Երկու այց` հակառակ արդյունք. Փաշինյանի հույսերը չարդարացան
ՎերլուծությունԱլեքսանդր Անանև, ՌԴ ԱԳՆ թոշակի անցած ավագ խորհրդական
Փետրվարի 4-ից 7-ը այցով Ռուսաստանում էր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, իսկ փետրվարի 9-ից 10-ը Հայաստան եկավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Ավելի հավանական է, որ նման զուգադիպությունը պատահական չէր։ Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ա. Սիմոնյանն իր այցի մասին պայմանավորել էր Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ. Մատվիենկոյի հետ ընդամենը այցից տասը օր առաջ, ակնհայտորեն, ԱՄՆ փոխնախագահի գալու ժամկետները հայտնի լինելուց հետո։
Այլ կերպ ասած՝ երկու այցերը միմյանց հետ կապված էին այնպես, որ Սիմոնյանի Մոսկվա կատարած այցը մեղմացներ տպավորությունը այն հակառուսական համաձայնագրերից, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսել էր ստորագրել Վենսի այցի ընթացքում: Այս կապակցությամբ Փաշինյանը և նրա թիմը վախենում են Ռուսաստանի կտրուկ արձագանքից: Անկախ ամեն ինչից, Մոսկվան մնում է Երևանի հիմնական առևտրային գործընկերը, և փոխհարաբերությունների վատթարացումը հղի է տնտեսական բացասական հետևանքներով, առաջին հերթին՝ Հայաստանի համար: Բացի այդ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խուճապահար վախեցած է, որ Ռուսաստանը կարող է իր համար ընտրական լուրջ խնդիրներ ստեղծել (խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2026 թ. հունիսին): Խնդիրը ՔՊ-ի համար այն է, որ քաղաքական էլիտաները առանց այն էլ չեն կարող գործուն միջոցներ առաջարկել երկրի հասունացած խնդիրները լուծելու համար:
Այս համատեքստում Սիմոնյանը պետք է խաղար շանթարգելի դեր՝ իր վրա վերցնելով հայ պաշտոնյաների կողմից նախկինում արված բոլոր հակառուսական հայտարարությունների մեղքը։ Փաշինյանի կառավարությունը մի քանի տարի շարունակ փորձում է Ռուսաստանը ներկայացնել որպես Հայաստանի լուսավոր ապագայի ճանապարհին գրեթե գլխավոր խոչընդոտը. իբր թե Ռուսաստանը նրա ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, իսկ փրկությունը դեպի Արևմուտք և Թուրքիա շրջվելու մեջ է։
Սակայն, հաշվի առնելով մոտեցող ընտրությունները և Ռուսաստանի ուժեղ տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա, վերջինիս իշխանությունները, Երևանի ընդհանուր առմամբ արևմտամետ կուրսի պարագայում փորձում են ըստ իրավիճակի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև ստանալ ամենամեծ հայկական սփյուռքի աջակցությունը, որը կենտրոնացած է հենց Ռուսաստանի Դաշնությունում։
Առաջին անգամը չէ, որ Սիմոնյանը համոզում է իր ժողովրդին, թե թագավորը մերկ չէ։ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները սկզբունքային բնույթ կկրեն։ Փաստացիորեն խոսքը հանրապետության ապագայի մասին է. արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի թիմը կպահպանի իշխանության հիմնական լծակների վերահսկողությունը՝ դեպի թուրքական պրոտեկտորատ ընթանալով։
Փորձագետները նշում են, որ հյուսիսից եկող սպառնալիքների մասին հայտարարությունները Հայաստանի իշխանություններն օգտագործում են որպես ներքին ու արտաքին քաղաքականության գործիք։ Մասնագետների կարծիքով՝ Երևանի ներկայիս կուրսը չի կարելի անվանել բազմավեկտոր. նրա որոշումները կրում են իրավիճակային բնույթ և ուղղված են ամենից առաջ իշխանությունը պահելուն։ Դրա հետ մեկտեղ նրանք ընդգծում են, որ չնայած Ռուսաստանի հետ համագործակցության տնտեսական օգուտներին՝ Հայաստանի ղեկավարությունը խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ մերձեցման վրա։ Վերլուծաբանները համարում են, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների հետագա սառեցումը ներկայիս քաղաքականության պահպանման դեպքում անխուսափելի է, իսկ հնարավոր կարգավորումը կապված է Հայաստանի ներքին քաղաքականության մեջ փոփոխությունների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ։
