«ՈՐԴԻՍ ՇԱՏ ԷՐ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ, ՈՐ ԾՆՎԵԼ Է ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 25 ՏԱՐԵԿԱՆ
Հասարակություն2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ գյումրեցի ՊԱՎԵԼ /ՊԱՇ /ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էր, մարտի 5֊ը նրա ծննդյան օրն էր, կդառնար 25 տարեկան։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Անմահ հերոսի հիշատակին կազմակերպված միջոցառումը լի էր հուզիչ ու հայրենասիրական պահերով, միավորելով նրա հարազատներին, ընկերներին, զինակիցներին։ Միջոցառման ժամանակ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսի պայծառ հիշատակը, ապա հիշեցին նրա կարճ, սակայն հերոսական կյանքը, ընդգծելով այն արժեքները, որոնց համար նա կռվել ու անմահացել է։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խոնարհումի խոսքը հղեց նրա տեղակալ Ալբերտ Այվազյանը.
«Պավել Մանուկյանի անունը հավերժ կմնա մեր սրտերում, որպես անձնազոհության, խիզախության ու հայրենիքի հանդեպ անսահման սիրո խորհրդանիշ»։ Հատկանշական ու առանձնահատուկ պահ է դարձել Պավել Մանուկյանի հիշատակին գրված երգի պրեմիերան։ Կարեն Աթոյանի հեղինակած երգը ստեղծվել է հերոսի կերպարից ու նրա սխրանքից ներշնչված։ Երգի բառերը պատմում են երիտասարդ զինվորի երազանքների, խիզախության և հայրենիքի հանդեպ անսահման սիրո մասին։Երգը Ջրականի մարտերում հերոսի մղած թեժ կռվի, հայրենիքին անմնացորդ նվիրվելու և իր կյանքի գնով հայրենակիցներին կյանք պարգևելու մասին է։ Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին անմահ հերոսի հուշակոթողին։
«Պավելը Գյումրիի Տնտեսագիտական վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գյումրիի Տնտեսագիտական համալսարանում։ Նա եղել է նաև խոստումնալից ֆուտբոլիստ, աչքի է ընկել համեստությամբ, պատասխանատվությամբ, ուժեղ կամքով, երբեք չէր խուսափում դժվարություններից», նշեցին ընկերները։
Անմահ հերոսի մարզիչը ՄԻՍԱԿ ՊԱՎԼԵՅԱՆԸ, փորձեց պատմել իր լավագույն սանի մասին, նշեց որ Պաշը շատ հայրենասեր էր, նվիրված ու շատ կարգապահ ու երբեք չէր սպասի, թե նա կզոհվի, մի քանի բառ ասելուց հետո մարզիչը սկսեց արտասվել, չկարողանալով ավարտել միտքը։ Հպարտ հայացքով անմահ հերոս Պավելի մեծադիր նկարը պատկերված է Հայոց եռագույնի ֆոնին, նրա հարազատ Գյումրիի Անի թաղամասի շենքերից մեկի վրա, այն անտարբեր չի թողնում անցորդներին։
Հերոսի մայրը, տիկին ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.
«Որդիս շատ ոգևորված, մեծ հաճույքով էր ծառայում բանակում։ Ոչ մի օր չի բողոքել ծառայությունից։ Պաշս երազում էր լավ տնտեսագետ դառնալ, թեև բազմաթիվ հաղթանակներ է գրանցել, մեդալներ ստացել որպես ֆուտբոլիստ, նա «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կազմում էր խաղում։ Չարաբաստիկ 2020֊ի սեպտեմբերի 27֊ն էր, առավոտյան ժամը 7֊ն էր, իմացանք պատերազմի բոթը, ահավոր վատ վիճակում էինք, չէինք կարողանում խոսել որդուս հետ, հեռախոսն անհասանելի էր, ժամը 12֊ի մոտ զանգեց, ասաց ամեն ինչ լավ է։ Մենք ասեցինք պատերազմ է, նա միանգամից ընդհատեց, թե էստեղ պատերազմ չէ, Հադրութի կողմերն է, ասաց էստեղ լավ է ամեն ինչ։Հարցրեցինք, թե ինչ ես անում, ասաց նոր եմ արթնացել, սուրճ եմ խմում, երկար չեմ կարող խոսել, Ձեզ երեկոյան կզանգեմ ու դա վերջին զանգն էր։ Որդիս առաջնագծում էր Ջրականում, ընկերներին հետնահանջ էր տվել ու ինքն էր պահում դիրքը։ Սեպտեմբերի 27֊ին, վիրավորվել է, կոմայի մեջ էր, Ստեփանակերտ էին տարել վիրահատել, ապա ուղղաթիռով տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն։ Ցավոք, հոկտեմբերի 2֊ին անմահացավ»։
Պավելի անմահանալուց հետո հուսահատ ծնողները որոշել են կրկին զավակ լույս աշխարհ բերել, ծնվել է դուստրը Էմմին, որը փոխել է ամբողջ տան մթնոլորտը, սփոփել ծնողներին ։ Փոքրիկը հերոս եղբոր ծննդյան 25֊ամյակին հագել էր զինվորական հագուստ։ Մայրը ասում է, որ Էմմին բնավորությամբ շատ նման է հերոս եղբորը, ասում է մեծանամ եղբորս նման զինվորական եմ դառնալու։ Որդիս շատ էր հպարտանում, որ ծնվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։ Որդիս բոլորին հասնող էր ու շատ բարի։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