Բա տարիներով անլույս ապրելն ի՞նչ էր, ֆաշի՞զմ, լեւոնի՞զմ. ԶԱՐՄԱՆՔ
Պարզվում է՝ մի երկու օր է հոսանքազրկվել են 90-ականների ցուրտ ու մութ տարիների սիմվոլ ՀՀ Առաջին նախագահ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ առանձնատունը եւ գրասենյակը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Առաջին նախագահի գրասենյակը։ «Բնականաբար, խափանվել է նաեւ ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում Նախագահի նկատմամբ կիրառված եւ շարունակվող այս տմարդի դրսեւորումը։ Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը Նախագահի առանձնատան եւ գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։ Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ կիրառված եւ չդադարող սադիզմի դրսեւորում»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ։ Ասեք, որ, կարծես, կառմա լինի, երեւի, 90-ականների մի ամբողջ սերունդ սպասել է այս օրվան: Բայց եթե երկու օր հոսանքազրկված մնալը սադիզմի դրսեւորում է, տարիներով անլույս ապրելն ի՞նչ էր, ֆաշի՞զմ, լեւոնի՞զմ…
Ընդդիմադիր դաշտում երբեմնի գրեթե հերոսացված նախկին քաղբանտարկյալ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ՝ Գորիսի քաղաքապետը, որին ժամանակին անգամ քիչ էր մնում Նժդեհի հետ համեմատեին, այսօր կրկին հայտնվել է իշխանության գիրկը։ Ավելին՝ նրա այս վերադարձը տեղի ունեցավ ոչ թե հանգիստ ու աննկատ, այլ բավական ցուցադրական ձեւով. նա անակնկալ կերպով միացավ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին՝ մասնակցելով հանրային միջոցառումներին ու փաստացի կանգնելով իշխող թիմի կողքին։ Իհարկե, քաղաքական հիշողությունը Հայաստանում երբեմն կարճ է լինում, բայց դժվար է մոռանալ, թե ինչպիսի ռոմանտիկ պատկեր էր տարիներ առաջ ձեւավորվել ընդդիմադիր դաշտում։ Երբ Առուշանյանը քրեական հետապնդման ու կալանքի մեջ էր, ընդդիմադիր հարթակներում նրան ներկայացնում էին որպես քաղաքական հետապնդման զոհ, որպես դիմադրության խորհրդանիշ, որպես մարդու, որն իբր պայքարում է նույն իշխանության դեմ, որի քարոզարշավին այսօր մասնակցում է։ Մամուլում բազմիցս նշվել էր, որ Գորիսում իշխանական կուսակցության հետ նրա հարաբերությունները զգալիորեն ջերմացել են, բայց որ այսքան, անգամ գորիսեցիներն են ապշած: Իսկ թե սա քաղաքական պրագմատի՞զմ է, հաստատակամ անսկզբունքայնությո՞ւն, թե՞ պարզապես հերթական հայկական քաղաքական մետամորֆոզը՝ հարցը մնում է բաց։
Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ մասնավորապես ընդգծելով, որ հրեա միսիոներ ՀԱԿՈԲ ՊՈՒՐՍԼԻՆ տեւական ժամանակ ընտանիքով բնակվում է Հայաստանում եւ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ զբաղված է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, ինչպես նաեւ հակաեկեղեցական ծրագրերի իրականացմամբ։ «Պուրսլին նաեւ պրեսբիտերական եկեղեցի անունով աղանդի աջակից է, որն ակտիվ տարածվում է Հայաստանում։ Հակոբ Պուրսլին 2026-ի հունվարին Երեւանում Իրանի դեսպանության դեմ կազմակերպված սադրանքների ու անկարգությունների հիմնական կազմակերպիչն էր, որը ֆիքսվել է լուսանկարներում։ Հետեւություններ արեք ինքներդ, թե ո՞ւմ համար եւ ո՞ւմ դեմ է աշխատում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը», - շեշտել է Հոխիկյանը։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
