Իշխանությունը չի կարող գիտակցել քաղաքական փոփոխությունները, բայց ընդդիմությունը պարտավոր է
ՎերլուծությունՀայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ
Համացանցում լայնորեն քննարկվում է Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծության թեման։ Սկզբից ևեթ նշեմ, որ ամուսնալուծություն չկա, քանի որ նրանց ամուսնությունը ո՛չ եկեղեցական, ո՛չ էլ քաղաքացիական կապերով չի գրանցվել։ Աննա Հակոբյանը հայտնվում է իրերի արկղերի կողքին, որոնցով նա պատրաստվում է լքել կառավարական նստավայրը, իրեն նվիրած զարդերը թողնում է Փաշինյանին։ Եվ չի բացառում, որ իր հանդեպ կարող է սկսվել քրեական հետապնդում, քանի որ «Իմ քայլը» հիմնադրամի դրամական միջոցներում, որի գործադիր տնօրենն էր ինքը, ամեն բան չէ որ մաքուր էր։ Կամ էլ նա կարծես թե ակնարկում է, որ Փաշինյանը, որը տասնյակ մարդկանց բանտարկել է մտացածին մեղադրանքներով, կարող է իրեն էլ բանտարկել, ինչը ռոմանտիզմ է հաղորդում նրանց ամուսնալուծությանը։ Փաշինյանը հեռակա կարգով շնորհակալություն հայտնեց նրան այն բանի համար, որ դժվար օրերին նա իր կողքին է եղել, և Աննա Հակոբյանը, ըստ իր հայտարարության, հեռացել է վարձով բնակարանում ապրելու համար, քանի որ ինքն ապրել է գերազնիվ կյանքով և անշարժ գույք ձեռք չի բերել։
Նրանց ամուսնալուծության վերաբերյալ առաջ են քաշվում տարբեր վարկածներ։ Քանի որ Փաշինյանի ընտրազանգվածը հիմնականում կազմված է արցունքաբեր սերիալների սիրահարներից, ենթադրվում է, որ նրանք ծանր ապրումներ կունենան այս առիթով։ Իսկ հետո՝ արդեն հունիսյան ընտրությունների նախօրեին, Աննա Հակոբյանը վերադառնում է՝ պայթեցնելով ինտերնետը։ «Աննան վերադարձել է»,– միմյանց շնորհավորում են ցնդած պառավները՝ աչքերը սրբելով արցունքներից թացացած թաշկինակներով։ Փաշինյանի վարկանիշը երկինք է հասնում։ Ճիշտ է, հայտնվեցին պաստառներ, որ եթե կինը երես է թեքում տղամարդուց, բա էլ ո՞ւմ համար են մեզ կոչ անում քվեարկել։ Կինը երես է շրջում, իսկ մենք քվեարկո՞ւմ ենք։
Իսկ ինձ ավելի ճշմարտանման է թվում մեկ այլ վարկած։ Ավելի շուտ, Փաշինյանը կառավարման կենտրոններից տեղեկացել է, որ ինքը ընտրություններում կարող է պարտվել՝ չնայած «ժողովրդավարության» առաջատար կենտրոնների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործադրած ջանքերին, և լավ կլինի, որ ինքը նախապես մտածի՝ ինչպես ճողոպրել Հայաստանից նվազագույն կորուստներով, որպեսզի չկառչի ինքնաթիռի շասսիից, ինչպես Աֆղանստանում եղավ։ Աննա Հակոբյանը տեղյակ է իր կենակցի բոլոր դատապարտելի արարքներին, ուստի ավելի լավ կլինի, որ նա հիմա առանձին կյանքով ապրի. հետո կարող է ուշ լինել։ Եվ պետք է ապահովել նրա անունով ձևակերպված ակտիվները, որոնք ձեռք են բերվել «ծանր աշխատանքով»։ Եվ «Որտե՞ղ է Աննա Հակոբյանը» հարցին, ի պատասխան, Փաշինյանը կարող է ուսերը թոթվել. «Ի՞նչ իմանամ»։ Մի խոսքով՝ Աննան այլևս կարծես թե կապ չունի այն բանի հետ, ինչ անում է Փաշինյանը, պատասխանատվություն չի կրում։ Այս տարբերակով նա, ամենայն հավանականությամբ, կհեռանա Հայաստանից և կանհետանա տիեզերքի անսահմանության մեջ։ Այսինքն՝ ընտանիքի ակտիվները, նրանց կարծիքով, կփրկվեն։
Իսկ առայժմ Փաշինյանը, ինչպես իրեն է թվում, նախընտրական միավորներ է հավաքում։ Սողոսկում է փողոց՝ ձեռքը մեկնած ձեռքսեղմման համար։ Մի տարեց քաղաքացի հարցրեց Փաշինյանին, թե՝ ով ես դու։ Նրան պարզապես դուրս հանեցին այն խանութից, որտեղ նա ձեռքը մեկնել էր։ Ի՞նչն է նրա համար ամենաբնութագրականը. նրա դեմքը տարակուսանք չէր արտահայտում, կարծես թե այդպես էլ պետք է լիներ. ահա գալիս է վարչապետը, և նրան դուրս են վռնդում խանութից։ Լավն ի՞նչն է՝ այն, որ, չնայած իր վրեժխնդիր էությանը, նա խանութի դեմ առայժմ ճնշումներ չի սկսել. խելքը հերիքել է։ Ըստ երևույթին, թողել է հետագային։ Եվ, այնուամենայնիվ, իր կենակցուհու բացակայությունը, որը, նրա կողքին լինելով, կարող էր նրան զսպել, խթանում է Փաշինյանի բարդույթները, որոնք նա կուտակել է մանկուց։ Դրա հետ մեկտեղ նա, ըստ երևույթին, հասկացել է, կամ նրան հասկացրել են, որ արևմտյան «դեմոկրատիաների» հավանության ներքո երկիրը համակենտրոնացման ճամբարի վերածելը ընտրությունների նախաշեմին չարժե. ավելի լավ է դա թողնել հետագային, և սկսեց մեղմացնել քաղբանտարկյալների պատժի չափերը։ Ոմանց կալանքը փոխարինեցին տնային կալանքով՝ երկրից դուրս չգալու ստորագրությամբ և այլն։ Մի խոսքով՝ որոշվեց գոլորշին բաց թողնել։ Բնականաբար, ոչ թե համատարած, այլ խիստ ընտրողաբար։ Տնային կալանքով ազատ արձակվեց Եկեղեցու դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Սրբազանը, որը սոցցանցերում իր վերաբերմունքն էր արտահայտել Փաշինյանի նկատմամբ. «Նրան թվում է, թե բազմիցս կրկնվող հիմարությունը կդառնա իմաստություն, իսկ բամբասանքը ճշմարտություն»։ Ըստ երևույթին, այն, որ բռնաճնշումները դիմադրություն են առաջացնում, հասել է կառավարող կենտրոններին։ Այստեղ, ավելի շուտ, գիտակցվում է նաև ընդդիմության դերը, որը չգոյությունից դուրս է ելնում քաղաքական ասպարեզ, ինչի մասին Փաշինյանը որոշակի տեղեկություններ է ստացել։
Երկրի իրավիճակը խիստ բարդացել է՝ կապված Իրանի հետ պատերազմի հետ, ինչը ենթադրում է իշխանությունների լարված աշխատանք՝ առնվազն խնդիրների մեջ չընկնելու համար։ Ինչն էլ ցուցադրում է իշխանությունը. Փաշինյանն ընկերների հետ ակտիվորեն կարկանդակ ու եգիպտացորեն է ուտում, ինչը անմիջապես տեղադրվում է համացանցում, ինչքան էլ որ նրանք թաքցնեն իրենց ֆիզիոլոգիական պրոցեսները ընտրողներից։ Իրանում սգի ֆոնին Փաշինյանի թիմը պարում և ուրախանում է ավտոբուսում՝ ցուցադրելով սրտիկներ, իբր թե մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Հետո նա գնում է Վրաստան՝ թմբուկ զարկելու՝ ենթադրելով, որ դրանով դեպի իր անձը կտրամադրի սնոբ (մոդայամոլ, պճնամոլ) վրացիներին։ Հեգնական ժպիտները նա չի տեսնում։
Մեր իրանցի հարևանները, որոնք միշտ աչքի են ընկել Հայաստանի նկատմամբ իրենց բարի տրամադրվածությամբ, սգի մեջ են, մինչդեռ Փաշինյանն ընկերների հետ ամեն կերպ ուրախություն է արտահայտում։ Փաշինյանը փաստացի միացել է արևմտյան տեղեկատվական արշավներին, որտեղ բազմաթիվ զոհերով ռմբակոծությունները ցուցադրվում են ուրախ երաժշտության ներքո։
Կրկին եկեղեցու մասին։ Քանի որ Փաշինյանի սատանայական արշավը հիմնականում ձախողվել է, այսօր կարելի է առանձնացնել եկեղեցու վրա նրա հարձակումների հինգ փուլ։ Առաջին փուլում՝ անցյալ տարվա մայիսին, նա կոչ արեց մարդկանց հավաքվել Էջմիածնի հրապարակում, իսկ հետո գնալ տաճար՝ մոմեր վառելու։ Բայց ժողովուրդը առանց դրա էլ մոմեր է վառում, և անաստված Փաշինյանի կոչերը կասկածելի էին թվում։ Մի խոսքով՝ ժողովուրդը որոշեց, որ ավելի լավ է մեղքից հեռու մնալ։ Նա հույս ուներ, որ աղանդները կլինեն իր նախաձեռնության առաջամարտիկները, սակայն նրանք, չնայած ակտիվ մասնակցությանը «թավշյա հեղափոխությանը», հրաժարվեցին։ Հնարավոր է՝ այն պատճառով, որ Փաշինյանը կառավարվում է ալիևյան նախաձեռնություններով, իսկ աղանդները՝ ավելի բարձր ատյանների, օրինակ՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի։ Մի խոսքով՝ դա չհաջողվեց։
Երկրորդ փուլը հիմնված էր եկեղեցու պառակտման վրա։ Այս գործի համար հաջողվեց հավաքագրել հինգ հարյուր քահանաներից երեքին, կրկին ձախողում։ Երրորդ փուլում Փաշինյանը փորձեց բազմություն հավաքել իր հավաքագրած քահանաների կողմից մատուցվող պատարագներին և հաղթական քայլերթով շարժվել դեպի Էջմիածին։ Նորից ձախողում, ընդ որում, պատարագներին հավաքվում էր նրա կողմնակիցների միայն մի փոքր մասը, որոնք անհետանում էին ուժայինների շարքերում։ Չորրորդ փուլում՝ դեկտեմբերի 18-ին, իր տրամադրության տակ ունենալով արդեն 10 հերձվածող եպիսկոպոսներ՝ նա փորձեց գրավել տաճարը, կրկին ձախողում։ Հինգերորդ փուլում 10 հերձվածող եպիսկոպոսները փորձեցին գրավել իշխանությունը Էջմիածնում, և կրկին ձախողում։ Այնուհետև, Ավստրիայում, որտեղ անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխվեց եպիսկոպոսների ժողովը, հերձվածողներից մեկը կարգալույծ արվեց, մեկը զղջաց, իսկ մյուսները լռեցին։ Կոպիտ ասած՝ ընդդիմության մեջ մնացին հինգը։ Սա չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական դաշինքի հրահանգները Փաշինյանի համար կորցրել են իրենց արդիականությունը, բայց այս փուլում նա պարտվեց։
Այժմ Իրանի մասին։ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը մեր հարևանների վրա այլ կերպ, քան անամոթ նենգություն չես կարող անվանել։ Իրանի վրա հարվածը կատարվեց բանակցությունների ֆոնին, որոնք, կարծես հանգել էին երկու երկրների դիրքորոշումների համաձայնությանը, և այդ ժամանակ՝ հարված։ Այս նենգության նպատակներից մեկը ռահբար (առաջնորդ) Խամենեիին և Իրանի ղեկավարությանը մեկ տեղում և հանգիստ մթնոլորտում հավաքելն էր՝ խաղաղության պայմանագրի մանրամասները քննարկելու համար. խաղաղության պայմանագիրը շատ մոտ էր։ Եվ ահա հարվածը, որի հետևանքով զոհվեցին ռահբարի ընտանիքի անդամները և ինքը՝ ռահբար Խամենեին։ Դրանից հետո տեսադաշտից անհետացավ բրիգադի գեներալ Իսմայիլ Քաանին։ Նա մի քանի անգամ ճիշտ ժամանակին հեռացել էր բանակի ղեկավարության ժողովներից՝ հրթիռների և ռումբերի հարվածներից անմիջապես առաջ, և, վարկածներից մեկի համաձայն, դավաճանության մեջ մերկացվելով՝ գնդակահարվել է, ըստ մեկ այլ վարկածի՝ նա պատրաստում է պատասխան հարված, որը ենթակա չէ հրապարակայնության։ Այնուամենայնիվ, ռահբարի գտնվելու վայրը հայտնի էր, և հրթիռները թռան հասցեի ուղղությամբ՝ միաժամանակ սպանելով կանանց ու երեխաների։ Ինչը, ի դեպ, ոչ մի կարեկցանք չի առաջացնում բարոյականությամբ չօժտված Թրամփի և Նեթանյահուի մեջ, ինչպես և գիմնազիայի աղջիկների սպանությունը։ Այնուամենայնիվ, այս զույգը ինչ-որ հեռավոր գիտակցություն ունի, որ սա հպարտանալու բան չէ, քանի որ սկզբում նրանք ցանկանում էին մեղքը բարդել Իրանի վրա, մինչև որ ստույգ ապացուցվեց, որ իրենք են մեղավոր: Բացի այդ, Ամերիկայում էլ ոչ բոլորին է դուր գալիս այն, որ կարելի է անպատիժ կերպով սպանել երեխաների, և նույնիսկ հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը, որը սկզբում ամեն կերպ աջակցում էր Թրամփին, այժմ լուրջ կասկածներ է հայտնում իր ընտրության նկատմամբ:
Սկզբում Թրամփ-Նեթանյահու զույգին թվում էր, թե վիթխարի կորուստներից հետո Իրանը սպիտակ դրոշ կծածանի։ Իրանը իսկապես դրոշ ծածանեց, բայց ոչ թե սպիտակ, այլ ջիհադի կարմիր դրոշը՝ վրեժխնդրության կոչելով բոլոր շիա մահմեդականներին, և սկսեց ռմբակոծել հասանելիության սահմաններում գտնվող ամերիկյան ռազմական բազաները։ Եվ, ինչը կարևոր է, մեկուկեստոննանոց հիպերձայնային հրթիռ արձակեց Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանի ուղղությամբ։ Եթե Իրանը թիրախավորի իսրայելական էլեկտրակայանները, որոնք շատ չեն, ապա ամբողջ Իսրայելը կարող է մթության մեջ ընկղմվել։ Դրա հետ մեկտեղ հեղինակավոր փորձագետները նշում