Ռուսաստանի դժգոհությունները Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հայկական պատվիրակությանը հիշեցրել են երևանյան քաղաքական գործիչների վերջին հայտարարությունները՝ իբր թե պատրաստվող «հյուսիսից հարձակումների» մասին, ՀԱՊԿ-ի կողմից «գոյաբանական սպառնալիքի», ինչպես նաև երկու երկրների հասարակական ոլորտներում «անվստահություն և թշնամանք սերմանող» ուժերի մասին։ Այլ կերպ ասած՝ Մոսկվայում Սիմոնյանին հասկացրել են, որ նման կարգի հռետորաբանությունն ունի իր հետևանքները։ Դիվանագիտական լեզվով դա հնչում է այսպես. «Բացատրված է ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը վնասելու հաշվին Արևմուտքի հետ մերձեցման վտանգի մասին»։
Սիմոնյանի այցն ընդգծեց նաև այլ թեմա՝ Երևանի հաշվենկատ դիվանագիտական ռազմավարությունը՝ մնալ Եվրասիական տնտեսական միության մեջ և միաժամանակ ինստիտուցիոնալ կերպով մերձենալ Եվրոպական միությանը։
Ի պատասխան ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության և ԵԱՏՄ-ին մասնակցության անհամատեղելիության մասին Սերգեյ Լավրովի դիտողության՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ Երևանն առայժմ չի ծրագրում դուրս գալ եվրասիական ինտեգրացիայից և հույս ունի գտնել բոլոր կողմերի համար ձեռնտու բանաձև։ Սակայն նման համադրությունը Երևանը մտադիր է պահպանել կարճ ժամանակով՝ այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չեն լինի ԵԱՏՄ-ից նվազագույն տնտեսական կորուստներով դուրս գալու և դրանից հետո ԵՄ-ին անդամակցելու պայմանները։ Փորձագետներն ուղիղ ասում են. Հայաստանը մտադիր է մնալ միության մեջ մինչև այն պահը, երբ դուրս գալու ժամանակ կորուստները նվազագույն դառնան։ Սա գործընկերություն չէ, այլ գործընկերոջ շահագործում։
Սիմոնյանը կրկին արծարծեց ՀԱՊԿ-ի հարցը. «Մենք ունենք հարցեր, որոնց պատասխանները այդպես էլ չենք ստացել»։ Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտին, ի պատասխան ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցելու կամ չմասնակցելու առնչությամբ կողմնորոշվելու առաջարկի՝ Ն. Փաշինյանը պահանջեց, որ կազմակերպությունը նշի, թե որտեղով են անցնում իր երկրի սահմանները։ Հարցն իսկապես հեշտ չէ, և հազիվ թե դրան ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի, քանի որ Փաշինյանը շարունակում է տարածքներ հանձնել և որտեղ նա կանգ կառնի, հայտնի է միայն Իլհամ Ալիևին։
Առանձին արծարծվեց նաև Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հարցը։ Մոսկվայի համար այս թեման ունի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական-խորհրդանշական նշանակություն։ Սիմոնյանը երեսպաշտորեն հայտարարեց եկեղեցու հալածանքների դեպքում անձամբ միջամտելու իր պատրաստակամության մասին, սակայն ընդգծեց, որ «հոգևորականների դեմ քրեական գործերը կապված են բացառապես ենթադրյալ օրինախախտումների հետ»։
Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա ժամանակ շահելու, լարվածությունը նվազեցնելու և կապերը չխզելով ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ՝ նրանց միջև մանևրելու համար տարածք նշագրելու անհաջող փորձի է նման։ Իրականում Հայաստանի խորհրդարանի խոսնակի անսպասելի այցը Մոսկվա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Ռուսաստանի ղեկավարությանը խաբելու իր փորձերով նա միայն բարդացնում է երկու երկրների միջև առանց այն էլ բարդ հարաբերությունները։ Երկու աթոռի վրա նստելու փորձը անխուսափելիորեն կհանգեցնի ողբալի արդյունքների, որոնց հիմնական հետևանքները կընկնեն հայ ժողովրդի ուսերին։
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը հաստատեց վերլուծաբանների ենթադրությունները այն մասին, որ այն կունենա հակառուսական երանգ և կնպաստի իշխող կուսակցության ընտրական պլաններին: Նկատվում է կայուն ու վտանգավոր միտում. բարձրաստիճան արևմտյան քաղաքական գործիչների այցերը վերածվում են Հայաստանում ներքին քաղաքական քարոզչության գործիքի: Այս անգամ Վենսի այցը կոչված էր նպաստելու ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ Ռուսաստանին Հայաստանի էներգետիկ ոլորտից դուրս մղելու ուղղությամբ, ինչի մասին վկայում է Վենսի և Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը: Դրանով ամերիկացիները փաստացի Հայաստանին վաճառեցին իրենց միջուկային ռեակտորները, որոնք ԱՄՆ-ում առայժմ մշակված են միայն նախագծային մակարդակով, ավելի պարզ ասած՝ գոյություն ունեն միայն թղթի վրա: Մինչև հիմա ԱՄՆ-ը այս ոլորտում ոչ մի հաջողված նախագիծ չի ունեցել, և, հերթական ձախողման դեպքում, այս անգամ Հայաստանում, դա հղի կլինի անկանխատեսելի բացասական հետևանքներով: Յուտա նահանգում “NuScale Power Corp.” ստարտափը 2021 թվականին սկսեց երկրում առաջին փոքր մոդուլային ռեակտորի (ՓՄՌ՝ SMR) շինարարությունը: Սակայն, 2024 թվականին, երբ ծախսերը 5 միլիարդ դոլարից կտրուկ աճեցին մինչև գրեթե 10 միլիարդ դոլարի, նախագիծը փակվեց: Այսպիսով, Հայաստանը կդառնա փորձարարական և խիստ վտանգավոր փորձադաշտ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների փորձարկման համար:
Թվում էր, թե հիշյալ տեղեկույթը պետք է որ հայկական կողմի առողջ կասկածամտությունն առաջացներ Միացյալ Նահանգների հետ համագործակցության կապակցությամբ: «Ռոսատոմը» արդեն վաղուց առաջարկում է Հայաստանին նոր ատոմակայան կառուցել (ինչպես խոշոր, այնպես էլ մոդուլային): Աշխարհի տարբեր երկրներում մշակվում են ավելի քան 80 փոքր ատոմակայանների նախագծեր, սակայն գործնականում գոյություն ունեն միայն երկուսը, և երկուսն էլ Ռուսաստանում: Այս հարցի առնչությամբ առաջարկություններով հանդես է գալիս նաև Չինաստանը, սակայն Հայաստանի իշխանությունները նախապատվությունը տվեցին ամերիկյան տարբերակին և համաձայնագիր ստորագրեծին Վենսի հետ՝ առանց հանրային քննարկումների կամ բոլոր առաջարկների մանրակրկիտ ուսումնասիրման:
Բացի այդ, Հայաստանում ամերիկյան ոչ մի ներդրման մասին խոսք չկա, ինչպես էլ որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանա դա մատուցել ընտրողներին: Սկզբում Հայաստանի կառավարության թարգմանիչը նույնիսկ սխալ թարգմանեց ԱՄՆ-ի փոխնախագահի հայտարարությունը երկրի միջուկային էներգետիկայի ոլորտում իբր թե 9 միլիարդ դոլարի ներդրումների մասին: Հայկական ընդդիմությունը համոզված է, որ թարգմանական սխալը միտումնավոր է եղել՝ նախընտրական քարոզչության նպատակով: Ավելի ուշ Վենսն ուղղեց թարգմանությունը՝ նշելով, որ հայերը ամեն ինչի համար վճարելու են իրենց սեփական բյուջեից (բայց նաև Փաշինյանին աջակցեց. «Ես գիտեմ, որ շուտով ընտրություններ են: Եվ եթե իմ աջակցությունը ինչ-որ բան նշանակում է, ապա դա կա»): ԱՄՆ-ը ամերիկյան ընկերություններին թույլ կտա Հայաստանին վաճառել միայն մինչև 9 միլիարդ դոլարի ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ, սարքավորումներ ու վառելիք (ինչպես նաև 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչու թռչող սարքեր): Այլ խոսքով՝ չփորձարկված մոդուլային ռեակտորների գնումը հայ հարկատուների համար կարժենա հանրապետության տարեկան բյուջեին համարժեք գումար: Հայաստանը կվճարի նրա համար, որ ամերիկացիները փորձարկեն իրենց ատոմակայանները իր տարածքում:
Մինչդեռ, 2023 թվականին «Ռոսատոմ Սերվիս»-ը և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն (Մեծամորում) ստորագրել են համաձայնագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ։ Այն կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ամերիկյան “SMR” նախագծի ձախողման դեպքում ապահովագրություն ապահովելու համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին՝ Վենսի հեռանալուց հետո։
