ՓՈՐՁՎԱԾ ԹՐԱՄՓԻՆ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱՐԴԸ ՔԱՇԵՑ
ՄիջազգայինԵվ այսպես, Թրամփը երկար տատանումներից հետո որոշեց իրանական Ռուբիկոնն անցնել: Իհարկե, սա նրա համար «երազանքների տարբերակ» չէր, թեկուզեւ հաշվի առնելով, որ նման պատերազմն իրեն տեղափոխում է 180 աստիճանով տարբերվող ուղղություն այն մեկի հետ համեմատած, որը Թրամփին հասցրեց նախագահական աթոռին: Կարելի է կռահել նաեւ, որ կային մի շարք քիչ տեսանելի գործոններ, որոնք Թրամփին վերջնականապես տարան այս ուղղությամբ: Բայց դրանք արդեն անցյալ են. իրողությունն այս պահին պատերազմն է, եւ այն հարցը, թե դեպի ուր է տանելու այս նոր իրողությունը: Այդ թվում մեզ, հաշվի առնելով, որ պատերազմը մեր անմիջական հարեւանությամբ է:
ՒՆՉ ԿԱ ԱՅՍ ՊԱՀԻՆ
Այսպիսով, ի՞նչ ունենք այս պահին: Գլխավորը, իհարկե, բուն հարձակումն էր, ու այն պահին, երբ մինչ այդ Թրամփի մակարդակով խոսվում էր հաջող բանակցությունների եւ բանակցային սպասելիքների մասին: Այսինքն, առնվազն աշխարհի հզորների համար սա դարձավ նախադեպ` կարելի է բանակցությունները սարքել միջոց պատերազմի պատրաստվելու համար եւ պատրաստ լինելուն պես, կիսատ թողնել եւ անցնել չհայտարարված հարձակման: Ժամանակին Հիտլերն էլ էր սիրուն անակնկալ պատերազմներ սկսել, բայց նա գոնե մինչ այդ բանակցությունների մեջ չէր: Ու հիմա ունեցանք նախադեպ, որը դիվանագիտություն ասվածը դարձնում է լիովին անհուսալի գործիք:
Իսկ ահա կոնկրետ Իրանի պարագայում թե ինչի հետ էր կապված Թրամփի հաշվարկները, կարելի էր կռահել դեռ առաջին պահից: Այն է` պատերազմը սկսվեց Իրանի իշխանական վերնախավի դեմ թիրախային հարվածներով: Այդ թվում, սպանվեց Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, նաեւ տասնյակ բարձրաստիճան այլ անձինք, գեներալներ եւ այլք: Թե ինչպես դա հնարավոր եղավ, առավել եւս, երբ անցած պատերազմի արդյունքում Իրանում քաջ գիտակցում էին, որ առաջնային թիրախներից է լինելու հենց Խամենեին, այլ հարց է: Եղե՞լ է այստեղ դավաճանություն, թե՞ իրանական հատուկ ծառայությունները լուրջ թերացում ունեցան. սրանք շատ կարեւոր հարցեր են, բայց այս պահին դժվար է կողմնորոշվել: Բայց նման է, որ Թրամփը սպասում էր, որ այդ սպանություններն ակնթարթորեն կփոխեն Իրանի ներքաղաքական լանդշաֆտը` առաջին պլան բերելով Արեւմուտքի հետ հարաբերությունների կողմնակիցներին եւ փողոց հանելով տասնյակներով Խամենեիի կերպարի շուրջ ստեղծված համակարգից դժգոհ մասսաներին: Բայց գոնե այս նախնական փուլում դա չկա: Ըստ այդմ, դիրքը պահում է ինչպես Գերագույն հոգեւոր խորհուրդը, այնպես էլ` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Ինչ վերաբերում է իրանական հանրությանը, ապա միգուցե կան ներկա իրավիճակը որպես փոփոխության հնարավորություն ընկալող մասսաներ: Սակայն ներկա պահին փողոցները լցված են պետության շուրջ էլ ավելի համախմբված եւ ջիհադ պահանջող միլիոնավոր մարդկանցով: Այսինքն, մարդկանց համար անվտանգության բլոկի վիճակը մնում է հիմնական ուղեծիր: Իսկ դա հուշում է, որ քանի դեռ բանակը եւ ԻՀՊԿ-ն պահպանում են միասնական ուղղահայաց հրամանատարական շղթան, պետությունը մնում է կառավարելի:
Այսինքն, եթե չկա ներսից Իրանը պայթեցնելու տարբերակը, ապա իրատեսական չէ նաեւ պատերազմը շատ արագ ավարտելու Թրամփի տեսլականը: Ընդ որում, կարելի է ենթադրել, որ ի տարբերություն Թրամփի, Իսրայելի մոտ ծրագրերը մի փոքր այլ էին: Իրանական հանրության համար կոնսոլիդացիայի մեծ շարժառիթ դարձավ ոչ միայն Գերագույն առաջնորդի սպանությունը, այլ Իսրայելի հարվածները աղջիկների տարրական դպրոցին, որտեղ զոհվեցին 150–ից ավել երեխաներ: Ավելի ճիշտ, հենց դա էր, որ դարձավ հակաամերիկյան տրամադրությունների բուռն աճի առաջին հիմքը իրանական հանրության մոտ, եւ պարզ հարց է ծագում` Իսրայելն ինչո՞ւ գնաց դրան: Չնայած` կարելի է կռահել. դա, ինչպես նաեւ նույն Իսրայելի հարվածով Խամենեիի եւ նրա ընտանիքի այլ անդամների սպանությունը Թրամփին մինչեւ վերջ խրեց իրանական այս ճահճի մեջ`զրկելով նահանջի հնարավորությունից:
ԹՐԱՄՓԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Այն, որ չնայած նույն լավատեսական հայտարարություններին, պատերազմը չի ընթանում Վաշինգտոնի նախնական ծրագրերով, եկան հուշելու մի շարք գործոններ: Նախ, Թրամփի հայտարարությունը, թե Իրանը խնդրում է բանակցել: Շատ արագ պարզվեց, որ դա սովորական սուտ է. իրանցի պաշտոնյաները շտապեցին դա հերքել: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար (ով, ի դեպ, նախնական ցնցումների պահին ստանձնեց երկրի փաստացի կառավարումը եւ ռազմական պատասխանը) Ալի Լարիջանին միանշանակ հայտարարեց. «Մենք ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություն չենք վարի»: Ու հարց է ծագում` ինչո՞ւ Թրամփը գնաց նման բացահայտ ստի: Փորձագետները բացատրում են` սա Իրանին ուղղված բանակցային հրավեր էր, իսկ այն իրանցի պաշտոնյաների առաջարկ ներկայացնելը` Թրամփի համար դեմքը փրկելու միջոց: Թե բանակցությունները Թրամփի ինչին են պետք, դեռ կհասնենք: Այս պահին ֆիքսենք միայն այն, որ փաստը, երբ գնում ես բացահայտ կեղծիքի, ամենեւին էլ «ծրագրով ընթացող պատերազմի» մասին չի խոսում: Ասենք նաեւ այն, որ նույն Թրամփը պարբերաբար ԻՀՊԿ–ին եւ իրանական բանակին կոչ է անում` զենքը վայր դնել: Իսկ ինչո՞ւ պետք է դնեն, երբ որեւէ նշան չկա, թե կարող են պարտվել:
Կրկնենք. չկա ավելի լավ ապացույց, որ ամեն ինչ Թրամփի համար նախատեսվածի համաձայն չի ընթացել, քան նրա նման հայտարարություններն են: Այսինքն, նաեւ Նեթանյահուի ջանքերով նա խրվում է միանգամայն անորոշ եւ երկարատեւ պատերազմի մեջ, որն արդեն իսկ սկսել է Թրամփին ծանրագույն հեռանկարներ խոստանալ:
Սկսենք նրանից, որ իրանական ուժերը հենց առաջին պահից ոչ թե միայն հաջող հակահարվածներ են հասցնում, այլ դրանք քաղաքական իմաստով Թրամփի համար կարող են դառնալ մահացու: Մեկ օրինակ բերենք. Թրամփի հիշատակված հայտարարությանը, թե`Թեհրանը խաղաղություն է խնդրել, Իրանը պատասխանեց Իրաքյան Քրդստանում` Էրբիլում գտնվող ամերիկյան բազան (եւ դրա հետ մեկտեղ՝ այն պաշտպանող փառաբանված Patriot–ների ողջ համակարգը) գրեթե ամբողջությամբ ոչնչացնելով: Այնպես, ինչպես ծանրագույն հարվածներ է հասցվել տարածաշրջանում ամերիկյան բոլոր հիմնական ռազմակայաններին: Փաստը սա է. ամեն քայլի ինքն իրեն գովերգող Թրամփի օրոք ամերիկյան բազաները ստացան այնպիսի հարվածներ, ինչպիսին երբեւէ չէին տեսել: Դա նաեւ ծանրագույն հարված է ռազմական հեղինակությանը. ամերիկյան փառաբանված ՀՕՊ–ը, որը, խոստանում էին, որ չի թողնելու անգամ ճանճ թռչել, պարզվեց, որ այդքան խոցելի է: Ընդ որում, դեռ ամենեւին էլ իրանական առաջադեմ հրթիռները չէ, որ հարվածում են: Բայց ահա, տեսախցիկները ֆիքսեցին, թե ինչպես է ամերիկյան Patriot–ը երեք թանկարժեք հակահրթիռ արձակում իրանական հրթիռի վրա, սակայն այն իր համար հանգիստ խոցում է թիրախը: Գումարած, առանց այդ էլ (նաեւ հաշվի առնելով Ուկրաինան) ԱՄՆ–ի մոտ կար ՀՕՊ–ի (եւ ոչ միայն) ռազմամթերքի քանակական խնդիր, ու թե ինչ կլինի ամերիկյան պահեստների վիճակն այս ինտենսիվ բախումների արդյունքում, փորձագետները լավատեսություն չունեն: Մինչդեռ սպասելիքները, որ ամերիկյան ՀՕՊ–ի քանակական սպառման հետ մեկտեղ, կնվազեն նաեւ իրանական հրթիռներն ու դրանց հարվածների ինտենսիվությունը, քիչ իրատեսական է: Նախ, այս պատերազմում, ի տարբերություն նախորդի, Իրանը հրաժարվել է զանգվածային հախուռն հարվածների պրակտիկայից, անցնելով հրթիռների փոքր խմբերով եւ թիրախային հարվածների. քիչ քանակով մեծ վնաս: Երկրորդը, նախօրեին Իրանի հեռահար անօդաչուները խոցեցին նաեւ Կիպրոսում բրիտանական ռազմաբազան. ավելի քան 1500 կմ հեռավորություն: Այսինքն, ողջ Մերձավոր Արեւելքը իրանական անօդաչուների թիրախում է: Այն դեպքում, երբ Իրանն ունի նման անօդաչուների շատ ավելի մեծ պաշարներ, քան հրթիռների: Այսինքն, եթե ԱՄՆ-ի ՀՕՊ ինտենսիվությունը նվազի, ապա դա միայն կմեծացնի ամերիկյան օբյեկտների խոցումների քանակը:
Բայց ամենակարեւորը. ԱՄՆ–ի համար օդային հարվածներն Իրանին, քիչ հարցեր են լուծում: Եթե չկա ներքին բունտ, նման հարվածներով, առանց ցամաքային օպերացիայի, հաղթանակը հնարավոր չէ: Իրանը, ի տարբերություն, օդային հարվածներով շատ հարցեր է լուծում. Իրանի համար գլխավորը ԱՄՆ–ին առավելագույն կորուստներ հասցնելն է, որը նա իրականացնում է եւ դեռ կիրականացնի: Ընդ որում, արդեն իսկ ԱՄՆ–ն սկսել է դիեր տեղափոխել հայրենիք, եւ այդ հոսքերը դեռ միայն ավելանալու են: Առավել եւս, որ խաղի մեջ մտնելու մասին հայտարարեցին հուսիթներն ու «Հեզբոլլահ»–ը: Եթե ավելացնում ենք Հորմուզի նեղուցի բլոկադան, որը սկսել է Իրանը եւ որը եթե շարունակվի, կարող է պայթեցնել ողջ համաշխարհային էներգետիկ շուկան, ապա պատկերը դառնում է ամբողջական:
Արդյունքում, Թրամփն այս իրավիճակում է: Երկիրը չգիտես ինչի համար ներքաշել է պատերազմի մեջ: Ամերիկյան բազաներին ոչնչացվող հարվածներ են հասցվում: Զոհերի հոսք է սկսվել, եւ էլի պետք է բացատրել, թե հանուն ինչի զոհվեցին ԱՄՆ քաղաքացիները: Արդեն կորցրել է ինքնաթիռներ, լուրեր կան ավիակիրներից մեկին հարվածների մասին եւ այդպես շարունակ: Եվ սրանք գումարվելու են այն բազում ներքին մարտահրավերներին, որոնց առաջ Թրամփն առանց Իրանի էլ կանգնած էր:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Թրամփին, կարծես թե, մնում է միայն սպառնալ. «Եթե իրանական բանակը զենքը չդնի...»: Ու պարզ հարց` իրանցի երեխաների սպանությունից եւ Իրանի ղեկավարության դեմ ուղղված դավաճանական հարվածից հետո որքանո՞վ է հավանական, որ իրանական բանակը կհանձնվի: Ամենակարեւորը, չկա հարցի պատասխանը, թե ինչո՞ւ պետք է հանձնվի:
Իհարկե, տեսականորեն կարող են լինել նաեւ քաղաքական խաղեր, որոնք Իրանին կտանեն ինքնապարտության ուղղությամբ: Չբացառենք նաեւ միջուկային զենքի գործադրումը. Նեթանյահուից եւ Թրամփից, պարզվեց, ամեն ինչ է սպասելի:
Բայց այլ տարբերակով, այս պահին տեսանելի չէ այն հրամայականը, որը իրանական ուժերին կտանի պատերազմը դադարեցնելուն: Պետք է միայն դիմանալ առաջիկա մի քանի օրերին, երբ Թրամփը, ըստ ամենայնի, կանցնի զանգվածային հարվածների տակտիկային` Գազայի օրինակով: Միայն թե դրանից հետո «խաղաղարարը» երեւի բոլորովին այլ երգեր է երգելու:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
