Մարշալ Բաբաջանյանը 120 տարեկան է
ՎերլուծությունՄարշալ Բաբաջանյանը 120 տարեկան է
Դստեր՝ Լարիսա Համազասպովնայի հուշերը հոր մասին
Այս տարին մեր ընտանիքի համար առանձնահատուկ է. իմ հոր՝ Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի 120-ամյակն է։ Նա լեգենդար, հերոսական, լայն մտահորիզոնով մեծ մարդ էր։ Նրա սխրանքների ու վաստակի մասին լեգենդներ են շրջում։ Զինվորականները նրա խելքով, իմացունակությամբ, հնարամտությամբ ու ռազմավարի հմտություններով հիանում են մինչև հիմա։ Մարդկանց օգնելու, նրա բարության ու գթասրտության մասին շատերն են հիշում, թեև նրա մահից անցել է գրեթե հիսուն տարի։ Իսկ ինձ համար նա ամենից առաջ սիրելի, հարազատ մարդ է, որը միշտ աներևույթ կերպով ներկա է իմ կյանքում։
Հայրիկը եզակի անհատականություն էր, մեծատառով մարդ էր, և դա դրսևորվում էր ամեն ինչում, այդ թվում՝ ընտանիքում։ Հիշում եմ, թե ինչպես էր նա աշխատանքից տուն գալիս և առաջին հերթին հարցնում էր. «Մայրիկին օգնե՞լ եք»։ Ի դեպ, ինչ դժվարություններ էլ որ ծագեին ծառայության ընթացքում (իսկ հայրիկը միշտ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել՝ 1959 թվականից Օդեսայի ռազմական շրջանի հրամանատարն էր, 1967 թվականից՝ Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիայի պետը, իսկ 1969 թվականից գլխավորել է Խորհրդային բանակի տանկային զորքերը), նա երբեք դրանք տուն չէր «բերում»։ Շատ սիրալիր էր կնոջ՝ Արգունյայի (իմ մոր) և դուստրերի (իմ և իմ կրտսեր քրոջս՝ Բելլայի) նկատմամբ։ Բայց իմ ավագ եղբորը՝ Վիկտորին, կարող էր անպատվել գործի համար։ Ես՝ որպես երեխա, օգտվում էի նրա բարությունից ու խելացիությունից. հայրիկը հաճախ աշխատանքից հետո օգնում էր ինձ դասերս պատրաստել։ Իսկ ավելի ճիշտ՝ նա դա անում էր իմ փոխարեն, ինչպես, ի դեպ, ավելի ուշ նաև իմ ավագ դստեր՝ Անետայի փոխարեն, որը նույնպես հիանալի հիշում է նրան։ Պետք է ասել, որ նա ընդհանրապես պաշտում էր փոքրիկ երեխաներին, իսկ իր երեխաներին ու թոռներին՝ առավել ևս։ Նա միշտ ժամանակ էր գտնում ընտանիքի համար։ Բոլոր հանգստյան օրերին նա և մայրս աշխատում էին այցելել թատրոն կամ կինո, օպերա կամ համերգ։ Հաճախ էր գալիս տեսնելու իր թոռնուհիներին, կարողանում էր ժամանակ գտնել և զբոսնել նրանց հետ, կենդանաբանական այգի տանել։
Հայրիկը զարմանալիորեն բազմակողմանի զարգացած մարդ էր՝ տարբեր տաղանդներով ու հետաքրքրություններով։ Նա շատ էր սիրում սպորտը, մարզադաշտ էր գնում (ի դեպ, հայրիկի մասնակցությամբ է Օդեսայում մարզադաշտ կառուցվել, իսկ երկրորդը վերակառուցվել)։ Շատ էր սիրում խաղալ բիլիարդ, նարդի և, իհարկե, շախմատ։ Նույնիսկ ամառանոցում թիկնազորի կազմում հորս խնդրանքով երիտասարդ ծառայողների էին ընտրում, որոնք կարողանում էին լավ շախմատ խաղալ, և նրանց հետ մրցում էր երբեմն մինչև լույս։ Նա ընդհանրապես հասարակ էր իր ենթակաների հետ շփվելիս, կամ, ավելի ճիշտ՝ ամբարտավան չէր և նույնիսկ հոգատար էր։ Նրա ևս մեկ հաճախակի հնչող հարցերից էր հետևյալը. «Վարորդին կերակրե՞լ եք»։
Այստեղ կարելի է պատմել նաև մի այսպիսի բնութագրական դեպքի մասին Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Լ. Ի. Շչերբակովի պատմածներից. «Բաբաջանյանը հաճախ էր գալիս Կուբինկա՝ լճի ափին հանգստանալու։ Նա սովորության համաձայն կրում էր սև տաբատ, կարմիր վերնաշապիկ և լայնեզր ծղոտե գլխարկ։ Այդ ժամանակ շրջկոմից հրահանգված էր չոր խոտ պահեստավորել անասունների համար։ Իր բաժինը ստացավ նաև Զրահատանկային զորքերի գիտա-հետազոտական փորձարարական ինստիտուտը (НИИ БТ – Научно-исследовательский испитательный институт бронетанковых войск)։ Մի կիրակի Բաբաջանյանը ինստիտուտի պետ Գ. Վ. Յակուբչիկին ասում է, որ գնում է անտառ զբոսնելու՝ հրաժարվելով ուղեկցորդից։ Զբոսանքը երկարում է։ Գեներալը սկսում է նյարդայնանալ և փոքր ՈւԱԶ մեքենա («уазик») է ուղարկում։ Բայց շուտով Բաբաջանյանը ինքնուրույն վերադանում է՝ հոգնած ու գոհ։ Նստում են նստարանին և սպասում խորովածին։ Մարշալը պատմում է, թե ինչպես է անտառահատման հողաբաժնում հանդիպել մի խոտ հնձողի և նրանից գերանդի խնդրել։ Գերանդին ստանալով՝ Բաբաջանյանը մեծ հաճույքով սկսել է խոտ հնձել։ Խոտ հնձողին զարմացրել է անծանոթի հմտությունը։ Գործատուն նրան ճարպ ու ինքնաթոր օղի է հյուրասիրել։ Պարզվել է, որ խոտ հնձողը ենթասպա է (ցածրաստիճան սպա), որը դեռ մի ամբողջ հողաբաժին էլ պետք է մշակեր։ Սպան անծանոթին առաջարկում է օգնել իրեն՝ հաջորդ օրը արևը ծագելու հետ գալ։ Խոստանում է վճարել աշխատանքի համար։ Լսելով այս պատմությունը՝ գեներալ Յակուբչիկը պոկվում է տեղից և գնում անտառ։ Գտնում է գործատու սպային, հանդիմանում նրան և տանում զինվորական կալանատուն (հաուպտվախտ)։ Յակուբչիկը իր արածի մասին զեկուցում է մարշալին։ Համազասպ Խաչատուրովիչը, իր հերթին, հանդիմանում է գեներալին և կարգադրում ազատ արձակել սպային։ Հաջորդ օրը՝ արևածագին, մարշալն ու սպան երկու գերանդիով հնձում են ամբողջ հողաբաժինը։
Ընդհանրապես հայրս օժտված էր հումորի զարմանալի զգացումով, կենսասիրությամբ, հետաքրքրասիրությամբ և եզակի հիշողությամբ։ Երբ 30 հատորով լույս տեսավ Խորհրդային մեծ հանրագիտարանի երրորդ հրատարակությունը, հայրս կարդաց բոլորը՝ հիշելով բացարձակապես ամեն ինչ։ Նրան այդպես էլ անվանել են՝ «մարդ-հանրագիտարան»։
Ես այսօր ձեզ պատմեցի հորս մասին՝ այնպիսին, ինչպես ես եմ նրան հիշում, ինչպես պատմում եմ նրա մասին իմ երեխաներին ու թոռներին։ Նրա օրագրերի հիման վրա ես հրատարակել եմ մի շատ հետաքրքիր գիրք, որը նկարազարդել է իմ կրտսեր դուստրը՝ Յուլյան (նկարչի տաղանդը նույնպես իմ երեխաները ժառանգել են նրանից)։ Բայց որպես պատերազմի հերոսի, ինտելեկտով մարդու, քաջության, հայրենասիրության, հայրենիքի, մարդկանց և կյանքի հանդեպ նրա սիրո մասին հրատարակվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել են ֆիլմեր, սյուժեներ։ Նրա մասին կարելի է կարդալ և՛ Խորհրդային մեծ հանրագիտարանում, և՛ Վիկիպեդիայում, և՛ համացանցի լայնարձակ տարածքներում, իսկ այսօր նաև սիրելի «Նոյև Կովչեգ» թերթում։
Լարիսա Բաբաջանյան
