Իսրայելցիների եւ ամերիկացիների թիվ մեկ խնդիրն է լիովին ջնջել Իրանի ռազմարդյունաբերությունը. Համբարձումյան
ՄիջազգայինԻրանում եւ շուրջը ստեղծված ռազմական իրավիճակի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելն այս պահի դրությամբ հասել են բացարձակ առավելության, այսինքն՝ նրանց ռազմաօդային ուժերը ամբողջությամբ գերիշխում են Իրանի օդային տարածքում: Դրան գումարած՝ հակահրթիռային պաշտպանությունը լիովին ոչնչացված է, ռադիոտեխնիկական հետախուզության պայքարի համակարգերը՝ նույնպես:
— Իրանի պետական կառավարումը պարալիզացված է: Ռազմաքաղաքական եւ հոգեւոր ղեկավարությունը՝ ոչնչացված, համենայնդեպս՝ ամենահեղինակավոր անձինք: Իսրայելի եւ ԱՄՆ-ի թիվ մեկ նպատակն այնքան իշխանափոխությունը չէ, որքան հրթիռային պոտենցիալի ռազմաարդյունաբերությունից Իրանին զրկելը:
Տեղի է ունենում հետեւյալը՝ բոլոր գործարանները, ռազմաարդյունաբերական օբյեկտները, որոնք ապահովում են Իրանի ռազմարդյունաբերությունը, սկսել են կոտորել՝ հրթիռաշինական, անօդաչու հարձակման միջոցների գործարանները: Այսինքն՝ սկսել են վերացնել այն գործարանները, որոնք նրանց բաղկացուցիչ, բաղադրիչ մասերն են արտադրում: Դրան գումարած սկսել են ոչնչացնել ստորգետնյա-վերգետնյա տեղակայման պահեստները, որտեղ տեղակայված են փոքր եւ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ:
Միակ ձեւը, որ իրանցիները կարող են հակադրել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, հրթիռային հարվածներն են: Բայց այս ամենից իրանցիները զրկվել են: Առաջին հերթին ոչնչացվել են նրանց պահեստները, երկրորդ՝ իսրայելցիները մոլի տենդենցով որս են սկսել Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի, հրետանային զորքերի արձակման կայանքների նկատմամբ:
Իսրայելցիների եւ ամերիկացիների թիվ մեկ խնդիրն է լիովին ջնջել Իրանի ռազմարդյունաբերությունը: Դրան գումարած Իրանի Հանրապետության ամենակարեւորագույն առավելությունը, որ մինչ այսօր թույլ է տալիս իրանցիներին գոյատեւել՝ պասիվ պաշտպանությունն է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
