«ԵՍ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ, ԻՆՁ ՀԱՄՈԶԵՑԻՆ»
ՄիջազգայինՀիշո՞ւմ եք «Ոսկե ցլիկի» Պողոսին: Նրա փայլուն արդարացումը մեր օրերում, Թրամփի բառապաշարով, ստացավ մոտավորապես այս տեսքը` «Ես չէի ուզում, ինձ համոզեցին»: Մոտավորապես այդպես նախօրեին արդարացավ Թրամփը` Իրանում պատերազմ սկսելու հետ կապված:
ԻՆՉՈՒ ԹՐԱՄՓԸ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑ» ԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Ավելին, Թրամփը նաեւ մատնանշեց, թե հատկապես ով «իրեն համոզեց», համենայնդեպս, թե առաջինը ով հնչեցրեց Իրանի հետ պատերազմի գաղափարը. «Փիթ Հեգսեթն առաջինն էր, որ խոսեց։ Նա էր, ով ասաց. «Եկեք անենք դա»»: Դատելով դեմքի այն արտահայտությունից, որն այդ պահին ստացավ նախագահի այդ խոսքին ներկա գտնվող ԱՄՆ պատերազմի նախարար Փիթեր Հեգսեթը, նա առնվազն գոհ չէր այդ բացահայտումից։
Թե ինչու, կարելի է կռահել, եւ դա շատ խորը տանող իրավիճակ է բացահայտում: Ու պատկերն ամբողջությամբ հասկանալու համար, սկսենք այն մտավախություններից, որոնք այս օրերին հնչում են Իրանից, եւ որոնց մասին մեր նախորդ հրապարակման մեջ խոսելու առիթ ունեցել ենք: Այսպես, իրանական աղբյուրները վստահ են, որ այս օրերին իսրայելյան էլիտան կազմակերպում է ոչ թե պարզապես աննախադեպ, այլ, առանց չափազանցության, պատմական մասշտաբի պրովոկացիա: Ավելի տեղին կլիներ ասելը` բիբլիական մասշտաբի: Այսպես, Իսրայելում կրոնական ուղղվածության միանգամայն կոնկրետ շերտեր, որոնք, նման է, որ մեծ ազդեցություն ունեն իշխանական էլիտայում, ակտիվորեն խոսում են «Մեսիայի գալստյան» մասին, որը, ըստ այդ թեզերի, պետք է տեղի ունենա հենց այս ժամանակահատվածում: Պատկերն ավելի հասկանալի լինելու համար ընդգծենք, որ անգամ Նեթանյահուն այդ մասին խոսեց հրապարակավ: Իսկ «Մեսիայի գալստին» պետք է նախորդի այլ կրոնական սրբավայրերի կործանումը: Խոսքը առաջին հերթին իսլամական հիմնական սրբավայրերից մեկի` Ալ-Ակսա մզկիթային համալիրի մասին է, որը, ըստ ենթադրությունների, կառուցված է Սողոմոնի տաճարի վրա: Այսինքն, պետք է քանդել իսլամական կրոնական համալիրն ու վերականգնել Սողոմոնի տաճարը:
Եթե ոմանք մտածեն, թե այս գաղափարախոսությունն ընդամենը կրոնական դոգմա է, որի իրականացումը երբեւէ թույլ չի տա այնպիսի աշխարհիկ պետութուն, ինչպիսին է Իսրայելը, կարող են չարաչար սխալվել: Թե կոնկրետ ինչ տեսլականներ են դրված այս գաղափարների հիմքում, դժվար է միանշանակ ասել` քաղաքակա՞ն, աշխարհաքաղաքակա՞ն, անձնական շահերի՞, թե ինչ: Բայց մեկ բան հաստատ է` ոչ միայն Նեթանյահուն, այլ նրա կառավարության, իսրայելյան էլիտայի եւ այլ ավելի գլոբալ եւ շատ դեպքերում` ոչ հրապարակային, բայց միանգամայն ազդեցիկ կրոնաքաղաքական խմբավորումների մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ քանիցս խոսել են Ալ–Ակսան քանդելու եւ տաճարը վերականգնելու մասին:
Ու հիմա վերադառնանք ԱՄՆ պատերազմի նախարարին: Ի դեպ, ժամանակին շատերն ապշեցին, որ հենց Փիթ Հեգսեթին Թրամփն առաջադրեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնին: Մինչ այդ, ռազմական ասպարեզում որեւէ բանով աչքի չընկած, միջինից ցածր աստիճանի նախկին սպա, բանակային կյանքից հետո երկար ժամանակ լրագրող աշխատած Հեգսեթը, իհարկե, որեւէ բանով աշխարհի ուժեղագույն բանակներից մեկի հրամանատարի դիրքին չէր կարող համապատասխանել: Ու քանի որ ԱՄՆ–ում հատկապես նման բարձրագույն պաշտոնների պատահական անձանց չեն նստեցնում, նրա նշանակումը եկավ հուշելու, որ որոշակի ազդեցիկ ուժեր կանգնած են Հեգսեթի նշանակման հիմքերին: Ու Թրամփի հիշատակված բացահայտումը, որ հենց նա է առաջինը սկսել համոզել` հարձակվել Իրանի վրա, մի բան, որից մինչ այդ խուսափել են ԱՄՆ բոլոր նախագահները, եկավ հուշելու, թե Հեգսեթի նշանակումն ու առաքելությունն ինչում էր կայանում: Ամերիկյան բանակի որեւէ լուրջ սպա (նաեւ` նախկին), որեւէ հեղինակավոր փորձագետ ի սկզբանե էլ, մեղմ ասած, ոգեւորված չէին Իրանի դեմ պատերազմով, այն համարելով` որպես ճահիճ: Իսկ ահա նրանց բոլորի ղեկավար Հեգսեթը պատերազմն սկսելու ակտիվ քարոզիչն էր: Իհարկե, դա կարելի է վերագրել նրա ռազմական, մեղմ ասած, անփորձությանը. մի որոշ ժամանակ եղել է Իրաքում եւ կարող էր անձնական տպավորություն ունենալ, որ Իրանի դեպքում եւս նույնն է լինելու: Բայց եթե այդ կարգի ոչ պրոֆեսիոնալ էր, նա հաստատ Պենտագոնի ոչ թե ղեկավար, այլ շարքային աշխատակից էլ երեւի չդառնար...
Այսպիսով, ինչպես ժամանակին ներկայացնելու առիթ ունեցել ենք, Հեգսեթի մարմնի դաջվածքները շատ բան են հուշում նրա իրական հակումների մասին (iravunk.com/?p=336425&l=am): Խաչակրաց արշավանքների եւ կրոնական պատերազմի գաղափարի սիմվոլիկա, լատիներեն Deus vult («Աստված կամենում է») կարգախոսը` առաջին խաչակրաց արշավանքի բանակների մարտական կոչը եւ զինանշանը, «Ես չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր» արտահայտությունը եւ այլն: Հեգսեթը քանիցս հրապարակավ խոսել է Տաճարի լեռան վրա Սողոմոնի տաճարի հնարավոր «հրաշագործ վերականգնման» եւ դրան հաջորդող Արմագեդոնի մասին:

Նույն թեզերը, որոնք, կրկնենք, այսօր հետեւողականորեն առաջ է տանում Նեթանյահուի թիմն ու դրա թիկունքին կանգնած քիչ տեսանելի ուժային համակարգը: Ու սա արդեն սկսում է հուշել, թե ինչպես թույլ ռազմական կարողություններ ունեցող եւ կրոնական մոլեռանդություն ի ցույց դնող Հեգսեթը հայտնվեց ԱՄՆ պատերազմի նախարարի պաշտոնում ու կոնկրետ ինչ շահեր առաջ մղելու համար:
ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱ՞ՄԲ
Իհարկե, այս ամենի ֆոնին, միանգամից է հարց առաջանում` իրականում Հեգսեթն ԱՄՆ կառավարությունում սեփական երկրի՞, թե Նեթանյահուի շահերն է պաշտպանում: Չնայած, կա ոչ պակաս կարեւոր այլ հարց` իսկ ինչո՞ւ Թրամփը որոշեց բացահայտել Հեգսեթի իրական դերը Իրանի դեմ պատերազմ սկսելու հարցում...
Անկախ այն բանից, թե ներկայումս ով ինչ պատկերացում ունի Թրամփի մտավոր կարողությունների մասին, մեկ բան հաստատ է` նա միանշանակ գիտակցում է, որ ներքաշվել է խորը ճահճի մեջ, որտեղից ելնելով, կարող է պարզապես հայտնվել բանտում: Ամեն դեպքում, որ նա պատմության մեջ է մտնելու որպես մի նախագահ, ով, ի տարբերություն իր բոլոր նախորդների, հիմարություն ունեցավ մտնել Իրանի դեմ պատերազմ կոչվող ճահիճը:
Ելքի ուղիներ սակայն Թրամփը դեռ ունի. պետք է պարզապես կարողանա լեզու գտնել Թեհրանի հետ, այդ թվում` մատնանշելով, որ նրանց իրական թշնամին ամենեւին էլ ինքը չէ, այլ այն սարդոստայնը, որը հյուսել են Թել Ավիվում: Ու չբացառենք, որ որպես պատերազմի դրդիչ մատնանշելով Նեթանյահուի դրածո հիշեցնող Հեգսեթին, Թրամփը հենց այդ ելքի ուղղությունն է բռնել: Առավել եւս, որ հենց նույն օրը նա սկսեց համառորեն խոսել Իրանի հետ բանակցելու մասին: Այն համառությամբ, որ բանը հասավ զավեշտի. ի պատասխան Թեհրանի հերքումների, թե ոչ մի բանակցություն էլ չկա, Թրամփն արձագանքեց, թե դուք տեղյակ չեք, բանակցում ենք: Ու բանը հասավ նրան, որ անգամ պատերազմի դադարեցման օր է մատնանշվում:
Իհարկե, Իրանում սա բերեց մեկնաբանությունների, թե Թրամփն այսպիսով պարզապես փորձում է ժամանակ շահել: Այն է` տարածաշրջան է նետում ցամաքային ստորաբաժանումներ, օպերացիա է պատրաստում եւ, հիմա պետք է Իրանին խաբելով, ժամանակ ստանալ, որ այդ նախապատրաստությունն ավարտի: Բայց միայն այն, որ Իրանում կա այդ տեսակետը, այսինքն` իրանական բանակն ուշադրությամբ հետեւում է ամերիկյան այդ բոլոր զորաշարժերին` դրա դեմ, թերեւս, նախապատրաստելով հակաքայլեր, գալիս է հուշելու, որ եթե ժամանակ շահելն է Թրամփի նպատակը, ապա նա անիմաստ է մտել Թեհրանին խաբելու նման խաղերի մեջ:
Կարծես թե քիչ իրատեսական է, որ գործ ունենք նման պարզունակ սխեմայի հետ` Իրանին խաբել, թե բանակցում ենք, դուք չգիտեք, եւ տակից պատրաստվել ցամաքային օպերացիայի:
Բայց, կրկնենք, եթե Թրամփն իրոք վստահաբար է խոսում բանակցելու մասին, ապա դա եւս առնվազն տարօրինակ տեսք ունի, երբ Թեհրանը բոլոր խողովակներով դա հերքում է:
Այս ամբողջ պատմությունը կարող է տրամաբանական տեսք ստանալ մեկ բացատրության դեպքում. Թրամփը միջնորդի միջոցով է բանակցում Թեհրանի հետ: Այս դեպքում երկու կողմն էլ ճիշտ կլինեն` Թրամփը բանակցում է եւ իր խոսքով` ոչ Իրանի Գերագույն առաջնորդի հետ, իսկ Թեհրանը չի բանակցում Թրամփի հետ, այլ միգուցե դեռ նախնական զրույցներ ունեն միջնորդի հետ: Ու երբ սրան ավելացնում ենք նախօրեին Լավրովի եւ Արաղչու միջեւ եղած հեռախոսազրույցի փաստը, ինչպես նաեւ ռուս–ամերիկյան կրկին աշխուժացված շփումները, ապա դրանից կարող է որոշակի տրամաբանական շղթա ձեւավորվել: Ի վերջո, շատ փորձագետներ են եկել եզրակացության, որ Մոսկվան կարող է դառնալ ԱՄՆ–ի եւ Իրանի միջեւ միակ ռեալ բանակցային միջնորդը:
Սակայն միջնորդավորված, թե առանց դրա, մեկ է, Իրանն ունի միանգամայն կոնկրետ պահանջներ, առանց որոնց բավարարման, ոչ մի հաշտություն չի կարող լինել: Ամենակարեւորը, որ սա պետք է լինի վերջնական հաշտություն, որը կբացառի նոր պատերազմը: Ապա, որ ԱՄՆ–ն դադարի քիթը խոթել Իրանի գործերի մեջ, հեռացնի իր բազաները իրանական ազդեցության դաշտից, Հորմուզի նեղուցի, պատժամիջոցների վերացման հարցերը եւ այն: Ընդ որում, ԱՄՆ–ի կողմից այդ ուղղությամբ որոշակի քայլեր այս պահին էլ կան: Այդ թվում, զորքերը վերջնականապես հանեց Իրաքից (բացառությամբ քրդական գոտու, որտեղ էլ կենտրոնացել են Իրանի հարվածները), եւ տարածաշրջանն այդ փաստն ընկալում է` որպես Թեհրանի եւ պրոիրանական ուժերի հաղթանակ 22 տարվա պատերազմից հետո: Թրամփը խոսեց նաեւ Հորմուզի նեղուցում ամերիկա–իրանական համատեղ վերահսկողության մասին, որը միգուցե Թեհրանը մերժի, բայց Վաշինգտոնի կողմից դա մեծ զիջում է: Եվ այդպես շարունակ: Իսկ Իրանը, ըստ Թրամփի, ընդամենը պետք է հաստատի, թե չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել: Մի բան, որն ասել է բազմիցս, սակայն դա Թրամփին հնարավորություն կտա իրեն հաղթող հռչակելով, անցնել ներամերիկյան հունից դուրս եկած թեմաների կարգավորմանը:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Իհարկե, պատերազմ թե խաղաղություն հարցում կա մեկ մեծ հարցական` իսկ ի՞նչ կասի Նեթանյահուն, ում համար այդ խաղաղությունը կարող է դառնալ անձնական կամ թիմային կործանում: Բացահայտ հայտարարում է, թե Թրամփին ինչ կասի, դա էլ կանի, թեեւ ուզում է շարունակել պատերազմը: Բայց փաստը, որ իրանական հրթիռներն այս օրերին գրեթե անարգել են հարվածում Իսրայելին, գալիս է հուշելու, որ պատերազմ շարունակելու պոտենցիալ պարզապես չկա:
Իսկ մյուս կողմից, կարող է դիմել մասշտաբային պրովոկացիաների, այդ թվում` Ալ–Ակսայի ոչնչացմանը կամ նույնիսկ միջուկային հարվածի: Ալ–Ակսայի ոչնչացման դեպքում հաստատ իր դեմ է հանելու ողջ իսլամական աշխարհը, անկախ այն բանից, որ արաբական կոնկրետ շեյխերի հետ ունի լավ հարաբերություններ: Միջուկային զենքի դեպքում էլ, ինչպես Թեհրանը, ասենք նաեւ Շոյգուն ակնարկեց, Իրանը դեռ իր տրամադրության տակ ունի մի շարք զինատեսակներ, որոնք կարող են ոչնչացնել ոչ միայն Իսրայելը, այլ ողջ Մերձավոր Արեւելքը. ակնարկը երեւի թափանցիկ է: Այսինքն, ոչ թե տարաբնույթ հայտարարությունները, այլ ռազմական իրավիճակն է գալիս հուշելու, որ այս պատմության հանգուցալուծումը մոտ է:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