Թրամփի քաղաքականությունը չի նախատեսում պետական ներդրումներ արտասահմանում, և սա վերաբերում է բոլոր երկրներին, ոչ թե միայն Հայաստանին: Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահը կարևոր շեշտադրում կատարեց, որը շատերը թերագնահատեցին: Նա ընդգծեց, որ ամերիկա-հայկական նախագծերը (ներառյալ «Խաղաղ ատոմ»-ը և այսպես կոչված «Թրամփի ուղի»-ն՝ TRIPP-ը) զարգանալու են ոչ թե ԱՄՆ-ի կառավարության ուղղակի ֆինանսավորման հաշվին, այլ մասնավոր կապիտալի ներգրավմամբ, որը պարտադիր չէ, որ ամերիկյան լինի:
Մասնավոր կապիտալը կարող է ներառել ցանկացած երկրի դրամական միջոցները, այդ թվում նաև նրանց, որոնց շահերը ուղղակիորեն հակասում են Հայաստանի շահերին, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան: Օրինակ՝ Բաքուն բոլորովին վերջերս համաձայնագիր է ստորագրել ամերիկյան “Black Rock” ներդրումային հիմնադրամի հետ՝ ենթակառուցվածքային ներդրումների վերաբերյալ: Ադրբեջանը “Black Rock”-ի միջոցով կարող է մտնել TRIPP-ի մեջ: Արտաքուստ դա կլինի ամերիկյան ընկերություն, բայց նրա հետևում կանգնած կլինեն Ալիևն ու “SOCAR”-ը՝ Ադրբեջանի ամենախոշոր ընկերությունը։ Այդ դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ արտաքին խաղացողները ներդրումների միջոցով պաշտոնապես հայկական տարածքում ստանում են մուտք, ազդեցություն և ճնշման լծակներ: Քանի որ Միացյալ Նահանգները ճարտարապետն է, բայց ոչ անմիջական հովանավորը, սա նշանակում է, որ ֆինանսավորման դաշտը բացվում է ցանկացած խաղացողների համար, բացի Ռուսաստանից, ինչպես հաստատում են հայ պաշտոնյաները: Այս դեպքում Հայաստանը պարտավոր է հասկանալ, որ «մասնավոր ներդրումների» անվան տակ տարածաշրջան կարող են մտնել ուժեր, որոնք ամենևին հայկական շահեր չեն հետապնդում և կցանկանան «Թրամփի ճանապարհը» վերածել արտատարածքային Զանգեզուրի միջանցքի:
Թե որքան անտարբեր էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հասարակական կարծիքի նկատմամբ, կարելի է դատել ցավոտ թեմաների հանդեպ նրա վերաբերմունքից։ Վենսի այցից Հայաստանում հասարակական սպասումների կենտրոնական թեման հայ գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ազատ արձակումն էր։
Ի. Ալիևի հետ հանդիպումից առաջ Ջ. Դ. Վենսը հայտարարել էր, որ Ադրբեջանում բանտարկված հայ անջատողական առաջնորդների հարցը «անկասկած կբարձրացվի» Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններում: Սակայն Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ամերիկյան կողմը ադրբեջանական կողմի պատասխանի մանրամասնությունների մեջ չմտավ, ոչ էլ հայտնեց, թե արդյոք որևէ համաձայնություն ձեռք բերվել է այս հարցի շուրջ: Ավելին՝ Վենսը Թուրքիային՝ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակցին և Ադրբեջանի գլխավոր ռազմական գործընկերոջը չզայրացնելու համար ջնջել է 1915 թվականի հայերի ցեղասպանության հիշատակին Երևանում իր ծաղկեպսակ դնելու արարողության մասին գրառումը:
Այսպիսով, Ա. Սիմոնյանի այցը Մոսկվա և Ջ. Դ. Վենսի այցը Երևան, որոնք իշխող կուսակցության ծրագրերով պետք է քաղաքական շահաբաժիններ բերեին իր առաջնորդին, չհասան իրենց նպատակին. ներդրումներ չեն լինի, չփորձարկված «թղթե» միջուկային մոդուլները կառուցվելու են Հայաստանի հաշվին, արցախցիներին չազատագրեցին, ցեղասպանության մասին հիշողությունը ջնջեցին, Զանգեզուրի միջանցքը փաստացի հանձնեցին Ադրբեջանին ու Թուրքիային։
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ. Դ. Վենսին դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանցից ոչ մեկը չի ուղեկցել։ Վախենո՞ւմ էին Էրդողանի կամ Ալիևի արձագանքից։
Ռուսաստանի դժվոհությունները Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ շարադրել է ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Հայկական պատվիրակությանը հիշեցրել են երևանյան քաղաքական գործիչների վերջերս արված հայտարարությունները՝ իբր նախապատրաստվող «հյուսիսից հարձակումների» մասին: Մոսկվայում Սիմոնյանին հասկացրել են, որ նման հռետորաբանությունն ունի իր հետևանքները:
