Բայց ի՞նչն էր իրականում «վիրավորական». ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԵրբ բառերը սպառվում են, մնում է միայն շխկացնել դուռն ու հեռանալ: Հենց այդպես վարվեց Իսրայելի էներգետիկայի նախարար ՅՈՒՎԱԼ ՇՏԱՅՆԻՑԸ, երբ բրիտանացի լրագրողը համարձակվեց բարձրաձայնել այն հարցը, որը վաղուց կախված է օդում։ Թվում էր՝ սովորական դիվանագիտական երկխոսություն է լինելու։ Սակայն մի պարզ, բայց անհարմար հարց խախտեց հարցազրույցի ընթացքը: «Ինչո՞ւ աշխարհը պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Իսրայելն ունի միջուկային զենք, իսկ, օրինակ, Իրանին դա մերժվում է», - հետաքրքրվեց լրագրողը: Շտայնիցը պատասխանեց. «Նախ, մենք երբեք չենք ընդունել, որ ունենք այդպիսի զենք։ Եվ երկրորդ՝ նման համեմատությունն ինձ համար վիրավորական է։ Մենք վերապրել ենք Հոլոքոստը»։ Հնչեց տրամաբանական հաջորդ հարցը. «Այսինքն՝ հենց այդ պատճառով կարելի՞ է ունենալ միջուկային զենք»։ Այստեղ արդեն հրեա պաշտոնյան պատասխանելու փոխարեն՝ հայտարարեց. «Հարցազրույցն ավարտված է։ Դուք չափազանց թշնամաբար եք ձեզ պահում։ Ձեր հարցերը… ես չեմ ցանկանում պատասխանել»։ Բայց ի՞նչն էր իրականում «վիրավորական»՝ համեմատությո՞ւնը, թե՞ այն փաստը, որ այդ համեմատությունը բացահայտում է երկակի չափանիշների գոյությունը։
Զարմանալի իրավիճակ է նաեւ Լիբանանում, որտեղ Արտգործնախարարությունն Իրանի դեսպան ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶԱ ՇԵՅԲԱՆԻԻՆ հայտարարել է անցանկալի անձ։ Այս մասին ասվում է Լիբանանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ։ «Լիբանանի պետությունը չեղյալ է հայտարարում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի թեկնածության հաստատումը եւ նրան հայտարարում է անցանկալի անձ», - ասվում է հայտարարության մեջ։ Անդրադառնալով վերոնշյալին՝ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը գրում է. «Ահա թե ինչ է լինում, երբ պետությունը գտնվում է արտաքին կառավարման ներքո։ Բայց քանի որ դա ամերիկյան կառավարում է, ապա այստեղ աշխատում է «հանգուցյալի» սկզբունքը` կա՛մ լավը, կա՛մ ոչինչ։ Հեզբոլլահի հզորության պիկին Ժոզեֆ Աունը շատ վատ ժամանակ է ընտրել սուվերենություն խաղալու։ Կան որոշումներ, որոնք կարող են պետություն արժենալ։ Այնքան անինքնասեր լինես, որ ՀՕՊ համակարգդ չօգտագործես իսրայելական ինքնաթիռների դեմ, ինչ է թե կռիվը մեր դեմ չի, Հեզբոլլահի դեմ է։ Լիբանանը այդպես էլ որպես պետություն չձեւավորվեց՝ Արեւմուտքի համար մնալով իբրեւ մերձավորարեւելյան բանկային կենտրոն, որի ղեկավարությունը պետական շահերը գերադասում է իսրայելական եւ ամերիկյան շահերից։ Իրանում ռազմական գործողությունների ավարտից հետո Լիբանանում տեղի կունենան սահմանադրական փոփոխություններ Իրանի գծած եղանակով։ Եթե մենք բարեկամ Իրանի հետ կապված մեզ ճիշտ պահեցինք, Լիբանանի հայ համայնքը կպահի իր ներկայիս դիրքն ու հեղինակությունը, իսկ եթե՝ ոչ, մենք ստիպված ենք լինելու արձանագրել եւս մեկ հայկական գաղթօջախի փլուզումը։ Իսկ մենք այնտեղ Անթիլիաս ունենք»։
Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն ՋՈՆ ԲՐԵՆԱՆԸ։ Նա նշել է, թե հակված է Իրանին ավելի շատ վստահել, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Դա պայմանավորված է նրանով, որ Թրամփն ի վիճակի չէ ընդունել ճշմարտությունը, նույնիսկ երբ այն ասվում է իր դեմքին։ Այժմ նա իրեն պատեպատ է զարկում՝ հասկանալու, թե ինչպես դուրս գալ այս աղետից, որ հենց ինքն է սարքել։ Հետեւաբար, նա հայտարարություններ կանի բանակցությունների մասին՝ պնդելով, որ իրանցիները այժմ ազդանշաններ են ուղարկում, որ ցանկանում են գործարք, եւ որ գործարքը կկնքվի ԱՄՆ պայմաններով։ Ես չեմ կարծում, որ այդ հայտարարության մեջ ճշմարտությանը մոտ որեւէ բան կա»,- նշել է նա:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