են, որ Իրանում ռեժիմի փոփոխության գործողությունները ձախողվել են։ Խաղաղ ժամանակ ժողովուրդը բողոքում է անարդարությունների դեմ, բայց երբ քո դեմ պատերազմում են, այդ անարդարությունները մոռացվում են, և գործի է դրվում համախմբվելու սցենարը, ինչը որևէ կերպ հաշվի չէին առել Իրանի դեմ պատերազմ նախագծողները։ Այդ պատճառով Իրանին «ամենակործան» հարված հասցնելու սպառնալիքները այսօր թվում են սնապարծություն։
Սկիզբը՝ 2-րդ էջում
Այժմ անհրաժեշտ է, որ Թրամփն ավարտի պատերազմը՝ հնարավորինս փրկելով իր դեմքը, և նրան միջնորդներ են հարկավոր։ Այդ պատճառով նա երկար ընդմիջումից հետո զանգահարում է Պուտինին՝ մտադրություն ունենալով նրան ներգրավել գործընթացի մեջ՝ իմանալով նրա ազդեցությունը Իրանի վրա, որը պահանջում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ-ին և Իսրայելին ճանաչի որպես ագրեսորների, ինչը պետք է զսպի Իրանի վրա հետագա հարձակումների նրանց ցանկությունը։ Նույնիսկ ՄԱԿ-ի նման այսօր քիչ նշանակություն ունեցող կազմակերպության ագրեսորների ցուցակում ընդգրկվելը, այնուամենայնիվ, հարված է ԱՄՆ-ի հեղինակությանը, ինչի համար պարտական կլինեն բացառապես Թրամփի արկածախնդրությանը։ Սա դեմոկրատների օգտին կլինի նոյեմբերին տեղի ունենալիք Կոնգրեսի ընտրություններում և ազատ կարձակի նրանց ձեռքերը՝ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու համար։ Այնուհետև Իրանը կարող է պահանջել փոխհատուցում և շարունակել իր միջուկային ծրագիրը։ Դժվար է կանխատեսել, թե որտեղ կհանգեցնեն բանակցությունները, բայց որ դրանք խիստ անհրաժեշտ են Թրամփին, ակնհայտ է։ Բացի դրանից, միշտ կա Նեթանյահուին որպես քավության նոխազ նշանակելու հնարավորությունը, կարծես իրեն՝ միամիտին, մաքրագործելու համար։ Հնարավորությունները շատ են, այդ թվում՝ Իսրայելի կարևորագույն ենթակառուցվածքները ոչնչացնելու սպառնալիքը, որի ընթացքում Թրամփը կսպառնա մի կողմ քաշվել՝ ասելով, թե՝ իրանական հիպերձայնային հրթիռներով ինքներդ զբաղվեք, իսկ ինձ համար Հորմուզի նեղուցի փակումն էլ բավարար է։ Այնուամենայնիվ, միջուկային պատերազմի սցենարը չի կարելի բացառել, թեև հետևանքները կլինեն կործանարար, այդ թվում՝ Թրամփի համար։
Իրանը ներսից պայթեցնել չհաջողվեց. ո՛չ քրդերը, ո՛չ իրանցի ադրբեջանցիները՝ թյուրքալեզու էթնիկ պարսիկները, Իսրայելի և ԱՄՆ-ի հույսերը չարդարացրին: Ճիշտ է, պատերազմը սկսվելուց անմիջապես հետո Ալիևը որոշ չափով հուզվեց՝ ենթադրելով, որ իր համար հնարավորություններ են բացվում գրավելու իրանական Ադրբեջանը: Նախիջևանի օդանավակայանի ծայրամասում անօդաչու թռչող սարքը ռումբ էր նետել, մի ուրիշը ընկել էր Շաքերաբադ գյուղում՝ ոչ մեկին չվնասելով: «Մեր դեմ այս ահաբեկչական գործողությունը կատարած անպատիվ մարդիկ կզղջան դրա համար,- ասաց Ալիևը:- Նրանք չպետք է փորձեն մեր ամրությունը»: Նա նկատի ուներ Իրանին, բայց վերջինս հայտարարեց, որ դա Իսրայելն է արել, իսկ Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ խոսակցությունից հետո Ալիևը մեղմացրեց իր տոնը և կոչ արեց հետաքննել միջադեպը, չնայած այդ հնարավորությունը հենց սկզբից էլ ուներ: Հիմա նա ամեն կերպ բարեկամություն է ձևացնում Իրանի հետ՝ ուղարկելով մարդասիրական օգնություն: Հնարավոր է՝ հասկացել է, որ իրանական Ադրբեջանի նկատմամբ իր ախորժակը պետք է չափավորի:
Եվ եթե Ալիևը ճիշտ է գնահատում իրավիճակը, ապա պետք է սպասել, որ Նախիջևանից Ադրբեջան տանող այսպես կոչված «Թրամփի ճանապարհը», որին Իրանը ծայրահեղ դժգոհությամբ էր վերաբերվում, քանի որ գիտեր, որ դա իր դեմ է ուղղված, այդպես էլ չի գործի: ԱՄՆ-ը այստեղ կկորցնի իր ազդեցությունը, և Հարավային Կովկասի տարածաշրջանը կանցնի Ռուսաստանին ու Իրանին: Եվ այստեղ մենք ստիպված ենք գանգատվել, որ այս ծանր պայմաններում մենք ազգային կառավարություն չունենք, իսկ այն, ինչ ունենք, կառավարվում է հնացած հրահանգներով: Հիշում եմ՝ ինչպես փոխնախագահ Վենսը տարածաշրջան կատարած իր նախապատերազմյան այցի ժամանակ գովասանքներ տեղաց Ալիևի հասցեին Աֆղանստանում ադրբեջանցիների ցուցաբերած հերոսության համար: Ի՞նչ նկատի ուներ նա, պարզ չէ. ամենաշատը հիշողությանս մեջ մնացել է այն, թե ինչպես էին խաբված աֆղանցիները կառչել ինքնաթիռների շասսիից, քանի որ ամերիկացիները, զվարճանալով, իրենց թողել էին բախտի քմահաճույքին: Նրանց մեջ կայի՞ն ադրբեջանցիներ, հայտնի չէ, ինչպես և հայտնի չէ, թե արդյոք նրանք ամերիկյան դաշնակից ուժերի կազմո՞ւմ էին: Մի բան պարզ է. Վենսը Ալիևին մարտական ոգով տոգորեց: Աջակցություն հայտնեց Փաշինյանին առաջիկա ընտրություններում՝ պայթեցնելով միջազգային հարաբերությունների էթիկետը: Ալիևն արդեն փոխել է իր տոնը, իսկ Փաշինյանը հավատարիմ է մնում հնաոճ հրահանգներին՝ ուրախանալով, երբ իր հարևանը սգի մեջ է։ Մեր իշխանությունը չի հասցնում իրադարձությունների հետևից և ամեն առիթով արտահայտում է թշնամու հետ համագործակցողների (կոլաբորացիոնիստներ) քարացած հնաոճությունը։ Ինչպես ասում են նրանց, այնպես էլ անում են, բայց հրահանգներ տվողները արդեն դուրս են եկել քաղաքականության նորաձևությունից, և դա պետք է ըմբռնել։ Իշխանությունը չէ. նա դրան ընդունակ չէ, բայց ընդդիմությունը պետք է հասկանա դա։ Աշխարհը փոխվում է, ընդ որում, սրընթաց, և կարո՞ղ է արդյոք ընդդիմության քաղաքական ինտելեկտը բարձրանալ մարտահրավերների ու պատասխանների ամբողջ գունապնակը գիտակցելու, կյանքի բոլոր դիպվածների համար քաղաքական սցենարներ մշակելու մակարդակին։
Չգիտեմ...
