ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ՄիջազգայինԻհարկե, Իրանի դեմ ամերկա–իսրայելական այս արշավը (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=335595&l=am) հարցեր է առաջ քաշում ինչպես տարածաշրջանային երկրների, այնպես էլ` համաշխարհային առաջատար ուժերի մասով: Սկսած արաբական երկրներից, որոնք այսօր Իրանի թիրախում են, վերջացրած Թուրքիայով, ապա, բնական է, Չինաստանով եւ Ռուսաստանով, ողջ Եվրոպան էլ վրադիր: Իհարկե, այս պահին բոլորն էլ սպասում են ռազմական գործողությունների ընթացքին: Բայց նաեւ, սկսելով հասկանալ, թե մոտավորապես ինչ հետագա սցենարներ են հնարավոր:
Տարածաշրջանային արաբական երկրների մոտ բարդ վիճակ է: Մի կողմից, խոցվում են իրենց տարածքում եղած ամերիկյան բազաները, այսինքն, գոնե ձեւականորեն իրանական հրթիռները թռչում են այդ երկրների երկնքով, մինչ բազաներին հասնելը: Դա մի պահ փորձեցին գնահատել` որպես ներխուժում: Բայց նաեւ շատ արագ էլ հասկացան. ԱՄՆ–ն ու Իսրայելը, վերջին հաշվով, հարձակվել են իսլամական պետության վրա, սպանել շիա իսլամի գերագույն առաջնորդին: Սունի արաբները, ինչքան էլ որ շիաների հետ հին թշնամություն ունեն, սակայն այստեղ խնդիրն այլ է: Տեսանելի է նաեւ սրվող ռեակցիան արաբական հանրությունների մոտ ընդդեմ ԱՄՆ–ի եւ Իսրայելի, բայց նաեւ` ընդդեմ սեփական իշխանությունների: Դրան էլ ավելացրած, Հորմուզի նեղուցի փակումը հարված է բոլորի համար, ավելին, Իրանը նաեւ հարվածներ է հասցնում մասնավորապես սաուդական նավթին:
Այսքանով հանդերձ, արաբական երկրները նաեւ հասկանում են, որ անգամ այս ծանր պահին ամերիկացիների հիմնական ուշքն ու միտքը Իսրայելի պաշտպանությունն է, եւ իրենք գործնականում անպաշտպան են մնացել իրանական հարվածների դեմ: Իսկ երբ այդ հարվածներն ուղղված են ընդհուպ Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերությանը, ապագան դառնում է խիստ մշուշոտ: Ընդ որում, կա նաեւ այն հարցը, թե ի՞նչ են անելու: Մտնեն Իրանի դեմ բաց պատերազմի մե՞ջ. դա սեփական հանրությունների համար կդառնա շոկային: Սպասեն, թե ի՞նչ է լինելու. դա էլ մի բան չէ, իրանական հարվածները շարունակվում են: Ու ամենավատն այն գիտակցումն է, որ իրենց այս քայլերով նպաստում են «Մեծ Իսրայելի» գաղափարն առաջ տանելուն, որը բոլորի համար է փորձանք դառնալու:
Նույն այդ վիճակում է նաեւ Թուրքիան, որտեղ պարզ հասկանում են, որ Իսրայելի հաջորդ թիրախն Անկարան է դառնալու, եթե հիմա կարողանան Իրանի հարցը լուծել: Բայց Էրդողանի մոտ այս պահին դեռ սպասողական ռեակցիան է գերիշխում, անգամ այն բանից հետո, երբ իրանական հրթիռները հարվածեցին նաեւ Ինջերլիքի ռազմաբազային: Թերեւս, Էրդողանը դեռ կսպասի, թե ռազմական ինչ հեռանկարներ են ի վերջո ձեւավորվում, ապա նոր միայն կկատարի իր քայլը:
Իսկ ահա Եվրոպայի համար բարդ օրեր են: Ֆրանսիայից, Գերմանիայից ակնարկներ կան, որ կարող են մտնել պատերազմի մեջ` ի պաշտպանություն Իրանի հարվածների տակ գտնվող երկրների: Բայց մի կողմից, ունեն Ուկրաինայի պատճառով դատարկված զինանոցներ, մյուս կողմից, նույն ուկրաինական թեման է նրանց զրկել մանեւրականությունից: Վերջացրած, բոլորն են հասկանում, որ Թրամփը սկսել է մի այնպիսի խաղ, որի հետեւանքները կարող են կործանարար լինել Եվրոպայի տնտեսության համար: Արդեն իսկ կա նավթի եւ գազի կտրուկ թանկացում, եւ գները կդառնան աստղաբաշխական, եթե պատերազմը երկարի, Հորմուզի նեղուցը փակ մնա, արաբական նավթի վրա հարվածները շարունակվեն:
Ինչ վերաբերում է Չինաստանին եւ Ռուսաստանին, ապա նրանց կողմից ներկա պահին տեսանելի է Իրանին ցուցաբերվող ակտիվ քաղաքական աջակցություն: Թերեւս, կա նաեւ ռազմական աջակցությունը, որը սակայն դեռ առաջին պլանում չի հայտնվել: Չինաստանի պարագայում իմաստը հասկանալի է. եթե հանկարծ իրանական նավթն անցնի ամերիկացիների վերահսկողության տակ, ապա Պեկինն ունենալու է լրջագույն խնդիրներ: Այս առումով, թերեւս, իրականությանը մոտ է Bloomberg-ի կանխատեսումը, ըստ որի` ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարվածները Չինաստանին եւ Ռուսաստանին էլ ավելի են մերձեցնում:
Մյուս կողմից, Ռուսաստանի համար, իհարկե, Իրանը շատ կարեւոր է: Բայց այս իրավիճակն օբյեկտիվորեն աշխատում է Մոսկվայի օգտին: Նախ, երբ ամերիկյան ռազմական պետենցիալը գնում է դեպի Մերձավոր Արեւելք, ապա դա խոստանում է անգամներով նվազեցնել Ուկրաինայի մարտունակությունը: Առավել եւս, երբ նաեւ Եվրոպան է սկսում հայտնվել բարդ վիճակում: Թանկանում են նաեւ էներգառեսուրսները, ինչը եւս Մոսկվայի համար ձեռնտու է:
Իսկ թե ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանն այս թեժ պահին, բացի կնոջից բաժանվելուց եւ խեղճացած դեմքով փողոցներում Ռուսաստանից վերջերս եկած Ալենի հետ պերաշկի ուտելուց, դա արդեն շատ հետաքրքիր հարց է, որից գլուխ հանել է պետք:
Ամեն դեպքում, կրկնենք. բոլորի մոտ էլ կա սպասում, թե դեպի ուր է զարգանում այս իրավիճակը: Այսինքն, մի քանի օրից շատ ավելի հստակ պատկեր կստեղծվի:
