պատառոտելով, աղմուկ կբարձրացնեին, իսկ հիմա տիրում է ձայն բարբառո անապատի:
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԵՏԿԱՇԱՌՔԸ
Մինչ քաղաքական լարվածությունը աճում է, իշխանությունը փորձում է օրակարգ բերել սոցիալական թեմաներ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացրած առողջապահական ապահովագրության փոփոխությունները ներկայացվում են որպես լայնածավալ բարեփոխում։
Սակայն ընդդիմադիր շրջանակներում սա արդեն որակվում է որպես «նախընտրական պետկաշառք»՝ հատկապես հաշվի առնելով ժամկետները եւ ծրագրի ընդգրկման խոստումները։ Ավելին, հիշեցվում է նաեւ, որ վերջին շրջանում հայտարարվել է թոշակների բարձրացման, ինչպես նաեւ սոցիալական աշխատողների աշխատավարձերի աճի մասին, ինչն ընդդիմության գնահատմամբ լրացուցիչ ազդակ է, որ իշխանությունը փորձում է սոցիալական միջոցներով մեղմել հանրային դժգոհությունը։
Այս ամբողջ պատկերը, քննադատների համոզմամբ, հուշում է մի պարզ իրողություն՝ իշխանությունը հայտնվել է ցայտնոտային իրավիճակում եւ հասկանում է, որ առանց «շաբաշի», դժվար է ապահովել վերարտադրությունը։
Միեւնույն ժամանակ, ընդհանուր զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանը մտնում է ներքաղաքական լարվածության նոր փուլ։ Իշխանության կոշտ հռետորաբանությունը, ուժային կառույցների գործողությունները, ընդդիմության ակտիվացումը եւ արտաքին դերակատարների ակնհայտ ներգրավվածությունը ձեւավորում են առավելապես պայթյունավտանգ միջավայր։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
