Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության 130 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացավ Արամայիս Հարությունյանը:
Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը հունգարացի Լաշլո Դարաբոշն էր։ Չափազանց համառ ու դիտարժան պայքարում գրանցվեց 1:1 հաշիվը, սակայն լրացուցիչ ցուցանիշների (վերջին արդյունավետ գործողության) շնորհիվ հաղթանակը շնորհվեց Արամայիս Հարությունյանին:
Դեպի եզրափակիչ տանող ճանապարհին Հարությունյանը պայքարից դուրս էր թողել ավստրիացի Լեոնարդ Յունգերին (5:0), Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մելեխովին (4:1) և ուկրաինացի Իվան Յանկովսկուն (6:0):
Այսպիսով, ընթացիկ ստուգատեսում Հայաստանի երիտասարդական հավաքականի մեդալների քանակը հասավ երեքի՝ մեկ ոսկի, մեկ արծաթ և մեկ բրոնզ:
